ԺՅՈՒՐԻՆԵՐ
Միջազգային մրցույթ
  • ՋԵՍԻՔԱ ՀԱՈՒՍՆԵՐ

    Ավստրիա

    Ծնվել է 1972–ին Վիեննայում: Ռեժիսուրա է ուսանել Վիեննայի կինոակադեմիայում, որտեղ մրցանակների արժանացած կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել՝ «Ֆլորան» (1996) և «Հարցա–զրույցը» (1999): 2001–ին նրա առաջին լիամետրաժ աշխատանքի՝ «Սքանչելի Ռիտա»–ի պրեմիերան կայացել է Կաննի ՄԿՓ–ի «Հատուկ հայացք» ծրագրում: 2004–ին Հաուսներն իր երկրորդ լիամետրաժ աշխատանքով՝ «Հյուրանոց» ֆիլմով, վերադարձել է «Հատուկ հայացք»: 2009–ին նրա «Լուրդ» ֆիլմն ընդգրկվել է Վենետիկի ՄԿՓ–ի մրցութային ծրագրում՝ արժանանալով FIPRESCI–ի մրցանակին: «Խենթ սեր» ֆիլմը Հաուսների երրորդ աշխատանքն էր, որի պրեմիերան կայացել է Կաննի «Հատուկ հայացք»–ում 2014–ին: Կաննում՝ այս անգամ գլխավոր մրցույթում են կայացել նաև Հաուսների առաջին անգլերեն ֆիլմի՝ «Փոքրիկ Ջո»-ի (2019) և նրա վերջին լիամետրաժի՝ ««Զրո» ակումբ»-ի (2023) պրեմիերաները:
  • ՄԱՐԿ ՔԱԶԸՆՍ

    Մեծ Բրիտանիա

    Իռլանդա-շոտլանդացի ռեժիսոր և սցենարիստ: Նրա գործերի, այդ թվում՝ «Կինոյի պատմությունը. ոդիսական», «Ի՞նչ է «Սեր» կոչվող այս ֆիլմը», «Կյանքը կարող է լինել», «Երեխաների և կինոյի մի պատմություն», «Ատոմային», «Ստոկհոլմ, իմ սեր», «Ես եմ Բելֆաստը» և «Օրսոն Ուելսի աչքերը» ֆիլմերի պրեմիերաները կայացել են Կաննում, Բեռլինում, «Սանդենս»–ում և Վենետիկում՝ արժանանալով Իտալիայի մրցանակին, «Փիբոդի» մրցանակին, Սթենլի Կուբրիկի անվան մրցանակին և Եվրոպական կինոմրցանակին նորարարական պատումի համար: Քազընսը նկարահանումներ է արել Իրաքում, պաշարված Սարաևոյում, Իրանում, Մեքսիկայում, Ասիայով մեկ, ինչպես նաև ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Նրա գրքերի թվում են «Իրականությունը պատկերացնելով. Ֆաբերի վավերագրական գիրքը» և «Դիտարկման պատմությունը»: Քազընսը համագործակցել է Թիլդա Սուինթոնի հետ՝ ստեղծելով նորարարական կինոմիջոցառումներ, և շարունակ փորձում է նոր կինոուղղություններ գտնել՝ հետազոտելով իր թեմաները՝ դիտարկումը, քաղաքները, կինոն, մանկությունը և վերականգնումը: Տասնչորս ժամ տևողությամբ նրա «Կանայք են կինո ստեղծում» վավերագրական ֆիլմը ձգտում է վերանայել կինոն: Քազընսի նոր ֆիլմերն են «Ջերեմի Թոմասի փոթորիկները», «Դիտարկման պատմությունը» և «Կինոյի պատմություն. նոր սերունդ» գործերը:
  • ՄԱՐԿ ՓԵՐԱՆՍՈՆ

