ժՅՈՒՐԻՆԵՐ
2013

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ԻՇՏՎԱՆ ՍԱԲՈ

Հունգարիա

Ծնվել է 1938-ին Բուդապեշտում: Հունգարացի ռեժիսորը համաշխարհային ճանաչման է արժանացել ոչ միայն տպավորիչ քանակի իր ֆիլմերի արտասովոր գեղեցկության, այլև այն ասելիքի պատմական և արդիական կարևորության շնորհիվ, որն ամփոփված է նրա ֆիլմերի քաղաքական և սոցիալական թեմաներում: Հունգարիայի Թատրոնի և կինոյի ակադեմիան ավարտելուց հետո Սաբոն 26 տարեկանում նկարահանեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Անրջանքի ժամանակը»: Կինոնկարը Լոկառնոյի ՄԿՓ-ում արժանացավ «Արծաթե առագաստ» մրցանակի և Հունգարիայի ԿՓ-ում Ժյուրիի հատուկ մրցանակը բերեց Սաբոյին` որպես լավագույն ռեժիսորի` 60-ականներին նրան դարձնելով հունգարական կինոյի նոր սերնդի առաջատար դեմք, և արդեն 40 տարի Սաբոն շարունակում է մնալ հայրենի կինոարտադրության հիմնասյուներից մեկը: Նրա առավել հայտնի մրցանակակիր ֆիլմերից են «Հայրը»(1966), «Վստահությունը»(1980), «Մեֆիստոն» (1981), «Գնդապետ Ռեդլը» (1985), «Հանուսենը» (1988), «Անուշիկ Էմմա, սիրելի Բյոբե»-ն (1992), «Արևալույսի համը» (1999), «Կողմերի կարծիքները» (2001), «Լինելով Ջուլիան» (2004): Սաբոն նաև հմուտ թատերական ռեժիսոր է և բեմադրել է մի շարք օպերաներ: Ռեժիսորությամբ զբաղվելուց բացի, նա դասավանդում է տարբեր կինոդպրոցներում:

ԱՆԴՐԵՅ ՊԼԱԽՈՎ

Ռուսաստան

Ռուս կինոքննադատ և կինոպատմաբան, «Կոմերսանտ» օրաթերթի թղթակից: 2005-10-թթ. եղել է Կինոքննադատների միջազգային դաշնության նախագահը, այժմ պատվավոր նախագահն է: Լվովի համալսարանում մաթեմատիկայի և մեխանիկայի բաժինն ավարտելուց հետո կինոյի պատմություն է ուսանել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում (ՎԳԻԿ): Թեկնածուական թեզը պաշտպանել է Լուկինո Վիսկոնտիի և իտալական կինոյի վերաբերյալ: Հոդվածներ և քննախոսություններ է հրապարակել ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային օրաթերթերում և մասնագիտական հանդեսներում («Իսկուստվո կինո», «Սեանս»,«Sight and Sound», «Guardian», «Cahiers du Cinema»): Վերակառուցման տարիներին եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության քարտուղար և Կոնֆլիկտային կոմիտեի նախագահ` էկրան բարձրացնելով ավելի քան 200 ֆիլմ, որոնք արգելվել էին գրաքննության կողմից: Պլախովը եղել է և այժմ էլ մի շարք կինոփառատոների (Բեռլին, Վենետիկ, Տոկիո, Սան Սեբաստիան, Շանհայ, Սանկտ Պետերբուգ, Մոսկվա, Խանտի-Մանսիյսկ և Պլիոս) խորհրդատուն է, ծրագրեր կազմողը` անդամակցելով նաև ժյուրիին: Եվրոպական կինոակադեմիայի անդամ է:

ՋԵՅ ՎԱՅՍԲԵՐԳ

Իտալիա

Նյու Յորքում ծնված Ջեյ Վայսբերգն այժմ ապրում է Հռոմում: 2003-ից «Variety» թերթի կինոքննադատն է` շրջելով Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի կինոփառատոներով: Նրա աշխատանքները հրապարակվել են «The London Review of Books», «Sight & Sound», «EPD Film» և «Rushprint» միջազգային պարբերականներում: Վայսբերգի վերջին հոդվածներից է Քրիստիան Մունջուի ստեղծագործության ուսումնասիրությունը Սալոնիկի ՄԿՓ-ի հետահայաց ցուցադրության ծրագրի համար: Ժամանակակից կինեմատոգրաֆով զբաղվելուց զատ, նա գրում է և համր կինոյի մասին. Ալբեր Կապելանիի ամերիկյան կարիերային անդրադարձող նրա հոդվածը նոր է տպագրվել Կինոյի պատմության ուսումնասիրման ֆրանսիական ընկերակցության հրատարակած մենագրության մեջ: Վայսմանն իր նյութերով աջակցել է Պորդենոնեի Համր ֆիլմերի փառատոնի և Բոլոնյայի «Վերագտնված կինո» (Cinema Ritrovato) ԿՓ-ի կատալոգների ստեղծմանը: Հաճախակի անդամակցելով փառատոնային ժյուրիներին` նա մասնակցել է ժամանակակից կինոյի և կինոքննադատության վիճակին վերաբերող բազմաթիվ քննարկումների, ինչպես նաև ղեկավարել երիտասարդ կինոքննադատների ծրագրերը Ռոտերդամի, Բեռլինի, Լոկառնոյի և Աբու Դաբիի կինոփառատոներում:

ՏԻԻՆԱ ԼՈԿԿ

Էստոնիա

Կինոպրոդյուսեր և կինոդրամատուրգիայի գիտակ Տիինա Լոկկը, 1981-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի կինոյի տեսության և քննադատության բաժինը, աշխատել «Տալլինֆիլմ» Էստոնական կինոստուդյայում` որպես սցենարիստ, խմբագիր և գեղարվեստական խորհրդի անդամ: 1993-ին հիմնել է Filmimax դիստրիբուցիոն կինոընկերությունը, 1997-ին` Տալլինի «Մութ գիշերներ» ԿՓ-ը (որի տնօրենն է ներկայումս), Marvofilm կինոարտադրող և խորհրդատվական ընկերությունը, ինչպես նաև Baltic Event-ի և Black Market On-line-ի համահիմնադիրն է: 1975-ից ի վեր հրապարակել է բազմաթիվ հոդվածներ և ֆիլմերի քննախոսականներ, հեռուստատեսության և ռադիոյի ծրագրերի կինոթղթակից եղել: Տալլինի Մանկավարժական համալսարանում, Կոնկորդիա միջազգային համալսարանում և Էստոնիայի Երաժշտական ակադեմիայում դասավանդել է կինոյի պատմություն, տեսություն, կինոդրամատուրգիա և մշակութային մենեջմենթ: 2011-ից Կինոյի և ԶԼՄ-երի բալթյան դպրոցի կինոբաժնի ղեկավարն է, կինոարվեստի պրոֆեսոր: 1991-ից որպես փորձագետ հրավիրվել է մասնակցելու Էստոնիայի մշակութային հիմնադրամի, Մշակույթի նախարարության և Եվրախորհրդի ԶԼՄ ծրագրի տարբեր կլոր սեղանների, բարեփոխիչ խմբերի և ընտրական հանձնաժողովների աշխատանքին: 2000-ին ընտրվել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ, 2004-ին նշանակվել Եվրոպական կինոփառատոների կոորդինացման գործադիր վարչության նախագահ, 2009-ին` ՄԿՓ-երի գագաթաժողովի խորհրդատուների վարչության անդամ:

ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ֆրանսիա/Հայաստան

Ֆրանսահայ դերասան և ռեժիսոր: Ծնվել է 1955-ին Խորհրդային Հայաստանում: Պապն ու տատը սերում են Արևմտյան Հայաստանից և Հայոց ցեղասպանությունից հետո տեղափոխվել են Ֆրանսիա, որտեղ և աշխարհ են եկել Ավետիքյանի ծնողները: 1947-ին ընտանիքը վերադարձել է Հայաստան հայրենիքը վերակառուցելու հույսով, ինչպես և մյուս հայրենասերները: 1970-ին վերադարձել է Ֆրանսիա: Սերժ Ավետիքյանը հաճախել է Մյոդոնի (Ֆրանսիա) Դրամատիկական արվեստի կոնսերվատորիան, այնուհետև հիմնել թատերական ընկերություն և ստեղծել շատ կինոնկարներ: Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանի նրա կարիերան սկիզբ է առել 1979-ին: 1982-ից Ավետիքյանն սկսել է նկարահանել վավերագրական ֆիլմեր: 1990-ից նկարահանում է կարճամետրաժ և միջին տևողության ֆիլմեր: Մինչև 2000 թ. նրա գործերի մեծ մասը թողարկել է սեփական կինոընկերությունը: Ավետիքյանը նաև այլ կինոընկերությունների արտադրած մի շարք անիմացիոն, խաղարկային և վավերագրական ֆիլմերի ռեժիսորն է: Խաղացել է բազմաթիվ ֆրանսիական և հայկական ֆիլմերում:

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՍԵՐԳԵՅ ԼՈԶՆԻՑԱ

Բելառուսիա

Սցենարիստ, ռեժիսոր: Ծնվել է 1964-ին Բարանովիչիում (Բելառուս): 1987-ին ավարտել է Կիևի Պոլիտեխնիկական համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժինը: 1987-91 թթ. եղել է Կիևի կիբեռնետիկայի ինստիտուտի գիտաշխատող, զբաղվել արհեստական ինտելեկտի ուսումնասիրությամբ: Եղել է նաև ճապոներենի թարգմանիչ: 1997-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) լիամետրաժ ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը: Վավերագրական ֆիլմեր է նկարահանում 1996-ից և 11 աշխատանքի հեղինակ է: Արժանացել է բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների: 2010-ին նրա խաղարկային դեբյուտի` «Իմ ուրախություն» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը կայացել է Կաննի ՄԿՓ-ի գլխավոր մրցույթային ծրագրում: Ֆիլմը լավագույն ռեժիսորի տիտղոս է բերել Լոզնիցային Սոչիի «Կինոտավր» ԿՓ-ում, Ռուսաստանի կինոքննադատների գիլդիայի պարգևը, Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Արծաթե ծիրանը» և շատ այլ մրցանակներ:

ՊԻԵՏՐՈ ՄԱՐՉԵԼԼՈ

Իտալիա

Պիետրո Մարչելլոն «Անցնելով սահմանագիծը» ֆիլմի ռեժիսորն է, Իտալիայի հարավից հյուսիս մեկնող գիշերային գնացքների մասին պատմող մի ֆիլմ, որը, 2007-ին ներկայացվելով Վենետիկի ՄԿՓ-ի «Հորիզոններ» ծրագրում, արժանացել է վավերագրական կինոնկարների Պազինետտի մրցանակին, Բելլարիայի ՄԿՓ-ի «Կազա Ռոսսա» մրցանակին (2008) և ի թիվս այլ փառատոների, արժանացել նաև Սսալոնիկի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ի մրցանակին: 2009-ին Մարչելլոն նկարահանել է «Գայլի երախը»` առաջին իտալական ֆիլմը, որը հաղթեց Թուրինի ՄԿՓ-ի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում (նույն փառատոնում ֆիլմն արժանացավ նաև FIPRESCI-ի մրցանակին, ինչպես նաև «Կալիգարի» և «Թեդի արջ» մրցանակներին Բեռլինի ՄԿՓ-ում (2010), SCAM-ի Ժյուրիի մրցանակին Փարիզի Cinema du Rռel ՄԿՓ-ում (2010), Ժյուրիի մրցանակին Բուենոս Այրեսի անկախ կինոյի ՄՓ-ում (2010), «Դոնատելլոյի Դավիթ» իտալական մրցանակին (2010), իսկ 2011-ին ֆիլմը ցուցադրվեց Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMa): 2011-ին ռեժիսորը ասպարեզ է հանել «Փելեշյանի լռությունը»` հայ ականավոր կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի դիմանկարը, որը նույն տարի ներկայացվել է Վենետիկի ՄԿՓ-ում:

ՕՍՄԱՆ ՔԱՎԱԼԱ

Թուրքիա

Ծնվել է 1957-ին: Մանչեսթրի համալսարանում տնտեսագիտություն է ուսանել: 1982-ին սկսել է ղեկավարել հանգուցյալ հոր հիմնած Kavala Companies-ը: Ակտիվորեն մասնակցել է Թուրքիայում մի շարք գործարար կառույցների, այդ թվում, Թուրք-լեհական և Թուրք-հունական գործարար խորհուրդների և Զբոսաշրջության ներդրողների ընկերակցության հիմնադրմանը: Քավալան Թուրքական լսատեսողական կինոհիմնադրամի (TURSAK), Հողի էրոզիայի դեմ տարվող պայքարի հիմնադրամի (TEMA), Հելսինկյան քաղաքացիական ընկերակցության, Սալոնիկի Հարավ-արևելյան Եվրոպայի Ժողովրդավարության և հաշտեցման կենտրոնի հիմնադիր անդամներից է: Նա աշխատել է նշված կազմակերպությունների, ինչպես նաև Տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների հիմնադրամի (TESEV) վարչություններում: Այժմ Քավալան Anadolu Kultur ընկերության նախագահն է և Ստամբուլի Բաց հասարակության հիմնադրամի (Acık Toplum Vakfi) վարչության անդամ: Anadolu Kultur իրականացնում է մշակութային ծրագրեր մարդու իրավունքները, հաշտեցումը և մշակույթի բազմազանության ըմբռնումը խրախուսելու նպատակով:

ՌԱԴԱ ՇԵՇԻՉ

Նիդերլանդներ/Խորվաթիա/Բոսնիա և Հերցեգովինա

Ծնունդով Խորվաթիայից է: Դասավանդում է Նիդերլանդների հեռուստատեսության և կինոյի ակադեմիայում (Ամստերդամ): Սարաևոյի ԿՓ-ի վավերագրական ֆիլմերի մրցույթի ղեկավարն է: Որպես ծրագիր կազմող և ծրագրերի խորհրդատու ավելի քան մեկ տասնամյակ կապված է Նիդերլանդների երկու խոշորորագույն կինոփառատոների հետ. Ռոտերդամի ՄԿՓ-ում անդամակցում է նաև Հյուբերթ Բալս հիմնադրամի ընտրող հանձնախմբին, իսկ Ամստերդամի Վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ում (IDFA) պատրաստում է Յան Վրեյման հիմնադրամի ծրագիրը: Մի քանի տարի դասախոսել է Ամստերդամի համալսարանի կինոյի տեսության բաժնում: Նիդերլանդներում նկարահանել է «Անտեսարան սենյակը» (1997), «Սոսկե» (2001), «Ամենասպիտակ մենության մեջ» (2001), «Դպրոցի ճանապարհը» (2007) ֆիլմերը, որոնք ցուցադրվել են շուրջ 60 միջազգային կինոփառատոներում` արժանանալով տարբեր մրցանակների, ինչպես նաև ցուցադրվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA): Այժմ Շեշիչը Dok Leipzig կինոփառատոնի խորհրդական է, InKo Chennai-ի կինոծրագրերի կազմող, «Արևելցի հարևաններ» (Eastern Neighbors) ԿՓ-ի (Հաագա) գեղարվեստական ղեկավարը, մի փառատոն, որի ուշադրության կենտրոնում ոչ եվրոպական կինոն է: Եվրոպայում և Ասիայում Շեշիչը պարբերաբար ղեկավարում է վավերագրական կինոյի տարբեր սեմինարներ: Մի շարք եվրոպական հրատարակումներ ունի, մասնակցել է որոշ մասնագիտական գրքեր ստեղծմանը:

ԳԵՈՐԳ ՌԵՍԹԼԵ

Գերմանիա

Ծնվել է Էսլինգենում (Գերմանիա): Իրավունք և տնտեսագիտություն է ուսանել Ֆրայբուրգի համալասարանում (Գերմանիա) և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում: Կարիերան սկսել է որպես գերմանական մի շարք թերթերին թղթակցող ազատ լրագրող: Քննություններից հետո պրակտիկան անցել է հանրային հեռարձակման Westdeutscher Rundfunk (WDR) խոշորագույն գերմանական ընկերությունում: Գերմանիայի հանրային հեռուստատեսության ARD ալիքի արտահաստիքային թղթակից աշխատելուց հետո 2000-ին դարձել է «Մոնիտոր» հաղորդման խմբագիրը, հաղորդում, որը Գերմանիայի ամենահայտնի հետաքննական հեռուստածրագրերից է: 2010-12 թթ. եղել է ARD-ի մոսկովյան թղթակիցը: Վերադարձել է Գերմանիա և դարձել «Մոնիտոր» ծրագրի հաղորդավարն ու գլխավոր խմբագիրը: Գեորգ Ռեսթլեն բազմաթիվ վավերագրական հեռուստաֆիլմեր է թողարկել ազգային և միջազգային քաղաքական խնդիրների վերաբերյալ: Բացի դրանից, նա հետաքննական լրագրություն է դասավանդում միջազգային լրագրության ուսանողներին:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՄՐՑՈՒՅԹ

ԴԵՅՎԻԴ Դ՛ԱՐՍԻ

ԱՄՆ

Դեյվիդ Դ՛Արսին ֆիլմերի քննախոսականներ է գրում “Screen International” հանդեսի համար, կինոյի մասին պարբերաբար ելույթներ ունենում BBC հեռուստատեսությամբ և ռադիոյով: Նրա կինոբլոգը` artinfo.com-ում Outtakes վերնագիրն ունի: Միաժամանակ Դ՛Արսին Հայֆայի (Իսրայել) ՄԿՓ-ի ծրագրի կազմող է: Գրում է նաև արվեստի մասին “The Art Newspaper of London” պարբերականում: Նա «Ուոլիի դիմանկարը» լիամետրաժ վավերագրական ֆիլմի (2012) սցենարի հեղինակը և պրոդյուսերն է, ֆիլմ, որտեղ ներկայացված է այն միջազգային «ճակատամարտը», որ ծավալվեց ավստրիացի նկարիչ Էգոն Շիլեի հափշտակված նկարի շուրջը: Դ՛Արսին լայնորեն անդրադարձել է նաև մշակութային սեփականության վերաբերյալ ընթացող բանավեճին:

ՆԻՔ ՋԵՅՄՍ

Մեծ Բրիտանիա

Նիք Ջեյմսը “Sight & Sound” կինոհանդեսի խմբագիրն է: Ուսանել է Սեյնթ Մարտինի արվեստի դպրոցում և 70-ականների վերջից մինչև 80-ականների կեսը եղել ռոք երգիչ: 1989-ին աշխատանքի է անցել “City Limits” հանդեսում և մինչև 1991-ը եղել վերջինիս կինոյի բաժնի խմբագիրը: Կինոյի, գրականության և արվեստի մասին գրել է “Guardian”, “The Observer”, “The Independent”, “US Vogue”, “Time Out”, “The London Review of Books” և “The Literary Review” պարբերականներում: 1996-ին նշանակվել է “Sight & Sound”-ի խմբագիր: 2002-ին լույս տեսավ Ջեյմսի գիրքը Մայքլ Մանի «Գոտեմարտ» ֆիլմի մասին, և նա դարձավ «Բրիտանական կինո. գործի ավարտը» վավերագրական կինոնկարի խոսնակը: 2010-ին Ֆրանսիայի կառավարությունը Նիք Ջեյմսին շնորհեց արվեստի և գրականության ասպետի կոչում, իսկ հաջորդ տարի նա Թելյուռայդի ԿՓ-ում (ԱՄՆ) “Sight & Sound”-ի կողմից ընդունեց հատուկ հիշատակման մեդալ: Ջեյմսը եղել է Սան Սեբաստիանի, Թորոնթոյի, Ստամբուլի, Սան Ֆրանցիսկոյի, Մորելիայի կինոփառատոների և Կանն-2011-ի «Քննադատների շաբաթ» ծրագրի ժյուրիի անդամ:

ԺԱՆ ՌԱԴՎԱՆԻ

Ֆրանսիա

1985-ին Ժան Ռադվանիին շնորհվել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO) դոցենտի կոչում: 2008-12 թթ. նա եղել է Մոսկվայի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆրանս-ռուսական հետազոտական կենտրոնի տնօրենը: 2012-ից INALCO-ի պրոֆեսոր է և այդ ինստիտուտի տնօրենը: Ռադվանին իր գործունեության ընթացքում հեղինակել և խմբագրել է մի շարք գրքեր և հոդվածներ կինեմատոգրաֆի մասին, որոնցից առավել հիշարժան են «Վրացական կինո» (1988), «Խորհրդային Կենտրոնական Ասիայի կինոն» (1991), «Հայկական կինո» (1993), «100 դուռ դեպի Ռուսաստան» (1999), «Ռուսաստանը երկու աշխարհների միջև» (2005), «Նոր Ռուսաստանը» (2007), «Կովկաս. ազդեցությունների խաղ» (2010), «Վերադարձ այլ Ռուսաստանից» (2013):

ԱՆԺԵԼԻԿԱ ԱՐՏՅՈՒԽ

Ռուսաստան

Սանկտ Պետերբուրգում բնակվող Անժելիկա Արտյուխը հոդվածներ է հրապարակել մի շարք ռուսական և միջազգային մասնագիտական կինոհանդեսներում («Իսկուստվո կինո», «Կինովեդչեսկիե զապիսկի», «Սեանս», «Film Comment» և այլն), ինչպես նաև թերթերում: Նա դասավանդում է Սանկտ Պետերբուրգի Կինոյի և հեռուստատեսության համալսարանում և Ազատ արվեստների և գիտությունների Սմոլնի քոլեջում: 2002-ին Կինոքննադատների ռուսական գիլդիան Միխայիլ Լևիտինի մրցանակ է շնորհել նրան: Արտյուխը FIPRESCI-ի անդամ է և եղել է Բեռլինի, Ռոտերդամի, Մոսկվայի, Օսլոյի, Վիեննայի և այլ միջազգային կինոփառատոների ժյուրիի անդամ:

ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստան

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հայրենական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր: Նրա գործերի հենքը Հայաստանի ժամանակակից կյանքն է: Միքայել Պողոսյանն ազատ ստեղծագործող է, հեղինակել է բազմաթիվ ֆիլմեր և ներկայացումներ` հանդես գալով որպես գաղափարի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր:

ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ

Ռուսաստան/Հայաստան

Մարինե Ալեսը (Վարդանյան), որի կեղծանունը կազմված է որդու` Ալեքսանդրի և դստեր` Սեդայի անունների սկզբնատառերի համակցությունից, ծնվել է Մոսկվայում, քիմիկոսի և ճարտարապետի ընտանիքում: Մինչև պատանեկան տարիքը նրա կյանքն անցել է Երևան - Մոսկվա - Թբիլիսի քաղաքներից կազմված եռանկյունում: Հաճախել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը, ուսանել Երևանի Թատերական ինստիտուտի թատերագիտության բաժնում և Մոսկվայի Թատերական արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում: Հեղինակել է հինգ երաժշտական ալբոմ («Ես քեզ կթողնեմ», «Բարդիներ», «Խոհեր», «Քեզ հետ և առանց քեզ», «Երկնքում` ոտաբոբիկ») և «Բեկորներ» ժողովածուով տպագրված հայերեն ու ռուսերեն չափածո գործեր: Հայաստանի «Կյանքի ընծա» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է:

ԿՈՐԻԶ ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻ

ՊԱՎԵԼ ՖԻՆՆ

Ռուսաստան

1962-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ): Ավարտելուց հետո սկսել է զբաղվել լրագրությամբ. նրա հոդվածները հրապարակվել են կենտրոնական թերթերում և հանդեսներում: Նկարահանել է մի շարք վավերագրական և հեռուստատեսային ֆիլմեր: 1970-ից ի վեր աշխատում է խաղարկային կինոյում: Ֆիննի մասնակցությամբ ստեղծվել է 60 ֆիլմ: Նրա սցենարները և էսսեները բազմիցս տպագրվել են ամսագրերում և առանձին գրքերով:

ՍՏՅԵՊԱՆ ՀՈՒՆԴԻՉ

Խորվաթիա

Ծնվել է 1966-ին Զագրեբում: 1985-ին ավարտել է Զագրեբի Մշակույթի և արվեստների բարձրագույն դպրոցը, իսկ 1993-ին` Զագրեբի համալսարանի լեզվաբանության և հնչյունաբանության ֆակուլտետը: 1989-ից աշխատում է որպես կինոլրագրող և կինոքննադատ` թղթակցելով մի շարք խորվաթական, սլովենական, լեհական, ռումինական, ավստրիական, բրիտանական և ամերիկյան հրատարակությունների, այդ թվում` և «The Hollywood Reporter»-ին: 2003-05-ին եղել է «Total Film» բրիտանական կինոամսագրի տարածաշրջանային հրատարակության գլխավոր խմբագիրը: Միջազգային կինոփառատոները լուսաբանող կինոքննադատ, խմբագիր և լրագրող է աշխատել նաև ռադիոյում և հեռուստատեսությունում: 1992-ից որպես կինոքննադատ, լուսաբանող և ժյուրիի անդամ մասնակցում է ամենակարևոր միջազգային կինափառատոներին (Սանդենս, Բեռլին, Կանն, Լոկառնո, Վենետիկ, Թորոնթո, Պուսան և այլն), ինչպես նաև ամենակարևոր կինոշուկաներին (UniFrance , Փարիզ, EFM, Բեռլին, Filmart, Հոնկոնգ, Կանն, Madrid de Cine, Թորոնթո): 1991-ից Խորվաթիայի կինոքննադատների միության անդամ է, 1992-ից` FIPRESCI-ի անդամ: Դուբրովնիկի Libertas ԿՓ-ի գեղարվեստական ղեկավարն է, «Ֆանտաստիկ Զագրեբ» ԿՓ-ի համահիմնադիրն ու համանախագահը: Համաշխարհային կինոյի ամենահայտնի և ազդեցիկ դեմքերի հետ անցկացրած հարցազրույցների երեք գիրք է հրապարակել (1997-2000): 2011-ին Հյուբների «Ով ով է»-ն նրան ընդգրկել է Խորվաթիայի ամենաճանաչված անձանց ցանկում:

ԷԴԻՏԱ ՅԱՆՉԱԿ - ԻՐԻԱՐ

Ֆրանսիա

Ազգությամբ լեհ ֆրանսիացի պրոդյուսեր: Ավարտել է Լոձի (Լեհաստան) Ազգային կինոդպրոցի պրոդյուսերական բաժինը: 2005-ին, տեղափոխվելով Փարիզ, աշխատանքի է անցել Սիլվի Պիալայի Les Films du Worso կինոընկերությունում, որտեղ զբաղվել է մի շարք խաղարկային ֆիլմերի արտադրական և հետարտադրական հարցերով: Միաժամանակ եղել է Mezzanine Films կինոընկերության արտադրական բաժնի պետը: 2008-ին Փարիզում ստեղծել է Kometa Films կինոընկերությունը, որտեղ արտադրվել են մի շարք կարճամետրաժ ֆիլմեր CNC, Arte, Canal+, France Television և այլ հեռուստաալիքների աջակցությամբ և ցուցադրվել աշխարհի տարբեր փառատոներում (Բրեստ, Անժեր, Բրուքլին, Օսթին, Նյու Յորք, Մոնրեալ, Փալմ Սփրինգս): 2010-12 թթ. Յանչակ-Իրիարը եղել է Unifrance-ի կարճամետրաժ ֆիլմերի հանձնախմբի անդամ: Այժմ նա սցենարական փորձագետ է CNC-ի խաղարկային ֆիլմերի բաժնում և Բուրգունդիայի Տարածաշրջանային կինոհիմնադրամի հանձնախմբի անդամ, իսկ Kometa Films-ում հետևում է ինչպես խաղարկային և անիմացիոն լիամետրաժ աշխատանքներին, այնպես էլ կարճամետրաժ ֆիլմերի արտադրությանը:

FIPRESCI ԺՅՈՒՐԻ

ՄԱՐԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Գերմանիա

Ծնվել է 1968-ին Մայնի Ֆրանկֆուրտում: Հայրը` Արտավազդ Հայրապետյանը, Մարկի ծննդավայրի հայկական միության հիմնադիրն է եղել: 16 տարեկանում Մարկը հիմնել և վարել է Ein Lächeln Im Sturm (Ոգի. ժպիտ հողմի ժամանակ) www.spirit–fanzine.de կինոյի, երաժշտության, գրականության և աուդիոդրամայի հանդեսը: Հայրապետյանը թղթակցում է Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում լույս տեսնող թերթերի և հանդեսների: Բացառիկ հարցազրույցներ է անցկացրել աշխարհահռչակ դեմքերի հետ և «Օսկար Վեռներ. Կինոգիրք» կենսագրականի (Վիեննա, 2002) համահեղինակն է: 2011-ից Բեռլինի Կինոյի թանգարանի վարչության անդամ է: Դասական ֆիլմերի նրա ցուցադրությունները` 70 և 35 մմ ժապավեններով, հայտնի են Գերմանիայում: 1996-ից Մարկ Հայրապետյանը նաև հեռուստատեսության և կինոյի դերասան է: Նրա նոր էրոտիկ թրիլերը` «Սիրո ճշմարիտ ուղիները» (ռեժ.` Մաթյո Զայլեր) 2014-ին կներկայացվի Բեռլինի ՄԿՓ-ում: Հայրապետյանը հաճախ լինում է գերմանական կինոփառատոների ժյուրիի անդամ:

ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆ

Հայաստան

Կինոքննադատ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր: Ծնվել է 1949-ին Երևանում, հայտնի ռեժիսոր Յուրի Երզնկյանի ընտանիքում: 1971-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել Մոսկվայի արվեստաբանության գիտահետազոտական ինստիտուտում: 1973-89 թթ. աշխատել է Կինեմատոգրաֆիստների միության վարչությունում` որպես ստեղծագործական մասնաճյուղի նախագահ, ապա` քարտուղար: 1977-ից դասախոսել է Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի և հեռուստատեսության ամբիոնում, 1996-ից դասավանդում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2000-ից նույն ինստիտուտում ղեկավարում է կինոգետների արվեստանոցը: Կինոյին և հեռուստատեսությանը նվիրված մի շարք հոդվածների և գրքերի հողինակ է: 2006-ին նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական գծով պրոռեկտոր, իսկ այժմ նույն ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկանն է:

ԴՅՈՐԴՅ ԿԱՐՊԱՏԻ

Հունգարիա

Լրագրություն և կուլտուր-կազմակերպչական գործ է ուսանել, թեկնածուական պաշտպանել հաղորդակցության գծով: Ներկայումս Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկական համալսարանի դոցենտ է, դասավանդում է հաղորդակցությանն ու կինոյին առնչվող մի շարք առարկաներ: Կարպատին մեծությամբ երկրորդ ազգային օրաթերթի` Magyar Nemzet-ի կինոքննադատն է ու թղթակիցը, FIPRESCI-ի փոխնախագահը: Նա Grindhouse հրատարակչության տպագրած «Կինոյի պատմության արգելված դարաշրջանը» (2007) և «Ժանրում. ժանրի պատություն» (2008) էսսեների գրքերի հրատարակիչը, խմբագիրը և համահեղինակն է:

ԷԿՈՒՄԵՆԻԿ ԺՅՈՒՐԻ

ԴԱԳԼԱՍ Փ. ՖԱԼՍՈՆ

ԱՄՆ

Սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Դագլաս Փ. Ֆալսոնն իր գործունեությունն սկսել է Լոնդոնում, որպես դերասան, ավարտելով Լոնդոնի Երաժշտության և դրամատիկական արվեստի ակադեմիան (LAMDA): Ավարտել է նաև Հարավային Կալիֆորնիայի համալսարանի սցենարական բաժինը: Տարբեր միջազգային կինոփառատոներում եղել է SIGNIS-ի (Հաղորդակցության համաշխարհային կաթոլիկական ընկերակցություն) և Էկումենիկ ժյուրիի անդամ: Գրել է և գրում է մի շարք պարբերականների համար (San Francisco Chronicle, Lincoln Journal Star, Southern California Review, Alive! ):

ԳԵՎՈՐԳ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐՈՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1977-ին Մասիսում: Ուսանել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Անգլերեն և հոգեբանություն է սովորել Նյու Յորքի Հոգեբանության և փիլիսոփայության Քոնքորդիա քոլեջում (ԱՄՆ): Աստվածաբանության բակալավրի աստիճանն ստացել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանից, իսկ մագիստրոսինը` Օքսֆորդի համալսարանից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի վերատեսուչն է:

ՀԱՅՆՑ ՄԱՐՏԻՆ ՔՌԱՈՒՍ

Գերմանիա

Ծնվել է 1961-ին Բրեմենում: Աստվածաբանություն և ռոմանագիտություն է ուսանել Գյոթինգենի համալսարանում (Գերմանիա), Բարսելոնում, Մյունխենում և Սան Խոսեում (Կոստա Ռիկա): Պաստոր է եղել Կարակասում (Վենեսուելա), 2007-12 թթ. Բրեմենի Նոյե Վար լյութերական համայնքում: 2012-ից դպրոցական քահանա և ուսուցիչ է Բրեմենի Նեբելթաու գիմնազիայում: 1987-ից ի վեր Բրեմենի եկեղեցու կողմից «Եկեղեցի և կինո» էկումենիկ խմբի անդամ է: 2010-ին եղել է Ռիգայի «Արսենալ» ԿՓ-ի Interfilm-ի ժյուրիի, 2011-ին Կիևի ԿՓ-ի էկումենիկ ժյուրիի անդամ: