Ատոմ Էգոյան
Ատոմ Էգոյանը (ծնվ․ 1960, Կահիրե, Եգիպտոս) առանձնահատուկ տեղ է գրավում կանադական կինոյում որպես հեղինակային կինեմատոգրաֆի ներկայացուցիչ: Վիկտորիայում (Արևմտյան Կանադա) հասակ առած Էգոյանը 18 տարեկանում տեղափոխվել է Թորոնթո` տեղի համալսարանում միջազգային կապերի ոլորտում մասնագիտանալու: Ուսման տարիներին երկու վճռորոշ հանդիպումներ միահյուսվելով ձևավորել են նրա կյանքի գործը` էթնիկ ժառանգության յուրացումն ու կինոն: Հայաստանի պատմության և քաղաքականության իր իմացությունը խորացնելուն զուգընթաց Էգոյանը Hart House Film Board-ում նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր: Նրա աշխատանքները հետևողականորեն լուսաբանում են դիտարկման ակտը թե՛ կառուցվածքային, թե՛ թեմատիկ տեսանկյուններից` լիովին օգտագործելով բոլոր հնարավոր իմաստները` իմացությունից մինչև վուայերիզմ, ըմբռնում և ներթափանցում: Դրա հետ մեկտեղ կանադական կինոյում հաճախ շոշափվող ինքնության և դրա փոփոխականության, պատկերի ու տեխնոլոգիայի, հաղորդակցության և դրա պակասի թեմաները նրա գործերում հավակնում են գրավել հավասարաչափ էկրանային ժամանակ: Էգոյանի հիմնական զգացողությունները երևան են գալիս «Հարազատներ» ֆիլմում և շարունակվում «Ընտանեկան դիտում», «Խոսուն դերեր», «Ապահովագրական գործակալը» կինոնկարներում: 1990-ականների կեսի ֆիլմերը հրամցնում են ժամակակից մտահոգություննների ավելի խոր հետազոտություն. «Օրացույցը» մաքառում է Կանադային և Հայաստանին պատկանելու, կանադացու և հայի ինքնության միջև: «Էկզոտիկան», որ թերևս տեղին անվանում է Էգոյանի ամբողջ ստեղծագործության համար, նախնական ցավը (Հայոց ցեղասպանությունը) տեղափոխում է տանջալի հոգևոր տիրույթի ավելի ինտիմ տարածք: «Լուսավոր գալիքը» և «Ֆելիսիայի ուղևորությունը»՝ համապատասխանաբար Ռասել Բարքսի և Ուիլյամ Թրևորի վեպերի էկրանացումները, հեշտությամբ շաղկապվում են Էգոյանի նախասիրություններին, քանի որ երկու պատմությունների ներփակ աշխարհներն էլ արծարծում են կորստի և բռնության թեմաները: «Արարատ»-ում Էգոյանն ընդլայնում է իր ներկապնակի արդեն տիպական ինտիմությունը` նկարահանելով 1915-ի Հայոց ցեղասպանության դեմ մարտնչող ֆիլմ: Էգոյանը հինգ խոշոր մրցանակի է արժանացել Կաննի ՄԿՓ-ում (ներառյալ Մեծ մրցանակը), երկու անվանակարգով առաջադրվել Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ին և արժանացել այլ պարգևների: Նրա ֆիլմերին շնորհվել է Կանադական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի ավելի քան 25 «Ջինի» մրցանակ, ընդ որում՝ երեքը լավագույն կինոնկարի համար:
Ֆիլմացանկ
Ներքինու տարփանքը (կ/մ, 1977), Մասնավորապես Հաուարդը (կ/մ, 1979), Այսուհետ` հայրիկի հետ (կ/մ, 1980), Փիփ շոու (կ/մ, 1981), Հարազատներ (1984), Տղամարդիկ. կրքի խաղադաշտ (կ/մ, 1985), Ընտանեկան դիտում (1987), Խոսուն դերեր (1989), Ապահովագրական գործակալը (1991), Մոնրեալը` տարբեր աչքերով («Անցնելով» նովելը, 1992), Բաց տուն (կ/մ, 1992), Օրացույց (1993), էկզոտիկա (1994), Արշիլի դիմանկարը (կ/մ, 1995), Լուսավոր գալիք (1997), Ֆելիսիայի ուղևորությունը (1999), Շարք (կ/մ, 2000), Սփյուռք (կ/մ, 2001), Մոտ (կ/մ, 2001), Արարատ (2002), Որտե՞ղ է թաքնված ճշմարտությունը (2005), Միջնաբերդ (2006), Ամեն մեկն իր կինոն ունի («Արտոյի կրկնակի հաշիվը» նովելը, 2007), Երկրպագություն (2008), Քլոե (2009), Անտեսանելի աշխարհ («Երևան» նովելը, 2012), Վենետիկ 70. վերբեռնելով ապագան (վավ., 2013), Դիվային հանգույց (2013), Գերյալը (2014), Հիշիր (2015), Պատվավոր հյուր (2019), Յոթ քող (2023):