daily

«Լեգուա»․ Հարթելով ջրի ճանապարհը

2024-07-11 15:06 Հայերեն Daily #1
Լեգուա (Ժուան Միլեր Գեռա/Ֆիլիպա Ռեյս, Պորտուգալիա, 2023 թ․), Միջազգային մրցույթ, 7․07 11:00 Կինոյի տան Մեծ դահլիճ, 9․07 17:30 Մոսկվա կ/թ Կապույտ դահլիճ

Ո՞ւմ է իրականում պատկանում տունը կամ հողը։ Նրանց, ովքեր ունեն բոլոր անհրաժեշտ իրավական փաստաթղթե՞րը, թե՞ նրանց, ովքեր ամեն օր քրտինք են թափում այդ հողի վրա։ Իրենց երկրորդ՝ «Լեգուա» լիամետրաժ ֆիլմով պորտուգալացի համահեղինակներ Ժուան Միլեր Գեռան և Ֆիլիպա Ռեյսը հուժկու բարոյական և գեղարվեստական փաստարկ են ներկայացնում վերջիններիս օգտին։ Գեթ մեկ վայրկյանով հանդիսատեսը չի տեսնում հյուսիսային Պորտուգալիայում գտնվող այս գեղեցիկ հին առանձնատան սեփականատերերին։ Ավելի շատ որպես ամառանոց ծառայող այս տան մասին արդեն մի քանի տասնամյակ հոգ են տանում միջին տարիքի Անան և ծեր ու հետզհետե հանգչող Էմիլիան, մինչ տերերը Լիսաբոնում իրենց գործով են զբաղված։ Անժխտելի հիպնոսացնող հմայք կա նրանում, թե ինչպես են այս երկու կանայք ջանասիրաբար անում տան գործերը, լվանում սավանները, պատրաստում անկողինները՝ շատ լավ գիտակցելով, որ ոչ ոք դրանց վրա չի քնելու։

Տեսախցիկի յուրաքանչյուր շարժման նրբությունն ու ամեն կադրի կիսախամրած, բայց հարուստ գույները սոցիալական դրամայից ավելի մի բանի զգացողություն են փոխանցում։ Այն, թե ինչպիսի խոհունությամբ է Անան այգում ջրի համար ճանապարհ բացում ֆիլմի ամենակլանիչ պլաններից մեկում, որտեղ նա արագ մաքրում է ցեխը, որպեսզի ջուրն անարգել հոսի ամբողջ տարածքով, տպավորություն է ստեղծում, թե նա բնազդաբար սեփական արմատներն է ջրում, որոնք չի կարողանում պոկել անգամ նրա դուստրը՝ երիտասարդ ու ազատամիտ Մոնիկան՝ չնայած այն ծանրակշիռ փաստարկներին, որոնք ներկայացնում է մորը այս տունն ու Էմիլիային լքելու օգտին։ Բայց ինչպես վերատնկված ծառը կարող է չաճել օտար հողի մեջ, այդպես էլ Անան, բարեբախտաբար, թե դժբախտաբար, կառչած է այս տանն ու հողին, ինչպես դրա սահմաններում ապրող ամբողջ բուսականությունը։

Արթուր Վարդիկյան