daily

GAIFF Pro Critics Campus: «Ի՞նչ երազ ես տեսել անցած գիշեր, Փարաջանով»

2024-07-11 16:00 Հայերեն Daily #2
հեղինակ՝ Կլարա Կուկարո

Ֆարազ Ֆեշարաքին, որը հայտնի է որպես կինոօպերատոր, իր «Ի՞նչ երազ ես տեսել անցած գիշեր, Փարաջանով» վավերագրական ֆիլմի առանցքային դերակատարն է: Տասը տարվա ընթացքում նկարահանված ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ 74-րդ Բեռլինալեի ժամանակ, գրեթե ամբողջությամբ Skype-ի տեսագրություններ են բեռլինաբնակ Ֆեշարաքիի և Իրանի Սպահան քաղաքում բնակվող նրա ծնողների՝ Հասանի և Միտրայի միջև: Զանազան զրույցներն առաջ են մղում ֆիլմը՝ բացահայտելով մի ընտանիքի, որտեղ պահպանված է խոր կապը՝ չնայած սերնդային տարբերություններին և հեռավորությանը:

Ֆեշարաքին բաժանել է ֆիլմը տարբեր մասերի. ազատ՝ վինյետային կառուցվածքն ուժեղացնում է աշխարհագրական և զգացմունքային անդունդը, որ բաժանում է ռեժիսորին ծնողներից: Երբեմն նրանց զրույցները ձանձրալի են դառնում, բայց ժողովրդական երգերը, պոեզիան և անձնական զավեշտալի պատմություններն աշխուժացնում են մթնոլորտը՝ չնայած համացանցային կապից կտրտվող պատկերներին և սառած, ստատիկ կադրերին: Հասանը և Միտրան կամաց-կամաց հանդես են գալիս որպես լիարժեք մարդիկ, ոչ թե երկչափ կերպարներ, մինչդեռ Ֆեշարաքին հանդես է գալիս ճիշտ իր ձեռքի տեսախցիկի պես, որ թեև հիմնականում լուռ է, բայց կլանում է ամեն բան: Հասանը, որ մի պահ կատակով կերպարանափոխվում է Աբաս Քիառոստամիի, շարունակ հակաճառում է Ֆեշարաքիին՝ որպես կինոռեժիսորի, մինչդեռ Միտրան մտորում է Իսլամական հեղափոխության մեջ իր դերի մասին այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը կասկածի տակ է առնում դրա հետևանքները. «Նայե՛ք ձեր ապրած կյանքին և այն կյանքին, որ տվել եք մեզ… Ինչո՞ւ ընդվզեցիք և դժբախտացրիք մեզ»: Իմաստնություն ու խոնարհություն են բխում այս խորապես ազդեցիկ մասնավոր զրույցներից, որոնք ընկած են ֆիլմի երազկոտ պատմության հիմքում՝ համաշխարհային բնույթ հաղորդելով «Ի՞նչ երազ ես տեսել անցած գիշեր, Փարաջանով» ֆիլմին: