ԺՅՈՒՐԻՆԵՐ
2008

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ԴԱՐՅՈՒՇ ՄԵՀՐՋՈՒԻ

Իրան

Որպես իրանական կինոյի նոր ալիքի խորհրդանշական դեմք` Մեհրջուին համարվում է ամենաինտելեկտուալ ռեժիսորներից մեկը: Ծնվել է 1939-ին Թեհրանում: Երիտասարդ տարիքում մեկնել է Միացյալ Նահանգներ և Լոս Անջելեսում` ընդունվել Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) կինոյի բաժինը: Փոխելով մասնագիտացումը` փիլիսոփայություն է ուսանել և 1964-ին` ավարտել համալսարանը: 1965-ին վերադառնալով Իրան` նրա գրեթե անմիջապես սկսել է կինոռեժիսորի կարիերան: 1966-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը` «Ադամանդ 33»-ը: Մեհրջուիի երկրորդ խաղարկային կինոնկարը` «Կովը» (1969), նրան ճանաչում է բերել երկրում և միջազգային ասպարեզում: 1971-ին ֆիլմը, գաղտնի դուրս բերվելով Իրանից, ներկայացվել է Վենետիկի ՄԿՓ-ում, որտեղ առանց նախապես ծրագրվելու եւ ենթագրերի` դարձել է այդ տարվա փառատոնի ամենամեծ իրադարձությունը: Սա շրջադարձային աշխատանք էր իրանական կինոյի պատմության մեջ: Հանդիսատեսները մեծ խանդավառությամբ ընդունեցին «Կովը», թեեւ ֆիլմն անտեսել էր շահութաբեր ժապավենների բոլոր ավանդական տարրերը: 1973-ին Մեհրջուին սկսեց նկարահանել իր այն գործը, որը պիտի դառնար ամենամեծ հավանության արժանացած նրա ֆիլմը: «Շրջանի» համահովանավորը Մշակույթի նախարարությունն էր, բայց կինոնկարը բախվեց Իրանի բժշկական շրջանների դիմադրությանը, և մինչեւ 1977-ը ցուցադրությունն արգելված էր: Իսկ արտասահմանում ֆիլմը համընդհանուր հիացմունք առաջացրեց: 1978-ին Բեռլինի ՄԿՓ-ում «Շրջանն» արժանացավ FIPRESCI-ի մրցանակին: 1981-ին Մեհրջուին ուղևորվեց Փարիզ և մի քանի տարի մնաց այնտեղ` այդ ընթացքում ֆրանսիական հեռուստատեսության համար նկարահանելով «Ճանապարհորդություն դեպի Ռեմբոյի երկիր» լիամետրաժ կիսավավերագրական ֆիլմը: Տան կարոտը նրան ստիպեց վերադառնալ Իրան և ձեռնարկել «Կենվորները» (1986)` մի կատակերգություն անշարժ գույքի վաճառքով զբաղվող գործակալի մասին, որը ջանում է բնակարանից վռնդել կենվորներին: «Համուն» ֆիլմում (1989), որ կյանքը խորտակած մտավորականի դիմանկար է, Մեհրջուին ձգտել է պատկերել իր սերնդի հետհեղափոխական շրջադարձը քաղաքականությունից դեպի միստիցիզմ: 90-ականներին Մեհրջուին շարունակեց ֆիլմեր նկարահանել, որոնք առնչվում էին կանանց խնդիրներին: «Բանուն» (1991, էկրան է բարձրացել 1998-ին), քիչ թե շատ, Լուիս Բունյուելի «Վիրիդիանա»-ի տեղափոխումն է Իրան: «Սառա»-ում (1993) նույնը վերաբերում է Իբսենի «Տիկնիկային տունը» պիեսին: «Փարին» (1995), որ Սելինջերի «Ֆրենին և Զուին» վիպակի փախադրումն է, ուշադրություն գրավեց և դատավարության սպառնալիքի տեղիք տվեց մենակյաց գրողի կողմից: «Լեյլան» (1996) ամբողջովին Մեհրջուիի գործն էր եւ առաջինը, որ Արեւմուտքում լայնորեն ցուցադրվեց: Անպտղության և ամեն ինչին խառնվող սկեսրոջ պատճառով փլուզված ամուսնության պատմությունը հիացական արձագանքներ բերեց: Փառատոներից և 1998-ին Լինքոլն կենտրոնի կինոընկերության կազմակերպած լիակատար հետահայաց ցուցադրությունից դուրս` Մեհրջուիի ֆիլմերը մեծ մասամբ անհայտ են Իրանի սահմաններից անդին, մի վրիպում, որը պիտի հուսալ, թե կշտկվի ժամանակի ընթացքում:

ԳՈՐԱՆ ՊԱՍԿԱԼՎԻՉ

Սերբիա

Ծնվել է 1947-ին Բելգրադում: Նախկին Հարավսլավիայի ամենանշանավոր ռեժիսորերից մեկը FAMU-ի շրջանավարտների, այսպես կոչված, «չեխական դպրոցի» ներկայացուցիչ է: Ճանաչման է հասել իր կարճամետրաժ վավերագրական աշխատանքներով, բայց խաղարկային ֆիլմերն էին, որ նրան դասեցին եվրոպացի առաջատար ռեժիսորների կարգը: Պասկալևիչի ոճը, թեմաները և տրագիկոմիկական շունչը իրենց հետքն են թողել չեխական նոր ալիքի վրա: Միջազգային ճանաչում է ձեռք բերել հատկապես «Լողափի հսկիչը ձմռանը» (1976), «Հատուկ բուժում» (1980, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի»), «Մթնշաղի ժամանակ» (1983, Չիկագոյի ՄԿՓ-ի Գլխավոր մրցանակ), «68-ի վաղանցիկ ամառը» (1984), «Պահապան հրեշտակը» (1987), «Հրաշքների ժամանակը» (1989), «Վառոդի տակառ» (1998, FIPRESCI-ի մրցանակ Վենետիկի ՄԿՓ-ում), «Թե ինչպես Հարին ծառ դարձավ» (2001) և «Միջամառնային գիշերվա երազը» (2004, Սան Սեբաստիանի ՄԿՓ-ի ժյուրիի Մեծ մրցանակ): Նրա վերջին ֆիլմի` «Լավատեսների» պրեմիերան կայացել է 2006-ի աշնանը:

ԱԶԻԶԵ ԹԱՆ

Թուրքիա

Ծնվել է 1971-ին Ստամբուլում: Ավարտել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանը: 1993-ից աշխատում է Ստամբուլի Մշակույթի և արվեստի հիմնադրամում` կազմակերպելով հինգ միջազգային փառատոն (կինոյի, թատրոնի, երաժշտության, ջազի փառատոներ և ժամանակակից արվեստի` երկու տարին մեկ բացվող ցուցահանդես): Եղել է Ստամբուլի ժամանակակից արվեստի 5-րդ, 6-րդ և 7-րդ ցուցահանդեսների համադրողը, 2003-ին` դարձել Ստամբուլի ՄԿՓ-ի փոխտնօրենը: 2006-ից այդ փառատոնի տնօրենն է: Վերջին յոթ տարիներին կազմակերպում է նաև Ստամբուլի աշնանային կինոշաբաթը: NETPAC-ի և Ասիայի խաղաղօվկիանոսյան կինոմրցանակների առաջադրման խորհրդի անդամ:

ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1953-ին Երևանում: 1968-72 թթ. սովորել է Ա. Թամանյանի անվան տեխնիկումի ճարտարապետական բաժնում: 1972-74 թթ. ծառայել է սովետական բանակում: 1979-ին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը (Հենրիկ Մալյանի արվեստանոց): 1981-98 թթ. աշխատել է Հ. Մալյանի անվան թատրոնում որպես դերասան, ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար: 1988-91 թթ. սովորել է Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն դասընթացներում (Ռոլան Բիկովի արվեստանոց): 1978-ից նկարահանվում է կինոյում: Խաղացել է երկու տասնյակից ավելի դերեր, որոնց թվում են այնպիսի նշանակալից կատարումներ, ինչպիսիք են Թորիկը (Հ. Մալյանի «Կտոր մը երկինք»), Օբերոնը (Ա. Մկրտչյանի «Հին օրերի երգը»), Վարորդը (Ա. Էգոյանի «Օրացույց»):

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՄԻԽԱՅԵԼ ԳԼԱՎՈԳԵՐ

Ավստրիա

Ծնվել է 1959-ին Գրացում (Ավստրիա): Սովորել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում և Վիեննայի կինոակադեմիայում: Բացի ռեժիսոր լինելուց, գրող է և օպերատոր: Պարբերաբար համագործակցում է Ուլրիխ Զայդլի հետ: 1995-ին «Մրջյունների ճանապարհը» ֆիլմի համար արժանացել է Վիեննայի կինոփառատոնի մրցանակի: 2006-ին Գլավոգերի «Աշխատավորի վախճանը» վավերագրական ֆիլմը շահել է «Ոսկե ծիրան» մրցանակը:

ՎԻՏԱԼԻ ՄԱՆՍԿԻ

Ռուսաստան

Ծնվել է 1963-ին Լվովում: 1982-ին ընդունվել է Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտ (ՎԳԻԿ): 1989 թվականից ի վեր նկարահանել է 23 ֆիլմ, որոնք մասնակցել են ավելի քան 200 միջազգային փառատոների եւ արժանացել 30-ից ավելի մրցանակների: Նրա ֆիլմերը բազմիցս ցուցադրվել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Իսրայելի եւ շատ այլ երկրների հեռուստաընկերությունների կողմից: 1996 թվականից հիմնել եւ վարում է «Իրական կինո» հաղորդաշարը ռուսական առաջին հեռուստաալիքով: Նույն թվականից մինչեւ 1999-ը եղել է “REN-TV” հեռուստաընկերության կինոցուցադրումների ծառայության ղեկավարը եւ գլխավոր պռոդյուսերը: 1999-ից 2003-ը ղեկավարել է «Ռոսիա - ՌՏՌ» ալիքի վավերագրական ծրագրերի արտադրությունը: Վերջին տարիներին որպես պրոդյուսեր մասնակցել է ավելի քան 200 ֆիլմի արտադրությանը:

ԿԱՌԼԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մեծ Բրիտանիա

Միակ ամերիկացին է, որ հաստատվել է BBC-ի նշանավոր Համաշխարհային լուրերում: Մինչ Բրիտանիայում հիմնավորված պրոդյուսեր, ռեժիսոր և թղթակից դառնալը ավարտել է Լոնդոնի Էկոնոմիկայի և քաղաքագիտության դպրոցի միջազգային կապերի բաժինը: Որպես վավերագրող անուն է հանել աֆղան կանանց դաժան վիճակի մասին պատմող "Բարձրացնելով քողը" կինոնկարով: Համաշխարհային մամուլում մեծ արձագանք գտավ նրա "Զոհվելով հանուն նախագահի" ֆիլմը. Կարապետյանը թափանցել էր Չեչնիա` վավերագրելու ռուսական բանակի ծանրագույն հանցագործությունը` փախստականների սպիտակ դրոշակակիր ավտոշարասյան ռմբակոծումը: Արձագանքների տեղիք տվեց նաև "Իմ ընկեր վարձկանը"` Հասարակածային Գվինեայում հեղաշրջման փորձի մասին: Կարապետյանը Հարավային Աֆրիկայում մտել էր վարձկանների աշխարհ, որտեղ հեղաշրջումը նախապատրաստվել էր և գաղտնի նկարահանումներ արել Զիմբաբվեում ու Հասարակածային Գվինեայում: Նրա աղմուկ հանած մյուս ֆիլմը Հյուսիսային Կորեայի մասին էր` "Գաղտնի պետության երեխաները", մի կինոնկար, որը հանգամանորեն պատմում է սովի, մարդու իրավունքների ոտնահարման և մարդակերության մասին այդ աղքատ երկրում: Կարապետյանի "Ծածուկ Իրան" ֆիլմը` Իրանի ընդհատակյա ուսանողական շարժման վերաբերյալ, 2005-ին արժանացել է Էդուարդ Ռ.Մըրոուի հեղինակավոր մրցանակին: "LA Times Calendar"-ում Կարապետյանի մասին պատմող հոդվածի վերնագիրը թերևս նրա գործունեության լավագույն բնորոշումն է` "Վավերացնելով ճշմարտությունը վտանգավոր վայրերում": BBC-ի Համաշխարհային լուրերից բացի, Կարապետյանը թղթակցել է NBC-ի Sunrise-ին, Գիշերային լուրերին և CNBC-ի Ֆինանսական լուրերին: Ճանաչված կինոգործիչ Ջ.Մ.Հակոբյանի` Հայոց ցեղասպանությանն անդրադարձող "Ձայներ լճից" կինոնկարի խոսնակն է, ինչպես նաև նրա "Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը" մրցանակակիր ֆիլմի սցենարի համահեղինակը: 2007 թվականին «Ոսկե ծիրան» կինոփառատոնում Կառլա Կարապետյանի «Ճչացոթղները» ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» մրցանակի Հայկական համայնապատկեր մրցույթում եւ Էկումենիկ ժօուրիի խրախուսական մրցանակի:

ՍԵՐԳԵՅ ԲՈՒԿՈՎՍԿԻ

Ուկրաինա

1960-ին Կիևում ծնված Բուկովսկին Ուկրաինայի լավագույն վավերագրողներից է: Ռեժիսուրա է ուսանել Կիևի Կարպենկո Կարիի անվան թատերական ինստիտուտի կինոյի բաժնում: Խորհրդային բանակում ծառայելուց հետո ավելի քան մեկ տասնամյակ աշխատել է Ուկրաինայի վավերագրական ֆիլմերի ստուդիայում: Վերակառուցման առաջին տարիներին նրա նկարահանած «Վաղը տոն է» 20-րոպեանոց ֆիլմը (1987) արժանացել է մամուլի, կինոհամայնքի և հանդիսատեսի դրվատանքին: 25-ամյա կինոկարիերայի ընթացքում հեղինակել է շուրջ 50 վավերագրական ֆիլմ: Դրանց մի մասը մրցանակներ են շահել հեղինակավոր միջազգային կինոփառատոներում: Այդ ֆիլմերի թվում են «Տանիքը» (1992), «Տեղաբաշխումը» (1992), «Գծիկը» (1992), «Դեպի Բեռլին»-ը (1995), «Վիլեն Կալյուտա, իսկական լույսը»-ը (2000), «Terra Vermelha. Կարմիր հող»-ը (2001) եւ «Պատերազմ. ուկրաինական հաշիվ» 9-մասանոց վավերագրական հեռուստասերիալը, որը 2004-ին արժանացել է Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակին: 1998-ից մինչև 2003-ը Բուկովսկին վավերագրական կինոյի ռեժիսուրայի դասընթաց է վարել Կիևի թատերական ինստիտուտում: Նրա ուսանող Իգոր Ստրեմբիցկին 2005-ին իր կարճամետրաժ վավերագրական ֆիլմի համար Կաննում «Ոսկե արմավենու ճյուղի» է արժանացել:

ՄԵԼԵՔ ԹԵՅԼԱՆ

Թուրքիա

Ծնվել է 1946-ին Ստամբուլում: 1965-ին ավարտել է Օրիորդաց ամերիկյան քոլեջը (Ռոբերտ քոլեջ): 1967-ին ընդունվել է Ստամբուլի համալսարանի անգլիական գրականության բաժինը: 1971-ին հեռացել է Թուրքիայից` բնակվելով Ժնևում, Ամստերդամում և Բոլոնյայում: 1974-ին վերադարձել է Թուրքիա և ավարտել Ստամբուլի համալսարանի անգլիական գրականության բաժինը: 1976-ին որպես անգլերենի դասախոս աշխատանքի է անցել Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի (Անկարա) հումանիտար գիտությունների բաժնում: Ուսումը շարունակել է այդ համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում: Միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում է ստացել: 1982-ին վերադարձել է Ստամբուլ: Մամուլի և գովազդի խորհրդատու է եղել Աղա Հան հիմնադարամում և սինքրոն թարգմանիչ` Սինքրոն թարգմանիչների ընկերակցությունում: 1992-ին գործընկերուհու` Նուրդան Արջայի հետ, հինել է «Ajans 21» վավերագրական ֆիլմերի անկախ ստուդիան: 1994-ին սկսել է աշխատել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Թուրքիայի բաժնում: Ընտրվել է Թուրքիայի HCA-ի ռեժիսորների վարչության անդամ: Թողարկել է երկու վավերագրական ֆիլմ:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՄՐՑՈՒՅԹ

ԱՆԱՀԻՏ ՆԱԶԱՐՅԱՆ

ԱՄՆ

Ծնվել է Նյու Ջերսիում, մեծացել` Լոս Անջելեսում: Վաղ տարիքից երաժշտություն է ուսանել, ջութակ, ֆլեյտա, ալտ սաքսոֆոն և բաս կիթառ նվագել տարբեր նվագախմբերում` սկսած սիմֆոնիկ նվագախմբերից մինչև ծանր ռոքի խմբերը: Կինոկարիերան սկսել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «American Zoetrope» ընկերությունում՝ որպես հետազոտական գրադարանի տնօրեն: Շարունակելով երկարամյա համագործակցությունը Կոպոլայի հետ` դարձել է նրա սցենարների խմբագիրը և պրոդյուսերը: Նազարյան պրոդյուսերի առաջին ֆիլմը «Նուռն» է, երկրորդը` «Պատրանքը»` Քըրք Դուգլասի մասնակցությամբ: Տասնամյա ընդմիջումից հետո Կոպոլայի նկարահանած «Երիտասարդություն` առանց երիտասարդության» ֆիլմի գործադիր պրոդյուսերն է: Նկարահանումների ընթացքում գրեթե երկու տարի անցկացրել է Ռումինիայում: Այժմ զբաղված է Կոպոլայի «Տետրո» նոր ֆիլմի արտադրությամբ, որը նկարահանվում է Արգենտինայում:

ՊԱՏՐԻԿ ԿԱԶԱԼՍ

Ֆրանսիա

Ֆրանիսիայի հարավում` Լեսպինյանում, ծնված Պատրիկ Կազալսը փիլիսոփայություն և կինոարվեստ է ուսանել Սորբոնում: Հեռուստատեսային պրոդյուսեր է և ռեժիսոր (1987-ին հիմնել է «Les Films du Horla» սեփական ընկերությունը): Մոտ 50 վավերագրական ֆիլմերի և կինոդիմանկարների հեղինակ է: 1988-2000 թթ. թղթակցել է «Liberation», «Cahiers du Cinema» պարբերականներին և Ֆրանսիական ռադիոյին (France Culture), հոդվածներ գրել տարբեր հանդեսների ու թերթերի համար: Նրա գրքերի թվում են «Մյուզիդորա. տասներոդ մուսան», «Սերգեյ Փարաջանովը» (հրատարակիչ` Cahiers du Cinema) և «Պատմություններ ու լեգենդներ» նշանավոր շարքի երկու գիրք (Nathan հրատարակչություն): 1989-1990 թթ. եղել է Գրքերի ազգային կենտրոնի թոշակառու, 1980-1985 թթ. Աբյուսոնում` մշակութային ակցիայի, Ազգային բեմական կենտրոնի և Try Cinema ցուցասրահի մենեջեր: Կլոդ Միլերի ասիստենտն է եղել «Նվագակցուհին» ֆիլմում (1990) և Օթար Իոսելիանիի առաջին ասիստենտը` Arte հեռուստաալիքի երկու հատուկ թեմատիկ երեկոների ընթացքում (Միակ Վրաստանը, 1994): 1994-1995 թթ. անդամակցել է Արևելյան երկրների և Կենտրոնական Եվրոպայի կինոթատրոնների աջակցության հիմնադրամի նախագծերին (CNC հանձնախումբ), 2004-2006-ին` Վավերագրական ֆիլմերի աջակցության հիմնադրամի նախագծերին (CNC հանձնախումբ): Լսատեսողական միջոցների վարչության (SCAM ) անդամ է:

ԶԱՎԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Իրան

Ծնվել է 1950-ին Նոր Ջուղայում, Սպահան: Ավարտել է Սպահանի համալսարանի քիմիայի բաժինը: 1971-ին համահիմնադրել է Սպահանի «Ազատ կինո» կազմակերպությունը` ղեկավարելով մինչև 1978-ը: Միաժամանակ զբաղվել է ռեժիսուրայով, նկարահանել «Արշալույսին» (1972), «Հին տիկնիկը» (1973), «Մեկ այլ եղանակ» (1976) կարճամետրաժ ժապավենները: 1970-ից քննադատական հոդվածներով հանդես է գալիս կինոյի և թատրոնի ամսագրերում: Հեղինակ է իրանական կինոյի վետերան ռեժիսորների (Մասուդ Քիմիայի, Բահրամ Բայզաի, Աբբաս Քիառոստամի) և նրանց ֆիլմերի մասին պարսկերեն գրքերի: 1980-ականներից ակտիվորեն աշխատում է նաև հեռուստատեսությունում, նկարահանել է «Իմ բոլոր զավակները», «Ես Ռըզա Նուրկիան եմ», «Լուսանկարիչը», «Վանքի երկնքի տակ», «Թռիչք», «Մարդ, ձի, ձուկ», ինչպես նաև հայկական թեմաներով մի շարք հեռուստաֆիլմեր: Արժանացել է Իրանի կառավարության «Ոսկե ֆիլմ» մրցանակին:

ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1958թ. հուլիսի 23 Երևանում: 1976-ին ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1981թ. Մոսկվայում ավարտել է Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը (ՎԳԻԿ): Որպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում` 1979 թ. «Ապրեցեք երկար», ռեժիսոր` Ֆ. Դովլաթյան, 1988թ. «Տասներեքերորդ առաքյալը» ռեժիսոր` Ս.Բաբայան, 1995թ. «Լաբիրինթոս», 2007թ. «Խնկարկում» ռեժիսոր` Գ. Հարությունյան: 1976թ. Երևանում Beaux-Arts թատրոնում բեմադրել է Նոդար Դումբաձեի «Սպիտակ դրոշներ» ներկայացումը: Միքայել Դովլաթյանի ռեժիսորական աշխատանքներն արժանացել են բազմաթիվ փառատոնների մրացանկների` 1980թ. Ռիգայի կինոստուդիայում նկարահանված Sapienti Sat ֆիլմն արժանացել է Օբերհաուզենում անցկացվող ուսանողական ֆիլմերի փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի, 1994թ. նկարահանված «Անսապատ մարդու սերը» ֆիլմն արժանացել է Սանկտ Պետերբուրգի «Ուղերձ մարդուն» փառատոնի միջազգային և էկումենիկ ժյուրիի մրցանակների, 1995թ. նկարահանված «Լաբիրինթոս»: ֆիլմն արժանացել է Զարաուցում (Իսպանիա) միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի:

ՌՈՒԶԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Հայաստան

Ծնվել է Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մասնագիտական որակավորում է անցել Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) Պուշկինի տուն-թանգարանում եւ Էրմիտաժում: Հայաստանի ժուռնալիստների միության, Կինոքննադատների եւ կինոլրագրողների միջազգային (FIPRESCI) ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի, «Պո-Արաքս» (Վենետիկ) հայ-իտալական մշակութային ընկերության անդամ է: Նրա մշակութային խնդիրներ արծարծող, հրապարակախոսական եւ արվեստաբանական աշխատությունները, միջազգային կինոփառատոների, թատերական ստուգատեսների, գիտաժողովների եւ բիենալեների (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մերձբալթյան երկրներ, Միջին Ասիա, Հնդկաստան, Իտալիա, ԱՄՆ, Թուրքիա) լուսաբանող հարցազրույցները եւ հոդվածները հայերեն եւ թարգմանաբար (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ իտալերեն), տպագրվել են Հայաստանի եւ արտերկրի մամուլի էջերում: 1998թ «Գյումրի, Գյումրի» հոդվածի համար արժանացել է «Աղետի գոտի` տաս տարի անց» թեմայով ` Բաց Հասարակության Ինստիտուտի (OSI) սահմանած մրցանակին: 2000 թ. արժանացել է «Ոսկե գրիչ» մրցանակին: Հեղինակ է «Վենետիկյան միջանվագ» գրքի (2000 թ.): 2003-ից «Արվեստ» համացանցային ամսագրի գլխավոր խմբագիրն է:

FIPRESCI ԺՅՈՒՐԻ

ՇԵՅԼԱ ՋՈՆՍԹՈՆ

Մեծ Բրիտանիա

Լոնդոնի Համալսարանական քոլեջի Սկեյդ գեղարվեստի դպրոցում Ռ. Վ. Ֆասբինդերի մասին գիտական թեզ պաշտպանելուց հետո Շեյլա Ջոնսթոնը դարձել է The Independent-ի հիմնադիր լրագրողը, 10 տարի այդ պարբերականում լուսաբանել կինոն: Այժմ գրում է արվեստի մասին Daily Telegraph-ի, The Independent-ի, The Scotsman-ի, Sight and Sound-ի և այլ հրատարակությունների համար: Կինոյի և փոփ մշակույթի մասին դասախոսություններ է կարդացել այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են Բրիտանական խորհուրդը, Բրիտանական կինոինստիտուտն ու Բաց համալսարանը եւ հավասարապես կիսում է իր զբաղվածությունը Լոնդոնի և Ֆրանսիայի միջեւ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ

Հայաստան

1991-ին ավարտել է ԵրՊի-ի (Ճարտարագիտական համալսարանի) տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1999-ին` ԵԹԿՊԻ-ի կինոգիտական բաժինը: 1995-ից կինոքննադատական հոդվածներով հանդես է գալիս հանրապետական թերթերում եւ ամսագրերում: Հրապարակումներ ունի նաեւ Հայաստանից դուրս: 1999-ից դասավանդում է «Կինոյի պատմություն» առարկան ԵԹԿՊԻ-ում, իսկ 2002-ից` ԵՊՀ-ում: 1998-ից` Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի, 2000-ից` Կինոքննադատների եւ կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի (FIPRESCI), իսկ 2007-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: 2001-ին մասնակցել է Լայպցիգի համալսարանում տեղի ունեցած «Ինքնության փոփոխության արտահայտությունը տեսողական արվեստներում» միջազգային գիտաժողովին` հանդես գալով հետխորհրդային շրջանի հայ կինոյի մասին «90-ականներ. գալիքի տագնապներ, գալիքի հույսեր» զեկույցով: 2003-ին ընդգրկվել է Սոչիի «Կինոտավր» միջազգային կինոփառատոնի FIPRESCI-ի ժյուրիի կազմում: Հեղինակ է վավերագրական ֆիլմերի սցենարների. «Ուղիներ» (ռեժ. Ա. Շահբազյան, 2000), «Հղիության արհեստական ընդհատում» (ռեժ. Լ.Գևորգյան, 2001), «Հավերժական գույնի գաղտնիքը. որդան կարմիր» (ռեժ. Ա.Շահբազյան, 2002), իսկ 2007-ին ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Ավելին, քան սեր» ֆիլմաշարի համար գրել է Արամ Խաչատրյանին նվիրված վավերագրական ֆիլմի սցենարը (ռեժ. Ա.Երիցյան): Հեռուստատեսությամբ ներկայացրել է կինոյին նվիրված հաղորդաշարեր` «Սինեմատոգրաֆ», «Ուշացած պրեմիերա»: 2002 թ. լույս է տեսել «Էջեր ուրիշի օրագրից» պատմվածքների ժողովածուն: Պատմվածքներից մի քանիսը տեղ են գտել 2003-ին ռուսերեն լեզվով հրատարակված «Современная армянская женская литература» ժողովածուում:

