Լյուսիլ Հաջիհալիլովիչ
Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Մարոկկոյում, ապա տեղափոխվել Փարիզ, որտեղ արվեստի պատմություն, այնուհետև կինոարվեստ է ուսանել Կինեմատոգրաֆիայի բարձրագույն դպրոցում (այժմ՝ La Fémis)։ 1990-ականների սկզբին հիմնել է Les Cinemas de la Zone կինոընկերությունը Գասպար Նոեի հետ՝ համատեղ աշխատելով «Լեշ» և «Մենակ բոլորի դեմ» ֆիլմերի վրա։ Նրանց համագործակցությունը շարունակվել է Նոեի «Մուտք դատարկություն» ֆիլմի սցենարը գրելիս։ 1996–ին Հաջիհալիլովիչը սեփական սցենարով նկարահանել է, մոնտաժել և թողարկել «Ժան-Պիեռի շուրթերը» («Միմի») 52–րոպեանոց ֆիլմը, որը ցուցադրվել է Կաննի ԿՓ–ի «Հատուկ հայացք» ծրագրում։ 2004–ին դարձյալ սեփական սցենարով կյանքի է կոչել իր առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Անմեղությունը»՝ ըստ Ֆրանք Վեդեքինդի «Մինե-Հահա» պատմվածքի (գլխ. դերում՝ Մարիոն Կոտիյար)։ Ֆիլմը, ի թիվս բազմաթիվ այլ պարգևների, լավագույն նոր ռեժիսորի համար սահմանված մրցանակն է բերել Սան Սեբաստիանի ՄԿՓ–ում։ 2015–ին Հաջիհալիլովիչը Ավանտե Կավայտեի համահեղինակությամբ գրած սցենարով նկարահանել է «Էվոլյուցիան»։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Թորոնթոյի ՄԿՓ–ում, իսկ Սան Սեբաստիանի ՄԿՓ–ում «Էվոլյուցիան» արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին և լավագույն օպերատորական աշխատանք ճանաչվել (օպերատոր՝ Մանյուել Դակոս)։ 2022–ին Բրայան Քեթլինգի համանուն վեպի հիման վրա Ջեֆ Քոքսի հետ գրած սցենարով նկարահանված «Ականջմտուկը» (գլխ․ դերերում՝ Փոլ Հիլթոն, Ռոմոլա Գարաի, Ալեքս Լութեր), արժանացել 1 Սան Սեբաստիանի ՄԿՓ–ի Ժյուրիի հատուկ մրցանակին։ Հաջիհալիլովիչը նկարահանել է նաև «Լավ տղաները» (1998), «Նեկտար» (2014) և «De natura» (2018) կարճամետրաժ ֆիլմերը, որոնք բոլորն էլ ներկայացվել են բազմաթիվ փառատոներում։ Նրա չորրորդ լիամետրաժ աշխատանքը՝ «Սառցե աշտարակը», վերամիավորել է ռեժիսորին Մարիոն Կոտիյարի հետ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2025–ին Բեռլինի ՄԿՓ–ում։
Ֆիլմացանկ
Նոնոյի առաջին մահը (կ/մ, 1987), Միմի (1997), Լավ տղաները (կ/մ, 1998), Անմեղություն (2004), Նեկտար (կ/մ, 2014), Էվոլյուցիա (2015), De natura (կ/մ, 2018), Ականջմտուկ (2022), Սառցե աշտարակը (2025):