daily

Հարցազրույց․ ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ

2024-07-11 15:11 Հայերեն Daily #1
Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որի 16-րդ լիամետրաժը՝ «Յոթ քողը», «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն է, մտորում է արվեստի ստեղծման առեղծվածային և կլանիչ գործընթացի մասին։ Մասամբ ծավալվելով հենց Էգոյանի՝ «Սալոմե» օպերայի վերաբեմադրության հետնաբեմում՝ «Յոթ քողը» շերտ առ շերտ քողազերծվում է՝ ի վերջո մերկացնելով այն տրավման, որ կանգնած է այս ներկայացման հիմքում։

Զվարճալի մի բան կա նրա մեջ, որ հենց «Յոթ քող»-ով է բացվելու փառատոնը, քանի որ Էգոյանի 16-րդ ֆիլմն արտացոլում է օպերային ներկայացման պրեմիերայի նախապատրաստմանն առնչվող բոլոր բարդություններն ու ցավը։ Արտահայտիչ սև-սպիտակ պատկերաշարով «Յոթ քողը» քննում է ժամանակակից օպերային աշխարհի գեղարվեստական տարակարծությունները, ստեղծագործական բախումները, ուժերի անհամաչափությունն ու աստիճանակարգային շահագործումը։ Բայց և այնպես, ֆիլմը ձգտում է ցույց տալու, որ չնայած այս զանցանքներին, գուցե և հենց դրանց պատճառով է արարվում իսկական արվեստը։ Արվեստ, որը խորամուխ է լինում ենթագիտակցության մեջ կամ ունակ է գերազանցելու ինքն իրեն՝ հետամտելով գերբնականին։ Այս պոռթկումն անհնար է զսպել, դա հոյակապ փոխանցվում է կանադահայ կինոռեժիսորի բազմաշերտ աշխատանքում։

Շնորհիվ վաղ շրջանի գլուխգործոցների, որոնցից են «Ապահովագրական գործակալը», «Էկզոտիկան» և «Լուսավոր գալիքը», Էգոյանը կայացել է որպես հմուտ ռեժիսոր, որը մարդ արարածի խորքում թաղված տրավման ուսումնասիրող խճճված պատումների սիրահար է։ Այդ առումով «Յոթ քողը» կարելի է համարել վերադարձ սիրելի արտահայտչամիջոցներին, մասնավորապես երբ ֆիլմը հնարամտորեն պրպտում է թատրոնի ռեժիսոր Ժանինի տառապանքները (էգոյանական կինոյում երկրորդ անգամ հանդես եկող Ամանդա Սայֆրիդի փայլուն կատարմամբ), մինչ նա խենթության հասնող տարվածությամբ ջանում է վերաբեմադրել «Սալոմե» օպերան։ Սալոմեի Յոթ քողի պարը յուրահատուկ իմաստ ունի այստեղ, քանի որ տարփանքի, ցանկության և բռնության ամենամաքուր դրսևորմամբ կյանքի է կոչում տխրահռչակ առասպելը, որը Օսկար Ուայլդը վերածել է պիեսի, իսկ Ռիխարդ Շտրաուսը՝ օպերայի։ Էգոյանի համար գործը փոխաբերական իմաստով տարածք է դառնում՝ մեկ անգամ ևս քննության առնելու մարդկային հոգու խորխորատները, իսկ արդյունքը նրա ամենաանձնական ու հավակնոտ ֆիլմերից մեկն է։

