ԺՅՈՒՐԻՆԵՐ
2012

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՎԻԿՏՈՐ ԷՐԻՍԵ

Իսպանիա

Ծնվել է 1940-ին Բասկերի Երկրում (Իսպանիա): Համաշխարհային կինոյի ամենաակնառու և յուրօրինակ ռեժիսորներից մեկն է: 17 տարեկանում տեղափոխվելով Մադրիդ` ընդունվել է Պետական կինոդպրոց և ավարտել` կինոռեժիսորի մասնագիտությամբ: 1969-ին կայացել է պրոֆեսիոնալ ռեժիսորի նրա դեբյուտը: 1973-ին ասպարեզ է եկել Էրիսեի առաջին լիամետրաժ աշխատանքը` “Փեթակի ոգին”, որն արժանացել է Սան Սեբաստիանի ՄԿՓ-ի գլխավոր մրցանակին: 1992-ը “Սերկևիլենի. արևի ծառը” ֆիլմի տարին էր, նկարիչ Անտոնիո Լոպեսի համագործակցությամբ ստեղծված մի կինոնկար, որը ներկայացվեց Կաննի ՄԿՓ-ին` արժանանալով Ժյուրիի և FIPRESCI-ի մրցանակներին: 2005-ին, Վիկտոր Էրիսեն, արձագանքելով Բարսելոնի Ժամանակակից արվեստի կենտրոնի խնդրանքին և “Էրիսե - Քիառոսթամի. նամակագրություն” ցուցահանդեսի համատեքստում սկսեց տեսախցիկով նկարահանել “Նամակներ Աբաս Քիառոսթամիին” (Sea-Mail, 2006) կարճամետրաժ ֆիլմերի շարք: Նույն առիթով 2006-ին նա գրեց “Կարմիր մահ” ֆիլմի սցենարն ու նկարահանեց: 2005-ին Պեզարոյի ՄԿՓ-ում (Իտալիա) կայացել է նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: 2010-ին Վիկտոր Էրիսեն եղել է Կաննի ԿՓ-ի միջազգային ժյուրիի անդամ:

ՇԱՌԼ ՏԵՍՈՆ

Ֆրանսիա

Կաննի կինոփառատոնի “Քննադատի շաբաթ” ծրագրի գեղարվեստական ղեկավարն է: Շառլ Տեսոնը նաև կինոքննադատ է “Cahiers du cinռma” հանդեսում, որտեղ սկսել է աշխատել 1979-ից, իսկ 1998-2003 թթ. եղել է ամսագրի խմբագիրը: Նա կինո, պատմություն և գեղագիտություն է դասավանդում Նոր Սորբոնում (Փարիզի III համալսարան): Երկար տարիներ կինովերլուծություն է դասավանդել La FEMIS Ազգային կինոդպրոցում և կինոդիստրիբյուտոր եղել (Lasa Films, 1986-90): Շառլ Տեսոնը մի շարք գրքեր ու էսեներ է գրել կինոյի վերաբերյալ, ինչպիսիք են “Սաթյաջիթ Ռեյ” (1992), “Լուիս Բունյուել” (1995), “Լուիս Բունյուելի “Նա”-ն” (1996), “Երկրորդական կարգի ֆիլմերի արտահայտչականությունը” (1997), “Կինո և թատրոն” (2007), “Ակիրա Կուրոսավա” (2008): Տեսոնը ղեկավարել է “Cahiers du cinռma”-ի մի քանի հատուկ համարների թողարկումը` “Պատրաստված է Հոնկոնգում” (1984, Օլիվյե Ասայասի հետ), “Պատրաստված է Չինաստանում” (1999), ինչպես նաև “Ասիան Հոլիվուդում” գրքի հրապարակումը (2001):

ՅԱՆՈՒՇ ԳԱԶԴԱ

Լեհաստան

Կինոքննադատ, գրող, կինոքննադատներին շնորհվող Իժիկովսկու մրցանակի կրկնակի դափնեկիր: Ծնվել է 1934-ին Վարշավայում: 1964-ին հիմնել և տասը տարի ղեկավարել է կինոմիության ՙKultura filmowa՚ (Կինոմշակույթ), հետագայում` ՙFilm na swiecie՚ (Համաշխարհային կինո) հանդեսը: Եղել է ՙEkran՚ շաբաթահանդեսի համախմբագիրը (1965-73) և Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի հրատարակած ՙKwartalnik filmowy՚ (Կինոեռամսյակ) հանդեսի գլխավոր խմբագիրը (1989-97): Բազմաթիվ հոդվածներ է գրել Սերգեյ Փարաջանովի կյանքի և ֆիլմերի մասին: Կիևի ՙԿինո-տեատր՚ հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է: TVP լեհական հեռուստատեսության (1973-79) և TVP 1-ին ալիքի (1994-2001) խաղարկային կինոյի բաժնի վարիչը լինելու շրջանում աշխատել է բազմաթիվ ֆիլմերի վրա, խմբագրել և ներկայացրել: Մի շարք գեղարվեստական ‎ֆիլմերի և հեռուստասերիալների խմբագիրն է եղել: Դասախոսություններ է կարդացել կինոդրամատուրգիայի վերաբերյալ: Տասը տարի` մինչև 2010-ը, եղել է ՙՔահանայի տունը՚ ճանաչված հեռուստասերիալի խմբագիրը և սցենարի համահեղինակը: 1980-90-ականներին ՙPrzeglad Powszechny՚ ամսագրում պարբերաբար էսսեներ է տպագրել ԽՍՀՄ-ի փլուզման և Ռուսաստանի խնդիրների շուրջը, այդ թվում` մի շարք հոդվածներ 1915-ի Հայոց ցեղասպանության մասին:

ԿԻՐԻԼ ՌԱԶԼՈԳՈՎ

Ռուսաստան

Ծնվել է 1946-ին: Արվեստի պատմության մագիստրոս (Մոսկվայի համալսարան), պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր: Ռուսաստանի մշակութաբանական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է, արվեստի պատմության, կինոյի եւ մշակութային քաղաքականության հարցերի շուրջը 14 գրքի եւ առավել քան 300 հոդվածի հեղինակ, կինոփառատոների, կինոյի եւ արվեստի վերաբերյալ հեռուստածրագրերի կազմակերպիչ: Նախկինում եղել է Ռուսաստանի պետկինոարխիվի գիտաշխատող, Պետկինոյի նախագահի օգնական, կինոյի պատմության եւ մշակութաբանության դասախոս Կինոինստիտուտում (ՎԳԻԿ), Բարձրագույն ռեժիսորական դասընթացում եւ Մոսկվայի եվրոպական մշակույթի ինստիտուտում: Մոսկովյան կինոփառատոնի ծրագրերի տնօրենն է:

ՌՈԼԱՆԴ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1936-ին Ստեփանավանում: Հնչյունային ռեժիսոր է, հնչյունա-տեսողական կոնտրապունկտի տեսությանը վերաբերող մենագրության` “Կինոհնչյունագրության գեղագիտություն” գրքի (2011) հեղինակը, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1997), Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի (ՎԳԻԿ) պրոֆեսոր (2002), 1972-ից` Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: 1959-ին ավարտել է Լենինգրադի Կինոինժեներների ինստիտուտը: 1959-63 թթ. հնչյունային օպերատոր է աշխատել “Հայֆիլմ” կինոստուդիայում: 1963-ից հնչյունային ռեժիսոր է “Մոսֆիլմ”-ում: Ավելի քան 30 խաղարկային ֆիլմերի, այդ թվում` “Վազք”, “Թեհրան-43” կինոնկարների հնչյունագրության, Լև Կուլիջանովի “Ոճիր և պատիժ” ֆիլմի ”կոնկրետ երաժշտության” հեղինակն է: Ռոլանդ Ղազարյանը Dolby - Stereo-ով ստեղծված առաջին խորհրդային ժապավենի` Գլեբ Պանֆիլովի “Մայրը” ֆիլմի հնչյունային ռեժիսորն է, մի ֆիլմ, որը 1990-ին Կաննի ՄԿՓ-ում Հատուկ մրցանակի է արժանացել գեղարվեստական ձեռքբերումների համար: Ղազարյանը “Նիկե” ազգային կինոպարգևի դափնեկիր է (1990), “Նիկե” ակադեմիայի անդամ: 1976-ից “Հնչյունային լուծումները կինոյում” առարկան է դասավանդում Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը կից Կինոսցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացում: 1992-ից Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետի հնչյունային ռեժիսուրայի առաջին արվեստանոցի ղեկավարն է: 1999-2004 թթ. եղել է նույն համալսարանի հնչյունային ռեժիսուրայի ամբիոնի վարիչը:

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՄԱՐԻՆԱ ՌԱԶԲԵԺԿԻՆԱ

Ռուսաստան

Ծնվել է 1948-ին Կազանում: Ավարտել է Կազանի համալսարանը` որպես բանասեր: Դասավանդել է գյուղական դպրոցում, լրագրող աշխատել հանրապետական թերթերում: 1989-ից սկսել է նկարահանել վավերագրական ֆիլմեր` սեփական սցենարների հիման վրա: Ավելի քան 40 ոչ խաղարկային ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է: Նրա աշխատանքները մասնակցել են Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոնին, Բեռլինի “Եվրոպայի մրցանակ”, Սանկտ Պետերբուրգի “Ուղերձ մարդուն”, Վիալ դու Կոնդեի (Պորտուգալիա), Դրամայի (Հունաստան) և այլ ԿՓ-երի մրցույթային ծրագրերին: 2004-ին նկարահանել է իր առաջին խաղարկային ֆիլմը` “Հունձքի ժամանակը”, որը Մոսկվայի ՄԿՓ-ում արժանացել է FIPRECSI-ի մրցանակին: Ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 50 ԿՓ-երում, արժանացել տարբեր մրցանակների: Արդեն յոթերորդ տարին է` Մարինա Ռազբեժկինան Մ. Ուգարովի հետ ղեկավարում է Վավերագրական կինոյի և թատրոնի իր հիմնած դպրոցը: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, “Նիկե” կինոակադեմիայի ակադեմիկոս, Եվրոպական կինոակադեմիայի իսկական անդամ:

ՆԱՆԱ ՋԱՆԵԼԻՁԵ

Վրաստան

Ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր: Ծնվել է 1955-ին: Օպերատորություն և ռեժիսուրա է ուսանել Թենգիզ Աբուլաձեի մոտ` Թբիլիսիի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Վրաստանի պետական և Յակոբ Գոգեբաշվիլիի անվան մրցանակների դափնեկիր է “Օրորոցային” ֆիլմի համար: “Ապաշխարանք” և “Իսկ այնտեղ թատրոն կա±” ֆիլմերի համար արժանացել է Ռուսաստանի կինոակադեմիայի երկու “Նիկե” մրցանակի: Բեմադրում է նաև թատերական դրամաներ: 2000-ին դերասանուհի Նանուկա Խուսկիվաձեի հետ հիմնել է N&N կինոստուդիան: Երկու գիրք է գրել` “Թենգիզ Աբուլաձե. մտորումներ” և “Ռեզո Չխեիձե. կինոյի մայրուղով”: Մի խումբ հեղինակների հետ վերականգնել ու մատչելի է դարձրել “Ակակի Ծերեթելու ուղևորությունը Ռաչայով և Լեչխումով” վրացական առաջին վավերագրական ֆիլմի (1912) մուլտիմեդիա ալբոմը:

ԱՆՏՈՆԻՈ ԴԵԼԳԱԴՈ

Իսպանիա

Ծնվել է 1962-ին Սյուդադ Ռեալում (Իսպանիա): Ին‎ֆ‎‎‎‎‎որմատիկայի (պատկեր և հնչյուն) և իրավաբանության բակալավր է: Մագիստրոսական թեզը պաշտպանել է լսատեսողական արտադրության գծով և սցենարական ու ռեժիսորական դասընթացներ անցել: Նկարահանել և թողարկել է կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմեր:‎ Աշխատել է նաև հեռուստատեսությունում: 1994-95 թթ. զբաղվել է Իսպանիայի կինոարխիվի թանգարանի հավաքածուի ուսումնասիրությամբ, կատալոգավորմամբ և պահպանմամբ: 1997-2003 թթ. եղել է Մադրիդի համայնքի մարզային նախարարության կինոյի և լսատեսողական արտադրանքի տարածման բաժնի խորհրդատուն և պետը, 2003-ին` Մադրիդի Կարճամետրաժ ‎ֆիլմերի փառատոնի, Ամառային կինոշրջանի և Մադրիդի Պոսուելո դե Ալարկոն համայնքի Անիմացիայի ՄԿՓ-ի կազմակերպիչն ու տնօրենը: Եղել է նաև Մադրիդի լսատեսողական արտադրանքի գերագույն վարչության անդամ: Բազմիցս կինոժյուրիի անդամ լինելուց բացի, 2003-ին նկարահանել է “Նավակով անցնելիս” կարճամետրաժ ‎ֆիլմը, իսկ 2010-ին` “Ինչպես տեսնել Եգիպտոսը” վավերագրությունը: Այժմ “Մադրիդի արվեստ և մշակույթ” ՍՊԸ-ի կինոբաժնի տնօրենն է և ղեկավարում է Cineteca-ն (լսատեսողական գործունեությանը նվիրված մշակութային համալիր մադրիդյան Մատադերոյում): Անտոնիո Դելգադո Լիսը նաև Մադրիդի կինոկոմիտեի վարչության, Madrid de Cine կինոցուցադրությունների կազմկոմիտեի անդամ է և Documenta Madrid վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ի տնօրենը:


