daily

Վավերագրական թերապիա․ «Սաբայա» կինոթատրոնը» ֆիլմի գրախոսական

Հայերեն Daily #2
«Սաբայա» կինոթատրոնը (2021) / Տարածաշրջանային համայնապատկեր
Օրիթ Ֆոքս Ռոթեմ
Իսրայել/Բելգիա
12․07 16։00 Մոսկվա կ/թ Կարմիր դահլիճ

Թելավիվցի ռեժիսոր Ռոնան տեսավավերագրության դասեր է անցկացնում արաբ և հրեա կանանց համար: Մասնակիցներից յուրաքանչյուրը ստանում է թվային տեսախցիկ և տարբեր հանձնարարություններ` նկարելու իր տունը, հարազատներին, անձնական տարածքը: Ժամանակի ընթացքում Ռոնան այնքան է խորասուզվում ուսանողների տեսապատմությունների մեջ, որ որոշում է դրանցից ֆիլմ-խճանկար ստեղծել:

Այն, ինչ տեսնում ենք էկրանին, ասես իրականում տեղի ունեցած դասընթացների վերարտադրումն է: Տպավորություն է, թե բոլոր գործող անձինք իրենք իրենց դերերն են կատարում: Զուգահեռներ են առաջանում իրանական դոքուֆիքշնի հետ (առաջին հերթին` Մոհսեն Մախմալբաֆի «Սալյամ սինեմա» կամերային կեղծ ֆիլմ-քասթինգի):

Սակայն իրականում «Սաբայա» կինոթատրոնը» մի փոքր այլ կառուցվածք ունի: Ֆիլմի ռեժիսոր Օրիթ Ֆոքս Ռոթեմը մինչ նկարահանումները բավականին երկար ժամանակ նման խմբակներ է վարել: Դրանց շրջանակներում տեղի ունեցած զրույցներն էլ, երբեմն ձևափոխված, ընկած են «Սաբայա» կինոթատրոն»-ի հիմքում: Կադրում դերասաններ են, որոնց խոստովանանքները հենվում են և’ հորինվածքի, և’ իրենց կյանքի փորձի վրա. վավերագրությունը ներարկվում է մտացածինի մեջ:

Ֆոքս Ռոթեմը գրեթե հավասարաչափ ուշադրություն է տրամադրում բոլոր կերպարներին, ինչը մեծ նվաճում է նման անսամբլային ֆիլմի համար: Կանայք տարբեր են, երբեմն անգամ հակապատկերային` հուդայականություն կամ իսլամ դավանող, ավանդապաշտ և ազատամիտ, բայց միևնույնն է, կարող են իրենց փորձառություններում հատման կետեր գտնել: Նրանց հանդիպումները բավականին արագ անցնում են տեխնիկական դասընթացների սահմանները: Նրանք խոսում են իրենց կյանքից ու երազանքներից, բացահայտում միմյանց ներաշխարհը, հիմնում են վստահալից հարաբերություններ. սովորական լսարանը վերածվում է կոլեկտիվ հոգեթերապիայի տարածքի:

Կարծրատիպերը կոտրվում են, ու ինչ-որ մի պահ միամիտ հույս է առաջանում, որ անկեղծությունը, փոխըմբռնումը և իրար ընդունելու միտումը կռիվների ու պատերազմների հասցնող կույր ատելությունից ավելի ուժեղ կգտնվեն:

Ալեքսանդր Մելյան