Ֆրանսիա/Իսպանիա
ՍԻՐԱՏ
120 րոպե
2025
Հայր ու որդի գալիս են հարավային Մարոկկոյի լեռների խորքում կազմակերպված ռեյվի։ Նրանք փնտրում են Մարին՝ իրենց դստերն ու քրոջը, որն ամիսներ առաջ անհետացել է այս անվերջանալի, անքուն երեկույթներից մեկում։ Էլեկտրոնային երաժշտությամբ և ազատության անծանոթ զգացմամբ պարուրված հայր ու որդի անընդհատ բաժանում են աղջկա լուսանկարը։ Հույսը հետզհետե մարում է, բայց նրանք շարունակում են առաջ շարժվել և հետևել ռեյվերների խմբին, որը ճանապարհ է ընկել անապատում վերջին երեկույթին։ Երբ խորանում են այրվող անապատում, ուղևորությունը նրանց ստիպում է բախվել հենց իրենց դրած սահմանափակումներին։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Պեդրո Ալմոդովար, Ագուստին Ալմոդովար, Օլիվեր Լաշի, Դոմինգո Կոռալ, Խավի Ֆոնտ, Օրիոլ Մայմո, Մանի Մորտասավի, Սեսար Պարդինյաս, Անդրեա Կերալտ
Ռեժիսոր՝ Օլիվեր Լաշի
Սցենարի հեղինակներ՝ Սանտյագո Ֆիլյոլ, Օլիվեր Լաշի
Օպերատոր՝ Մաուրո Էրսե
Նկարիչ՝ Լայա Ատեկա
Կոմպոզիտոր՝ Կանգդինգ Ռեյ
Հնչյունային ձևավորող՝ Լայա Կասանովաս
Մոնտաժող՝ Քրիստոբալ Ֆեռնանդես
Դերերում. Սերխի Լոպես, Բրունո Նունյես, Ստեֆանիա Գադա, Ջոշուա Լայամ Հերդերսոն, Տոնին Խանվիեր, Ժադ Ուկիդ, Ռիչարդ Բելամի
Արտադրությունը՝ Filmes da Ermida, El Deseo, Uri Films, Los Desertores, Films AIE, 4 A4 Productions

Մրցանակներ
Ժյուրիի մրցանակ, Լավագույն կոմպոզիտոր, «Palm Dog» - ժյուրիի մրցանակ, AFCAE–ի մրցանակ - Հատուկ հիշատակում, Կաննի ՄԿՓ, 2025
Օլիվեր Լաշի
Ծնվել է 1982–ին Փարիզում, գալիսիացի ներգաղթյալների որդի է։ Վեց տարեկանում ընտանիքը վերադարձել է Գալիսիա՝ Իսպանիայի հյուսիս-արևմուտք։ Լսատեսողական հաղորդակցության ոլորտում ուսումն ավարտելուց հետո Օլիվեր Լաշին տեղափոխվել է Տանժեր՝ Մարոկկո, որտեղ նկարահանել և թողարկել է «Բոլորդ էլ կապիտան եք» ֆիլմը, որը 2010–ին Կաննի «Ռեժիսորների երկշաբաթյակում» վաստակել է FIPRESCI-ի մրցանակը։ 2016–ին նա արժանացել է Կաննի «Կինոքննադատների շաբաթի» գլխավոր մրցանակին Ատլասի լեռներում նկարահանած «Պատկառուկներ» ֆիլմի համար։ Գալիսիա վերադառնալուց հետո Օս Ակարես լեռների սրտում Լաշին նկարահանել է «Կրակը վրա կհասնի» ֆիլմը, որին 2019–ին Կաննի ԿՓ–ի «Հատուկ հայացք» բաժնում շնորհվել է Ժյուրիի մրցանակը։ Կաննում իր առաջին պրեմիերայից տասնհինգ տարի անց և բոլոր բաժիններում ցուցադրվելուց ու մրցանակների արժանանալուց հետո Օլիվեր Լաշին առաջին անգամ մասնակից է դարձել գլխավոր մրցութին իր «Սիրատ» ֆիլմով, որը նկարահանվել է Սահարա անապատում։

Ֆիլմացանկ
Բոլորդ էլ կապիտան եք (2010), Պատկառուկներ (2016), Կրակը վրա կհասնի (2019), Սիրատ (2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