daily

«Գազանը»․ «Ինչպե՞ս կարող ենք ապրել առանց մեր մեռյալների»

Հայերեն Daily #1
Բերտրան Բոնելոյի վերջին լիամետրաժը՝ «Գազանը», որի գլխավոր դերում հանդես է գալիս Լեա Սեյդուն երեք տարբեր ժամանակաշրջաններում, ծայրահեղ հավակնոտ ժանրային էքսպերիմենտ է, որը պատմական կինոյից վերածվում է թրիլերի տարրերով հակաուտոպիստական գիտաֆանտաստիկ գործի։ Որպես այդպիսին՝ սա հոյակապ մեկնարկ է այս տարվա «Ծուռ ծիրան» ծրագրի համար, որտեղ ներկայացվում են փառատոնի լավագույն և ամենաարտասովոր ժանրային ֆիլմերը։ Բայց եթե հավատանք հենց ռեժիսորին, «Գազանն» ընդհանրապես ժանրային ֆիլմ չպիտի կոչենք։ Բոնելոն դա հղացել է իբրև էպիկական մելոդրամա։ «Գուցե չպետք է նման բաներ ասեմ, որովհետև կոմերցիոն առումով ճիշտ չէ,- կատակում է ֆրանսիացի կինոռեժիսորը Վենետիկում՝ 10-րդ լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերայից հետո,- բայց ֆիլմի գլխավոր թեման միայնությունն է»։

Իրադարձությունները ծավալվում են մերթ 1910-ին, մերթ 2044-ին, հետո վերադառնում 2014, այս ժամանակաշրջանները միավորում է Սեյդուի միայնակ հերոսուհին՝ ողբերգական վիճակում հայտնված մի կին, որը շարունակ հավատացած է, թե ինչ-որ անխուսափելի աղետ է սպասվում։ Սա Հենրի Ջեյմսի դասական «Գազանը ջունգլիում» (1903) պատմվածքի՝ Բոնելոյի մեկնությունն է։ Գործը վերամշակել են տարբեր կինոռեժիսորներ, բայց ոչ մի մշակում չունի այս հուզական ուժգնությունը։ Ահագնացող վախը շարունակ զգալի է «Գազանում», ինչը հանգեցնում է խորապես տագնապաբեր ու կլանիչ տեսարանների։ Բոնելոն ավելի վաղ նկարահանել է ընդվզուն «Նոկտուրաման» (2016) դեռահասների մասին, որոնք Ֆրանսիայում մի շարք ահաբեկչական հարձակումներ են ծրագրում ընդդեմ հետկապիտալիստական հասարակության, և թվում է՝ հենց այս գործում է Բոնելոն արտահայտում աշխարհի մասին հակաուտոպիական գաղափարները․ «Հասկացել եմ, որ ցանկացած ժամանակաշրջանում կարելի է մեկտեղել անձնական աղետները և համընդհանուր երևույթները,- բացատրում է նա,- օրինակ, երբ երեխա էի, ծնողներս միշտ ասում էին, թե վաղն ավելի լավ է լինելու, քան երեկ։ Հիմա իմ դստերը ստիպված եմ ասել, որ վաղն այսօրվանից վատ է լինելու։ Հաշվի առնելով ահաբեկչությունները, գործազրկությունը, բնապահպանական աղետները՝ էլ որտե՞ղ կարելի է հույսի շող տեսնել»։

Բազմաբովանդակ պատում, դաժանության խուճապաստեղծ պահեր․ Բոնելոյի հափշտակող գաղափարները կանխորոշում են «Գազանում» կատարվող ամեն ընտրություն։ Մահն ու վտանգը երբեք սարերի հետևում չեն և ֆիլմին գրեթե գերբնական որակ են հաղորդում։ «Ինձ դուր է գալիս փաստը, որ սա կարելի է դիտարկել որպես ուրվականների մասին պատմություն,- Բոնելոն համաձայն է նման մեկնությանը,- իմ սևեռուն գաղափարներից մեկն է, թե ինչպես կարող ենք ապրել առանց մեռյալների։ Դա հստակ արտահայտված է իմ վաղ շրջանի ֆիլմերում, օրինակ՝ «Թմբիր» (2022), նաև «Զոմբի երեխան» (2019): Ի՞նչ անել անցյալի մեռյալներին․ դա, ըստ իս, կինոյի ամենակարևոր հարցերից է»։

Հյուգո Էմերզաել

Գազանը (Բերտրան Բոնելո, Ֆրանսիա/Կանադա, 2023), Ծուռ ծիրան, 8․07 22։00 Կինոյի տան Հ․ Մալյան դահլիճ