ՑՎԵՏԱՆԱ ՊԱՍԿԱԼՅՈՎԱ

Բուլղարիա/Հայաստան

Ռեժիսուրա է ուսանել Սոֆիայի և Մոսկվայի Թատերական արվեստի ինստիտուտներում: Ուոսումը շարունակել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտուտում (ՎԳԻԿ)` հեղինակային վավերագրության գծով: 1990-ին որպես հեռուստավավերագրող կենտրոնացել է Հարավային Օսիայի էթնիկ հակամարտության վրա և այդ դեպքերին նվիրված ֆիլմ նկարահանել: 1991-94 թթ. լրագրող, կինոռեժիսոր, օպերատոր է աշխատել Լեռնային Ղարաբաղում` լուսաբանելով ծագող հակամարտությունը: Այդ տարիներին ստեղծել է յոթ վավերագրական ֆիլմ (ՙՂարաբաղի վերքերը՚ շարքով) և բազմաթիվ ռեպորտաժներ պատրաստել բուլղարական, ֆրանսիական, գերմանական, ռուսական և ամերիկյան հեռուստաալիքների (Reuters, CNN, NBC, Antenne 2, ZDF և այլն) համար: “Ղարաբաղի վերքերը” շարքի համար մի շարք փառատոնային մրցանակներ է ստացել: Սոցիալական ու բնապահպանական թեմաներով, ինչպես նաև ճամփորդական և կենսագրական ավելի քան 20 հեռուստատեսային վավերագրական ֆիլմի հեղինակ է: 1995-ից հաղորդումներ է վարում Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Վավերագրական կինոյի վերաբերյալ վարպետության դասեր է անցկացրել Հայաստանի, Բուլղարիայի, Էկվադորի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի և այլ երկրների մասնագիտացված դպրոցներում: Մարդասիրական և մասնագիտական ձեռքբերումների համար բազմաթիվ պետական պարգևների է արժանացել: Պասկալևան ԱՄՆ-ի վավերագրողների միջազգային ընկերակցության, Բուլղարիայի լրագրողների միության և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է:

ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստան

Լրագրող, մեդիափորձագետ: Վերջին 17 տարիներին Հայաստանի “Ինտերնյուզ” մեդիաաջակցության հ/կ-ի տնօրենն է, մի կազմակերպություն, որը թողարկում է հեռուստառադիոհաղորդումներ, վավերագրական ֆիլմեր, լրագրողական և այլ ԶԼՄ-ներին առնչվող պարապմունքներ անցկացում` ուսանողների և մասնագետների համար: Հեռուստառադիոլրագրության ոլորտում ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ ունի: 1986-96 թթ. թղթակից, խմբագիր և պրոդյուսեր է աշխատել Հայաստանի Ազգային հեռուստաընկերությունում, ապա` Ա1-ում` Հայաստանի առաջին անկախ լրատվական ստուդիայում: Հարյուրավոր հեռուստառեպորտաժների, ծրագրերի և վավերագրական կինոնախագծերի հեղինակ է և պրոդյուսեր (“Երկխոսություն ֆիլմերի միջոցով”, 2007-10, (“Հակամարտության աշխարհ”, 2007-12, “Սեմինար խաչմերուկում”, 2007, 2009, 2012, “Հիշողություն` առանց սահմանների”, 2012 և այլն): Հայաստանի ժուռնալիստների միության, Երևան մամուլի ակումբի վարչության, “Եվրասիա” գործընկերության հիմնադրամի Հայսատանի փորձագիտական վարչության անդամ է: Եղել է նաև տեղական և միջազգային մասնագիտական մրցույթների ու փառատոների ժյուրիի անդամ (Emmy International, 2005, 2011), “Արևորդի” ՄԿՓ, 2009), “ՌեԱնիմանիա” ՄԿՓ, 2011):

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՄՐՑՈՒՅԹ

ԼԻ ՍԱՆ-ՅՈՆ

Հարավային Կորեա

Լի Սան-յոնը կինոքննադատի իր կարիերան սկսել է “Cine 21”-ում, որը Կորեայի ամենաազդեցիկ կինոհանդեսն է: 2007-ից նա աշխատակցում է Պուսանի ՄԿՓ-ին և այժմ գլխավարում է Flash Forward մրցույթի և արևելաեվրոպական ֆիլմերի ընտրությունը: Հեղինակել է “Այն ամենը, ինչ թույլ է տալիս կինոն” էսսեն:

ԷՄԻԼԻԱ ՀԱՎՅԱՐՈՎԱ

Չեխիա

Ծնվել է 1938-ին: Մանկավարժ-հոgեբանի կրթություն ունի: Դրամատուրg է, միջազgային մշակութային նախաgծերի ղեկավար, Օպերատորական արվեստի Camerimage ՄԿՓ-ի (Լեհաստան) ծրաgրային ասիստենտը, ՙԲարրանդով՚ կինոստուդիայի խորհրդատուն` Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի, Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Միջին Ասիայի gծով: Պրահայի Չեխոսլովակիայի կինոինստիտուտի ծրաgրերի տնօրենն է եղել: 1991-ից հետո աշխատել է Չեխոսլովակիայի արտաքին gործերի նախարարության մշակույթի բաժնում: 1992-97 թթ., որպես առաջին քարտուղար, ղեկավարել է Մոսկվայում Չեխիայի դեսպանության մշակույթի և կրթության բաժինը:

