ԺՅՈՒՐԻՆԵՐ
Միջազգային մրցույթ

ԱԲԴԵՌԱՀՄԱՆ ՍԻՍԱԿՈ

ՄԱՎՐԻՏԱՆԻԱ

Մավրիտանիայում ծնված մալիացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, որը հայտնի է գլոբալացումը և տեղահանությունը քննող ֆիլմերով: Կինոարվեստ է ուսանել Մոսկվայի Դաշնային պետական ​​կինոինստիտուտում, իսկ 1990-ականներին բնակություն է հաստատել Ֆրանսիայում: Նրա առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Երջանկությանը սպասելիս» ֆիլմը, 2002–ին Կաննի ՄԿՓ–ում արժանացել է FIPRESCI-ի մրցանակին: Սիսակոյի «Բամակո» (2006) և «Տիմբուկտու» (2014) լիամետրաժ ֆիլմերը լայն ճանաչման են արժանացել։ Վերջինս հավակնել է «Ոսկե արմավենու ճյուղին» և առաջադրվել «Օսկար»–ի՝ որպես լավագույն արտասահմանյան կինոնկար:

ԱԹԻՆԱ ՌԱԽԵԼ ՑԱՆԳԱՐԻ

ՀՈՒՆԱՍՍՏԱՆ

Մրցանակակիր կինոռեժիսոր, հունական նոր ալիքի գլխավոր նախաձեռնողի լայն ճանաչում ունի։ Նրա գործերը տարատեսակ ժանրային գեղարվեստական պատմություններ են, որոնք քննում են սեռի, դասի և այլության գործուն ուժը: Ցանգարիի ֆիլմերը բնորոշվել են որպես «խելահեղ ողբերգություններ»: 2004–ին   Աթենքի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության արտապատկերման դիզայները և տեսառեժիսոր-պրոդյուսերն է եղել՝ արժանանալով «Էմի» մրցանակին «լավագույն ուղիղ հեռարձակում» անվանակարգում: 2009–ին Աթենքի Ակրոպոլիսի թանգարանի բացման համար ստեղծել է «Արտացոլումներ» (տեղում քարտեզագրական արտապատկերումներ) եռաչափ մեծածավալ անիմացիոն աշխատանքը: Հիմնել է Haos Film-ը, որն արտադրական և հետարտադրական կենտրոն է Աթենքում: Haos-ի պրոդյուսերական/համապրոդյուսերական աշխատանքների թվում են Յորգոս Լանտիմոսի «Կինետտա», «Ժանիք» և «Ալպեր», Գեորգիս Գրիգորակիսի «Հողափորը» և Ռիչարդ Լինքլեյթերի «Կեսգիշերից առաջ» ֆիլմերը: Ցանգարին եղել է Լինքոլն կենտրոնի կինոընկերության ռեզիդենտ կինոռեժիսոր, Հարվարդի համալսարանի Ռեդքլիֆի անվան կրթաթոշակառու, DAAD-ի արտիստ-ռեզիդենտ Բեռլինում՝ աշխատելով բեմում իր ռեժիսորական դեբյուտի՝ Վեդեքինդի «Լուլու»–ի վրա, որը պատվիրել էր Զալցբուրգի ամառային փառատոնը, իսկ 2017–ին արժանացել է Բեռլինի կինոարվեստի մրցանակին, որը շնորհել է Գեղարվեստի ակադեմիան։ Ցանգարիի երկրորդ լիամետրաժ ֆիլմի՝ «Աթենբերգ»–ի (2010), պրեմիերան կայացել է Վենետիկի ԿՓ–ի մրցութային ծրագրում, որտեղ Արիան Լաբեդն արժանացել է «Վոլպիի գավաթ» մրցանակին որպես լավագույն դերասանուհի, իսկ ռեժիսորն ինքը՝ Լինա Մանջակապրեի անվան մրցանակին՝ որպես լավագույն կին ռեժիսոր Վենետիկի փառատոնի բոլոր բաժիններում։ Հետագայում ֆիլմը լավագույն կինոնկար է ճանաչվել աշխարհում այլուր։ «Շըվալիեն» (2015) Բրիտանական կինոինստիտուտի Լոնդոնի ԿՓ–ում շահել է լավագույն ֆիլմի համար սահմանված մրցանակը և ԱՄՆ–ում որպես լավագույն արտասահմանյան կինոնկար առաջադրվել «Անկախ ոգի» մրցանակին։ Թե՛ «Աթենբերգը», թե՛ «Շըվալիեն» «լավագույն արտասահմանյան կինոնկար» անվանակարգով ներկայացվել են նաև «Օսկար»–ի։ Ցանգարիի «Հունձք» նոր ֆիլմը, որ շոտլանդական լեռնաշխարհում նկարահանված ռևիզիոնիստական ​​վեսթերն է, առաջին անգամ ցուցադրվել է Վենետիկի ԿՓ–ի մրցույթում և արժանացել «Arte Europe Grand Accord» մրցանակին։ Ցանգարին BBC2/HBO Max-ի «Եռանկյունաչափություն» մինի սերիալի ռեժիսորն ու գործադիր պրոդյուսերն է (պրեմիերան կայացել է 2020–ին Berlinale Series մրցույթում՝ արժանանալով քննադատների գնահատանքին)։ Նա հրավիրված ռեժիսոր է եղել Գրեգ Դենիելսի «Վերբեռնում» գիտաֆանտաստիկ կատակերգական սերիալում (Amazon Prime) և «Բորջա» բազմասերիանոց շքեղ պատմական դրամայւմ։ Կինոյի մասին դասախոսություններ է կարդացել Հարվարդում, Թեքսասի համալսարանում, Բելա Տարի՝ Սարաևոյի կինոակադեմիայում, Լիլի Le Fresnoy ժամանակակից արվեստների սստուդիայում, Օրեգոնի համալսարանի Նոր դպրոցում, Բեռլինի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում և այլուր։ Այժմ Ցանգարին հրավիրված պրոֆեսոր է Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում։ Նա Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի, Ամերիկյան կինոակադեմիայի և Հունական կինոակադեմիայի անդամ է։ Ժյուրիի անդամ է եղել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի, Թորոնթոյի, Սանդենս, FICUNAM, Cinéma du Reel (Փարիզ) և Visions du Réel (Նիոն) ԿՓ–երում։ Նախագահել է Վենետիկի («Հորիզոններ» ծրագիր), Գյոթեբորգի և Բրիտանական կինոինստիտուտի լոնոդոնյան ԿՓ–երի ժյուրին։

ԱԴԻԼԽԱՆ ԵՐԺԱՆՈՎ

ՂԱԶԱԽՍՏԱՆ

Ռեժիսոր, սցենարիստ: Ծնվել է 1982-ին Ղազախստանի Ջեզքազգան քաղաքում։ 2009-ին ավարտել է Արվեստների ղազախական ազգային ակադեմիան որպես կինոռեժիսոր։ Ադիլխան Երժանովը երկու անգամ մասնակցել է Կաննի և Վենետիկի միջազգային կինոփառատոներին․ նրա «Տերերը» (2014) և «Աշխարհի քնքուշ անտարբերությունը» (2018) ֆիլմերն ընդգրկվել են Կաննի ԿՓ–ի «Հատուկ հայացք» ծրագրում, իսկ Վենետիկի կինոփառատոնի «Հորիզոններ» ծրագրում ներկայացվել է «Դեղին կատուն» (2020), «Էքստրա հորիզոններ»–ում՝ «Գողիաթը» (2022): Վերջինիս դերակատարներ Բերիկ Այտժանովն ու Դանիյար Ալշինովնն արժանացել են «Ոսկե օձաձուկ» մրցանակին որպես լավագույն դերասաններ։ Երժանովը Ասիայի խաղաղօվկիանոսյան կինոակադեմիայի (APSA) անդամ է։ 2019-ին «Սև, սև մարդը» ֆիլմի համար արժանացել է այդ կինոակադեմիայի «Ռեժիսորական ձեռքբերում» մրցանակին։ Նրա«Տերերը» և «Աշխարհի քնքուշ անտարբերությունը» ֆիլմերը APSA–ի մրցանակների հավակնորդ են եղել «լավագույն խաղարկային կինոնկար», «լավագույն սցենար», «օպերատորական ձեռքբերում» անվանակարգերում։ Ադիլխան Երժանովը Եվրոպական կինոակադեմիայի անդամ է։ Նրա գործերը ցուցադրվել են և մրցանակներ շահել միջազգային շատ կինոփառատոներում։ «Տերերն» ընդգրկվել է «100 լավագույն ասաիկան ֆիլմ» կատալոգում, որը 2015-ին լույս է ընծայել Պուսանի ՄԿՓ–ը: 2014-ին Երժանովը մասնակցել է Կաննի ԿՓ–ի Cinefondation–ի արվեստանոցին, նույն տարի եղել նաև «Բեռլինալեի տաղանդներ» ծրագրի մասնակից, իսկ 2010-ին մասնակցել է Լոկառնոյի ԿՓ–ի «Բաց դռներին»։

ԱԴԱ ՍՈԼՈՄՈՆ

ՌՈՒՄԻՆԻԱ

Ռումինացի կինոպրոդյուսեր, HiFilm-ի և microFILM-ի հիմնադիրը։ Կինոյի ասպարեզում է ավելի քան 30 տարի և մասնակցել է շուրջ 100 ֆիլմի արտադրությանը։ Պրոդյուսերի նրա հիմնական նվաճումներն են՝ Բեռլինալեի երկու «Ոսկե արջը» (մեկը՝ 2021–ին Ռադու Ժուդեի «Չար բախտի հարված կամ խելագար պոռնո» ֆիլմի, մյուսը՝ 2013–ին Կալին Նետցերի «Երեխայի դիրքը» ֆիլմի համար), Վենետիկի «Հորիզոններ» ծրագրի մրցանակը լավագույն կինոնկարի համար և FIPRESCI-ի մրցանակը («Նոր տարին, որ երբեք չեկավ», ռեժ․՝ Բոգդան Մուրեշանու), չորս «Արծաթե ընձառյուծը»՝ Լոկառնոյի ՄԿՓ–ի ժյուրիի հատուկ մրցանակը (Ռադու Ժուդեի «Աշխարհի վերջից շատ բան մի՛ սպասեք» և «Սպիավոր սրտեր», Իվանա Մլադենովիչի «Իվանա Սարսափելին», Ադրիան Սիտարուի «Լավագույն մտադրություններ» ֆիլմերի համար), Կարլովի Վարիի «Բյուրեղաապակե գլոբուսը»(Ռադու Ժուդեի «Պետքս էլ չէ, եթե պատմության մեջ մնանք որպես բարբարոսներ» ֆիլմի համար), Եվրոպական կինոակադեմիայի մի շարք մրցանակներ և առաջադրրում «Օսկար»–ի  («Թոնի Էրդման» ֆիլմի համար)։ Ադա Սոկլոմոնը Եվրոպական կինոակադեմիայի վարչության փոխնախագահն է, Եվրոպացի պրոդյուսերների ակումբի վարչության անդամ և Ռումինիայի պրոդյուսերների միության վարչության հիմնադիր անդամ։ 2013–ին Եվրոպական կինոմրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Եվրիմաժի մրցանակին եվրոպական համատեղ արտադրության զարգացման գործում ունեցած ներդրման համար, 2018–ին Տրիեստի ԿՓ–ի Կենտրոնական Եվրոպայի նախաձեռնության մրցանակին, 2021–ին՝ Պալիչի ՄԿՓ–ի «Եվրոպայի ընդհատակյա ոգի» մրցանակին, 2022–ին՝ Յիհլավայի ՄԿՓ–ի «APA Excellence» մրցանակին։ 2023–ին «The Hollywood Reporter»-ը Ադա Սոլոմոնին ընդգրկել է կինոբիզնեսի 40 ամենաազդեցիկ կանանց ցանկում։

ԷՐԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ

ԱՄՆ

Կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կինոարվեստի դպրոցի գերազանց շրջանավարտ է, իր «Հսկաներ» սցենարի համար արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի Նիքոլ դրամաշնորհին։ Սեփական սցենարով նկարահանված նրա առաջին ռեժիսորկան աշխատանքը «Կապույտ ժամը» ֆիլմն է, որի գլխավոր դերակատարներն են Ալիսա Միլանոն և Քլարենս Ուիլյամս III-ը։ Ֆիլմը ններկայացվել է Սան Սեբաստիանի և Թուրինի ՄԿՓ–երում և մի շարք մրցանակների արժանացել տարբեր փառատոներում։ Նազարյանը «Երեք Քրիստոս» ֆիլմի սցենարի համահեղինակներից է (ռեժ․՝ Ջոն Էվնեթ, դերերում՝ Ռիչարդ Գիր, Փիթեր Դինքլիջ և Ջուլիանա Մարգուլիս)։ Ֆիլմը հենված է Միլթոն Ռոքիչի «Իպսիլանտիի երեք Քրիստոսները» գրքի վրա։ Նազարյանի «Տատանկա» ֆիլմի պրեմիերան կայացել է Հռոմի ԿՓ–ում որպես մարդկանց և կենդանիների կյանքի մասին պատմող համաշխարհային անթոլոգիայի մաս կլիմայական փոփոխության դարաշրջանում։ Նա նկարահանել է Մորգան Ֆրիմենին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը փառաբանող սոցիալական հոլովակում և Ստեղծարար արվեստագետների գործակալության (CAA) կարճամետրաժ ֆիլմը՝ «ChiCAAgo»-ն՝ Քերի Ֆիշերի, Բրենդան Ֆրեյզերի, Զաք Բրաֆի և Ալեք Բոլդուինի մասնակցությամբ։ Ֆոտոլրագրողի նրա գործերը հրապարակվել են «Los Angeles Times»-ում, «Written By»-ում, «MovieMaker»-ում և «AIM»-ում։ Նազարյանի երկրորդ լիամետրաժ աշխատանքը՝ «Մեռիր տղամարդավարի» ֆիլմը, ցուցադրվել է կինոթատրոններում և այժմ հասանելի է Apple TV+-ում, Amazon Prime-ում ու հեռրձակման բոլոր հիմնական հարթակներում։ Լոս Անջելեսի արագ զարգացող Ուեսթսայդ թաղամասում հրազենային բռնության հետևանքները ներկայացնող այս ֆիլմով Նազարյանը ստեղծել է սոցիալական ազդեցության լսատեսողողական գրագիտության ծրագիր, որի նպատակն է սովորական կինոարտադրության միջոցով պայքարել հրազենային բռնության դեմ վտանգավոր համայնքներում։ Նա ընտրվել է Մարկուս Լայոնի «Ալտա․ հրեշտակների քաղաքի մարդկային քարտեզ» սոցիալական ազդեցության արվեստի նախագծում, որի պրեմիերան կայացել է The Getty-ում։ Լոս Անջելեսի շրջանում դրական փոփոխություններ ստեղծելու համար Նազարյանը ճանաչվել է 100 ակնառու անհատներից մեկը։
Տարածաշրջանային համայնապատկեր

ԱՄԻՐ ՆԱԴԵՐԻ

ԱՄՆ

Ամիր Նադերիի կարիերան սկսվել է 1970-ականներին, որոնք շրջադարձային կետ էին իրանական կինոյում: Իրանի քաղաքային կյանքի իրականության հետ բախվող սովորական մարդու անմշակ, փողոցային նրա պատկերումը ազդարարեց նոր կինոմոտեցում, որը շարունակում է արձագանքել մինչև օրս: Նադերին նկարահանել է նաև մի քանի վավերագրական ֆիլմ, որոնք ցույց են տվել կինոռեժիսորի նրա կարողությունների խորությունը: 1980-ականների սկզբին Նադերիի այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Վազորդը» և «Քամի, ջուր, փոշի»–ն, ամրապնդեցին Իրանի դիրքերը միջազգային կինոասպարեզում: 1990-ականների սկզբին Նադերին տեղափոխվեց Միացյալ Նահանգներ՝ շարունակելով իր աշխատանքը որպես անկախ կինոռեժիսոր: Նրա գործերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել աշխարհի մի շարք թանգարաններում ու կինոփառատոներում, որոնց թվում են Լինքոլն կենտրոնի կինոընկերությունը (Նյու Յորք), Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը, Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնը, Թուրինի կինոթանգարանը (Իտալիա) և Պուսանի ՄԿՓ–ն (Կորեա) շատ այլ միջազգային կինոփառատոների կողքին: Ամիր Նադերին բազմաթիվ մրցանակների է արժանացել աշխարհի խոշոր կինոփառատոներում:

ԿԻՐԱ ԿՈՎԱԼԵՆԿՈ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ծնվել է 1989–ին Կաբարդա-Բալկարական Հնրապետության Նալչիկ քաղաքում։ Կրթությունը՝ Խ. Մ. Բերբեկովի անվան կաբարդա-բալկարական պետական համալսարան, կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրա, Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոց (2015): Ավարտելուց հետո ապրել է Աբխազիայում, ապա Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում։ Նրա «Սոֆիչկա» առաջին լիամետրաժ աշխատանքը հենված է Ֆազիլ Իսկանդերի համանուն վեպի վրա և թողարկվել է 2016–ին։ Ֆիլմն ընդգրկվել է Տալլինի «Սև գիշերներ» ԿՓ–ի մրցութային ծրագրում և մրցանակի արժանացել Խանտի-Մանսիյսկի դեբյուտային ֆիլմերի «Կրակի ոգի» XV ՄԿՓ–ում։ Կովալենկոյի երկրորդ աշխատանքը՝ «Բռունցքները բացելով» ֆիլմը, նկարահանվել է Հյուսիսային Օսեթիայում ընդամենը 25 օրվա մեջ։ 2021–ին ֆիլմն արժանացել է Կաննի ՄԿՓ–ի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակին և Mubi հեռարձակող ծառայության կողմից տարածման առաջարկ ստացել:

ԿԱՐԵՆ ԿԱՐԱԳՈՒԼՅԱՆ

ԱՄՆ

Կարագուլյանը ծնվել է Խորհրդային Հայաստանում։ 18 տարեկանում մեկնել է Հայկական ԽՍՀ-ից՝՝ Սանկտ Պետերբուրգում ծառայելու խորհրդային բանակում։ Այնուհետև՝ 20 տարեկանում, գաղթել է Նյու Յորք, որտեղ առաջին անգամ հանդիպել է Շոն Բեյքերին, որն այդ ժամանակ ուսանում էր Նյու Յորքի համալսարանում։ Բեյքերի բոլոր ֆիլմերում նկարահանվելուց բացի՝ Կարագուլյանը նաև հիշատակվում է որպես «Մանդարին» ֆիլմի պրոդյուսեր՝ բացատրելով. ««Մանդարին»–ում ես օգնեցի հայ դերասանների գտնել, գրեցի հայերեն երկխոսությունները, թարգմանեցի կամ գրեցի ֆիլմի ենթագրերը»։ 2000–ին Շոն Բեյքերի «Չորստառանոց բառեր» ֆիլմն առաջինն էր, որտեղ նկարահանվեց Կարագուլյանը՝ մարմնավորելով բենզակայանի աշխատակցի։ Իսկ 2024–ին արդեն նա նկարահանվել է Բեյքերի «Անորա»–ում։ Ֆիլմի ստեղծման վերաբերյալ Կարագուլյանն ասում է. «Ըստ էության՝ 2009–ին մենք սկսեցինք միասին պատմություն գրել․ դա նման էր Բրայթոն Բիչում կատարվող ընկերական պատմության։ Փորձում էինք իրականացնել, բայց չկարողացանք ֆինանսավորում գտնել… Մի քանի տարի առաջ Բեյքերը զանգեց ինձ ու ասաց, թե գրել է սցենարը, որը կուզենար կարդամ, և ուղարկեց ինձ «Անորան»։ Ես հիացած էի, թե ինչ լավ էր գրված, ինչ սուր սցենար էր։ Սիրահարվեցի դրան։ Եվ, ինչ խոսք, միշտ շփվել ենք կերպարների անունների, որոշ վայրերի, հայերեն կամ ռուսերեն որոշ երկխոսությունների առնչությամբ»։ Մինչ «Անորա»–ից առաջ Կարագուլյանը մտածում էր դերասանական գործից հեռանալու մասին, ֆիլմի հաջողությունը հանգեցրեց ուշադրության աճի և նրա կարիերայի վերականգնման։
Կորիզ

ՖՐԵԴ ՔԵԼԵՄԵՆ

ԳԵՐՄԱՆԻԱ

Ծնվել է Արևմտյան Բեռլինում։ Նկարչություն, երաժշտություն, փիլիսոփայություն, կրոնագիտություն և դրամատուրգիա է ուսանել, ռեժիսորի օգնական աշխատել է տարբեր թատրոններում, նախքան 1989-94 թթ․ Բեռլինի Գերմանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում (dffb) ռեժիսուրա և օպերատորություն ուսանելը։ «Ճակատագիր» դիպլոմային ֆիլմի համար 1995–ին արժանացել է Գերմանիայի ազգային կինոմրցանակին։ Այդ ժամանակից ի վեր` որպես ռեժիսոր նկարահանել է մի շարք ֆիլմեր և տեսահոլովակներ, իսկ որպես օպերատոր համագործակցել մի շարք կինոռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Յոսեֆ Փիչխաձեն («Քաղցրավենիք», Իսրայել, 2013), Բելա Տարը («Ճանապարհորդություն դեպի հարթավայր», Հունգարիա, 1995, «Լոնդոնցի մարդը», Հունգարիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2007, «Թուրինյան ձին», Հունգարիա/Ֆրանսիա/ԱՄՆ/Գերմանիա, 2011, «Մուհամեդ», 2017., «Անհետ կորածները», Ավստրիա, 2019), Ռուդոլֆ Թոմեն («Տեսանելին և անտեսանելին», Գերմանիա, 2006), Կարինե Թորոսյանը («Քար, ժամանակ, հպում», Կանադա/Հայաստան, 2005) և այլն։ 2016-17 թթ․ Քելեմենը որպես դերասան խաղացել է Լուկա Գուադանյինոյի «Սուսպիրիա» ֆիլմում՝ Թիլդա Սուինթոնի, Ինգրիդ Քավենի, Անգելա Վինքլերի, Դաքոթա Ջոնսոնի և այլոց հետ։ 1995–ից ի վեր նա աշխատել է որպես դոցենտ և վարպետության դասեր ու դասախոսություններ կարդացել տարբեր հաստատություններում՝ Կատալոնիայի կինեմատոգրաֆիական ուսումնասիրությունների կենտրոն (C.E.C.C.) (Բարսելոն), Գեղարվեստի քոլեջ (ESBAG, Ժնև), Հարվարդ համալսարան (ԱՄՆ), Քիդերմինսթեր քոլեջ (Անգլիա), Լատվիայի մշակութային ակադեմիա (LKA), Սանտյագո դե Չիլիի համալսարան - տեսողական մեդիայի արվեստի և գիտությունների բաժին, Թամասատ համալսարան (Բանգկոկ), Բեռլինի գերմանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիա, Թել Ավիվի համալսարան - կինոյի և հեռուստատեսության բաժին, Գեղարվեստի ազգային դպրոց (ENBA, (Լիոն), Կինոյի գործարան (Սարաևո, Բոսնիա-Հերցեգովինա) և HBK Saar (Սաարբրյուգեն, Գերմանիա)։ 2000–ից ի վեր Քելերմենը ներկայացումներ է բեմադրել Գերմանիայի տարբեր թատրոններում։ Նրա աշխատանքների հետահայաց ցուցադրությունները ներկայացվել են այնպիսի վայրերում, ինչպիսիք են Նյու Յորքի «Անթոլոգիա» կինոարխիվը, Լոնդոնի «Թեյթ Մոդեռն» թանգարանը, Բուդապեշտի Հունգարական ազգային կինոթատրոնը, ինչպես նաև աշխարհի տարբեր ֆիլմադարաններ, կինոթանգարաններ և կինոփառատոներ։ Քելերմենն իր Kino Kombat Filmmanufactur կինոընկերությամբ արտադրել է սեփական «Անկյալը» ֆիլմը (համապրոդյուսեր՝ Լայմա Ֆրեյմանե, Screen Vision, Լատվիա, 2005), թողարկել կամ համաթողարկել է Անետ Շյուցի «Մոսկաչկան» (համապրոդյուսեր՝ Լայմա Ֆրեյմանե, Screen Vision, Լատվիա, 2005), Դյուլա Մաարի «Հատվածը» (պրոդյուսեր՝ Բելա Տար, TTFilmühely, Հունգարիա, 2007) և Յանա Մարսիկի «Ձեռք ձեռքի»–ն (համապրոդյուսեր՝ Լայմա Ֆրեյմանե, Screen Vision, Լատվիա/Գերմանիա, 2008)։ Ֆրեդ Քելեմենը Կինոարվեստի և գիտության ակադեմիայի (ԱՄՆ), Եվրոպական կինոակադեմիայի, Գերմանական կինոակադեմիայի և Եվրոպական մշակութային խորհրդարանի (ECP) անդամ է։
FIPRESCI ժյուրի

ԲԱՐՏՈՇ ԺՈՒՐԱՎԵՑԿԻ

ԼԵՀԱՍՏԱՆ

Ծնվել է 1971-ին Պոզնանում (Լեհաստան)։ Լրագրող, կինոքննադատ, գրող, սյունակագիր, դրամատուրգ։ Հետևյալ վեպերի հեղինակն է՝ «Երեք տղամարդ անկողնում, կատվի մասին էլ չեմ խոսում», «Ես կամ իմ 66 սերերը», «Բացակա», «Դեպի Լոլելայ», գրել է նաև ոչ գեղարվեստական գրքեր՝ «Անիծված փառատոներ», «Մարդիկ, ոչ թե գաղափարախոսություն», «Բարոյական անբասիրության երկիր. ՁԻԱՀ-ի սկիզբը Լեհաստանում»։ Աշխատում է «Կինո» ամսագրում և «Ռեպլիկա» ԼԳԲՏՔ երկամսյա հանդեսում։

ՇԻՎԱ ՖՈՒԼԱԴԻ

ՖՐԱՆՍԻԱ

Նախքան Իրանից հեռանալը լրագրող և թարգմանիչ է աշխատել գրականության ու կինոյի հանդեսներում և որպես թարգմանիչ հրատարակել երկու գիրք։ Կինոգեղագիտության մագիստրոսի աստիճանով ավարտել է Թուլուզի Ժան Ժորես համալսարանը (Ֆրանսիա) և 2019-ից կինոքննադատ ու լրագրող է «Mag Cinéma» առցանց հանդեսում, որտեղ բազմաթիվ հարցազրույցներ է հրապարակել կինոռեժիսոորների հետ, ակնարկներ միջազգային փառատոներից և նոր թողարկված ֆիլմերի քննախոսություններ։ 2022–ից Ֆրանսիայի կինոյի և հեռուստատեսության քննադատների միության (SFCC) անդամ է։ 2023–ին եղել է SFCC-ի «Լավագույն ֆրանսալեզու եզակի ֆիլմի» մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, իսկ 2024–ին՝ FIPRESCI-ի ժյուրիի անդամ Բրյուսելի ՄԿՓ–ում։ Ֆուլադին իր ներդրումն ունի Քսավիե Դոլանի մասին պատմող կոլեկտիվ գրքում (հրատարակությունը՝ շուտով) և կինոակումբ է կազմակերպել Ռենում։

ԴԱՎԻԹ Պ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Ծնվել է Երևանում: Ազատ գրաֆիկով աշխատող թարգմանիչ է, լրագրող, խմբագիր, կինոգործիչ, դասախոս: Ավարտել է Դամասկոսի Արաբերենի ինստիտուտը լեզուն չկրողների համար (Սիրիա, 2002-2003), Կահիրեի համալսարանի արաբերենի մասնագիտական դասընթացը (Եգիպտոս, 2004), Երևանի պետական համալսարանի արաբագիտության բաժինը` բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանով (միջնադարյան արաբական գրականությունից, 2010): Ներկայումս նույն համալսարանում արաբական գրականության դասախոս է: 14 տարեկանից լրագրող է աշխատում` անդրադառնալով հիմնականում մշակութային թեմաների (Ազգային ռադիոյում, տարբեր հեռուստաալիքներում): Վերջին շրջանում առավելապես հրավիրված հեղինակ է մի շարք հանդեսներում (այժմ` “Slide”, “Business Class”, ՙ”uxury”): Եղել է “EL Style” և “Elite Life” ամսագրերի խմբագիրը (2004-2008), “CinemArt” հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալը (2008-2009), “Ararat” ամսագրի գլխավոր խմբագիրը (2010-2011): Որպես կինոգործիչ` 2007-ից կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել Հայաստանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնի հետ: Նրա վերջին աշխատանքը` “Շնիկով տիկինը. շան վարկածը” (2010) արժանացել է Ժյուրիի հատուկ հիշատակմանը (“Մեկ կադր, մեկ րոպե” ՄԿՓ, Հայաստան, 2010), առաջադրվել` ՀՀ Նախագահի մրցանակին: Բազմաթիվ արտասահմանյան ֆիլմեր է թարգմանել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության (2006-2010), “Ոսկե ծիրան”, “Արևորդի” ՄԿՓ-երի համար: Զբաղվում է նաև լուսանկարչությամբ, Paradoxima ընկերության, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության, Նարեկացի Արվեստի կենտրոնի համար վավերագրական ֆիլմերի և հեռուստանախագծերի սցենարներ գրում: “Ոսկե ծիրանի” բարձրագույն կինոդպրոցը ներկայացրել է La Corrida Audiovisuelle 2011-ին (Թուլուզ, Ֆրանսիա, 2011), մասնակցել` Հայկական կինոյի, Երևանում Բրիտանական ֆիլմերի փառատոնի, “Ոսկե ծիրան” ՄԿՓ-ի կատալոգների աշխատանքներին: Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ է: Հայաստանյան “Տարվա մարդիկ” նախագծի համահեղինակն ու ղեկավարն է: