daily

Պատկերների երկակիությունը «Կորիզ» ծրագրում

Հայերեն Daily #2
«Պատկերն ասես հետք լինի,- ասում է Տեսիլ Մեղդիկյանի «Սատանայի գործերից» ֆիլմի հերոսուհի հայ կինը Կահիրեում առաջին հայ լուսանկարիչների ցուցահանդեսի վրա աշխատելիս:- Եթե ոչ ոք չի տեսնում, ուրեմն գոյություն չունի»: Այս միտքը հայկական կինոյի այժմյան վիճակի դիպուկ նկարագրությունն է. կինոն շարունակ ջանում է փոխանցել երկրի ոգին և տոկունությունը փորձության ենթարկող հակամարտությունների շարանը: Մեղդիկյանի ֆիլմում կինը նաև մտորում է յուրաքանչյուր պատկերի հատուկ երկակիության մասին. «Դա կա՛մ մեզ քարացնում է ժամանակի մեջ, կա՛մ ճանապարհն է ցույց տալիս»:

Ընդհանուր առմամբ՝ «Կորիզ» մրցութային ծրագրում այս տարի տեղ գտած կարճամետրաժները ճիշտ և ճիշտ վերոնշյալ երկու քայլն են կատարում. Հայաստանը քարացնում են ժամանակի մեջ և ցույց տալիս առաջ տանող ճամփան: Դրանցից մեկը Էդգար Սարգսյանի «Արահետը» վավերագրությունն է, որ պատմում է Լոռու մարզի Շամուտ գյուղում բնակվող երեք տղաների մասին: Գիտակցելով, թե ինչ է կատարվում աշխարհում՝ նրանք թաղվել մնացել են ժամանակի ու տարածության մեջ, խիզախորեն դուրս են գալիս գյուղից հողաշեն ճանապարհներով՝ լեռնային տեսարաններով բոլորված: Նրանք ծարաված են առաջընթացի, զարգացումների, աճի, բայց նաև գիտեն, որ ամեն ինչ իր գինն ունի: «Եթե ասֆալտ փռեին, ուղիղ գիծ կլիներ»,- տղաներից մեկը գեղեցիկ դիտարկում է անում, թե ինչ են նշանակում փոփոխություններն այս աշխարհում:

Մրցութային ծրագրում ներկայացված ֆիլմերից շատերի հերոսները միայնակ երեխաներ են, այսինքն՝ նրանք նույնպես ժամանակի մեջ քարանալու վտանգի տակ են: «Երկու անհայտով հավասարում» (Լուսինե Պապոյան) ֆիլմում մի աղքատ տղա ապրանք է վաճառում գնացքում, որը փնչացնելով սուլում է հայկական բնապատկերների միջով: Անի Գրիգորյանի «Ավթունայում» եզդի տղայի հարուստ երևակայությունը հակադրվում է նրա մեկուսի միջավայրին: «Ամեն ինչ նույնն է, ոչինչ չի փոխվում, ոչ մի նոր բան չկա»,- նկատում է նա: Նույնիսկ ծրագրի միակ անիմացիոն ֆիլմում՝ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժում, տեսնում ենք մոլորված աղջնակի, որը մանկատնից փախչելուց հետո կորել է անտառում:

Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմն ի ցույց է դնում, թե ինչ փխրուն է մանկան աշխարհայացքը՝ ներկայացնելով Արցախյան երկրորդ պատերազմի փախստական տղայի կյանքից մի դրվագ: Գլխավոր դերակատար Վահե Սարգսյանը հենց իր պատմությունն է վերարտադրում, այն, թե ինչպես է ընտանիքին մեքենայով անվտանգ տեղ հասցրել: Ֆիլմում ամեն ինչ տպավորիչ բեմադրված է, խաղը՝ ազդեցիկ, բայց երբ պատերազմը վերապրողին խնդրում ենք կրկնել վտանգավոր ճամփորդությունը, որի հիշողությունը դեռ թարմ է, որոշ բարոյագիտական հարցեր են առաջանում, մասնավորապես՝ ինչպես ենք տեսնում կինոյի և իրականության կապը: Այս առումով «Քարերը» պակաս երկիմաստ ֆիլմ է, պատկերում է, թե 2020 թվականի պատերազմի ընթացքում ինչն էր դրված խաղասեղանին: Արման Այվազյանի ֆիլմը, կարելի է ասել, վավերագրական թրիլեր է, որտեղ մի խումբ հայ կամավորներ համարձակ մտնում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ՝ դուրս բերելու հին հայկական խաչքարերը: «Իրական կինոյի»՝ սինեմա վերիտեի ոգով նկարված ֆիլմն ակնարկում է, որ ոչ միայն մարդիկ, այլև պատմական արժեք ունեցող առարկաները կարող են պատերազմի զոհ դառնալ:

Ֆիլմերից մի քանիսն են միայն փոքր-ինչ շեղվում Հայաստանն այս պահին կեղեքող պատմություններից: Դրանցից մեկի՝ «Դատարկություն» (ռեժիսոր՝ Տիգրան Աղաջանյան) ֆիլմի իրադարձությունները ծավալվում են աշխարհի կործանումից հետո. մռայլ ժանրային գործ է, որ կրկին շեշտը դնում է գլխավոր հերոսի միայնության և մեկուսացման վրա: Երբ թվում է, թե հայկական կինոյի բոլոր կերպարները ստիպված են մաքառումներով անցնել կյանքի ճանապարհը, Մայքլ Ալոյանի «Գիշատիչը» ֆիլմում հարուստ հայերը կյանքի են կոչում «ամերիկյան երազանքը»: Ալոյանը, սակայն, ցույց է տալիս, որ նույնիսկ բարգավաճման և խաղաղության հարմարավետ պայմաններում ողբերգությունը կարող է դարան մտած սպասել մեզ: Բայց ոչ բոլոր հույսերն են մարել: «Մի եղանակից հետո մյուսն է գալիս»,- «Ավթունա»-ում ասում է եզդի տղան՝ կարծես կանխատեսելով չքնաղ ծիածանը, որ հայտնվում է «Քարեր»-ի վերջում: Իսկ Օֆելիա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի․․․» ֆիլմում հույսի մարմնացումը երեխայի ծնունդն է, որը նոր օրվա սկիզբն է ազդարարում:

Հյուգո Էմերզաել