daily

Դեպի հոգատարության կինո․ «Ադամանի վրա» ֆիլմի գրախոսական

Հայերեն Daily #2
Ադամանի վրա (2023) / Երևանյան պրեմիերա
Նիկոլա Ֆիլիբեր
Ֆրանսիա/Ճապոնիա
13.07 22:00 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ, 16.07 14:00 Կինոյի տուն Մեծ դահլիճ

Չնայած նրան, որ Բեռլինալեի գլխավոր մրցույթում ազդեցիկ խաղարկային ֆիլմեր էին ներկայացված, 2023-ի «Ոսկե արջ» մրցանակը հանձնվեց ֆրանսիական համեստ վավերագրական ֆիլմի, և դա շատերին անակնկալի բերեց: Ճակատագրի հեգնանքով այս նուրբ ֆիլմը, որ վրիպել էր փառատոնային փորձագետների աչքից, վերահաստատում է ռեժիսորի՝ ֆրանսիական կինոյի վետերան Նիկոլա Ֆիլիբերի հիմնադրույթը. որոշ պատմություններ հեշտությամբ աչքաթող են արվում՝ ի նպաստ ավելի «փայլփլող» պատումների: «Ադամանի վրա» ֆիլմում Ֆիլիբերն իր ուշադրությունը սևեռում է Փարիզում հոգեկան հիվանդություններից տառապող մարդկանց կյանքին՝ ընդգծելով, որ ժամանակակից հասարակության կողմից մերժվածների հետ շփումն է մարդկայնության իսկական հաղթանակը: Եթե մարդ էակները հուսահատ կարիք ունեն, որ իրենց տեսնեն ու լսեն, իսկ կինոյի հիմնական գործառույթը տեսնելն ու լսելն է, ապա Ֆիլիբերի կինոն հենց այդ գործառույթների արտահայտությունն է: Դա կարելի է կոչել հոգատարության կինո, քանի որ ֆիլմը ցույց է տալիս, թե ժամանակն ինչպես է անցնում հոգեկան առողջության խնամքի կենտրոնում, որ լողացող նավ է Փարիզում` Սեն գետի վրա: Ֆրեդերիկ Ուայզմանի ոգով արված դիտարկումներով և հեռուստատեսային ռեպորտաժի նմանվող ավանդական հարցազրույցներով «Ադամանի վրա» ֆիլմն ուսումնասիրում է հաստատության հասարակ և ներառական բնույթը. այցելուները զբաղվում են կազմակերպչական հարցերով՝ բարի հերթափոխից մինչև կինոակումբ կազմակերպելը կամ հաշվապահական աջակցությունը: Վճռորոշ է տեսնել հոգատարության և ուշադրության նման կիրառումն առօրյայում, ինչպես նաև այս թեմայով նման փխրուն և սիրառատ ֆիլմ նկարելը:

Հյուգո Էմերզաել