daily

Զրույցներ սեղանի շուրջը․ «Գեղեցիկ Էլենեն» ֆիլմի գրախոսական

Հայերեն Daily #1
Գեղեցիկ Էլենեն (2022) / Երևանյան պրեմիերա
Գիորգի Օվաշվիլի
Վրաստան/Թուրքիա/Ֆրանսիա
11․07՝ 17։00, Մոսկվա կ/թ Կարմիր դահլիճ

Գիշերօթիկ դպրոցում ուսանող, դեռահասի հիշեցնող 25-ամյա Էլենեն Նյու Յորքում կինոարտադրություն ուսանելուց հետո վերադառնում է Թբիլիսի: Այսպես է մեկնարկում «Գեղեցիկ Էլենեն»` վրաց ռեժիսոր Գիորգի Օվաշվիլու ֆիլմը, ում նախորդ երեք լիամետրաժները` «Խիբուլա»-ն (2017), «Եգիպտացորենի կղզին» (2014) և «Մյուս ափը» (2007), նախորդ տասնամյակներին արդեն տեղ էին գտել «Ոսկե ծիրան»-ի տարբեր ծրագրերում: Կարմրահեր Էլենեն հավակնոտ է, կամակոր և միշտ գնում է հոսանքին հակառակ, իսկ հոսանքը ներառում է անդադար ու անպատեհ մտահոգվող մորը, ամուսնանալ հորդորող տատիկին, բանկում աշխատող ձանձրալի երկրպագուին և ոչ այնքան երջանիկ հարաբերությունների մեջ գտնվող ընկերուհուն: Շուտով հերոսուհին ծանոթանում է երբեմնի հաջողակ, ներկայում մոռացության մատնված ռեժիսոր Գաբոյի հետ և սկսում աշխատել վերջինիս նոր ֆիլմի սցենարի վրա, որը կինոռեժիսորի ստեղծագործական ճգնաժամի մասին է: Սկիզբ է առնում երկու հերոսների ֆիզիկական ու հոգևոր ճանապարհորդությունը, որը, պատմություններ ստեղծելով պատմության մեջ, ջնջելու է սահմաններն իրականության ու հորինվածքի միջև:

Հիմնականում սեղանի շուրջը ծավալվող երկխոսություններից կառուցված այս ֆիլմը բացահայտում է հերոսների պատմությունները, նրանց հույսերն ու վախերը, պատկերացումները կյանքի ու արվեստի մասին: Կարմիր գծով անցնում է ինքնասպանության թեման, ինչը պարբերաբար դիտարկվում և մերժվում է որպես ընկճող իրականության հանգուցալուծման միակ միջոց: Հոռետեսությամբ պարուրված ֆիլմն արվեստագետի ձախողման ու ճգնաժամի մասին է, որ ստիպված է հերոսներ հորինել` պայքարելու մենակության դեմ:

Սոնա Կարապողոսյան