ԱԼԻՆ ԹԱՇՉՅԱՆ

Թուրքիա

Ծնվել է 1969-ին Թուրքիայում: 1991-ին ավարտել է Ստամբուլի համալսարանի հաղորդակցությունների բաժինը: 1992-ին սկսել է աշխատել «Milliyet Art Review»-ում և «Milliyet» օրաթերթում: Այս մեդիա խմբում անցկացրած 16 տարիներին եղել է թղթակից, կինոքննադատ և «Art Review»-ի խմբագիր: Միաժամանակ իր քննադատ գործընկերների հետ կինոծրագրեր է ստեղծել թուրքական ռադիոյի և TRT 2 հեռուստաընկերության մշակութային ալիքի համար: Ծրագրել և ներկայացրել է 24-րդ լրատվական ալիքի «Թեմատիկ ֆիլմեր» հաղորդաշարը: 2008-15 թթ. աշխատել է որպես «Star» օրաթերթի քննադատ և սյունակագիր: Ալին Թաշչյանը Թուրքիայի բոլոր խոշոր փառատոների խորհրդատուն ու ծրագրերի համակարգողն է եղել, անդամակցել բազմաթիվ ազգային և միջազգային կինոփառատոների ժյուրիներին: Եվրոպական կինոակադեմիայի անդամ է: Չորս տարվա փոխնախագահությունից հետո 2014-ին ընտրվել է FIPRESCI-ի նախագահ: Այժմ գրում է Թուրքիայի մշակույթն ու արվեստը ներկայացնող www.sanatatak.com նշանավոր հարթակում:

ԷԿՈՒՄԵՆԻԿ ԺՅՈՒՐԻ

ԺՈՍ ՀՈՌԵՄԱՆՍ

Բելգիա

Լրագրող և կինոքննադատ: Հետևել է մանկավարժության դասընթացի և գիտական աստիճան ունի հոգեբանությունից: Դարձել է ուսուցիչ, ապա` Անտվերպենի թեմի կաթոլիկական կրթության տնօրենը: 1968-ից Կաթոլիկական կինոլիգայի (այժմ` Film Magie) անդամ է, իսկ 1993-ից` այս կազմակերպության և դրա Անտվերպենի շրջանային կոմիտեի նախագահը: 30 տարի գրում է կինոհանդեսների համար` որպես անկախ լրագրող: 2005-ի հունիսից SIGNIS-ի եվրոպական բաժնի նախագահն է: Եղել է Լոկառնոյի, Մոնրեալի և Կաննի էկումենիկ ժյուրիների անդամ:

ԳԵՎՈՐԳ ԱԲԵՂԱ ՍԱՐՈՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1977 թ. Մասիսում: Ուսանել է Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Անգլերեն լեզու եւ հոգեբանություն է սովորել Քոնքորդիա քոլեջում (ԱՄՆ): Աստվածաբանության բակալավրի աստիճանն ստացել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում, իսկ մագիստրոսինը` Օքսֆորդի: Վազգենյան հոգեւոր դպրոցի տեսուչն է:

ԴԸՆԻԶ ՄՅՈՒԼԵ

Ֆրանսիա

Ֆրանսիայի ռեֆորմիստական եկեղեցու և Ժնևի բողոքական եկեղեցու պաստոր: Կաննում անցկացրած մանկությունից, համալսարանում մանկավարժություն և հումանիտար գիտություններ ուսանելուց հետո սովորել է Մոնպելյեի (Ֆրանսիա) Բողոքական աստվածաբանական համալսարանում, ավարտել է նաև Չիկագոյի և Ռիչմոնդի (ԱՄՆ) Բողոքական աստվածաբանական համալսարանը: Քահանա է եղել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի տարբեր եկեղեցական ծխերում: PRO-FIL–ի (Ֆրանսիա), WACC-ի անդամ է, INTERFILM-ի փոխնախագահ: 2000-ից, որպես INTERFILM-ի պատվիրակ, SIGNIS-ի հետ կազմում է Կաննի փառատոնի էկումենիկ ժյուրին: Եղել է Լոկառնոյի, Բեռլինի, Կաննի և Մոնրեալի կինոփառատոների էկումենիկ ժյուրիի անդամ: