daily

«Բոգդանասը ձգտում է մնալ»․ Ինչո՞ւ մնալ

2024-07-11 15:17 Հայերեն Daily #2
Բոգդանասը ձգտում է մնալ (Մարատ Սարգսյան, Լիտվա, 2023), Միջազգային մրցույթ, 10․07 10։00 Կինոյի տան Մեծ դահլիճ, 10․07 18։00 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ

Բոգդանասը ուզում է մնալ․․․ թմրանյութերին, օրենքին և վարքին առնչվող խնդիրներ ունեցող անչափահասների համար նախատեսված գիշերօթիկ դպրոցում։

Խաղարկային ֆիլմի էսթետիկայով նկարահանված իր վավերագրության մեջ ռեժիսոր Մարատ Սարգսյանը համբերատար ու քնքշանքով է հետևում ուղղիչ հաստատության սաներին։ Նրանց շփման լեզուն ագրեսիան է՝ հրմշտոցը, տուրուդմփոցը, հայհոյանքը, բայց այդ լեզուն պարզ է և անմիջական։ Տղաներն իրարից պաղպաղակ են գողանում, ջանասիրաբար մաքրում սենյակներն ու դպրոցի շրջակայքը, անվերջ հարվածում միմյանց, վիճում ու վիրավորում, բայց նաև փրկում հիվանդ թռչուններին ու փորձում իսկապես պատասխանել բարդ հարցերի՝ ո՞րն էր իրենց կյանքի ամենաերջանիկ պահը։ Նրանք ուզում են մոռանալ ուղղիչ դպրոցն ու իրար, մտնել Ֆեյսբուք, գրել ընկերներին, ժամադրության գնալ։ Եվ իհարկե, ծնողներին տեսնել։

Ֆիլմի աղմկոտ հավաքական հերոսից Բոգդանասն առանձնանում է միայն, երբ պարզ է դառնում, որ ինքը չի ուզում ծնողների հետ անցկացնել բաղձալի ամառը։ Գուցե վատ գնահատականների՞ց է ամաչում, գուցե ուզում է վայելել կռվարար ընկերներից դատարկված դպրոցի անդո՞րրը կամ գուցե վախենո՞ւմ է։ Ումի՞ց։ Մորի՞ց, երբեմնի ընկերների՞ց, թե՞ ինքն իրենից, իր անկատարությունից, նրանից, որ մայրը, որն այդքան սիրում է լուսանկարվել, չի ուզենա նկարվել իր հետ։ Եվ եթե գիշերօթիկի բակում վայր ընկած թռչնակն ի վերջո կարողանում է ճախրել ցանկապատից այն կողմ, այս «անճոռնի ճուտիկին» դա այդպես էլ չի հաջողվում։

Սոնա Արսենյան