daily

«Դիվային լոգանք»․ «Ինչպե՞ս կարող էր այդքան ահավոր բան լինել, և ոչ ոք չիմանար»

2024-07-11 14:54 Հայերեն Daily #1
Դիվային լոգանք (Սևերին Ֆիալա, Վերոնիկա Ֆրանց, Ավստրիա/Գերմանիա, 2024) Ծուռ ծիրան, 9․07 22:00 Կինոյի տան Հ․ Մալյանի դահլիճ

Երևի կզարմանաք, որ ընկճախտի և 18-րդ դարում ավստրիական գյուղերից մեկում տեղի ունեցած մանկասպանության մասին ֆիլմի գաղափարը ծնվել է ամերիկյան փոդքաստի էպիզոդներից մեկից, բայց ռեժիսորներ Սևերին Ֆիալան և Վերոնիկա Ֆրանցն իրոք «This American Life» («Ամերիկյան այս կյանքը») փոդքաստն էին լսում և մի անհավանական պատմական նարատիվ բացահայտեցին, որը, ըստ նրանց, արժանի էր անհապաղ էկրանավորման։ «Մենք լսում էինք գերմանական արմատներով այդ ամերիկուհուն՝ Քեթի Սթյուարթին,- համառոտ բացատրել է Ֆիալան այս տարվա Բեռլինալեում ֆիլմի պրեմիերայից հետո։- Նա ուսումնասիրում էր մի երևույթ, որը հայտնի է որպես «կողմնակի ինքնասպանություն»։ Նա հյուրընկալվել էր փոդքաստին ու պատմում էր, որ կողմնակի ինքնասպանությունը հնարավորություն էր 18-րդ դարի կանանց համար, եթե նրանք մտադիր էին հրաժեշտ տալ կյանքին։ Եթե նրանք սպանում էին որևէ մեկին, կարող էին մինչև իրենց մահապատիժը խոստովանել, մեղքերի քավություն ստանալ և գնալ դրախտ»։

Ռեժիսորական զույգը, որը հայտնի է իր հմուտ ժանրային նորարարություններով, հրապուրվում է այս մոռացության մատնված պատմական նարատիվով։ «Մեզ հատկապես հուզիչ թվաց մի ավստրիական պատմություն,- հավելում է Վերոնիկա Ֆրանցը։- Այնտեղ մի գեղջկուհի կար, որը դատարանում խոսում էր իր առօրյայի, երազանքների, վախերի, անվստահության մասին։ Մենք երբևէ չէինք իմանա նման անձնական խոհերի մասին, եթե նա չհայտնվեր դատարանի առջև սեփական երեխայի սպանության համար»։ Հենց պատմության լուսանցքում հայտնված այդ սովորական կնոջ հոգու և հոգեկան աշխարհի մասին վառ և անձնական պատկերացումներից է ծնվել ռեժիսորների վերջին նախագծի մտահղացումը։

Ձեռքի տակ ունենալով դատական ​​փաստաթղթերի մի ամբողջ գանձարան՝ թվում էր, թե միակ տրամաբանական լուծումը կլիներ այս ողբերգական պատմությունից դատական դրամա ստեղծելը: Բայց Ֆիալան և Ֆրանցը կարծեցին, որ դա կնվազեցնի «Դիվային լոգանք»-ի գլխավոր հերոսուհու՝ Ագնեսի պատմության ուժը: «Երբ վերընթերցեցինք մեր սկզբնական սցենարը,- հիշում է Ֆիալան,- բավարարված չէինք դատարանային տարրից, քանի որ դա չուներ այն ազդեցությունը, որ ուզում էինք ստանալ։ Շատ հետաքրքիր դատավարություն է, բայց երբ դատարանում ես, դու հիմնականում կրկնում ես խոսքերդ և նորից ու նորից վերապատմում այն, ինչ արդեն եղել է անցյալում»։ Փոխարենը նրանք ընտրեցին ավելի ուղիղ և անմիջական մոտեցում․ «Մենք պետք է գտնեինք ձև այդ կնոջ ներքին վախերն ու զգացմունքները փոխանցելու և դրանց կինեմատոգրաֆիկ ձև տալու համար»։ Արդյունքում ստացվել է շատ հետաքրքիր և չափազանց հուզիչ դրամա, որը վարպետորեն փոխանցում է այդ խեղճ կնոջ հոգում թաղված խոր թախիծը և մելամաղձությունը։

Հյուգո Էմերզաել