Դեվիդ Լինչ
Ամերիկացի կինոռեժիսոր, վիզուալ արտիստ, երաժիշտ և դերասան։ Շատերը համարում են բոլոր ժամանակների ամենամեծ կինոռեժիսորններից մեկը: Դեյվիդ Քիտ Լինչին հաճախ են կոչել «ցնորատես»: Նա դրվատանքի է արժանացել սյուրռեալիստական և փորձարարական հատկանիշներով աչքի ընկնող ֆիլմերի համար։ Հինգ տասնամյակից ավելի տևած կարիերայի ընթացքում բազմաթիվ պարգևների է արժանացել, այդ թվում՝ 2006–ին Վենետիկի ԿՓ–ի «Ոսկե առյուծին»՝ ստեղծագործական ավանդի համար, և 2019–ին՝ պատվավոր «Օսկար»–ի։ Լինչը նկարչություն է ուսանել և կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել, նախքան իր առաջին անկախ լիամետրաժը՝ «Ռետին–գլուխը» մարմնական սարսափի ֆիլմը 1977–ին ասպարեզ հանելը։ Այնուհետև արժանացել է քննադատների գովասանքին և «լավագույն ռեժիսոր» անվանակարգով առաջադրվել «Օսկար»–ի «Փիղ մարդը» կենսագրական դրամայի (1980), «Կապույտ թավիշ» դետեկտիվ թրիլերի (1986) և «Մալհոլանդ Դրայվ» նեոնուարի (2001) համար։ «Վայրի սրտեր» ռոմանտիկ քրեական դրաման (1990) ննրան բերել է Կաննի ԿՓ–ի «Ոսկե արմավենու ճյուղը»։ Նկարահանել է նաև «Դյուն» տիեզերական օպերան (1984), «Ոչ մի տեղ չտանող խճուղին» նեոնուարը (1997), «Պարզ պատմություն» ճանապարհային ֆիլմը (1999) և «Ներքին կայսրություն» փորձարարական թրիլերը (2006)։ Լինչը և Մարկ Ֆրոսթն են ստեղծել ABC-ի «Թուին Փիքս» սյուրռեալիստական դետեկտիվ-սարսափի սերիալը (1990–91), որի համար Լինչը հինգ անվանակարգով առաջադրվել է «Էմի» մրցանակի, այդ թվում՝ «դրամատիկ սերիալի ակնառու ռեժիսուրայի» և «դրամատիկ սերիալի ակնառու սցենարի» համար։ Լինչը համահեղինակել է և դրա նախապատմությունը՝ «Թուին Փիքս. կրակե զբոսանք ինձ հետ» ֆիլմը (1992), ինչպես նաև երրորդ մասը 2017–ին։ Որպես դերասան խաացել է «Թուին Փիքս», «Քլիվլենդյան շոու» (2010–13) և «Լուի» (2012), ինչպես նաև «Բախտավորը» (2017) և «Ֆաբելմանները» (2022) ֆիլմերում։ Նկարահանել է Քրիս Այզեքի, «X Japan»-ի, «Moby»-ի, «Interpol»-ի, «Nine Inch Nails»-ի և Դոնովանի տեսահոլովակները, ինչպես և գովազդներ Dior-ի, YSL-ի, Gucci-ի և Նյու Յորքի սանիտարական դեպարտամենտի համար։ Լինչը հանդես է եկել նաև որպես երաժիշտ՝ թողարկելով սոլո ալբոմներ, նաև կահույքի դիզայներ, ծաղրանկարիչ, անիմատոր, լուսանկարիչ և հեղինակ։ Տրանսցենդենտալ մեդիտացիայի հետևորդ լինելով՝ հիմնել է «Դեյվիդ Լինչի հիմնադրամը»՝ ռիսկի խմբում գտնվողների համար մեդիտացիայի դասընթաց ֆինանսավորելու նպատակով։ Ամբողջ կյանքում ծխող լինելով՝ մահացել է 2025–ի հունվարին թոքերի էմֆիզեմայի բարդություններից Հարավային Կալիֆորնիայի անտառային հրդեհների պատճառով տնից տարհանվելուց հետո։
Ֆիլմացանկ (ընտրանի)
Ռետին–գլուխը (1977), Փիղ մարդը (1980), Դյուն (1984), Կապույտ թավիշ (1986), Վայրի սրտեր (1990), Թուին Փիքս. կրակե զբոսանք ինձ հետ (1992), Ոչ մի տեղ չտանող խճուղին (1997), Պարզ պատմություն (1999), Մալհոլանդ Դրայվ (2001), Ներքին կայսրություն (2006):