    Կանադա

    Կանադայի Թորոնթո քաղաքում բնակվող ծրագրավորող, սցենարիստ, պրոդյուսեր և կինոռեժիսոր Մարկ Փերանսոնը «Cinema Scope» հանդեսի հիմնադիրն ու նախկին խմբագիր/հրատարակիչն է (1999-2024): «The Globe»–ի և «Mail»-ի համար հաճախակի հոդվածներ գրող Փերանսոնը կինոյի մասին հրապարակումներ է արել «The Believer», «Cineaste», «Sight & Sound», «CineAction», «Film Comment», «Cahiers du Cinéma», «Revolver», «Senses of Cinema» և «The Village Voice» պարբերականներում: 2019-2024 թթ․ նա Բեռլինալեի, 2013-2018 թթ․ Լոկառնոյի ՄԿՓ–երի ծրագրերի ղեկավարն է եղել, իսկ 2010-2012 թթ․՝ ընտրող հանձնաժողովի անդամ: 2001-2018 թթ․ Փերանսոնը Վանկուվերի ՄԿՓ–ի ծրագրերի գծով օգնական էր: Նրա նկարահանած գործերից են «Սանչոյին սպասելիս» (2008) և «Վերջին ֆիլմը» (2013) աշխատանքները։ Փերանսոնը նկարահանվել է նաև մի շարք ֆիլմերում, որոնցից են Ալբերտ Սեռայի «Թռչներգը» և «Իմ մահվան պատմությունը», Հոն Սանսուի «Գիշերը լողափին միայնակ»֊ը և «Կլերի տեսախցիկը»: Այժմ նա կարճամետրաժ ֆիլմաշար է ստեղծում Թուրինի կինոյի ազգային թանգարանի համար, ինչպես նաև ցուցադրությունների շարք կազմում և գիրք գրում ֆիլմերի ու թանգարանների մասին:
  • ՇԵՐՄԻՆ ԼԱՆԳՀՈՖ

    Գերմանիա

    Շերմին Լանգհոֆը, որը 2013-2026 թթ․ եղել է Բեռլինի «Մաքսիմ Գորկի» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ժամանակակից գերմանական թատրոնի ամենաազդեցիկ նորարարներից է։ Նա հետմիգրանտական թատրոնի գաղափարի հիմնադիրներից է և գլխավոր ջատագովներից՝ արտացոլելով Բեռլինի բազմազան հասարակական իրականությունը։ Կինոյի ոլորտում երկար տարիներ համագործակցել է Ֆաթիհ Աքընի հետ՝ մասնակցելով «Գլխով պատին» և «Բոսֆորի մյուս կողմում» ֆիլմերի ստեղծմանը։ Մինչև «Գորկի» թատրոնը ղեկավարելը եղել է HAU Hebbel am Ufer-ի ծրագրերի համադրողը և «Բալհաուս Նաունիշտրաս» թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝ կարևոր դեր ունենալով այն շարժման մեջ, որը գերմանական մշակութային դաշտի առաջին պլան բերեց գունամորթ արվեստագետներին և հասարակության լուսանցքում գտնվող խմբերի ձայները։ Լանգհոֆի ղեկավարության տարիներին «Գորկի» թատրոնը դարձել է համարձակ մշակութային հարթակ, որն անդրադառնում է անդրազգային և տեղական ինքնությունների, պատմությունների և նարատիվների խնդիրներին։ Այս աշխատանքի կարևոր ուղղություններից է հայկական պատմության երկարամյա ուսումնասիրությունը՝ Es schneit im April և 100 + 10 – Armenian Allegories ծրագրերի միջոցով, որոնք միավորում են թատրոնը, կինոն, գրականությունն ու ցուցահանդեսները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ և 110-րդ տարելիցներին։ Շերմին Լանգհոֆի գործունեությունը միջազգային լայն ճանաչում է ստացել։ Նա արժանացել է բազմաթիվ հեղինակավոր պարգևների, այդ թվում՝ «Կայրոս» եվրոպական մշակութային մրցանակին՝ որպես մշակութային մենտոր, Հելդա և Էդզարդ Ռոյթեր հիմնադրամի մրցանակին ժողովուրդների փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արժանիքի շքանշանին (Bundesverdienstkreuz), որը նրան շնորհել է Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքը մշակույթի զարգացման մեջ ունեցած ներդրման համար։
  • ՆԱՈՒԵԼ ՊԵՐԵՍ ԲԻՍԿԱՅԱՐՏ

    Արգենտինա

    Աչքի է ընկել Ռոբեն Կամպիյոյի «120 զարկ րոպեում» ֆիլմում Act Up-Paris շարժման ակտիվիստի տպավորիչ դերակատարմամբ։ Ֆիլմը 2017–ին Կաննի ԿՓ–ում արժանացել է Մեծ մրցանակին։ Նույն թվականին Պերես Բիսկայարտը նկարահանվել է նաև Ալբեր Դյուպոնտելի «Կհանդիպենք երկնքում» ֆիլմում, որը Պիեռ Լըմետրի՝ «Գոնկուր» մրցանակի արժանացած վեպի էկրանացումն է։ Միջազգային ճանաչման հասած դերասանը հետագայում խաղացել է Վադիմ Պերելմանի «Պարսկական դասեր» (2020), Մանոլո Նիետոյի «Գործատուն և աշխատողը» (2021), Իսակի Լակուեստայի «Մեկ տարի, մեկ գիշեր» (2022), Էրվան Լը Դյուկի «Իր հոր աղջիկը» (2023) և Անդրե Տեշինեի «Հարևանները» (2024) ֆիլմերում։ 2024-ին մարմնավորել է գլխավոր դերը Լուիս Օրտեգայի «Ձիավարը» ֆիլմում, որն ընդգրկվել է Վենետիկի ԿՓ-ի հիմնական մրցութային ծրագրում։ Կինոկարիերային զուգահեռ Պերես Բիսկայարտն հանդես է գալիս նաև թատրոնում։ Աշխատել է հատկապես Նյու Յորքի Wooster Group թատերախմբի հետ և խաղացել Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց» պիեսում, որը 2020-ին բեմադրել էր Իվո վան Հովեն։
Տարածաշրջանային համայնապատկեր
  • ՄԱՀՄՈՒԴ ՔԱԼԱՐԻ

    Իրան

    Լուսանկարիչ, օպերատոր և կինոռեժիսոր։ Ծնվել է 1951–ին Թեհրանում։ Լուսանկարչությամբ հետաքրքրվել է դեռ պատանեկան տարիքից, իսկ 1977–ին Թեհրանում կազմակերպել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1980–ին Նյու Յորքում մասնագիտական լուսանկարչության դասընթաց ավարտելով՝ աշխատանքի է անցել SYGMA Photo News Agency–ում։ Այդ ժամանակից ի վեր նրա լուսանկարները հրապարակվել են աշխարհի հեղինակավոր պարբերականներում։ Կինոօպերատորի գործունեությունը սկսել է «Սառցակալած ճանապարհներ» ֆիլմով (1998)։ Գրեթե չորս տասնամյակ համագործակցել է իրանական կինոյի ամենանշանավոր ռեժիսորների՝ Աբաս Քիառոսթամիի, Մոհսեն Մախմալբաֆի, Ջաֆար Փանահիի և Ասղար Ֆարհադիի հետ, որի «Ամուսնալուծություն» ֆիլմը 2012–ին արժանացել է «Օսկար»-ի։ Քալարիի առաջին ռեժիսորական աշխատանքը՝ «Ամպը և ծագող արևը», 1998-ին ստացել է Մար դել Պլատայի ՄԿՓ-ի (Արգենտինա) գլխավոր մրցանակը։ Նրա ստեղծագործական ուղուն նվիրված մեծարանքի միջոցառումներ են անցկացվել Նանտի ՄԿՓ-ում (Ֆրանսիա, 2000), Silk Road փառատոնում (Մրցանակ ստղծագործական ավանդի համար, Դուբլին, Իռլանդիա, 2014), ինչպես նաև Ֆրանսիայի կինոօպերատորների ընկերակցության (AFC) կողմից Փարիզում (2016)։ 2018–ին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը (MoMA) կազմակերպել է Քալարիի գործերի հետահայաց ցուցադրությունն «Իրանի աչքը» խորագրով։ Նրա վերջին ռեժիսորական աշխատանքը «Ամառն» է (2023)։
  • ԻԲՐԱՀԻՄ ՄԱԱԼՈՒՖ

    Լիբանան

    «The New York Times»-ի կողմից «վիրտուոզ» բնութագրված շեփորահար Իբրահիմ Մաալուֆն իր ամբողջ կարիերայի ընթացքում հատել է մշակութային սահմանները և համադրել տարբեր երաժշտական ժանրեր՝ ջազը, փոփը, դասական, էլեկտրոնային, մերձավորարևելյան և աֆրիկյան երաժշտությունը՝ միավորելով յուրահատուկ, բազմամշակութային հնչողության մեջ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ամենաթեժ շրջանում ծնված Մաալուֆը մանկության տարիներին ընտանիքի հետ թողել է Բեյրութը և հաստատվել Ֆրանսիայում, որտեղ էլ առաջին անգամ բացահայտել է երաժշտության՝ աշխարհագրական ու լեզվական սահմանները հաղթահարելու ուժը։ Շեփորի մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթներում հաղթելով՝ սկսել է հեղինակել սեփական ստեղծագործությունները, թողարկել ավելի քան մեկ տասնյակ բարձր գնահատականի արժանացած ալբոմներ և դարձել իր երկրորդ հայրենիքի՝ Ֆրանսիայի ամենահայտնի երաժիշտներից մեկը։ Միայն վերջին տասնամյակում Մաալուֆը ելույթ է ունեցել 40 երկրում, լեփ-լեցուն համերգներ տվել Փարիզից մինչև Ստամբուլ, արժանացել Քուինսի Ջոնսի ուշադրությանը, մասնակցել «Ուշ երեկոյան շոու Սթիվեն Քոլբերթի հետ» հեռուստահաղորդմանը, միլիոններ հավաքել բարեգործական նպատակներով և գործակցելՈւինթոն Մարսալիսի, Ջոն Բատիստի, Ջոշ Գրոբանի և Սթինգի նման երաժիշտերի հետ։ 2021-ին նա Բաստիլի օրվա առթիվ ելույթ է ունեցել Էֆելյան աշտարակի առջև՝ շուրջ 6 միլիոն հանդիսատեսի համար։ 2022-ին Անժելիկ Քիջոյի հետ ստեղծել է «Սաբայի թագուհին» յոթմասանոց սիմֆոնիկ սյուիտը, որի երգերի բառերը հնչում են Արևմտյան Աֆրիկայի յորուբա լեզվով։ Այս նախագիծը Մաալուֆին բերել է իր առաջին առաջադրումը «Գրեմի»-ի «լավագույն համաշխարհային երաժշտական ալբոմ» անվանակարգով։ Նրա վերջին ալբոմներից մեկը՝ «Սիրելու կարղությունը», ևս մեկ անգամ հաստատեց Մաալուֆի ստեղծագործական համարձակությունը։ Գործակցելով աշխարհի տարբեր երկրների հիփ-հոփ և R&B կատարողների հետ՝ նա երաժշտության միջոցով ուսումնասիրում է ինքնության, համայնքի և միասնության թեմաները։ Ալբոմում ընդգրկված «Բոլոր գույները» ստեղծագործությունը, որը ձայնագրվել է Սիմաֆանքի և «Tank and the Bangas» խմբի մասնակցությամբ, նրան բերել է երկրորդ առաջադրումը «Գրեմի»-ի «լավագույն համաշխարհային երաժշտական կատարում» անվանակարգով։ 2023-ին Մաալուֆը երրորդ անգամ է համերգ տվել Փարիզի լեփ-լեցուն Accor Arena-ում՝ ելույթ ունենալով ավելի քան 17 հազար հանդիսատեսի առջև։
  • ԴՈՄԻՆԻԿ ՎԵԼԻՆՍԿԻ

    Ֆրանսիա

    Դոմինիկ Վելինսկիի «DW» ընկերությունը 2012 թվականից գործունեություն է ծավալում կինոարտադրության և միջազգային խորհրդատվության ոլորտներում։ 2013–2025 թվականներին «DW»-ն ստեղծել և համաարտադրել է Կաննի կինոփառատոնի «Ռեժիսորական երկշաբաթյակ» ծրագրի «Գործարան» (Factory) նախաձեռնությունը։ 2026 թվականին նախաձեռնությունը նոր ձևաչափով վերագործարկվել է «Կինոքննադատների շաբաթ» ծրագրի շրջանակում՝ «Next Step Studio» անվամբ, որի առաջին հյուրընկալող երկիրը դարձել է Ինդոնեզիան։ «DW»-ն համաարտադրել է ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներում՝ համագործակցելով այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սանջիուա Պուշպակումարան, Ալիռեզա Խաթամին, Միդի Զին, Յոնա Ռոզենքիերը, Մարիաննա Բրենանդը, Սաումյանանդա Սահին և Տանուշրի Դասը։ Դոմինիկ Վելինսկին անկախ պրոդյուսեր և միջազգային կինոխորհրդատու է, որն ունի ավելի քան քսան տարվա փորձ անկախ կինոյի դիստրիբուցիայի ոլորտում։ Նա հայտնի է սկսնակ կինոռեժիսորներին համաշխարհային կինոարդյունաբերության հետ կապող նախաձեռնություններ ստեղծելու իր գործունեությամբ։ Վելինսկին հիմնադրել է Կաննի «Ռեժիսորական երկշաբաթյակ» ծրագրի «Գործարան» (Factory) նախաձեռնությունը, որը ղեկավարել է 2013–2025 թվականներին, իսկ 2026 թվականին «Կինոքննադատների շաբաթ»-ի հետ մեկնարկել է դրա նոր ձևաչափը՝ «Next Step Studio»-ն։ Նրա գործունեությունն ընդգրկում է Եվրոպան, Ասիան և Հարավային Ամերիկան։
  • ՊԻՏԵՐ-ՅԱՆ ԴԵ ՊՅՈՒ

    Բելգիա

    Անկախ կինոռեժիսոր։ Ծնվել է 1982-ին: 2006-ին ավարտել է Բրյուսելի RITCS կինոակադեմիան։ 2007-ին սկսել է աշխատել իր առաջին վավերագրական-խաղարկային «Լուսավորյալների երկիրը» ֆիլմի վրա։ Այս նախագծի շրջանակում բազմիցս այցելել է Աֆղանստան՝ լուսանկարելով երկիրն ու բնակիչներին։ Այդ ուղևորությունների արդյունքն է դարձել «Աֆղանստանի թագավորները» լուսանկարչական ալբոմը։ Դե Պյուի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Լուսավորյալների երկիրը», 2016-ին իր համաշխարհային պրեմիերան է ունեցել «Սանդենս» ԿՓ–ում, որտեղ արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին լավագույն օպերատորական աշխատանքի համար։ Այնուհետև ֆիլմը ցուցադրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային կինոփառատոներում։ 2017-ին Դե Պյուին շնորհվել է Ֆլանդրիայի մշակութային մրցանակը կինոյի ասպարեզում (Ultimas)։ 2016-ին նա նկարահանել է «Աղջիկներ և մեղր» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, որը պատմում է Դոնբասի առաջնագծում մեղուների հետ ապրող տարեց ամուսինների մասին։ Ֆիլմը նախապատրաստական փուլի մի մասն էր նրա հաջորդ լիամետրաժ վավերագրական աշխատանքի՝ «Մարյինկա»-ի համար, որը պատմում է Դոնբասի սահմանամերձ Մարյինկա քաղաքի երիտասարդ ուկրաինացիների մասին, որոնց կյանքը տասամյա պատերազմը հիմնովին փոխել է մինչև այն պահը, երբ նրանց հայրենի քաղաքն ամբողջովին ավերվեց։ «Մարյինկան» 2026-ին բացել է CPH:DOX ԿՓ-ը և արժանացել Հանդիսատեսի մրցանակին։ Այժմ Պիտեր-Յան Դե Պյուն աշխատում է իր առաջին խաղարկային «Ուրիշ խաղը» ֆիլմի վրա, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների դիմադրության շարժման, ինչպես նաև 1980-ականներին Բելգիական Արդեններում գործող որսագողերի խմբավորման մասին։
  • ՔՐԻՍՏԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    ԱՄՆ

    Կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, որը ստեղծագործում է Հայաստանում և սփյուռքում։ Ծնվել է Լոս Անջելեսում։ Նրա առաջին լիամետրաժը՝ «Երազելուց հետո»–ն (2025), իր համաշխարհային պրեմիերան ունեցել է Բեռլինի 75-րդ ՄԿՓ–ում՝ բացելով «Ֆորում» ծրագիրը։ Ֆիլմը դարձել է արդի հայկական նշանակալից ներկայացուցչական ֆիլմերից մեկը՝ ցուցադրվելով Պուսանի, Սալոնիկի և Սան Պաուլուի ՄԿՓ–երում, ինչպես նաև Լոնդոնի Ժամանակակից արվեստների ինստիտուտում և մի շարք այլ հեղինակավոր հարթակներում։ Ֆիլմի համապրոդյուսերներն են Բրեդ Բեքեր-Փարթոնը և Կառլոս Ռեյգադասը։ «Երազելուց հետո»-ն ներկայացվել է «The New York Times»-ի Critic’s Notebook բաժնում, իսկ Բրիտանական կինոինստիտուտը բնութագրել է ֆիլմը որպես «վերջին տարիների ամենացնցող և ձևաչափի առումով ամենահամարձակ դեբյուտային ֆիլմերից մեկը»։ «Variety»-ն էլ ֆիլմն անվանել է «ինքնավստահ առաջին լիամետրաժ աշխատանք», որն «արտացոլում է քաղաքական հոգևորության էությունը»։ Հարությունյանն ընդգրկվել է «Filmmaker Magazine»-ի «Անկախ կինոյի 25 նոր դեմքեր» ցանկում։ Նրա «Աշխարհ» կարճամետրաժ կինոնկարի (2020) պրեմիերան կայացել է Ռոտերդամի ՄԿՓ–ում, իսկ այնուհետև ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի գլխավոր մրցանակին։ «Աշխարհը» ցուցադրվել է նաև Ամստերդամի շարժարվեստի կենտրոնի, Բեռլինի «Մաքսիմ Գորկի» թատրոնի և Բրյուսելի Վալոնի կենտրոնի մշակութային ծրագրերում։ Հարությունյանի Mankazar Film ընկերությունն այժմ զարգացնում է նրա երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Սև աստղ հրեշտակը», որը Asian Project Market-ում արժանացել է գլխավոր պարգևին և աջակցություն ստացել Հայաստանի կինոհիմնադրամի կողմից։
FIPRESCI ժյուրի
  • ՔԻՍ ԴՐԻՍԵՆ

    Նիդերլանդներ

    Այն, ինչ 90-ականների կեսին սկիզբ է առել որպես կամավորական աշխատանք Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ֊ում (IDFA), երբ Քիս Դրիսենն Ամստերդամի համալսարանի հոգեբանության բաժնի ուսանող էր, վերածվել է ֆրիլանսերի կարիերայի․ նա աշխատակցել է Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ-ի, Նիդերլանդների ԿՓ–ի, Ռոտերդամի ՄԿՓ-ի և Ուրոլի ու Հոլանդիայի թատերական փառատոների օրաթերթերին և կատալոգներին, թղթակցել «Skrien» կինոամսագրին, խմբագրել այնպիսի ուշագրավ կինոգրքեր, ինչպիսիք են Անեմիքե Հենդրիքսի «Ռահվիրաները» և Միքե Բերնինքի կենսագրական հատորը Ֆոնս Ռադեմաքերսի մասին, տեքստեր է գրել «Canon van de Nederlandse film»-ի համար և հոդվածներ կինոյի վերաբերյալ (երբեմն էլ այլ թեմաներով) տարբեր հրատարակություններում, այդ թվում՝ երկար տարիներ «Vrij Nederland»–ում։ Միաժամանակ Դրիսենի սեզոնային ռիթմը մեծապես որոշվում է՝ Բեռլինի, Վենետիկի և Կաննի միջազգային փառատոների շրջագայությամբ։ Այժմ նա հիմնականում գրում է վավերագրական կինոյի Business Doc Europe անգլիալեզու կայքի և Հոլանդիայի միակ ընդհանուր կինոհանդեսի՝ «Filmkrant»–ի համար։ Դրիսենի հոդվածներն ընդգրկում են գրեթե ամեն ինչ, բայց նա առանձնակի հետաքրքրություն ունի անիմացիայի, սեռականության, ինքնության քաղաքականության ու ներկայացման, ինչպես նաև XR-ի և վավերագրական կինոյի հանդեպ։
  • ԼԻԿԱ ԳԼՈՒՐՋԻՁԵ

    Վրաստան

    Լիկա Գլուրջիձեն Վրաստանում գործունեություն ծավալող կինոյի հետազոտող, կինոհամադրող, ծրագրավորող և դրամատուրգ է։ Նա Իլիայի պետական համալսարանի մշակութաբանության դոկտոր է և 2019 թվականից նույն համալսարանում հրավիրյալ դասախոս է՝ դասավանդելով վավերագրական և ճանապարհային կինո։
    Գլուրջիձեն FIPRESCI-ի անդամ է և FIPRESCI Վրաստանի փոխնախագահը։ Նա համագործակցել է Վրաստանի մի շարք կինոհարթակների հետ, այդ թվում՝ «CinExpress»-ի, Քութայիսի միջազգային կարճամետրաժ ԿՓ-ի, Վրաստանի վավերագրական միավորման (DOCA)-ի և «Projection 24»-ի։
    Նրա գիտական հետաքրքրությունների հիմնական ոլորտը վրացական վավերագրական կինոն է։ 2024 թվականից նա Վրաստանի վավերագրական միավորման (DOCA)-ի հետ իրականացնում է վրացական վավերագրական կինոյի պատմությանը նվիրված հետազոտական և համադրողական նախագծեր, որոնք ներառում են 1990-ականների վավերագրական կինոյի արխիվային ուսումնասիրություններ, ինչպես նաև 1970–1980-ականների վավերագրական պրակտիկաների շարունակական հետազոտություն։
    Գիտական գործունեությանը զուգահեռ՝ Լիկա Գլուրջիձեն երկար տարիներ զբաղվում է նաև կինոծրագրերի համադրությամբ և ծրագրավորմամբ։ Նա Քութայիսի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի ծրագրերի համակարգողն է, որտեղ հիմնական ուշադրությունը դարձվում է կինոյի դասականներին և հետահայաց ցուցադրություններին։ «CinExpress»-ի հետ համագործակցությամբ Կինոյի տանը նա համադրել է կինոցուցադրություններ և քննարկումներ։
    Գլուրջիձեն նաև դրամատուրգիա է ուսանել Թբիլիսիի Թագավորական թաղամասային թատրոնի Թեմուր Չխեիձեի ստուդիայում։ Նրա առաջին պիեսը՝ «Սողոմոնի սիրտը», 2025 թվականին արժանացել է Ֆրիդրիխ-Էբերտի հիմնադրամի դրամատուրգիայի մրցանակաբաշխության առաջին մրցանակին և ներկայացվել Թբիլիսիի Թագավորական թաղամասային թատրոնում՝ հրապարակային ընթերցման ձևաչափով։ Երկրորդ պիեսը՝ «Եվրիդիկե», հրատարակվել է «Ոչ մի պիես» ժողովածուում, որը լույս է տեսել Թեմուր Չխեիձեի ստուդիայի կողմից 2025 թվականին։
    Նրա գործունեությունը միավորում է տեսությունն ու պրակտիկան՝ կենտրոնանալով վավերագրական կինոյի, արխիվների, մշակութային հիշողության, տեղահանության, ֆեմինիստական տեսության և կինոյի պատմության մեջ անտեսված ձայների ուսումնասիրության վրա։
     
  • ԴԻԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

    Հայաստան

    Երևանաբնակ կինոքննադատ, մշակութային լրագրող և դասախոս: Լրագրություն է ուսանել Երևանի ռուս-հայկական համալսարանում և կինոգիտություն՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտում: Նրա ուղին սկսվել է հեռուստատեսությունից և ռադիոյից, որտեղ լուսաբանել է կինոն ու մշակույթը, հարցազրույցներ վարել և մեդիաբովանդակություն ստեղծել: 2007–ից ակտիվորեն ներգրավվել է մշակութային նախաձեռնություններում, քաղաքային նախագծերում և միջազգային կինոփառատոների շրջապտույտում: Համագործակցում է Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ–ի և ReA անիմացիոն ֆիլմերի և կոմիքսների ՄՓ–ի (ReAnimania) հետ՝ աշխատելով որպես լրագրող, մոդերատոր և կինոբովանդակության ստեղծող: Դիանա Մարտիրոսյանը եղել է FIPRESCI-ի ժյուրիի և պաշտոնական ժյուրիների անդամ բազմաթիվ ՄԿՓ–երում (Բեռլինալե, Լյուբլյանա, Կիև, Թուրին, Օդեսա, Աթենք, Բաթում, Ալմաթի, Կահիրե և այլն): Լրագրությանը և մեդիաաշխատանքին զուգահեռ ժամանակակից կինո է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտում, որտեղ աշխատում է նորելուկ կինոռեժիսորների հետ:
Կորիզ
  • ՄԻՇԵԼ ՖՐԱՆԿՈ

    Մեքսիկա

    ժամանակակից մեքսիկական կինոյի առաջատար ռեժիսորներից։ Ծնվել է 1979–ին Մեխիկոյում: Նրա ֆիլմերը հաճախ են քննում սոցիալական անհավասարությունը, բարոյական երկիմաստությունը, բռնությունը և մարդկային հարաբերությունները։ Ֆրանկոյի նշանակալից գործերի թվում են «Լուսիայից հետո», «Նոր կարգ», «Մայրամուտ», «Հիշողություն», «Երազանքներ» ֆիլմերը:
    Ֆրանկոն մի շարք մրցանակներ է նվաճել այնպիսի հեղինակավոր կինոփառատոներում, ինչպիսիք են՝ Կաննը, Վենետիկը, Չիկագոն։ Պարբերաբար աշխատել է Ջեսիքա Չեսթինի, Դարիո Յազբեկ Բեռնալի, Նելյա Նորվինդի և Թիմ Ռոթի հետ։
Made on
Tilda