daily

Ո՛վ եղբայր, որտե՞ղ ես. «Սև քար» ֆիլմի գրախոսական

Հայերեն Daily #2
Սև քար (2022) / Միջազգային մրցույթ
Սպիրոս Յակովիդես
Հունաստան
13.07 17:30 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ

Սպիրոս Յակովիդեսի դեբյուտային ֆիլմը, որը նվիրված է ռեժիսորի վերջերս մահացած մորը, սկսվում է որպես կատակերգական մոքյումենթըրի (կեղծ վավերագրություն), սակայն աստիճանաբար վերածվում է մոր և որդիների լարված հարաբերությունների մասին պատմող պաթոսով լի դրամայի: Կերպարներից մեկը անվասայլակին գամված Լեֆտերիսն է (Խուլիո Ջորջ Քացի), որը հանդարտ ապստամբում է իր ճնշող մոր՝ Հարուլայի (հանճարեղ Էլենի Կոկկիդուի) դեմ։ Նրա կրտսեր եղբայրը՝ Փանոս Դոյօղյուն (Աքիլլեաս Չարիսկոս), պետական ​​ծառայող է, նա կարծես անհետացել է վերջին մի քանի օրվա ընթացքում։ Նրանց է միանում օպերատորների խումբը, որը թակում է Հարուլայի դուռը՝ հետաքննելու Փանոսի անհետացումը. նա կարող է կապ ունենալ կամ չունենալ պետական խարդախության հետ: Կաթսայի մեջ է նետվում մեկ այլ կերպար՝ տաքսու վարորդ սևամորթ Միխալիսը (Քևին Զանս Անսոնգ), որն անփոխարինելի օղակ է դառնում ծավալվող դետեկտիվ պատմության մեջ:

Այս տեսակի կեղծ վավերագրական ֆիլմերը 21-րդ դարի արտհաուս կինոյի անբաժանելի մասն են, սակայն խորամանկորեն աբսուրդային այս հանգույցը, որը բնորոշ է իր էքսցենտրիկ սյուժեներով հայտնի հունական կինեմատոգրաֆին, պարզվում է, որ Յակովիդեսի համար հնարամիտ միջոց էր Հունաստանի խառնաշփոթ վիճակից սուր կատակերգություն ստանալու համար: Սրամիտ հեգնանքով «Սև քարը» հաշվի է առնում երկրների այլատյացությունը, տնտեսական վատ վիճակն ու քաղաքական պառակտումը: Ամենազվարճալի տեսարաններից մեկը կապված է Աթենքի «Սև պանտերա» կուսակցության հետ, որն ակտիվ որոնում է մեկին, ով իրենց թիմի առաջին սևամորթ անդամը կդառնա։

Կեղծ վավերագրական մթնոլորտը պատկերային կատակերգության հնարավորություն է նաև ստեղծում՝ նմանություններ առաջացնելով բրիտանական կատակերգության այնպիսի գոհարների հետ, ինչպիսին է, օրինակ, հեղինակի աչքերով նկարահանված «Փիփ շոու» հեռուստասերիալը (2003-2015): Ավելի թույլ ռեժիսորի ձեռքում նկարահանման այս «փնթի» ոճը կստվերեր ֆիլմի հուզական կորիզը, բայց Յակովիդեսին հաջողվում է ֆիլմի կառուցվածքը ծառայեցնել ներկայացվող ​​պատմությանը: Այսպիսով, երբ «Սև քարը» հասնում է իր ամենադրամատիկ պահին, Յակովիդեսը հմտորեն կառավարում է այդ տոնային փոփոխությունը՝ հանգեցնելով ընտանեկան կյանքի՝ գոհունակություն պարգևող քաոսի մասին նուրբ, ոգևորիչ ֆիլմի:

Հյուգո Էմերզաել