daily

Լիբանանից՝ սիրով․ GAIFF Pro կինոքննադատների աշխատարան

2024-07-13 16:54 Հայերեն Daily #3
Լիբանանից՝ սիրով
Բոթագոզ Կոյլիբաևա

Սիրելի՛ Հայկ

Փառատոնային այս համառոտ զեկույց-նամակը գրում եմ հյուրանոցի նախասրահում նստած, մինչ դրսում արևը կրակի է տալիս երևանյան փողոցները։ Հիմա, երբ «Ոսկե ծիրան»-ը մոտենում է ավարտին, երեք ֆիլմ կա, որոնց ես մտովի անընդհատ վերադառնում եմ։ Ինձ ապշեցնում է, թե ինչքան ընդհանրություններ ունեն Ֆարա Կասեմի «Մենք ներսում ենք», Ֆարահնազ Շարիֆիի «Իմ գողացված մոլորակը» և Բեռլինալեում հաղթող ճանաչված Մատի Դիոպի «Դահոմե» ֆիլմերը։ Բոլորն էլ ոչ խաղարկային են և անդրադառնում են նրան, թե ինչպես են հիշողությունն ու ինքնությունը քայքայվում պատերազմներով, գաղութականացմամբ և պետության բռնաճնշումներով։ Երեքն էլ ունեն հետպատերազմական միջավայրի սպիները և փորձում են հագեցնել մաքուր օդի ծարավը շունչ առ շունչ։ Բոլոր ֆիլմերի հեղինակներին էլ կարելի է անվանել սուբալտերնական կին՝ լիբանանցի, իրանցի, ֆրանսիացի-սենեգալցի, որոնք վերահաստատում են իրենց կամքի ազատությունը, պայքարում մշակութային հեգեմոնիայի, հայրիշխանության և նեոգաղութատիրության դեմ։

Երեք ֆիլմերն էլ անդրադառնում են «տուն» հասկացությանը՝ թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստներով։ Մինչ Կասեմը բառացիորեն փակված է իր տարեց հոր հետ Տրիպոլիի իրենց բնակարանում, Շարիֆին լքում է Իրանը, և Աստված գիտի՝ երբ կկարողանա վերադառնալ։ Դիոպի համար ամբողջ Աֆրիկան է տուն, տուն, որը տանջվում է ցավերից և փորձում պայքարել երկակիության դեմ, որը բնորոշ է բոլոր նախկին գաղութներին. ինքնաբավության ձգտումն այստեղ անքակտելիորեն կապակցված է գաղութատիրության ուրվականի և ժառանգության հետ։ Երեք ռեժիսորներն էլ ինչ-որ չափով իրենց ֆիլմերը կառուցել են արխիվային դրվագներով՝ լինեն դրանք արխիվային կադրերը, որոնք կազմում են «Իմ գողացված մոլորակը» ֆիլմի մեծ մասը, Կասեմի հոր ձայնագրությունները կամ ֆրանսիացի գաղութարարների կողմից թալանված և Փարիզի թանգարանում ցուցադրված թագավորական գանձերի պատմական վերականգնումը փաստագրելու՝ Դիոպի փորձերը։

Եթե այս ֆիլմերի առնչությամբ որևէ առարկություն ունեմ, ապա թերևս «ինտելեկտուալ սուբալտերնական հայացքն» է։ «Իմ գողացված մոլորակը» ֆիլմի վերջում Շարիֆին առաջին անգամ մասնակցում է «Կին, կյանք, ազատություն» խաղաղ ցույցին Իրանից դուրս՝ Բեռլինում։ Նրա հայրենիքում «ոչ բռնի ցույց» հասկացությունն աներևակայելի է և հակասում է Իրանի ինքնակալական և կրոնապետական ռեժիմին՝ «իրենց» մոլորակին։ Ամբողջ ընթացքում Շարիֆին մեզ նման տարուբերվում է հակադրությունների միջև՝ «մենք» և «նրանք», հիշողություն և մոռացություն, անհնազանդություն և ճնշումներ, անցյալ և ներկա։ «Իմ» բառն այստեղ նշանակում է երկրի իրական, թեկուզև անհարթություններով լի պատմության խզումը։ Բայց այն, ինչը Շարիֆին կոչում է «նրանց», իրականում միլիոնավոր իրանցիների առօրյա իրականությունն է։ Ի տարբերություն նրա՝ Կասեմը, Եվրոպայում 15 տարի անցկացնելուց հետո վերադառնալով Լիբանան, ամեն կերպ ձգտում է հոր բանաստեղծությունների միջոցով վերականգնելու իր կապերն արաբական ժառանգության հետ։ Այդուհանդերձ, ես Դիոպի մոտեցումը «Դահոմե» ֆիլմում համարում եմ ավելի ոգևորիչ, քանի որ այն քննարկման տարածք է թողնում։ Ֆիլմը ոչ այնքան պարտադրում, որքան հրավիրում է բանավեճ սկսելու ժամանակակից Բենինի մասին։ Ֆիլմի վերջին հատվածը նման է հանճարեղ օպերայի վերջին արարի կամ կտավին վրձնի վերջին հարվածի. ուսանողների տեսակետներն ու մտահոգությունները, նրանց ճկուն և ամուր դիրքորոշումները ֆիլմի ամենահետաքրքիր պահերից են։

Հուսով եմ՝ դու էլ կհասցնես դիտել այս ֆիլմերը, Հա՛յկ, եթե դեռ չես դիտել։ Ես անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը աշխարհի որևէ վայրում, որևէ փառատոնի շրջանակում։

Ջերմորեն՝
Բոթագոզ