Հայաստան
ԴՈՒ ԻՆՁ ԴԵՌ ՍԻՐՈՒՄ ԵՍ, ԱՅԴՊԵՍ ՉԷ՞, ՀԱՅՐԻ՛Կ
15 րոպե
2025
19–ամյա ուսանողուհի Արևը հանգստյան օրերին վերադարձել է ընտանիքի մոտ, բայց վաղ առավոտյան հայրը հեռանում է տնից՝ ոչ մեկին տեղյակ չպահելով։ Տատը առաջինն է նկատում որդու բացակայությունը և աղմուկ բարձրացնում տանը։ Հետո ընտանիքի անդամները սկսում են մեղադրել միմյանց հոր անհետանալու համար։ Դուստրը հեծանվով ճանապարհ է ընկնում, փնտրում հորը դաշտերում, սարերում, գնում այն վայրերը, որտեղ հայրը սովորաբար սիրում է լինել։ Ճանապարհորդության ընթացքում Արևը հիշում է, թե ամեն մեկն ինչով է նեղացրել հորը, մոր և տատի բարդ փոխհարաբերությունների, եղբոր լռության կողքին որն է հնեց իր մեղքը հոր հանկարածակի անհայտացման մեջ։ Բոլորի անտարբերությունից աղջիկն ավելի մենակյաց է դառնում՝ գլխում միշտ նույն հարցադրումը․ «Դու ինձ դեռ սիրում ես, այդպե՞ս չէ, հայրի՛կ»։ Կենսաբանական հորը փնտրելով՝ նա փորձում է հասկանալ թե ով է Հայրն առհասարակ հոմո սապիենսի՝ բանական մարդու համար, և ինչու ենք բոլորս մշտնջենական փնտրտուքի մեջ։ Ճանապարհին նա գտնում է հոր թողած երեք խորհրդանիշները, որոնք կարծես ակնարկներ լինեն վերադարձի մասին։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Մարինա Սոլոյան
Ռեժիսոր՝ Մարինա Սոլոյան
Սցենարի հեղինակներ՝ Մարինա Սոլոյան, Հարություն Ազարյան
Օպերատոր՝ Գաբրիելա Մկրտչյան
Կոմպոզիտոր՝ Հայկ Կարոյի
Հնչյունային ձևավորող՝ Հովհաննես Մկրտչյան
Մոնտաժող՝ Սարգիս Գյուլումյան
Դերերում. Մարինա Սոլոյան, Սոֆիկ Սողոմոնյան, Մարիամ Մանո, Արմեն Մարգարյան, Դավիթ Սոլոյան
Մարինա Սոլոյան        
Ծնվել է 2002–ին Մոսկվայում: Նախքան թատրոնի ռեժիսոր դառնալը երազել է դերասանուհի դառնալու մասին և վեց տարի սովորել ու խաղացել է «Շահնազար» թատերախմբում և տիկնիկային թատրոնում։ 15 տարեկանում հրատարակել է «Արևածագ» բանաստեղծությունների ժողովածուն։ Սոլոյանի պատմվածքներն ու էսսեները հրապարակվել են Ardi.am, 17.am, «Երևանյան էսքիզներ», «Անդին» հանդեսներում և գրական պարբերականներում: Երբ Հանրային հեռուստաընկերությունը սկսեց հայ թագուհիների մասին պատմական հեռուստաֆիլմ նկարահանել, նա մարմնավորեց թագուհի Կատրանիդեին։ 17 տարեկանից աշխատում է որպես դերասանուհի և լուսանկարչական մոդել։ Երևանի պետական ​​տիկնիկային թատրոնի դերասանուհի է։ 2024–ին ավարտել է Երևանի ​​թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (կինոռեժիսոր)։ Մի շարք ֆիլմերի հեղինակ է։ Նրա «Գարնան առաջին մեծ լվացքը» կարճամետրաժը մասնակցել է «Արևածագ», «Կին», «Երևան» փառատոներին և «Ռոլան» մանկապատանեկան ԿՓ–ին, արժանացել երեք մրցանակի։ Սոլոյանը «Կինո 21» հեռուստանախագծի սցենարիստն է։ Visual Innovation Studiօ-ի հետ նկարահանել է «Փախուստ հոսպիտալից» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը ​​հետպատերազմյան թեմայով։

Ֆիլմացանկ
Արևի մարդիկ (2021), Գարնան առաջին մեծ լվացքը (կ/մ, 2023), Թռիչք հոսպիտալից (վավ․, 2023), Դու ինձ դեռ սիրում ես, այդպես չէ՞, հայրի՛կ (կ/մ, 2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