daily

«Մենություն»․ Ֆերմերը քաղաքում

Հայերեն Daily #1
Մենություն (Նիննա Պալմադոտտիր, Իսլանդիա/Սլովակիա/Ֆրանսիա, 2023), Միջազգային մրցույթ, 8.07 10:00 Կինոյի տան Մեծ դահլիճ, 20։00 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ

Քաղաքից հեռու՝ բնության գրկում բնակվող Գուննարը ստիպված է իր տունն ու հողատարածքը վաճառել պետությանը և տեղափոխվել Ռեյկյավիկ: Մայրաքաղաքում նա ծանոթանում է տասնամյա հարևան տղայի՝ Արիի հետ, որի ծնողները միշտ զբաղված են ու որդուն գրեթե ժամանակ չեն տրամադրում: Երկու այդքան տարբեր միայնակների ընկերությունը հիմք է դառնում «հայր-որդի» կատարելատիպային հարաբերությունների պատմության Նիննա Պալմադոտտիրի «Մենություն» ֆիլմում:

Ռեժիսորի հայացքը հետևում է հերոսների առօրյային. նրանք շախմատ են խաղում, երաժշտություն լսում, հեռուստացույց դիտում: Առկա է նաև քաղաքական համատեքստ: Շարունակական ուրբանիզացիան վերացնում է գյուղական կյանքի մշակույթը, հեռացնում մարդուն իր արմատներից: Ռադիոյով ու հեռուստացույցով էլ հաղորդում են, որ գաղթականների և փախստականների ճգնաժամը հասնում է Իսլանդիա. աֆղանցի մի ընտանիքի բռնարտաքսում է սպառնում:

Սցենարի հեղինակ Ռյունար Ռյունարսոնն ու ռեժիսոր Պալմադոտտիրը (սա նրա լիամետրաժ դեբյուտն է) չեն զարգացնում անհատի ու պետության՝ Լևիաթանի պայքարի պատմությունը: Ի սկզբանե խիստ և մռայլ թվացող հերոսը, սպասելիքներին հակառակ, փորձում է իր տեղը գտնել քաղաքում: Աշխարհի հետ կռիվ տալու փոխարեն ցանկանում է օգտակար լինել՝ պետությունից ստացած փոխհատուցումը նվիրաբերելով փախստականներին: Սակայն խաղի կանոնները շատ ավելի բարդ են. անկեղծ, պարզամիտ և բարոյական վարմունքը միայն կասկած ու անըմբռնողություն է արթնացնում:

Ու թեև նոր կյանք կառուցելու ճիգերն ապարդյուն են, իսկ հայրենի տունը՝ ջրի տակ, հեղինակները որոշակի հույս են թողնում չհասկացված հերոսի համար. գուցե նա և՞ս մեկ քայլ կանի աշխարհին ընդառաջ:

Ալեքսանդր Մելյան