daily

Նառառա Մուրադյան․ «Ես իմ հերոսներին միշտ թռչելու ազատություն եմ տալիս»

Հայերեն Daily #3
Ամպի վրա նստած երկու հերոսներ` Սերգեյ Փարաջանովն ու երկնքում վերջերս հայտնված մեկը զրուցում են վերևներում համացանցային կապի հասանելիության, գուգլի ու յութուբի մասին, և եթե տեխնիկական զարգացումը անհասկանալիության անդունդ է առաջացնում տարբեր ժամանակաշրջաններում ապրած այս երկու հերոսների միջև, խոսակցություն թափանցած կինոյի հավերժական թեման կախարդանքով միավորում է նրանց: Այսպես է սկսվում անիմատոր Նաիրա (Նառառա) Մուրադյանի «Կուտակային ամպեր» ֆիլմը, որը ներգրավված է փառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում:

«Ես որոշել էի ֆիլմ անել կինոյի և ազատության մասին, ու երբ այս երկու տարրերը գումարում ես, առաջին պատկերը, որ առաջանում է, Սերգեյ Փարաջանովն է»,- պատմում է Մուրադյանը: Բացի ստեղծագործական մտքի բացարձակ ազատությունից, որով Փարաջանովը ոգեշնչել է բոլորին՝ վերջինս հոգեհարազատ է Մուրադյանին նաև իր ստեղծագործական ոճով: Դեռևս մանկուց Նառառան սիրել է կոլաժներ անել և այս ոճն է ընտրել իր վաղ անիմացիոն աշխատանքների, օրինակ` «Բալետ»-ի (2012) համար: «Փարաջանովը, իհարկե, մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա, բայց սերը կոլաժների նկատմամբ համընկնում է, այլ ոչ թե ոգեշնչանք կամ ստեղծագործական հղում,- ասում է Մուրադյանը,- ես շատ ուրախ էի բացահայտել, որ երբեմն ես ու Փարաջանովը նույն կերպ ենք մտածել, օրինակ` կիսել դեմքն ու ստանալ երկու առանձին պրոֆիլ»:

«Կուտակային ամպեր»-ը նույնպես կոլաժ է` բաղկացած Մուրադյանի սիրելի ֆիլմերի տարբեր տեսարաններից, այդ թվում` Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ից (1965), Ֆեդերիկո Ֆելինիի «Ամարկորդ»-ից (1973) ու «Կազանովա»-ից (1976), Բարի Լիվինգսթոնի «Անձրևի մարդ»-ուց (1988), Էդմոնդ Քեոսայանի «Անորսալի վրիժառուներ»-ից (1966), Տարանտինոյի, Սերջո Լեոնեի և Վադիմ Աբդռաշիտովի ֆիլմերից: «Ես ուզել եմ, որ անիմացիան լինի կինոն անկաշկանդ սիրելու մասին, որ ազատորեն սիրես ոչ միայն դրանց կարևոր տեսարանները, այլև այն հատվածները, որ հոգեհարազատ են քեզ տարբեր պատճառներով»,- բացատրում է Մուրադյանը: Հենց այս տրամաբանությունն է գործել ֆիլմերի տեսարանների ընտրության ժամանակ, երբեմն էլ՝ անբացատրելի կապն այս ֆիլմերի կամ ռեժիսորների հետ, որոնք սովորեցրել են Նաիրային սիրել կինոն: «Մի գիշեր Ֆորմանի «Վարսեր»-ն (1979) էի նայում և հանկարծ ուզեցի դադարեցնել ու անցնել Աբդռաշիտովի «Պլյումբում»-ին (1986): Առավոտյան կարդացի, որ Վադիմ Աբդռաշիտովն այդ գիշեր մահացել է»,- հիշում է Մուրադյանը: Նկարված շատ տեսարաններ (Կոպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» (1979), «Կնքահայրը» (1972)), ցավոք, ֆիլմի վերջնական տարբերակում չեն հայտնվել` ռիթմի, մոնտաժային անհամընկնելիության պատճառով: «Բայց ես իմ աշխատանքը երբեք չեմ ափսոսում, այն միշտ մնում է, եթե անգամ ֆիլմի մեջ տեղ չի գտնում»,- ամփոփում է ռեժիսորը:

«Կուտակային ամպեր»-ն արված է անիմատորի ձեռագրային գունային տոներով, որոնց գոյությունը Նառառան մերժում է: «Ասում են` «Ձեր գույներ», բայց ես դրանք չունեմ, ուղղակի նկարում եմ այն, ինչ տեսնում եմ»: Ֆիլմի ձեռագրային մյուս տարրերը ռեժիսորն ընդունում է, օրինակ` թռչելու սյուժետային գիծը, որ առկա է նրա գրեթե բոլոր աշխատանքներում: «Ինձ ուղղակի չափազանց անարդար է թվում, որ թռչունները կարող են թռչել, ազատ լինել տարածության մեջ, իսկ մենք, որ մարդիկ ենք, զրկված ենք դրանից,- դժգոհում է Մուրադյանը:- Ես իմ հերոսներին միշտ տալիս եմ այդ ազատությունը»: Հաջորդ ֆիլմում, որի վրա աշխատում է ռեժիսորը հիմա, գործողությունները կատարվում են ջրի տակ, բայց միևնույնն է` նրանք թռչում են:

Սոնա Կարապողոսյան