Եգիպտոս/Գերմանիա
ԱԲՈ ԶԱԱԲԱԼ 89
83 րոպե
2024
Բասսամ Մորտադան հինգ տարեկան էր, երբ առաջին անգամ այցելեց հորը՝ Մահմուդին, Աբո Զաաբալ հայտնի բանտում։ Ոստիկանական խուզարկությունը դեռ թարմ էր նրա մտքում. ստացած տպավորության մեջ գերիշխում էր չհասկացվածությունը, որը հետագա տարիներին տեղը զիջեց վրդովմունքին։ Բասսամին մեծացրել է մայրը՝ Ֆարդուսը, որը նույնպես սոցիալիստ ակտիվիստ էր։ Միայնակ ծնողի նրա կյանքը դժվար էր, և երբ Մահմուդը վերջապես ազատ արձակվեց բանտից, նա կարծես ուրիշ մարդ լիներ։ Մեկնեց Վիեննա, և Բասսամի մայրը երկրորդ անգամ մնաց մենակ՝ այս անգամ դառնացած։ Բասսամը օտարացավ երկուսից էլ՝ ճնշելով սեփական ցավնն ու շփոթմունքը։ Այս վավերագրական ֆիլմում նա նկարահանել է իր ջանքերը՝ նորոգել ու վերականգնել հարաբերությունները ծնողների հետ, պատմական ճշմարտության, հուզական ընկալման և հոգեբանական բուժման ուղի գտնել՝ միաժամանակ փորձելով վերստեղծել, թե ինչպես է ծնողների քաղաքական ակտիվությունը ձևավորել իրենց ընտանիքը։ Ծնողների և նրանց ընկերների հետ կայացած զրույցների, Վիեննայից հոր ուղարկած ձայներիզների, հոր լավագույն ընկերոջ թատերական մենախոսության, թերթերի արխիվների և գտնված կադրերի միջոցով նա ցույց է տալիս Եգիպտոսի «մեծ» պատմության ազդեցությունն իր ընտանիքի «փոքր» պատմության վրա։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Քեսմաթ Էլսայեդ, Անքե Պեթերսեն
Ռեժիսոր՝  Բասսամ Մորտադա
Սցենարի հեղինակ՝ Բասսամ Մորտադա
Օպերատոր՝  Մագեդ Նադեր
Նկարիչ՝ Սալմա Սաբրի
Կոմպոզիտորներ՝ Ռամի Աբադեեր, Օմար Էլ Աբդ
Հնչյունային ձևավորող՝  Դանիել Վուլֆ
Մոնտաժող՝  Ահմադ Աբո էլ Ֆադլ
Արտադրությունը՝ Seera Filmx, See Media Ptoduction,Joyti Film
Բասսամ Մորտադա   
Եգիպտացի ռեժիսոր, պրոդյուսեր և ակտիվիստ։ Անկախ կինոռեժիսուրա է ուսանել Կահիրեի ճիզվիտական կինոդպրոցում։ Որպես անկախ կինոգործիչ աշխատել է մի շարք անկախ հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, ակտիվիստների հետ՝ օգնելով վավերագրել նրանց կյանքը, պայքարն ու աշխատանքը։ 2008–ին միացել է Al-Masry Media Corporation-ին՝ որպես ստեղծագործական պրոդյուսեր և ռեժիսոր, օգնել է ստեղծել Եգիպտոսում առաջին անկախ վեբ վավերագրական հեռուստատեսությունը։ Վերապատրաստել է բազմաթիվ լրագրողների և ստեղծել երիտասարդ տեսալրագրողների թիմ։ Վերջիններս նոր թափ են առել տեսալրագրության ոլորտում և թողարկել բազմաթիվ պատմություններ, որոնք արագորեն մեծ տարածում են ստացել։ Բասսամի առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքը՝ «Հայտնելով... հեղափոխություն»-ը, հենց այս լրագրողների մասին է։ Կինոնկարի պրեմիերան կայացել է 2012–ին Բեռլինի ՄԿՓ֊ում, ապա ֆիլմը շրջագայել է աշխարհի բազմաթիվ փառատոներում։ Դրանից հետո Մորտադան պրոդյուսեր Քեսմաթ Էլ Սայեդի հետ հիմնել է սեփական անկախ կինոարտադրությունը՝ See Media Production»–ը, որպեսզի կենտրոնանա իր «Աբո Զաաբալ 89» լիամետրաժ վավերագրական ֆիլմի մշակման, ինչպես նաև այլոց աջակցելու վրա։ Այդ ժամանակից ի վեր նա նկարահանել է երեք կարճամետրաժ վավերագրական ֆիլմ, որոնցից մեկը՝ «Սպասելով իր վայրէջքին»–ը որպես լավագույն վավերագրական ֆիլմ արժանացել է Ճիզվիտների ԿՓ–ի առաջին մրցանակին, իսկ «Ղազալային փնտրելիս» ֆիլմի պրեմիերան կայացել է Կահիրեի ՄԿՓ–ում։

Ֆիլմացանկ
Հայտնելով... հեղափոխություն (2012), Սպասելով իր վայրէջքին (2015),Ղազալային փնտրելիս (2019), Աբո Զաաբալ 89 ( 2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