Եթե չայցելեինք Երևան, գուցե այդպես էլ չհասկանայինք, թե ինչու են Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը ողողված նռներով։ Մինչ այստեղ գալը ես միայն երեք բան գիտեի քաղաքի մասին՝ ռեժիսորի թանգարանը, քաղաքի հանրահայտ կոնյակը և աշխարհահռչակ «System of a Down» ծանր մետալ խումբը, որի մենակատարը ծնունդով հայ է։
Մինչ դու կկարդաս այս նամակը, ես կլինեմ տանը՝ Թբիլիսիում՝ վերհիշելով այստեղ գտնվելու ընթացքում իմ հավաքած բոլոր հիշողությունները․ բոլոր այն վայրերը, դեմքերը և ֆիլմերը, որ տեսել եմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում վերջին հինգ օրերին:
Իր 20-ամյակի կապակցությամբ «Ոսկե ծիրան»-ը, իհարկե, առատաձեռն էր հետաքրքիր հյուրերի և կինոնկարների հարցում: Այս տարի հանդիսատեսին ներկայացվեց սոցիալապես գիտակից կինոյի երկու հսկաների՝ բելգիացի եղբայրներ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենների ֆիլմերի հետահայաց ծրագիրը։ Փառատոնին մասնակցելու բազմաթիվ առավելությունների թվում էր նրա ամենանշանավոր հյուրերից մի քանիսի հետ պատահաբար հանդիպելու հնարավորությունը. ժամանակ առ ժամանակ տեսնում ես ժյուրիի նախագահ և դանդաղ կինոյի ֆիլիպինցի վարպետ Լավ Դիասին ցուցադրությունների արանքում տեղի հանդիսատեսի հետ զբոսնելիս ու զրուցելիս:
Երբեմն ֆիլմերը մեր միակ պատուհանն են դեպի տարբեր մշակույթներ և հեռավոր վայրեր։ Նրանց համար, ովքեր սիրում են Ակի Կաուրիսմյակիի կինոն (ինձ համար ևս), Ֆինլանդիան միշտ նման կլինի սյուրռեալիստական երկրի, որը հավերժացել է ռեժիսորի ֆիլմերում: Թբիլիսիից ավտոբուսով ուղևորության ժամանակ «Ոսկե ծիրան»-ի ծրագիրն աչքի անցկացնելիս շատ էի մտածում նրա վերջին՝ «Թափված տերևներ» ֆիլմի մասին, որն ընդամենը մի քանի օր առաջ ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճում։ Ֆիլմի մեջ, թերևս, ամենազարմանալին այն էր, թե որքան հավատարիմ է ռեժիսորը մնացել այն ոճին, որը նա կատարելագործում է վերջին քառասուն տարիներին: «Թափված տերևներ»-ը ներկայացնում է Կաուրիսմյակիին առավել բնորոշ որոշ հատկանիշներ՝ նրա գեղագիտական մինիմալիզմը, չոր հումորը և լեզուն, որը լողում է հեգնանքի ու մելամաղձության միջև:
Չնայած այն բոլոր հուսահատություններին, որ այս օրերին ստանում ենք լուրերից, Կաուրիսմյակիի ֆիլմերը մեզ միշտ լույսի շող են ցույց տալիս: Չապլինից ոգեշնչված հեքիաթային ֆիլմը բանվոր դասակարգի երկու մոլորյալների մասին է, որոնք փորձնական սիրավեպ են սկսում մերօրյա Հելսինկիում։ «Թափված տերևները» լի է բարությամբ, համերաշխությամբ և գթասրտությամբ:
Եթե Կաուրիսմյակին Հելսինկին է դիտարկում որպես բեղմնավոր հետազոտությունների վայր, ապա ֆրանսիացի վավերագրող Կլեր Սիմոնի համար դա կանացի մարմինն է՝ տարածք, որը, ըստ ռեժիսորի, սերտորեն կապված է ցավի հետ:
Սիմոնի՝ փարիզյան հիվանդանոցի մանկաբարձական բաժանմունքում նկարած «Մեր մարմինը» ներկայացվում է որպես բժիշկ-հիվանդ հանդիպումների շարք՝ ֆրանսիական առողջապահական համակարգի կնակենտրոն հետազոտություն, որը, ինչպես «Թափված տերևներ»-ը, արտահայտում է կարեկցանքի զգացում: Կլեր Սիմոնի պատկերած մարմիններն ինձ հիշեցրին Լյուսյեն Ֆրոյդի նկարները, որտեղ տառապանքն ու ցավը միշտ շոշափելի են: