daily

Նոթեր Երևանի մասին․ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի Կինոքննադատների աշխատարան

Հայերեն Daily #3
Սիրելի՛ Ֆորեսթ

Որպես Հայաստանի հարևան պետության՝ Վրաստանի քաղաքացի՝ ավտոբուսով Երևան գալիս միտք էի անում՝ ինչու մեր երկրները բաժանող սահմանը երբեք չեմ հատել, թեև մի քանի անգամ եղել եմ Եվրոպայում: Հիշեցի նաև, որ աֆրիկյան շատ երկրներում բոլոր ճամփաները տանում էին օվկիանոս, որ հեշտանա բնամթերքի փոխադրումը գաղութային տերություններ, որոնք շարունակ շահագործում էին նրանց: Վրաստանից Հայաստան ուղևորվելը դժվար կամ թանկ չէ, և տեղ հասնելու բազում եղանակներ կան: Բարդությունը երևի մշակութային է: Երբ Սառը պատերազմն ավարտվեց, և հետխորհրդային երկրների միջև լարումները սրվեցին, երկար տարիներ նույն արժեքներն ունեցող ազգերը խոր տարաձայնություններ ունեցան: Նույնիսկ ամենանշանավոր հայ ռեժիսորը՝ Վրաստանում ծնված Սերգեյ Փարաջանովը, իր կախարդական կինոյի ոգեշնչումը քաղում էր լայն իմաստով Կովկասից, ու երբ դեգերում էի Երևանի փողոցներում, քաղաքը նույնքան բազմամշակութային ու էկլեկտիկ էր թվում, ինչքան ռեժիսորի ֆիլմերը:

Ինձ լիովին շշմեցրեց Լիսանդրո Ալոնսոյի վերջին՝ «Էվրիկա» ֆիլմը՝ տարածաժամանակի, խոսույթների և սյուժեների, պատմության և մետապատմության միջով մետաֆիզիկական ոդիսականը: Ֆիլմը սկսվում է որպես սև ու սպիտակ վեսթերն, բայց հետո «վարագույրը բարձրանում է», և պարզվում է, որ դա ֆիլմ է ֆիլմի մեջ, ցուցադրվում է Հարավային Դակոտայի Փայն Ռիջ արգելաբնակավայրում ապրող օգլալա-սիու ցեղի հնդկացիների տան հյուրասենյակում: Արևմտյան թեմաները կրկին ու կրկին երևան են գալիս «Էվրիկա»-ում, բայց ես կյանքում նման համադրություն չէի տեսել: Չգիտեմ՝ ինչքանով ես ծանոթ Ալոնսոյի ֆիլմերին, բայց «Էվրիկա»-ն անկասկած նրա ամենալայնածավալ և հավակնոտ գործն է: Երեք մասից բաղկացած ֆիլմը զարգանում է իբրև պատումների հատընտիր, թեևպատմության բոլոր գծերը փոխկապակցված են: Երբ արևմտյան ներածական մասն ավարտվում է, ֆիլմն ընկղմվում է նեո նուարի տարածք, իսկ հետո տարաշխարհիկ ճամփորդություն է սկսվում, որ մեզ հասցնում է 1970-ականներ՝ Բրազիլիայի ջունգլիներ:

Ինձ նաև անկեղծորեն տպավորեց Դանիել Քյոթերի «Լանդշաֆտը» (2023), որը քնարաբար ներկայացնում է Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի 2020-ի հակամարտությունը: Ռեժիսորը երկու երկրների սահմանի երկայնքով ճամփորդում է և պատմում մարդկանց մասին, որոնք անմիջականորեն տուժել են պատերազմից: Խոհուն ռիթմով և դիտողականությամբ հարուստ ֆիլմի բնապատկերները և օպերատորական աշխատանքն ինձ հիշեցրին տարածաշրջանի լեգենդար ռեժիսորներից մեկին՝ Աբաս Քիառոստամիին:

Թե՛ «Էվրիկա»-ն, թե՛ «Լանդշաֆտ»-ը մարդակերպ մոտեցմանն են հարում, այդ պատճառով մտաբերեցի կինոգետ Բելա Բալաշի իրերի դեմքի գաղափարը. այսինքն՝ կինոն մեզ ցույց է տալիս ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների, բնապատկերների և առարկաների դեմքը: Ալոնսոյի և Քյոթերի ֆիլմերում, որտեղ շեշտը դրված է կախարդական կենդանիների, ֆլորայի և անշունչ առարկաների վրա, պատկերներն իշխում են բառերին:

Սպասում եմ քո պատասխանին,

Լևան