ՎԻԳԵՆ ԲԵՐԲԵՐՅԱՆ

ԱՄՆ

Ավարտել է Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցը և Նյու Յորքի Կոլումբիա համալսարանը: Երկու վեպ է գրել` “Հեծանվորդը” (2002) և “Das Kapital. սիրո և արժույթի շուկայի սերը” (2007): Նրա արձակը թարգմանվել է իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, եբրայերեն, հոլանդերեն: Բերբերյանը Ֆրանսիայի մշակույթի նախարարության Գրքի ազգային կենտրոնի (CNL) 2009-10 թթ. գրական մրցանակի դափնեկիրն է, ընդգրկվել է Barnes & Noble-ի “Հայտնաբերեք նոր մեծ գրողներ” ընտրանիում: Նրա պատմվածքներն ու էսսեները հրապարակվել են The New York Times, Le Monde Diplomatique, The International Herald Tribune, The Financial Times, The Los Angeles Times, Inculte պարբերականներում: Համահեղինակել է Կարինե Թորոսյանի “Ժամանակի աղմուկը” ֆիլմի սցենարը, որն այժմ արտադրության փուլում է և կթողարկվի 2013-ին:

ՍԻՏՈՐԱ ԱԼԻԵՎԱ

Ռուսաստան

Ծնվել է Դուշանբեում: Կինո է մուտք գործել 7 տարեկանում` որպես դերասանուհի: Հետագա 9 տարիներին շուրջ տասը դեր է խաղացել գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում: ‎1987-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի սցենարական և կինոյի պատմության բաժինը (Ե. Սուրկովի և Լ. Մամետովայի արվեստանոց): 1987-88 թթ. եղել է Մշակութային հիմնադրամի փորձագետ, 1987-91 թթ.` “Տաջիկ‎ֆիլմ” ստուդիայի ավագ խմբագիր: 1991-ից ապրում և աշխատում է Մոսկվայում: 1991-93 թթ. խմբագիր է աշխատել Կինոյի աջակցման հիմնադրամում: 1994-96 թթ. եղել է “Իսկուսստվո կինո” ամսագրի գլխավոր խմբագիր Դ. Դոնդուրեյի օգնականը, միաժամանակ` Սոչիի “Կինոտավր”՚ ՄԿՓ-ի կինոծրագրի համադրողը: 1999-2005 թթ. ղեկավարել է և անդամակցել Սոչիի ՄԿՓ-ի, “Սիրո դեմքերը” ՄԿՓ-ի և “Կինոտավրիկ” մանկական արվեստի փառատոնի ընտրող հանձնաժողովին: 2002-05 թթ. եղել է “Կինոտավր” ռուսաստանյան բաց ԿՓ-ի գործադիր տնօրենը, 2005-ից նույն փառատոնի ծրագրի տնօրենն է: Ժյուրի անդամ է եղել Հայդերաբադի, Տալլինի, Մար դել Պլատայի, Քոթբուսի, Բեռլինի, Կարլովի Վարիի, Վենետիկի ՄԿՓ-երում:

ՎԱԼԵՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Ռուսաստան

Ծնվել է 1960-ին Ուկրաինայում: Կինոռեժիսոր և սցենարիստ, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միությունների, Ռուսաստանի կինոսցենարիստների գիլդիայի, Ռուսաստանի վավերագրողների գիլդիայի, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության Ղրիմի մասնաճյուղի վարչության անդամ: 1982-ին օպերատորի օգնական է աշխատել Լենինգրադի Վավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1984-ին ընդունվել է ԽՍՀՄ-ի Կինեմատոգրաֆիայի պետկոմին կից Կինոսցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացի սցենարական բաժինը (Լեոնիդ Գուրևիչի արվեստանոց): 1989-ին ավարտել է որպես վավերագրող ռեժիսոր: Հետագա տարիներին նրա սցենարների հիման վրա ավելի քան 40 վավերագրական ֆիլմ է նկարահանվել, իսկ ինքը 60-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է:

ԱԴԵԼԻՆԱ ՖՈՆ ՖՅՈՒՐՍՏԵՆԲԵՐԳ

Շվեյցարիա

Ժամանակակից արվեստի տարածման ռահվիրաներից է: Ստամբուլում ծնված, Շվեյցարիայի քաղաքացուհի, լուսանկարիչ Ֆրանց Էգոն ֆոն Ֆյուրսթենբերգի հետ ամուսնացած հայուհին առաջին համադրողներից էր, որը հետաքրքրություն ցուցաբերեց ոչ արևմուտքցի արվեստագետների հանդեպ` ճանապարհ բացելով արվեստում բազմամշակութային մոտեցման համար: Ժնևի համալսարանում քաղաքագիտություն ուսանելու շրջանում Ադելինան հիմնել է Ժնևի Ժամանակակից արվեստի կենտրոնը, ապա ղեկավարել Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի ժամանակակից արվեստի Le Magasin կենտրոնը և դրա Համակարգողների դպրոցը: 1993-ին Վենետիկի 45-րդ բիենալեի ժյուրիի կողմից պարգևատրվել է Le Magasin-ը ղեկավարելու և իր կրթական գործունեության համար: 1996-ին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության բաժնին կից հիմնել է “Արվեստը հանուն աշխարհի” հ/կ-ն` Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի սկզբունքներն արվեստի միջոցով տարածող և քարոզող, ամբողջ աշխարհում ցուցահանդեսներ կազմակերպող և ֆիլմեր նկարահանող մի կազմակերպություն: Գիտակցելով, որ կինոն հատկապես զորեղ է մշակույթները կապակցելու, մեր հասարակական կյանքին նոր շունչ տալու և հարստացնելու անսահման հնարավորությունների առումով` 2008-ին Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգը, Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 60-րդ տարելիցի առթիվ, հաջողությամբ թողարկեց “Մարդու իրավունքների պատմություններ” լայնամետրաժ խաղարկային ‎ֆիլմը և կազմեց Հանի աբու Ասադի, Սերգեյ Բոդրովի, Պաբլո Տրապերոյի, Ապիչապոնգ Վեերասետակուլի, Յասմինա Ժբանիչի և այլոց նկարահանած կարճ ‎ֆիլմերի շարք: 2011-ին, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի և Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ, նա թողարկեց յոթ կարճամետրաժ կինոնկարներից (ռեժիսորներ` Ֆանի Արդան, Իդրիսա Ուեդրաոգո, Ջա‎ֆար Փանահի և այլք) բաղկացած երկրորդ ֆիլմաշարը` “Առաջ և հիմա. սահմաններից և տարբերություններից անդին”՚: Այժմ Ադելինան աշխատում է քաղցկեղին նվիրված կարճամետրաժների ‎նոր շարքի վրա` “Առասպելներ և թյուրընկալումներ” աշխատանքային վերնագրով:


ԿՈՐԻԶ ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻ

ԹՈՐՈՒՆ ՆՅԵՆ

Նորվեգիա

Ծնվել է 1950-ին: 1978- 81 թթ. կինո և մեդիագիտություն է ուսանել Ստոկհոլմի համալսարանում: 1971-ից արտահաստիքային աշխատակից է եղել կինոյում և հեռուստատեսությունում, այդ թվում` Norsk Film AS-ում, NRK-ում (Նորվեգական հեռուստառադիոընկերություն), հանդես է եկել որպես կարճամետրաժ ու վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր: 1980-ից սերտորեն համագործակցում է Նորվեգիայի կարճամետաժ ֆիլմերի փառատոնի հետ: 1992-ից մինչև 2011-ը եղել է Նորվեգիայի Կարճամետաժ ֆիլերի փառատոնի տնօրենը, իսկ այժմ գեղարվեստական ղեկավարն է:

ԱԼԵՔՍԵՅ ՄԵԴՎԵԴԵՎ

Ռուսաստան

Ծնվել է 1969-ին Մոսկվայում: 1989-94 թթ. ռեժիսուրա է ուսանել Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտում (ՎԳԻԿ, Ա. Սիրենկոյի արվեստանոց): Որպես հեղինակ համագործակցել է 1-ին ալիքի, “Կուլտուրա” և СТС ալիքների հետ: Տպագրվել է “Իսկուստվո կինո”, “Խուդոժեստվեննի ժուռնալ” հանդեսներում, “Վրեմյա նովոստեյ”, “Մոսկովսկիյե նովոստի” և այլ թերթերում: Որպես ապօրինի թարգմանիչ` կրկնօրինակել է ավելի քան 100 կինոնկար: 2000-06 թթ. անդամակցել է Մոսկվայի ՄԿՓ-ի ընտրող հանձնաժողովին: Եղել է 2morrow (Մոսկվա, 2007-09), “Զերկալո” (Իվանովո, 2011) ԿՓ-երի ծրագրերի տնօրենը: 2010-ից կազմակերպում է ժամանակակից կինոյի "2-in-1” միջազգային կինոփառատոնը (Մոսկվա):

ԱԼՅՈՆԱ ՇՈՒՄԱԿՈՎԱ

Իտալիա

Ծնվել է Մոսկվայում: Ուրբանոյի համալսարանը (Իտալիա) որպես լեզվի և գրականության մասնագետ ավարտելուց հետո համագործակցել է իտալական տարբեր թատերական հաստատությունների հետ` Սանկտ Պետերբուրգի Կոմիսարժևսկայայի անվան թատրոնի մասնակցությամբ թատերական սեմինարներ կազմակերպելով Ուրբինոյի համալսարանում: 2004-ին նախապատրաստել և թարգմանել է Ռեզո Գաբրիաձեի “Ստալինգրադի ճակատամարտը” ներկայացման ցուցադրությունը Santarcangelo dei Teatri թատերական փառատոնում: 2002-04 թթ. Բոլոնիայի ֆիլմադարանում ղեկավարել է իտալա-խորհրդային արխիվային կինոհավաքածուի հետ կապված աշխատանքը: Լինելով խորհրդային կինոյի մասնագետ` որպես համադրող/կինոխորհրդատու մասնակցել է քննախոսականների պատրաստմանն ու հետահայաց ցուցադրությունների կազմակերպմանը Իտալիայում և արտասահմանում (2002-11): 2004-11թթ. եղել է Վենետիկի բիենալեի խորհրդատուն` նախկին ԽՍՀՄ երկրների ֆիլմերի ընտրության գծով: Այժմ Հռոմի ԿՓ-ի խորհրդատուն է: 2003-ից խորհրդային և ռուսական կինոյի վերաբերյալ դասախոսում է Իտալիայի և այլ երկրների համալսարաններում: Թարգմանություններ է կատարում ռուսերենից իտալերեն (Իվան Վիռիպաև, “Թթվածինը”, Ալեքսանդր Սոկուրով, “Օվկիանոսի մեջտեղում”, “Բորիս Ելցին” մշակութային հիմնադրամի մրցանակ լավագույն թարգմանության համար, 2010):

FIPRESCI ԺՅՈՒՐԻ

ԳԱՐԵԳԻՆ ԶԱՔՈՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1947-ին Երևանում: 1970-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1976-ին Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի ինստիտուտում պաշտպանել է “Հայկական համր կինոն” ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1972-80 թթ. հրապարակել է կինոյի պատմությանը և տեսությանը նվիրված հոդվածներ և “Հայկական համր կինոն” (Երևան, 1976) մենագրությունը: 1982-ից աշխատում է վավերագրական կինոյի ոլորտում. որպես սցենարիստ և ռեժիսոր ստեղծել է 12 ֆիլմ: 1988-ին գրել է Սերգեյ Փարաջանովի անդրանիկ ցուցահանդեսի բուկլետի տեքստը: 1989-ին Երևանում հրատարակել է “Կինոյի լեզուն” գիրքը: 1991-ին հիմնել է Հայաստանի ազգային ֆիլմադառանը, որի տնօրենն է եղել մինչև 1998 թ: 1993-ին որպես գործադիր պրոդուսեր մասնակցել է Ատոմ Էգոյանի “Օրացույց” ֆիլմի ստեղծմանը: 2000-ին հրատարակել է “Սերգեյ Փարաջանով. Նամակներ աքսորավայրից”, 2002-ին` “Իմ Երևան”, 2009-ին` “Սաբիր Ռիզաև. թատրոնի և կինոյի մասին” գրքերը: 2008-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: ԱՊՀ երկիրների կինեմատոգրաֆիստների կոնֆեդերացիայի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության, SACD-ի (Ֆրանսիայի հեղինակների, կոմպոզիտորների և սցենարիստների ընկերակցության) անդամ է:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՉԱՊԱՏԱ ԼՈՊԵՍ

Իսպանիա

Բնակվում է Բարսելոնում և ռադիոյով գործընկերոջ հետ վարում “La Claqueta” կինոծրագիրը, որը հեռարձակում է Radio Marca-ն ամբողջ Իսպանիայի տարածքում: Նա Radio Marca-ի մշտական թղթակիցն է նաև իսպանական բոլոր խոշոր կինոֆորումներում, իսկ վերջին 30 տարին հաճախակի է շրջում արտասահմանում` տարբեր միջազգային կինոփառատոները յուրովի լուսաբանելու համար: Կանոնավորապես մասնակցում է և Ալեքս Գորինայի առաջատար կինոծրագրին, որը հեռարձակում է Կատալոնիայի ռադիոն: Մարգարիտան կինոյի մասնագետի բազմամյա աշխատանքային փորձ ունի իսպանական ռադիոյում ինչպես նաև թղթակցում է զանազան կինոհանդեսների, ինչպիսիք են “Cine y Mոs”-ը կամ “InterFilms”-ը: Բացի դրանից, նա արդեն չորս տարի Fax Press մամուլի գործակալության հաստիքային հեղինակ է և աշխատակցում է Կատալոնիայի ամենահայտնի հեռուստատեսային կինոծրագրին` Informatiu Cinema-ին:

