daily

Կովկասյան համայնապատկեր․ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի Կինոքննադատների աշխատարան

Հայերեն Daily #3
Բարև, Նինի,

Քանի որ մոտենում է փառատոնի հինգերորդ օրը, և քնի պակասն արդեն իրենն է ասում, գնալով մեծանում է երախտագիտության զգացումս այն տպավորությունների համար, որ ստացա, օրինակ, Լոիս Պատինյոյի «Սամսարա»-ից, որը դիտեցի երեկ երեկոյան, և որը, անխոս, փառատոնի բացառիկ ֆիլմերից է: Ապիչատպոնգ Վիրասետակուլի պես Պատինյոն ոչ միայն ընդունում է կինոդիտման սոմնամբուլիստական կողմը, այլև ներառում է այն իր ֆիլմում այն աստիճան, որ ֆիլմի տպավորիչ միջնամասում խնդրում է հանդիսատեսին փակել աչքերը: Ճանապարհորդություն Բարդոյի միջով, որը, ըստ բուդդայական ուսմունքի, ժամանակավոր վիճակ է մահվան և վերածննդի միջև. Պատինյոն ցուցադրել էր այդ փորձառությունը ստրոբոսկոպիական գունային էֆեկտների և երանգային շարքերի, զանգերի և բնության ձայների միջոցով, արդյունքում հայտնվեցի հիպնագոգիկ ենթագիտակցական երազային վիճակում: Տեսիլքները, որ ունեցա, փակելով աչքերս, միայն իմն էին, բայց ընկալվեցին որպես ֆիլմի լիարժեք մաս, և այն, թե ինչպես էր Պատինյոն միավորել եզակի անհատական, բայց և հավաքական կինոփորձառությունը, զարմանալիորեն թարմ տպավորություն թողեց:

Հաջորդ ֆիլմը, որն ակտիվորեն փորձում էր գտնել իր եզակի ձևն ու ռիթմը, Ալեքսեյ Ֆեդորչենկոյի «Ուլլի-Կալեի մեծ օձերն» էր, որը նույնպես փառատոնի բացառիկ բացահայտումներից էր, չնայած որ միանշանակ ֆավորիտը չէր: «Մեծ օձերի»՝ ռուս-կովկասյան հարաբերությունների կինեմատոգրաֆիական տարբեր ոճերով նկարահանված և հրաշալի հումորով ներծծված ինը մասից բաղկացած գեղադիտակային այդ համայնապատկերի ամենամեծ արժանիքը ֆիլմի հավակնոտությունն ու «վա բանկ»-ային բնույթն էր: Այն, թե ինչպես էր Ֆեդորչենկոն Գայ Մեդդինի պես գործի դրել համր կինոյի՝ ձեռքով ներկված պատկերների գեղագիտությունը վրացական հին ազգային ավանդույթները բացատրելու համար, պարզապես չքնաղ էր (ինչպե՞ս կարող է ծիծաղ չառաջացնել այն, որ մեկի մորուքը պոկելու համար կարող ես հիսուն ռուբլի տուգանք վճարել), բայց այդ ամենը շատ զվարճալի, հետաքրքիր ու խառն էր ներկայացված, որպեսզի բոլոր կատակները լիարժեք ընկալելի լինեն:

Առավել հաջողված էր, սակայն, անցյալի ու ներկայի հակադրությունը, որ նկարագրված էր ֆիլմում: Ֆեդորչենկոն հաճախ հայտնվում էր էկրանին՝ iPhone-ը զրուցակիցների դեմքին պահած կամ դրոն աշխատեցնելիս. այն, որ չես տեսնում, թե ինչ է տեսագրում, բայց տեսնում ես, որ տեսագրում է, գրավել էր ինձ, քանի որ փորձում էի պատկերացնել այդ դիալեկտիկ հակասությունները, թեև այդպես էլ չկարողացա որևէ եզրահանգում անել:

Սպեկտրի հակադիր կողմում հոլանդացի կինոռեժիսոր Զառա Դվինգերի «Փոքրիկը» ֆիլմն էր, որը կարողացավ ձանձրացնել ու զայրացնել թե՛ հնարամտության բացակայությամբ, թե՛ սեփական (գոյություն չունեցող) բանիմացությունը ցույց տալու համառ հակվածությամբ: Տիպիկ ճանապարհային ֆիլմ էր, որտեղ հուզականորեն անկայուն մի կին իր տասնմեկամյա դստերն «առևանգում է» մանկատնից. դա հիշեցրեց այն ամենը, ինչ զայրացնում է ինձ «Սանդենսյան» ինդի-էսթետիկայով ներծծված մերօրյա շաբլոն ֆիլմերում: Ամեն ինչ, սկսած հասարակ ժպիտից մինչև ոստիկանների ու գողերի խաղը, ուղեկցվում էր անճաշակ ձայնային էֆեկտներով և տեսողական գրաֆիկայով: Վերջում սիրտս խառնում էր «շաքարի» այդ գերչափաբաժնից:

Ասեմ, որ հինգաստղանի «Արարատ» կոնյակը՝ երևանյան հերթական բացահայտումս, որն առաջին անգամ համտեսեցի ֆիլմից հետո, միանգամայն տեղին էր:

Սիրով՝

Ջոշ