daily

«Այդ արվեստագետները՝ այդ ապուշները, պետք է շարունակեն ապրել»․ «Կարմիր երկինք» ֆիլմի գրախոսական

Հայերեն Daily #2
Համեմատած իր ավելի վաղ շրջանի գոհարների հետ, որոնցից են «Անցումը» (2018) և «Ունդինը» (2020)՝ գերմանական արտհաուսի կարկառուն ներկայացուցիչ Քրիստիան Փեցոլդը կարծես ավելի թեթև տրամադրություն է ընտրել Բեռլինի կինոփառատոնին մասնակցած իր վերջին՝ «Կարմիր երկինքը» ֆիլմի համար։ Երկու մտերիմ ընկերները գնում են ամառանոց, որպեսզի համատեղեն աշխատանքն ու հանգիստը, և անսպասելիորեն հայտնաբերում են, որ իրենք այնտեղ մենակ չեն։ Ստեղծված եռանկյունում զարգացող հարաբերությունների այս թեթև, բայցև բազմաշերտ դինամիկան հիշեցնում է Էրիկ Ռոմերի ֆրանսիական ամառային ֆիլմերը և Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» սքանչելի կատակերգությունը։ Ամբողջ խնդիրը համատեղ ժամանցի զավեշտալի անհարմարություններն են, որոնք առաջանում են անձնական տարածք չունենալու և նույն տարածքը կիսող մարդկանցից էապես տարբերվող կենսառիթմեր ունենալու հետ, ինչի պատճառով պարբերաբար զվարճալի իրավիճակներ են ստեղծվում։ Սակայն, ինչպես կարելի էր ակնկալել բարդ մելոդրամաների վարպետ Փեցոլդից, «Կարմիր երկինք» ֆիլմի կատակերգական տարրերը հիմնականում տրոյական ձիու դեր են կատարում այն ողբերգության համար, որն իրականում ընկած է պատմության հիմքում։

Սյուժեն գլխավորապես գրող Լեոնի մասին է, որը ստեղծագործական ճգնաժամ է վերապրում։ Նա շարունակ գանգատվում է, որ իր աշխատանքն «իրեն թույլ չի տալիս» միանալ շուրջը տիրող զվարճանքներին։ Եվ երբ նա վերջապես հասնում է այն կետին, երբ կարող է մի կողմ դնել իր անհանգստությունները, կարծես արդեն շատ ուշ է լինում։ Պատմությանը միահյուսվում է անտառում բռնկված հրդեհը՝ ֆիլմը վերածելով մռայլ մտորումների ոչնչացման, սիրո և կորստի մասին։ «Սա ողբերգություն է,- այսպես է Բեռլինի կինոփառատոնի ժամանակ Փեցոլդն արտահայտվում Լեոնի ճակատագրի մասին։- Նրա աշխատանքն է ուսումնասիրել մարդկանց ու նրանց մասին պատմություններ ստեղծել, և նա իրականում ամաչում է դրանից։ Նա հիասթափված է որպես մարդ և որպես արվեստագետ և չի կարողանում ազատվել իր մեկուսացումից»։

Որպես գրող՝ Լեոնի նարցիսիզմը մասամբ հենց իր՝ Փեցոլդի հայելային պատկերն է։ «Այս կերպարի մեջ ես ինքս ինձ եմ տեսնում։ Այս ապուշն ուզում է արարել և չի ապրում լիարժեք կյանքով, քանի որ չափից շատ է տրվել այն աշխատանքին, որը հենց ինքն է իր համար ստեղծել»։ Հենց այստեղ է թաքնված իսկական ողբերգությունը, քանի որ միայն կորստի միջոցով է Լեոնը վերագտնում գրելու կարողությունը` հասկանալով, որ արարելուն ունակ լինելու համար նախ պետք է կյանքը լիարժեք ապրել։ «Մարդիկ, որոնք բաց են ապրում, պիտի մեռնեն,- այսպես է Փիցոլդը մեկնաբանում այս դրամայի բավականին մռայլ ենթատեքստը։- Իսկ այդ արվեստագետները՝ այդ ապուշները, պետք է շարունակեն ապրել։ Նրանք դրա՛ն են դատապարտված՝ շարունակել ապրել և գրել։ Ցույց չտալ իրենց սերը և չստանալ սեր, քանի որ ապուշ են։ Եվ քանի որ նա ապուշ է, հետևաբար նա կարո՛ղ է գրել»։

Հյուգո Էմերզաել