«Սալոմե» օպերայի բեմադրությունը ներկայացրիք 1996-ին։ Վերջերս կրկին վերականգնեցիք դա և այդ փորձի վրա հիմնվելով՝ նկարեցիք «Յոթ քողը»։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ձեր օպերայի և այս ֆիլմի առնչությունը։
1990-ականներին «Սալոմե»-ն բեմադրելը անչափ կարևոր քայլ էր ինձ համար, նշանավորում էր վերադարձս կենդանի թատրոնին։ 20-25 տարեկանում մեծ մասամբ թատրոնով էի զբաղվում, բայց հենց սկսեցի կինո նկարել, աստիճանաբար հեռացա թատերական ասպարեզից։ Երբ առաջին անգամ բեմադրեցի «Սալոմե»-ն, վերհիշեցի, թե իրականում ինչ հզոր արտահայտչամիջոց է թատրոնը։ Այս նախագծով զբաղվում էի «Էկզոտիկա»-ի և «Լուսավոր գալիք»-ի արանքում, իսկ նշված ֆիլմերը շատ զգուշավոր, եթե չասենք սքողված ձևով են քննում բռնության գաղափարը։ Օպերան անմիջականորեն է բացահայտում այդ գիծը՝ քողազերծելով ինչ-որ բան փափագելու դաժանությունն ու հետևանքները, երբ իղձը չի իրականանում կամ խույս է տալիս մեզնից։

«Քլոե»-ից հետո «Յոթ քողը» Ձեր երկրորդ համագործակցությունն է Ամանդա Սայֆրիդի հետ։ Նրա մարմնավորած Ժանինի կերպարում արտահայտվում են Ձեր կինոյի կրկնվող մոտիվները, այդ թվում՝ անանցանելի տրավման, որ թաղված է մարդու հոգում։ Բայց աստիճանաբար եք վեր հանում այդ խոր ու տագնապաբեր զգացմունքները, արդյունքը դանդաղընթաց թրիլերն է։ Ինչո՞վ է Ձեզ գրավում այս մոտեցումը։
Երբ գնում ենք կենդանի թատրոն, գիտենք, որ արհեստական բան ենք դիտելու, բայց կամաց-կամաց հուզականորեն ներգրավվում ենք։ Ուզում էի այս ֆիլմում որևէ առանձնահատկություն գտնել, որը թույլ կտար նմանօրինակ թատերական ներգրավվածություն զգալ, երբ հենց հուզական մակարդակում գլխովին կլանվում ենք ծավալվող իրադարձությունների մեջ։ Ֆիլմը լի է այս քողերով՝ տարատեսակ կերպարներով, տեխնոլոգիաներով ու գործընթացներով, որոնք թաքցնում են հիմնարարը, իսկ դա անտանելի դաժան ու բիրտ է։ Ի վերջո արդյունքն էլ հենց սա է, բայց ուզում էի՝ ամեն ինչ չափավոր լինի։

Տեխնոլոգիան ու մեդիան հաճախ քողի դեր են կատարում Ձեր ֆիլմերում, երևան բերում կամ թաքցնում են պատումի խորքային ճշմարտությունները։
Ճիշտ եք, իմ վաղ շրջանի ֆիլմերում շատ կերպարներ կան, որոնք փորձում են վերականգնել իրողությունները՝ հիմնվելով տեխնոլոգիաների ու մեդիայի վրա։ Ժանինը տագնապում է, թե չի կարողանա վերստեղծել կախարդանքը, որը տեսնում է նախկին ուսուցչի՝ «Սալոմեի» բեմադրության տեսագրություններում։ Իհարկե, դա ի հայտ է բերում նաև հերոսուհու և անցյալի կապը։ Օպերան վերականգնելու ընթացքում անսպասելի բան է ծնունդ առնում, հարցեր են առաջադրվում, որոնց անհնար է պատասխանել։

1996-ին մշակութային բնապատկերն այլ էր, քան 2020-ականներին։ Թվում է՝ ֆիլմը գիտակցաբար հղում է անում #MeToo շարժումից հետո ի հայտ եկած ճշմարտությանը շահագործման և զանցառու վարքի վերաբերյալ, որոնք դեռ տեղ ունեն կինոյի և թատրոնի աշխարհում։
Լիովին անկեղծանալով՝ ասեմ, որ երբ 2023-ին Կանադայի օպերային համայնքը որոշեց վերականգնել «Սալոմե»-ի բեմադրությունը, նախընտրում էի, որ ռեժիսորը կին լիներ։ Կարծում եմ՝ մեզ նոր Սալոմե և նոր դիտանկյուններ են անհրաժեշտ։ Բայց նոր օպերա բեմադրելը թանկ արժի։ Տնտեսական տեսանկյունից ավելի խելամիտ էր վերականգնել հին տարբերակը։ Բայց իմանալով, որ ոչ տղամարդ ռեժիսորի տարբերակ չի լինելու, ստեղծեցի այս կնոջ կերպարը, որն այս բեմադրությունը յուրացնող կնոջ իմ ֆանտազիան էր։ Նշեմ նաև՝ օպերային աշխարհում դեռ կարելի է հանդիպել զանցառու վարքագծի, որը ֆիլմում դրսևորում է դերակատարներից մեկը։ Թվում է, թե մարդիկ այդպես են վարվում, քանի որ կարծում են՝ առանձնահատուկ գործ են անում ու մի տեսակ գերմարդ են դառնում։

Դա երևան է հանում ֆիլմի ամենակարևոր թեմաներից մեկը․ ինչպե՞ս են գերբնական տաղանդները մարդկանց վերածում հրեշի։ «Սալոմե»-ն ինքնին հրեշավորության և մարդկայնությունը մոռանալու մասին է։
Լիովին համամիտ եմ։ Ի՞նչն է ստեղծում հրեշին։ Ի՞նչն է խթանում։ Ինչպե՞ս ենք որոշում՝ երբ է արարքը հրեշավոր։ Շատ ուրախ եմ, որ ֆիլմում բարձրաձայնվում են այդ հարցերը։ Գուցե հենց դրանով է «Յոթ քողը» կապվում իմ վաղ շրջանի ֆիլմերին, ի վերջո գաղափարները փոխանցվում են խրթին մարդ արարածների միջոցով։ Այս դեպքում դա մեկուսի և խոցելի Ժանինն է։ Դիտարկում ենք նրա հարաբերությունները․ ինչպես են դրանք արտահայտվում նրան մեկուսացնող տեխնոլոգիաներով։ Միևնույն ժամանակ Ժանինը փորձում է ինչ-որ բացառիկ բան կյանքի կոչել։

Ի հիշատակ Շառլ Ազնավուրի 100-ամյակի՝ «Ոսկե ծիրան»-ը ցուցադրելու է նաև Ձեր 2002 թվականի «Արարատ» ֆիլմը, որտեղ հանդես է եկել պաշտամունքային երգիչն ու դերասանը։ Ի՞նչ հուշեր ունեք այդ փորձառությունից։
Երբ ինձ հարցնում են՝ ինչ զգացողություն էր աստղերի հետ աշխատելը, սովորաբար նկատի են ունենում Քոլին Ֆըրթին կամ Լիամ Նիսոնին կամ Ռիզ Ուիզերսփունին և այլոց։ Միշտ կրկնում եմ՝ ամենանշանավոր աստղը, որի հետ համագործակցել եմ, Շառլ Ազնավուրն է, նա կարողանում էր ազդել ամբողջ աշխարհի երևակայության վրա։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես ժամանեց Տորոնտոյի օդանավակայան, ես էլ գնացի անձամբ դիմավորելու։ Անհավատալի էր, որ եկել էր դերը խաղալու և ժամանակ էր հատկացրել կերպարն ուսումնասիրելուն։ Այլևս երբեք չեմ կարողանա շնորհակալություն հայտնել նրան, որ նկարահանվեց ֆիլմում, Կաննում՝ Փառատոների պալատի աստիճաններին, ներկա եղավ պրեմիերային։ Սովորաբար Կաննում ներկայացվող ֆիլմից երաժշտություն է հնչում, այս դեպքում հնչեց Մայքլ Դաննայի երաժշտությունը, իսկ հետո՝ Ազնավուրի երգերը։ Այդ պահին նրանք ի մի եկան։ Մեծ պատիվ էր կարկառուն արվեստագետի հետ աշխատելը։ Եվ գիտե՞ք ինչ։ Նա վստահում էր մեր ֆիլմին։ Հասկանում էր, որ բարդ ստեղծագործություն է, ու հենց դա էր արժևորում։

Հյուգո Էմերզաել

լուսանկարը՝ Ուլիս դել Դրագո