Սամսարա (2023) / Միջազգային մրցույթ Լոիս Պատինյո Իսպանիա 9․07 12:30, 12.07 19:30 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ
Երբ Լաոսի գյուղերից մեկում բուդդայական ծեր կին է մահանում, իսկ Զանզիբարի լողափում գառնուկ է ծնվում, ուզում ենք հավատալ, որ Լոիս Պատինյոյի ուշագրավ «Սամսարա» ֆիլմում իսկական վերամարմնավորման ենք ականատես դառնում: Եթե նույնիսկ վերամարմնավորում գոյություն չունի (թեև ո՞վ իմանա), «Սամսարա»-ի անափ խորհրդածություններն այնուամենայնիվ մղում են գիտակցելու, որ կյանքը երկրի վրա բոլորաշրջանով է ընթանում, յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կապված է տիեզերական ճակատագրով՝ այս մոլորակում տարածաժամանակի մի պատառն է: Սա է Պատինյոյի հանճարը. ֆիլմը հաղորդում է ոգեխոսությունը ամենաքնքուշ, սիրառատ ու ճշգրիտ եղանակով և, ըստ էության, կինոարվեստային քայլ է կյանքի և մահվան տարատեսակ գաղտնիքների շուրջ խորհելու ուղղությամբ: Շնչող 16 մմ ժապավենով օպերատորության և հարցախույզ հնչյունային ձևավորման հմուտ համադրությունը կյանքի է կոչում քաջածանոթ և խորհրդավոր աշխարհ, որտեղվավերագրականին շատ մոտ պատկերավորության հետևում իմաստի անսահման շերտեր են քողարկված: Մերժելով ավանդական արտհաուսային պատումի հատկանիշները՝ «Սամսարա»-ն փոխարենն ընտրում է ավելի համարձակ ու արկածախնդիր ուղի՝ կինոճամփորդություն դեպի «բարդո»՝ կյանքի և մահվան սահմանային վիճակ: Սա իսկապես ցնցող տեսիլ է, ավելի ճիշտ՝ արվեստի գործ, որն անպայման պետք է վերապրել: «Սամսարա»-ն քննության է առնում կինոյի արտաքին սահմանները և կինոթատրոնը վերածում շոշափելի անոթի, որը խաչվում է անհայտի հետ: Արդյունքը խորապես փոխակերպում է դիտողին. այս հոգեցունց ֆիլմը ոչ ոքի անտարբեր չի թողնի: