Ֆրանսիա/Բելգիա/ԱՄՆ
ԴԸ ԳՈԼԻ ՄԱՐՏԸ
159 րոպե
2026
1940 թվականի հունիս։ Ֆրանսիան պարտություն է կրում և ստորագրում զինադադարը։ Համատարած քաոսի պայմաններում մի մարդ հրաժարվում է հանձնվել։ Միայնակ ընդդեմ բոլոր հանգամանքների՝ նախկինում գրեթե անհայտ այս գեներալը մեկնում է Լոնդոն՝ փրկելու այն, ինչ դեռ մնացել է ազատության երազանքից։ Առանց բանակի, առանց աջակցության, առանց հույսի։ Բայց անսասան համոզմամբ, որ Ֆրանսիան՝ իր Ֆրանսիան, դեռ վայր չի դրել զենքը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ժերոմ Սեդու, Արդավան Սաֆայե, Աքսել Բուկայ
Ռեժիսոր՝ Անտոնան Բոդրի
Սցենարի հեղինակներ՝ Անտոնան Բոդրի, Բերենիս Վիլա, ըստ Ջուլիան Ջեքսոնի «Որոշակի պատկերացում Ֆրանսիայի մասին» գրքի 
Օպերատոր՝ Պիեռ Կոտըռո
Նկարիչ՝ Բենուա Բառու
Կոմպոզիտոր՝ Ֆոլքեր Բերթելման
Հնչյունային ձևավորողներ՝ Լյուսիեն Բալիբար, Պասկալ Վիլար, Սիրիլ Հոլց, Նիկոլա Կանտեն 
Մոնտաժողներ՝ Ռեհման Նիզար Ալի, Քեյթի Մքքուերի
Դերերում. Սիմոն Աբգարյան, Սայմոն Ռասել Բիլ, Բենուա Մաժիմել, Մաթյո Կասովից, Նիլս Շնայդեր, Ֆլորիան Լըզյո, Անամարիա Վարտոլոմեյ
Արտադրությունը՝ Pathé Films
Անտոնան Բոդրի
Կարիերան սկսել է որպես դիվանագետ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ դը Վիլպենի խորհրդական և ճառերի հեղինակ Իրաքի ճգնաժամի շրջանում։ Այդ փորձառության հիման վրա Աբել Լանզակ կեղծանվամբ գրել է «Օրսեի առափը» գրաֆիկական վեպը, որը բեսթսելեր է դարձել՝ բարձր գնահատականի արժանանալով սուր քաղաքական դիտարկումների և երգիծական ոճի համար։ Հետագայում Բոդրին Ֆրանսիայի կառավարության մշակույթի հարցերով խորհրդականն է եղել Նյու Յորքում և Մադրիդում։ 2013–ին ռեժիսոր Բերտրան Տավերնիեն Անտոնան Բոդրիի սցենարով էկրանավորել է «Օրսեի առափը» «Ֆրանսիացի նախարարը» վերնագրով։ Այդ աշխատանքի համար Բոդրին արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Սան Սեբաստիանի ՄԿՓ–ի մրցանակին լավագույն սցենարի համար։ 2019–ին նա կյանքի է կոչել իր ռեժիսորական դեբյուտը՝ «Գայլի ոռնոցը» թրիլերը, որը մեծ դրվատանքի է արժանացել լարվածության, ռիթմի և տագնապալի սպասման մթնոլորտի համար։ Ֆիլմը պատմում է ֆրանսիական միջուկային սուզանավի անձնակազմի մասին, որը հայտնվում է մեծ վտանգներով լի միջազգային ճգնաժամի կենտրոնում։ Ընդլայնելով իր ստեղծագործական աշխարհը կինոյից դուրս՝ Բոդրին բեմադրել է նաև մեծածավալ երաժշտական ներկայացումներ։ «Երաժշտական Սեն» մշակութային համալիրում նա բեմադրել է «Տասներկուերորդ գիշեր» ներկայացումը (2023)՝ Շումանի բալլադների հիման վրա ստեղծված համարձակ, օպերային ձևաչափի բեմադրություն, որը միավորում էր միջնադարյան առասպելաբանությունն ու ժամանակակից տեսողական լուծումները։ 2024–ին Բոդրին ներկայացրել է «Բեթհովենի պատերազմները»՝ կոմպոզիտորի երաժշտությունից ներշնչված, հանդիսատեսին կլանող «տիեզերական օպերա», որտեղ դասական երաժշտական կատարումները համադրված էին նորարարական տեսողական պատումի հետ։ Հաջորդ ֆիլմը՝ «Դը Գոլի մարտը» երկմասանոց լիամետրաժը, Բոդրին ստեղծել է՝ համադրելով դիվանագիտության, կինոյի և թատրոնի ոլորտներում կուտակած իր փորձը:

Ֆիլմացանկ
Գայլի ոռնոցը (2019), Դը Գոլի մարտը (2026):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ

Made on
Tilda