daily

Տարածաշրջանային մրցույթ․ արխիվային ներկան

Հայերեն Daily #1
Արդեն չորրորդ տարին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Տարածաշրջանային մրցույթում ընդգրկված ֆիլմերը վերապատմում են վերջին հարյուրամյակում շարունակական պատերազմների, քաղաքական շահերի բախման և անհանգստությունների կենտրոն դարձած Արևմտյան Ասիայի անցյալն ու ներկան: Կորսվածի մասին հիշողություններն ու դրա դառը ետնահամը ծրագրի ֆիլմերի գլխավոր ընդհանրությունն են` փաթեթավորված տարբեր անձնական ու ազգային պատմություններով, բայց միմյանց նմանվող միջուկով:

Ծրագիրը բացում է պարսիկ լուսանկարիչ Նաֆիզե Ֆաթոլլահզադեի «Խաբուր» կարճամետրաժ ֆիլմը, որն իր տևողության երեսուն րոպեներում կենտրոնացնում է տարածաշրջանի հասարակական, քաղաքական և մշակութային ետնագիծը` պատերազմներ, ցեղասպանություն, տեղահանություն, խլված մշակութային ժառանգություն. թեմաներ, որ քննարկվելու են մրցող տասը ֆիլմերում:

Անցյալի վերհանումն ու դրա միջոցով ներկայի քննումը ծրագրի ռեժիսորների ստեղծագործական նախընտրելի մեթոդներից է. Ֆարահնազ Շարիֆի «Իմ գողացված մոլորակը» Իրանի նախահեղափոխական շրջանի սոցիալ-մշակութային կյանքի գունավորությունը պատկերող կոլաժ է, Մակա Գոգոլաձեի «Ինչքան որ գիտեմ ինձ»-ը խորհրդային դաստիարակչական մեթոդների և դրանց ազդեցության մասին է, որը Վրաստանի օրինակով արտացոլում է տարածաշրջանից շատերի փորձառությունը, Երվանդ Վարդանյանի «Օրբիտա»-ն վավերագրում է Հայաստանում օպտիկայի մեծագույն գործարանում ծվարած նարդու փոքրիկ արտադրամասը` այսպիսով հակադրելով անցյալի ոգեշնչող միֆը ներկա անկումնային տրամադրությանը: Որոշ ֆիլմերում պատումը կառուցվում է հենց արխիվային նյութերի հիման վրա, օրինակ` «Խաբուր»-ում լուսանկարներ են, «Իմ գողացված մոլորակ»-ում` 8 մմ-անոց ընտանեկան ժապավեններ, որ ռեժիսորը գնել է անծանոթներից: Քամալ Ալժաֆարի «Ֆիդայական ֆիլմ»-ում օգտագործված տեսանյութը Բեյրութի Պաղեստինի հետազոտությունների կենտրոնից է, որ խլվել էր իսրայելական բանակի կողմից 1982-ին Լիբանան ներխուժման ժամանակ: Ծրագրի երկու ֆիլմերում «անցյալի վերհանումը» տեղի է ունենում գլխավոր հերոսների իրենց անցյալ` ծննդավայր վերադարձի միջոցով. Ֆարահ Կասեմն իր «Մենք ներսում ենք» ֆիլմում վերադառնում է Տրիպոլի, Լիբանան և փորձում վերահաստատել կապը հոր հետ` միանալով նրա բանաստեղծական խմբակին: Վինիպեգ է վերադառնում նաև Մեթյու Ռենքինի «Համընդհանուր լեզու»-ի հերոսը, որը թեև Կանադայում է, բայց ունի բազում իրանցի բնակիչներ, և ֆիլմը ծավալվում է նրանց շուրջ:

Տեղահանությունն ու գաղթն Արևմտյան Ասիայի մասին պատմող կինոյի մյուս գլխավոր թեմատիկան են, որն արտահայտված է նաև այս տարվա ծրագրում: Կաննին զուգահեռ անցկացվող «Ռեժիսորների երկշաբաթյակ» ծրագրում ցուցադրված «Դեպի անհայտ երկիր» ֆիլմը հետևում է երկու պաղեստինցի գաղթականների, որ փորձում են հասնել Գերմանիա: Գերմանիայում է ապրում Ֆարազ Ֆեշարաքի «Ի՞նչ երազ ես տեսել անցած գիշեր, Փարաջանով»-ի հերոսը, իսկ ֆիլմը գրեթե ամբողջությամբ բաղկացած է հերոսի և նրա ընկերների, ընտանիքի անդամների Skype հանդիպումներից ու զրույցներից:

Ավելի այսօրեական են Տարածաշրջանային մրցույթի մյուս ֆիլմերը. Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» ֆիլմը պատմում է Արցախում ապրող չորս կանանց մասին և հետևում է հերոսներին մինչև 2020-ի պատերազմը և դրանից հետո: Ի տարբերություն նույն թեմայով արված շատ ֆիլմերի՝ այստեղ ռեժիսորը փորձում է քննադատական հայացք նետել Արցախում կնոջ դերի, դիրքի վրա և նոր քննարկում սկսել: Ոճային տեսանկյունից տարբեր է նաև Ֆելիքս Քալմենսոնի «Գամոդի» ֆիլմը, որը, պատմելով Թբիլիսիի մարգինալ համայնքի ներկայացուցիչների մասին, հատուկ շեշտադրում է կատարում հետխորհրդային ճարտարապետական ժառանգության և դրա մոտալուտ կորստի վրա:

Սոնա Կարապողոսյան