ԺՅՈՒՐԻՆԵՐ
2016

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Հայաստան

Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: 1940-ականների վերջին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: 1956-60 թթ. Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Է. Բաղդասարյանի դասարան), ապա 1960-65 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղ. Սարյանի դասարանում, որի ղեկավարությամբ 1967-ին ավարտել է ասպիրանտուրան։ 1967-86 թթ. ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում։ 1986-ին Մանսուրյանին շնորհվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի կոչում։ 1992-95 թթ. զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։ Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ է ներմուծել Հայաստան։ Գրել է բալետ, սիմֆոնիկ երկեր, կոնցերտներ, կամերային երկեր՝ լարային կվարտետներ, սոնատներ, վոկալ շարքեր, խմբերգեր, կինոնկարների («Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն») և ներկայացումների («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» և այլն) երաժշտություն: Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում: 2016-ին ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Մանսուրյանը նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ:

ՖՐԵԴ ՔԵԼԵՄԵՆ

Գերմանիա/Հունգարիա

Ծնվել է 1964-ին Արևմտյան Բեռլինում: Ուսանել է նկարչություն, երաժշտություն, փիլիսոփայություն, կրոնագիտություն, դրամա և տարբեր թատրոններում ռեժիսորի ասիստենտ եղել: 1989-94 թթ. ռեժիսուրա և օպերատորական արվեստ է ուսանել Բեռլինի Գերմանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում: 1995-ին Քելեմենն իր դիպլոմային ֆիլմի՝ «Ճակատագրի» համար արժանացել է Գերմանիայի ազգային կինոմրցանակին: Այդ ժամանակից ի վեր մի շարք ֆիլմեր և տեսաֆլմեր է նկարահանել որպես ռեժիսոր, իսկ որպես օպերատոր համագործակցել այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժոզեֆ Փիչխաձեն («Քաղցրավենիք», 2013), Բելա Տարը («Ուղևորություն հարթավայրով», 1995, «Լոնդոնցի մարդը», 2007, «Թուրինյան ձին», 2011), Ռուդոլֆ Թոմեն («Տեսանելին և անտեսանելին», 2006), Կարինե Թորոսյանը («Քար, ժամանակ, հպում», 2005): 1995-ից Քելեմանը դոցենտ է եղել, վարպետության դասեր տվել և դասախոսություններ կարդացել Կատալոնիայի կինոուսումնառության կենտրոնում (Բարսելոն, Իսպանիա), Ժնևի գեղարվեստի քոլեջում (Շվեյցարիա), Հարվարդ համալսարանում (ԱՄՆ), Քիդերմինսթերի քոլեջում (Անգլիա), Լատվիայի մշակութային ակադեմիայում (Ռիգա), Սանտյագոյի համալսարանի արվեստի և տեսողական ԶԼՄ-երի բաժնում (Չիլի), Բանգկոկի Թամմասաթ համալսարանում (Թաիլանդ), Բեռլինի Գերմանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում (Գերմանիա), Թել Ավիվի համալսարանի կինոյի և հեռուստատեսության բաժնում (Իսրայել), Լիոնի Ազգային գեղարվեստի դպրոցում (Ֆրանսիա), Սարաևոյի Film Factory կինոակադեմիայում (Բոսնիա և Հերցեգովինա) և Սաար գեղարվեստի քոլեջում (Սաարբրյուքեն, Գերմանիա): Նրա գործերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Anthology Film Archives ֆիլմադարանում (Նյու Յորք), Tate Modern պատկերասրահում (Լոնդոն), Հունգարիայի ազգային կինոթատրոնում (Բուդապեշտ) և աշխարհի այլ ֆիլմադարաններում, կինոթանգարաններում ու կինոփառատոներում: Քելեմենի Kino Kombat Filmmanufactur կինոընկերությունը թողարկել է իր «Անկում» (Լատվիա, 2005), Անետ Շյուցեի «Մասկաչկա» (Լատվիա, 2005), Դյուլա Մարի «Հատված» (Հունգարիա, 2007), Յանա Մարսիկի «Ձեռք ձեռքի» (Լատվիա/Գերմանիա, 2005) ֆիլմերը: Ֆրեդ Քելեմենը Ամերիկյան, Եվրոպական, Գերմանական կինոակադեմիաների և Եվրոպայի մշակութային խորհրդարանի անդամ է:

ՍՏԵՖԱՆ ԿԻՏԱՆՈՎ

Բուլղարիա

Փառատոնի տնօրեն, պրոդյուսեր, դիտրիբյուտոր և ցուցադրող: 1992-99 թթ. Cinema House-ի՝ Բուլղարիայի ամենակարևոր արտհաուսային կինոթատրոնի ծրագրերի ղեկավարը և ռեժիսորն է եղել: 1997-ին հիմնել է Սոֆիայի ՄԿՓ-ը, որը Բուլղարիայի առաջատար կինոփառատոնն է, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կարևորագույն կինոիրադարձություններից մեկը: 2000-ականներից ի վեր Կիտանովը եղել է ազգային և միջազգային ասպարեզներում ճանաչում գտած ավելի քան 15 ֆիլմերի պրոդյուսերը և համապրոդյուսերը, որոնց թվում է Ստեֆան Կոմանդարևի «Աշխարհը մեծ է, իսկ փրկությունը թաքնված է անկյունի հետևում» ֆիլմը (2008), որը որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ առաջադրվել է «Օսկար»-ի, տարբեր միջազգային փառատոներում արժանացել ավելի քան 30 մրցանակի և վաճառվել ավելի քան 100 երկրի: Վերջին 15 տարում Կիտանովի ջանքերով Բուլղարիայում էկրան է բարձրացել ավելի քան 80 եվրոպական և անկախ ֆիլմ, այնպիսի ռեժիսորների գործեր, ինչպիսիք են Վիմ Վենդերսը, Միխայել Հանեքեն, Ֆրանսուա Օզոնը, Ֆաթիհ Աքինը, Լարս ֆոն Թրիերը, Ակի Կաուրիսմյակին, Նուրի Բիլգե Ջեյլանը, Քեն Լոուչը, Թերի Գիլիամը, Դարդեն եղբայրները, Դանիս Տանովիչը, Կոռնել Մունդրուցոն և Անդրեյ Զվյագինցևը: Կիտանովի ժյուրիի անդամ է եղել Վենետիկում, Կարլովի Վարիում, Մոսկվայում, Վիսբադենում, Ֆրանկֆուրտում, Սալոնիկում, Mediawave ԿՓ-ում, Տորունում, Վոլոգդայում, Եվրոպաական կինոակադեմիայում և Եվրախորհրդարանում: 2012-ին արժանացել է Europa Cinemas մրցանակին՝ որպես տարվա լավագույն ձեռնարկու, իսկ 2016-ին Բուլղարիայի մշակույթի նախարարությունընրան շնորհել է «Ոսկեդարի աստղ» մրցանակը: Կիտանովը Եվրոպական կինոակադեմիայի անդամ է:

ՊԻԵՌ ԼԵՈՆ

Ֆրանսիա

Պիեռ Լեոնը ծնվել է 1959-ին Մոսկվայում ռուս մորից և ֆրանսիացի հորից: 1975-ին տեղափոխվել է Փարիզ: Առաջին ֆիլմը՝ «Կորածը», ասպարեզ է եկել 1981-ին: 1988-ից՝ «Երկու լուրջ տիկին» ֆիլմից հետո, սկսել է կայուն հաճախականությամբ նոր ֆիլմեր նկարահանել տեսաֆիլմի ձևաչափով («Առաջին պահին», 1994, «Քեռի Վանյա», 1997) կամ 16մմ-անոց ժապավենով («Դեռահասը», 2000): Պիեռ Լեոնը նաև թարգմանիչ է (Ցվետաևա, Բլոկ) և քննադատ (Traffic կինոհանդեսի խմբագրական խորհրդի անդամ): Որպես դերասան հանդես է եկել Ժան-Կլոդ Բիետի, Լուի Սկորեցկու, Սերժ Բոզոնի, Անն Բենհայեմի, Ժան-Շարլ Ֆիտուսիի, Պասկալ Բոնիցերի, Բերտրան Բոնելոյի և Ռիտա Ասևեյդու Գոմեշի ֆիլմերում: 2015-ին Պիեռ Լեոնը վերադարձել է Լոկառնոյի ԿՓ իր «Երկու Ռեմի, երկու» ֆիլմով, որը ներկայացվել է նաև Վիեննայի, Բելու Օրիզոնտիի, Մար դել Պլատայի, Կոլոմբոյի, Սևիլիայի և Սանկտ Պետերբուրգի կինոփառատոներում:

ՀՈՄԱՅՈՒՆ ԷՐՇԱԴԻ

Իրան

Հոմայուն Էրշադիի դերասանական կարիերան սկսվել է «Բալի համը» ֆիլմով , որը 1997-ին Կաննի ՄԿՓ-ում արժանացել է հեղինակավոր «Ոսկե արմավենու ճյուղին»: Այնուհետև նա խաղացել է ավելի քան 40 խաղարկային կինոնկարում, 5 հեռուստատեսային սերիալում, 20 կարճամետրաժ ֆիլմում և 3 պիեսում: «Բալի համի» հետ մեկտեղ նրա մասնակցությամբ ստեղծված ամենակարևոր ֆիլմերից է Չիկագոյի ՄԿՓ-ում «Արծաթե Հյուգո»-ի արժանացած «Տանձենին» (1998): Հոմայուն Էրշադին անդամակցել է Իրանի «Յաս» ՄԿՓ-ի, Բեյրութի ՄԿՓ-ի և Իրանի կինոյի տան ժյուրիներին:

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ԺԵԼԻՄԻՐ ԺԻԼՆԻԿ

Սերբիա

Սերբ կինոռեժիսոր, հարավսլավական «սև ալիքի» երևելի դեմքերից: Ծնվել է 1942-ին: 60-ականների վերջից ի վեր Ժելիմիր Ժիլնիկի սոցիալական ֆիլմերը («Գործազրկություն», «Վաղ աշխատանքներ», «Սև ֆիլմ») նրան մեծ համբավ բերեցին, բայց միևնույն ժամանակ կառավարական մարմինների հանդեպ ունեցած քննադատական վերաբերմունքի համար 70-ականներին ռեժիսորը բախվեց գրաքննությանը: Փոքրբյուջետային ֆիլմերն ու հրահրիչ քաղաքական թեմաները Ժիլնիկի կարիերայի հատկանշական կողմերն են, կարիերա, որի ընթացքում նա ավելի քան 50 ֆիլմ է նկարահանել: 80-ականներից սկսած՝ Ժիլնիկը ձևավորել է իր յուրատեսակ վավերագրական դրամայի լեզուն, որը լայնորեն կիրառել է 90-ականներին Բալկանների քաղաքական լարումներն արտացոլելու համար: Վերջին շրջանում նա մասնատված Բալկաններից ուշադրությունը տեղափոխել է դեպի ԵՄ սահմանների ավելի ու ավելի խստացող հսկողության հարցը՝ փախստականների ու ներգաղթյալների խնդիրներն արծարծելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Եվրոպա ամրոցը» և «Քենեդի» եռապատումը: Հաջորդող գործերը՝ «Կապիտալիզմի հին դպրոցը», «Մի կին, մի դար», «Պիրիկան կինոյի մասին», «Նպատակակետը՝ Սերբստան» ֆիլմերը, բոլորն էլ անդրադառնում են վիճելի հասարակական համակարգերի արժեսանդղակի պատմությանը, մի մոտիվ, որ ներկա է Ժիլնիկի ամբողջ կինոկարիերայի ընթացքում:

ՊԱՎԵԼ ՊԵՉՅՈՆԿԻՆ

Ռուսաստան

Ծնվել է 1965-ին: Երիտասարդ տարիքում սահիկային (սլայդ) ֆիլմեր և փորձարարական տեսապոետիկ թատրոն է ստեղծել: 1985-ից որպես ռեժիսորի ասիստենտ աշխատել է «Պերմտելեֆիլմ»-ում, իսկ 1987-ին հիմնադրել է ԽՍՀՄ-ում առաջին անկախ կինոստուդիաներից մեկը՝ «Նովի կուրս»-ը: Որպես ռեժիսոր և պրոդյուսեր մասնակցել է ավելի քան 40 ֆիլմի ստեղծման աշխատանքներին: Պեչյոնկինը մի շարք միջազգային կինոփառատոների դափնեկիր է: Նա Պերմում և Պերմի մարզում մեդիակրթական համակարգի ստեղծման նախաձեռնողներից մեկն է: Պավել Պեչյոնկինը վավերագրական ֆիլմերի «Ֆլաերթիանա» ՄԿՓ-ի նախագահն է, ինչպես նաև Ռուսաստանի կինոարտադրողների միության և Ռուսաստանի կինոակադեմիայի անդամ:

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստան

1984-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտը (ՎԳԻԿ) և այդ ժամանակից ի վեր աշխատում է «Հայֆիլմ» և «Հայկ» կինոստուդիաներում: Մասնակցել է ավելի քան 45 ֆիլմի ստեղծմանը: Նրա ֆիլմերը ներկայացվել են տարբեր միջազգային կինոփառատոներում: Այժմ դասավանդում է Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում` ղեկավարելով ստեղծագործական արվեստանոցներ: Ունի պրոֆեսորի գիտական աստիճան: Մասնագիտությամբ լինելով կինովավերագրող՝ որպես ռեժիսոր, օպերատոր և սցենարիստ, նկարահանել է բազմաթիվ հեղինակային ֆիլմեր:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՄՐՑՈՒՅԹ

ԵՍՓԵՐ ԱՆԴԵՐՍԵՆ

Դանիա

Եսփեր Անդերսենն արվեստի մագիստրոսի իր կոչումը ստացել է Կոպենհագենի համալսարանում և 1990-ից աշխատում է Դանիական կինոյի ինստիտուտում, 1998-ից ավագ համադրող է Կոպենհագենի ֆիլմադարանում: Կինոյի գծով խորհրդատու է եղել Հյուսիսային երկրների նախարարների խորհրդում՝ աշխատելով Հարավային Աֆրիկայում, Շոտլանդիայում, Իռլանդիայում, Սերբիայում և Խորվաթիայում իրականացվող նախագծերի վրա: Անդերսենը դանիական, սկանդինավյան և միջազգային կինոյին ու կինոմշակույթին նվիրված մի շարք ծավալուն աշխատությունների հեղինակ է: Նա East by Southeast ԿՓ-ի տնօրենն է, փառատոն, որի ուշադրության կիզակետում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կինեմատոգրաֆն է (ինչպես նաև Հայաստանի): Եսփեր Անդերսենը եղել է նաև մի շարք միջազգային կինոփառատոների ժյուրիի անդամ, որոնցից վերջինը Մումբայի ՄԿՓ-ն էր (2016):

ՄԱՋԻԴ ԲԱՐԶԵԳԱՐ

Իրան

Ծնվել է 1973-ին Համեդանում (Իրան): Կինոռեժիսուրի և դրամատուրգի կրթություն է ստացել: 1990-ականներից մասնակցել է մի շարք խաղարկային և կարճամետրաժ ֆիլմերի նկրահանմանը, որոնք ճանաչման են հասել թե׳ հայրենիքում, թե՛ միջազգային փառատոներում: Մաջիդ Բարզեգարի առաջին խաղարկային ֆիլմը՝ «Անձրևոտ եղանակները» (2010), ընդգրկվել է Մոնրեալի և Ռոտերդամի փառատոների մրցութային ծրագրում: Հաջորդ ֆիլմը՝ «Փարվիզը», ավելի մեծ հաջողության և քննադատների գովեստին է արժանացել: Բարզեգարը նաև գրող է, լուսանկարիչ և գեղանկարիչ, մի քանի ցուցահանդես է ունեցել Թեհրանի հռչակավոր ցուցասրահներում և մշակութային կենտրոններում:

ՆԱՏԱԼՅԱ ԻՎԱՆՈՎԱ

Ռուսաստան

Եվրոպական կինոակադեմիայի և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է: Ավարտել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտը: 1986-ից աշխատում է կինոարտադրության ոլորտում, 2002-ից ղեկավարում Khorosho Production պրոդյուսերական կենտրոնը: Ավելի քան 7 խաղարկային և 20 վավերագրական ֆիլմի պրոդյուսեր է, որոնց թվում է ռեժիսոր Վերա Գլագոլևայի «Երկու կինը» համաշխարհային մեծության աստղ Ռեյֆ Ֆայնսի մասնակցությամբ:

ԲՈՐԻՍ ՆԵԼԵՊՈ

Ռուսաստան

Կինոքննադատ, փառատոնային ծրագրեր կազմող, որի հետաքրքրությունների շրջանակում են ֆրանսիական հետնորալիքյան, պորտուգալական կինոն, ինչպես նաև փորձարարական և անկախ կինոարվեստը: Մի քանի կինոփառատոների և այնպիսի ռեժիսորների հետահայաց ցուցադրությունների համադրողն է եղել, ինչպիսիք են Ժելիմիր Ժիլնիկը (Սանկտ Պետերբուրգ, Լիսաբոն), Պետեր ֆոն Բագը (Մոսկվա), Մարլեն Խուցիևը (Լոկառնո, Մար դել Պլատա, Մեխիկո), Բելա Տարը (Մոսկվա), Պիեռ Լեոնը (Սանկտ Պետերբուրգ), Ֆիլիպ Գարելը (Մոսկվա), Սեյձյուն Սուձուկին (Մոսկվա): Kinote առցանց հանդեսի համահիմնադիրն է և «Սեանս» գլխավոր կինոհանդեսի խմագիրներից մեկը: 2008-ից «Ազատ Եվրոպա» և «Ազատություն» ռադիոկայաններով ներկայացնում է «Կինոտեսություն» ծրագիրը: Հանդես է եկել մի շարք ռուսաստանյան և միջազգային պարբերականներում, որոնց թվում են Trafic-ը (Ֆրանսիա), MUBI-ն (ԱՄՆ), Cinema Scope-ը (Կանադա), Libération-ը (Ֆրանսիա), Lumière-ը (Իսպանիա), Moving Image Source-ը (ԱՄՆ), Nobody-ն (Ճապոնիա) և De Filmkrant-ը (Նիդերլանդներ): 2010-ին Բորիս Նելեպոն Ռուսաստանի կինոքննադատների գիլդիայի կողմից ճանաչվել է լավագույն երիտասարդ քննադատ: Եղել է Լոկառնոյի ՄԿՓ-ի պաշտոնական ժյուրիի անդամ: Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում կինոյի պատմություն է դասավանդում: Այժմ ռուսասատանյան կինոյի խորհրդատուն է Լոկառնոյի ՄԿՓ-ում:

ԳԵՆԱ ՏԵՈԴՈՍԵՎՍԿԱ

Մակեդոնիա

Լրագրող, կինոքննադատ, վիդեոարտի տեսաբան, FIPRESCI-ի անդամ: Ծնվել է 1962-ին Վելեսում (Մակեդոնիա): 1991-ից աշխատում է Մակեդոնիայի ռադիոյում և hեռուստատեսությունում (MKRTV): 1985-2003 թթ. ակտիվորեն աշխատել է Մակեդոնիայի հեռուստատեսությունում որպես լրագրող, պրոդյուսեր և գլխավոր խմբագիր: 2006-ից MKRTV-ում միջազգային հարաբերությունների և համարտադրության բաժնի ղեկավարն է: Նախկին հարավսլավական հանրապետություններում առաջիններից մեկն է սկսել զբաղվել վիդեոարտով: Հեղինակել է բազմաթիվ վավերագրական ֆիլմեր տեսամշակույթի, ֆիլմերի և առհասարակ արվեստին առնչվող մարդկանց ու կարևոր իրադարձությունների մասին թե՛ ազգային և թե՛ միջազգային մակարդակով: Կինոդրամատուրգիայի, ռեժիսորների ու դերասանների կինոդիմանկարերի և հարցազրուցների մեդիամասնագետ է: Եղել է «Դատավորը» փորձարարական ֆիլմի գործադիր պրոդյուսերը, մի ֆիլմ, որ 2001-ին ներկայացվել է Վենետիկի ՄԿՓ-ում, ինչպես նաև 37 այլ ԿՓ-երում, ցուցահանդեսներում և թանգարաններում: Գենա Տեոդոսևսկան 2008-ից Բիտոլայի «Մանակի եղբայրներ» ՄԿՓ-ի, իսկ 2011-ից՝ Ստրումիցայի Aster Fest կարճամետրաժ կինոյի ՄՓ-ի ֆիլմերի ընտրող է: Մալագայի, Դեսաուի, Հերցեգ Նովիի, Ժնևի, Հաագայի, Ամստերդամի ԿՓ-ների միջազգային ժյուրիի անդամ է եղել: 2015-ին մագիստրոսական թեզ է պաշտպանել Սկոպյեի Սբ Կիրիլի և Մեֆոդիուսի համալսարանի մշակութաբանության ինստիտուտում: 2014-ից Մակեդոնիայի կինոգործակալության խորհրդի հինգ անդամներից մեկն է:

ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ

Հայաստան

Ծնվել է 1958-ին Մոսկվայում: Ընդունել է Ալես ստեղծագործական կեղծանունը զավակների՝ Ալեքսանդրի և Սեդայի անունների հապավումից: 1975-79 թթ. սովորել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1982-87 թթ. ուսանել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժնում, որտեղ ստացել է Վահրամ Փափազյանի անվան կրթաթոշակ: 1987-ից ուսումը շարունակել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտում, որին զուգահեռ սովորել է նաև ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում: 1987-98 թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի արվեստի տեսության և պատմության ամբիոնում: Աշխատանքի բերումով 1993-ից մեկնել է ԱՄՆ: 1998-2008 թթ. աշխատել է Վաշինգտոնում և Մոսկվայում` որպես արվեստի խորհրդատու: Հեղինակել է շուրջ 300 հայերեն և ռուսերեն երգ, որոնցից մոտ 60-ը տեղ է գտել նրա հինգ սկավառակներում` «Կհեռանամ ինձանից» (1999), «Իմ բարդիներ» (2001), «Մտորումներ» (2003), «Քո կողքին և առանց քեզ» (2007), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010): Հեղինակել է նաև իր բոլոր երգերի խոսքերը: Ունի նաև 12 սինգլ` «Քարե անձրև», «Պատրանքի թևով», «Постойте, господа», «Դարի զավակներ» և այլն: Վերջինիս համար արժանացել է Սայաթ-Նովայի անվան համահայկական մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակին: 2008-ին վերադարձել և հաստատվել է Երևանում: 2009-ին եղել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներից: Արժանացել է մի շարք այլ մրցանակների, որոնցից են Վաշինտոնում հայ-ամերիկյան ասամբլեայի և Մոսկվայի «Արմենիա» պրոդյուսերական ընկերության շնորհած մրցանակները հայ արվեստում ունեցած ավանդի համար: 2010-ին թողարկել է «Բեկորներ» բանաստեղծական ժողովածուն:

FIPRESCI ԺՅՈՒՐԻ

ՊԱԲԼՈ ԳԱՐՍԻԱ ԿՈՆԴԵ

Իսպանիա

Ծնվել է 1989-ին Սալամանկայում, ներկայումս ապրում է Բարսելոնում: Արվեստի պատմություն է ուսանել Սալամանկայում, ապա կինոգիտության մագիստրոսի կոչում ստացել Բարսելոնի Պոմպեու Ֆաբրա համալսարանում: Անկախ կինոքննադատ է և մշակութային մենեջեր, դասավանդում է Կատալոնիայի միջազգային համալսարանում: Որպես կինոքննադատ թղթակցել է Mundo Hispánico շվեյցարական հանդեսին, իսկ այժմ աշխատակցում է Transit: cine y otros desvíos իսպանական հանդեսին:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐՈԶԵՎ

Բուլղարիա

Ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը (ՎԳԻԿ): Որպես կինոքննադատ թղթակցում է տարբեր կինոահանդեսների, պարբերականների և թերթերի: Կինոդիստրիբյուցիա է դասավանդում Սոֆիայի թատրոնի և կինոյի ազգային ակադեմիայում և կինոյի պատմություն` Բլագոևգրադի Հարավ-արևելյան համալսարանում: Հեղինակել է կինոյի պատմությանը վերաբերող շատ գրքեր, այդ թվում` եռահատոր «Բուլղարական կինոյի պամությունը»: 1993-ին հիմնել է Վառնայի Love Is Folly ՄԿՓ-ը, որի գեղարվեստական ղեկավարն է: 2004-09 թթ. եղել է Բուլղարիայի ազգային կինոկենտրոնի գործադիր տնօրենը: Բուլղարիայի կինեմատոգրաֆիստների միության և FIPRESCI-ի Բուլղարիայի բաժանմունքի անդամ է: Ընդգրկվել է բազմաթիվ ազգային և միջազգային կինոփառատոների ժյուրիների կազմում:

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1951-ին, Երևանում։ 1973-in ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Կինոյի պատմություն և սցենարական վարպետություն է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ է: 1971-73 թթ աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, 1976-91 և 1997-2001 թթ.` «Հայֆիլմ» կինոստուդիայում` նախ որպես սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, ապա ստեղծագործական միավորման գլխավոր խմբագիր, տնօրենի տեղակալ գեղարվեստական ծրագրերի գծով։ 2003-ին նրա «Մեր հին դաշնամուրը» թատերախաղը արժանացել է Լևոն Շանթի անվան մրցանակին` որպես տարվա լավագույն պիես։ Մամուլում տպագրվում է 1969-ից։ Մուրադյանի առաջին գիրքը հրատարակվել է 1976-ին։ Հետագայում հեղինակել է ևս 8 գիրք։ Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, տաջիկերեն, վրացերեն, ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն և անգլերեն։ 1994-1996 և 2001-2008 թթ. եղել է Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010 թթ.՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ։ 1993-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական, սցենարական կուրսերի ղեկավարն է, 2014-ից՝ այդ ինստիտուտի ռեկտորը։

ԷԿՈՒՄԵՆԻԿ ԺՅՈՒՐԻ

ԱԿՈՇ ԼԱԶԱՐ ԿՈՎԱՉ

Հունգարիա

Ակոշ Լազար Կովաչը (ծն. 1963) էսթետ է և մեդիահետազոտող: 2006-ից որպես դոցենտ գլխավորում է Պետեր Պազմանիի կաթոլիկական համասարանի (PPKE) հաղորդակցության և մեդիահետազոտությունների ֆակուլտետը: Վիեննայում գիտական աստիճան է ստացել կրոնի սոցիոլոգիայի գծով, Բուդապեշտում՝ կինոյի տեսության ոլորտում: Նրա մասնագիտական հետաքրքրությունների թվին են պատկանում նաև ԶԼՄ-երի և կինոյի տեսությունը, կինոարվեստի գեղագիտությունն ու տեսողական հաղորդակցությունը: Ակոշ Լազար Կովաչը գլխավորել է Հունգարիայի մամուլի կաթոլիկական ընկերակցության (MAKÚSZ) կինոյի բաժինը և Բուդապեշտի Ֆալուդի միջազգային երիտասարդական ԿՓ-ի ու լուսանկարչական մրցույթի տնօրենը եղել:

Տ. ԳԱՐԵԳԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1986-ին Երևանում: 2002-ին ընդունվել է Սբ Էջմիածնի Գևորգյան hոգևոր ճեմարան և 2008-ին գերազանցությամբ ավարտել ուսումը՝ ստանալով աստվածաբանության բակալավրի և մագիստրոսի կոչումներ: 2006-ին հայր Գարեգինը ձեռնադրվել է սարկավագ, երեք տարի անց՝ քահանա՝ դառնալով Սուրբ Էջմիածնի միաբանության անդամ: 2009-10 թթ. եղել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի՝ Եկեղեցու և պետության հարաբերությունների բաժնի ղեկավարը: 2010-ին մեկնել է Մեծ Բրիտանիա՝ Շեֆիլդի համալսարանում ակադեմիական կրթությունը շարունակելու, և երկու տարի բնակվել Հարության քոլեջում (Միրֆիլդ): 2011-ին նրան առաջարկել են թեկնածուական պաշտպանել Շեֆիլդում, ինչն էլ իրականացրել է՝ զուգահեռաբար Օքսֆորդում եբրայական հետազոտություններ կատարելով: Միաժամանակ դասախոսություններ է կարդացել այդ համալսարանի մի շարք քոլեջներում, ինչպես նաև Արևելագիտության ինստիտուտում: 2010-ին հայր Գարեգինը նշանակվել է Բիրմինգհեմի, Օքսֆորդի և Մանչեստրի ծխական համայնքների հոգևոր հովիվ: 2013-14 թթ. եղել է Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցու այցելու հոգևոր հովիվը: Թեկնածուական աստիճանի ծրագիրն ավարտելուց հետո հայր Գարեգին Համբարձումյանը վերադարձել է Հայաստան և ստանձնել Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը: 2015-ին նշանակվել է Սբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դեկան:

ԱՆԻՏԱ ՈՒԶՈՒԼՆԻԵՑԵ

Լատվիա

Ծնվել է 1947-ին: Գերմանական բանասիրություն է ուսանել Լատվիայի պետական համալսարանում և կինոգիտություն՝ Մոսկվայի կինոինստիտուտում (ՎԳԻԿ): Հետագայում համալրել է ուսումը և ատենախոսություն գրել 1960-80-ականների լատվիական վավերագրական կինոյի մասին: Համահեղինակել է «Լատվիական կինոյի պատմություն» գիրքը: Կինոյի պատմություն է դասավանդել Ռիգայի էկոնոմիկայի և գործարար վարչարարության միջազգային դպրոցում (RISEBA): Որպես կինոքննադատ գրում է կինոյի մասին, գրախոսություններ հրապարակում և փառատոնային հաշվետվություններ: 1999-ից Ռիգայում կազմակերպում է «Եվ բանը ֆիլմ դարձավ» ֆորումը, որն ընդգրկում է կինոյի և աստվածաբանության առնչումներին վերաբերող քննարկումներ: FIPRESCI-ի և INTERFILM-ի անդամ է: FIPRESCI-ի և INTERFILM-ի ժյուրիների, ինչպես նաև էկումենիկ ժյուրիի անդամ է եղել Բեռլինի, Քոթբուսի, Կարլովի Վարիի, Լոկառնոյի, Կաննի և Մոնրեալի միջազգային կինոփառատոներում: