Անահիտ Յաղճյան
Ամերիկահայ անկախ սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր, աշխատում է փորձարարական, վավերագրական և խաղարկային կինոյի ոլորտներում։ Ծնվել է 1989–ին Բուլղարիայում: Նրա գործերի առանցքում պատմության, իշխանության, հիշողության, սահմանային վիճակների, սյուրռեալի և վեհի մշտական հետազոտությունն է։ Իրական պատմություններ անելու ձգտումը, նույնիսկ երբ դրանք ծնվում են երևակայությունից, ձևավորվել է դեռ վաղ տարիքից՝ տեսողական պատումի հանդեպ ունեցած սիրուց, որն ամրապնդվել է համալսարանական տարիներին և լիարժեք զարգացել Հայաստանում ապրելիս։ Այստեղ նա ստեղծել է միջազգային ճանաչում ստացած «140 դրամ» խաղարկային կարճամետրաժը (Camerimage, Կլերմոն-Ֆերան, 2013), «Պարույր» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ստեղծագործական հիմքը դրել (IDFA-ի Bertha հիմնադրամ, 2015, «Ոսկե ծիրան», 2017), ինչպես նաև նկարահանել է մեծ տարածում գտած «Լևոն․ հրաշալի կյանք» թվային վավերագրական ֆիլմը (2013)։ Վերադառնալով Լոս Անջելես՝ Յաղճյանը նկարահանել է «Corpus Callosum» փորձարարական եռապատումը (2014–2016), ինչպես նաև «Փոխանցում» գիտաֆանտաստիկ կարճամետրաժ խաղարկային ֆիլմը (2019), որը ներկայացվել է BFI Flare և Վանկուվերի Queer ԿՓ-երում։ Հետագայում Գլենդեյլի ReflectSpace պատկերասրահի պատվերով կյանքի է կոչել «Հիշե» վավերագրական հուշապատումը (2021)։ Նրա վերջին փորձարարական աշխատանքը՝ «Ընտանեկան հարաման» (2025), ստեղծվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ և իր համաշխարհային պրեմիերան ունեցել Ռոտերդամի ՄԿՓ-ում։ Այժմ Յաղճյանն ավարտում է իր նոր խաղարկային ֆիլմի՝ «Նելլի»-ի հետարտադրական աշխատանքները: Նա իրեն համարում է աշխարհի քաղաքացի, ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում։
Ֆիլմացանկ
Արմենցի. Բուլղարիայի հայերը (վավեր., 2010), Արայի լավը, վատը և տգեղը (վավեր., 2011), Լևոն. հրաշալի կյանք (կ/մ, 2013), Corpus Callosum (կ/մ, 2016), Փոխանցում (կ/մ, 2019), Ուեսթսայդի համար խելքը կորցրած (վավեր., 2019), Ձեռք ձեռքի (վավեր., 2020), Գեղեցիկ բան (վավեր., 2021), Հիշե (վավեր., 2021), Ձևափոխիչ (վավեր., 2022), Ընտանեկան հարաման (վավեր., 2025):