ԺՈԱՈ ԱՆՏՈՒՆԵՍ

Պորտուգալիա

Ազատ կինոլրագրող, որը հիմնականում աշխատակցում է “Jornal de Notվcias” օրաթերթին, բայց նյութեր հրապարակում մի քանի ուրիշ հանդեսներում ևս, ինչպես Պորտուգալիայում, այնպես էլ այլ երկրներում (Խորվաթիա, Լեհաստան, Ռուսաստան): Շուրջ 1.500 հարցազրույց է հրապարակել համաշխարհային կինոյի տարբեր դերասանների և ռեժիսորների հետ: Եղել է Դուբրովնիկի Libertas ԿՓ-ի (2006) պորտուգալական ծրագրի և Պորտուգալիայում կայացած մի քանի փառատոների ու հետահայաց ցուցադրությունների ծրագրերի կազմողը: Միջազգային կինոփառատոների վետերան մասնակից է. ժյուրիի անդամ է եղել Ֆանտասպորտուում (Պորտուի ԿՓ), Cinanima-ում (Էսպինյուի անիմացիոն ԿՓ), Ալգարվիում և Ավանկայում, FIPRESCI-ի ժյուրիի անդամ` Ստամբուլում (2005), Թրոմսյոյում (2006), Ֆեշտրոյայում (2006), Բոմբեյում (2007), Լիսաբոնում (2007), Կաննում (2008), Գվադալախարայում (2009) և Բեռլինում (2011): Վերջին տարիներին Անտունիշը կինոյի պատմություն է դասավանդում Լիսաբոնի Ժամանակակից համալսարանում, Մանուել դի Օլիվեյրայի վերաբերյալ դասախոսություն է կարդացել Լիդսի համալսարանում, պորտուգալական նոր կինոյի վերաբերյալ` Յոնչուի ՄԿՓ-ում (Հարավային Կորեա), կազմակերպել է սեմինարներ: Նա գրքեր է գրել կինոյի մասին` ի թիվս այլնի, “Բոնդ, Ջեյմս Բոնդ” և “Զրույցներ Մատանիների տիրակալների հետ”:

ԷԿՈՒՄԵՆԻԿ ԺՅՈՒՐԻ

ՌԻԿԱՐԴՈ ԼՈՒԻՍ ԴԵ ԼԱ ՍԵՐՆԱ

Իսպանիա

Քննախոսականներ է գրում “Pantalla 90” իսպանական կինոհանդեսի համար: Մադրիդի CEU Սան Պաբլո համալսարանում քարոզչության և քաղաքական շփման տեխնիկա է դասավանդում: Աշխատակցում է նաև Cope ռադիոյին և հեռուստածրագրերի քաղաքական մեկնաբան է: Ռիկարդո Ռուիս դե լա Սեռնան խմբագիր և լուրերի հաղորդավար է եղել 13 TVում և Ժողովրդական հեռուստատեսությունում: Կինոյի մասին ամենշաբաթյա սյունակ է վարում “Imparcial” պարբերականում և Կինոսցենարիստների ընկերության անդամ է: 2005-11 թթ. Մադրիդի “Մարիա” ռադիոկայանով վարել է “Կարմրատակած քաղաք” հաղորդաշարը:

ԳԵՎՈՐԳ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐՈՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1977-ին Մասիսում: Ուսանել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Անգլերեն և հոգեբանություն է սովորել Հոգեբանության և փիլիսոփայության Նյու Յորքի Քոնքորդիա քոլեջում (ԱՄՆ): Աստվածաμանության բակալավրի աստիճանն ստացել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանից, իսկ մագիստրոսինը` Օքսֆորդի համալսարանից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչն է:

ՔՐԻՍԹԻՆ ԳՐԻՆՈՒԷՅ

Շվեյցարիա

Կանադուհի է, որն այժմ աշխատում է Ժնևում` որպես Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային ընդհանրության (WCRC) շփումների գործադիր քարտուղար: Սցենարիստ է, դրամատուրգ և գրականության թարգմանիչ, կինոյից բացի` սիրում է թատրոն, գրականություն և արվեստ: Որպես Interfilm-ի անդամ` եղել է Կաննի և Մոնրեալի միջազգային կինոփառատոների էկումենիկ ժյուրիների կազմում: