ԺՅՈՒՐԻՆԵՐ
2005

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ

Կանադա

Ծնվել է 1960-ին, Կահիրեում, մեծացել` Արեւմտյան Կանադայում: Միջազգային հարաբերություններ եւ երաժշտություն է ուսանել Թորոնթոյի համալսարանում, որտեղ էլ սկսել է ֆիլմեր նկարահանել: Նրա վաղ շրջանի գործերն աչքի են ընկել Սանդենսի անկախ կինոյի փառատոնում, իսկ "Լուսավոր գալիք" ֆիլմով ճանաչման է հասել եւ քննադատների, եւ հանդիսատեսների շրջանում: Կաննի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է "Օսկարի" եւ Թորոնթոյի միջազգային կինոփառատոնում` քառիցս մրցանակի արժանացել: Կանադայի բարձրագույն կինոպարգեւի` "Ջինիի" յոթնակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երեւելի դեմքերից մեկը: "Օրացույցը" (1993) նկարահանելիս վերադարձել է նախնիների հայրենիք: 2004-ին "Ոսկե Ծիրան" Գլխավոր մրցանակին է արժանացել Երեւանի 1-ին միջազգային կինոփառատոնում:

ՍԱՅՄՈՆ ՖԻԼԴ

Մեծ Բրիտանիա

Գրող է, երկար տարիներ կինոյի մասին դասախոսություններ կարդացել, իսկ 1988-ին դարձել է Լոնդոնի ժամանակակից արվեստի ինստիտուտի կինոյի բաժնի տնօրենը: Ութ տարի ծրագրեր է կազմել ինստիտուտի երկու կինոթատրոնների համար եւ ղեկավարել կինովարձույթի ընկերությունը: 1996-2004 թթ. գլխավորել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը: Այժմ Լոնդոնի Illuminations Films կինոընկերության տնօրենն է:

ԴԵԲՈՐԱ ՅԱՆԳ

Իտալիա/ԱՄՆ

Հռոմում հաստատված ամերիկացի կինոքննադատ, սցենարիստ եւ ռեժիսոր: Երկար ժամանակ Variety ամերիկյան հանդեսի կինոմեկնաբանը լինելով` լայնորեն անդրադարձել է Իտալիայի, Իրանի, Միջին արեւելքի, Արեւելյան Եվրոպայի, Բրազիլիայի եւ Արգենտինայի կինեմատոգրաֆին: Կինոծրագրեր է կազմել Վենետիկի, Տաորմինայի եւ Նոր Իտալական կինոիրադարձություններ (NICE) փառատոների համար: Այժմ Թրայբեքա կինոփառատոնի խորհրդատուն է ծրագրերի գծով: 2002-ին Վենետիկում տեղի է ունեցել նրա "Շրջագայություն" կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան:

ՅՈՍ ՍՏԵԼԻՆԳ

Նիդերլանդներ

Ծնվել է 1945-ին, Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում: Գեղանկարչություն եւ գրաֆիկա է ուսանել: Առաջին ֆիլմը` "Մարիկեն վան Նյումեգհենը՚, 1975-ին, ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում: Հաջորդ ֆիլմերը նրան միջազգային ճանաչում են բերել` արժանանալով փառատոնային մրցանակների: 1999-ին ստեղծագործական ավանդի համար նրան շնորհվել է Ուոթերվիլի /ԱՄՆ/ փառատոնի, 2001-ին` Չեխիայի կինոակումբների ընկերակցության մրցանակները: 1981-ին հիմնել է "Հոլանդական կինոյի օրեր" փառատոնը, եւ մինչ 1991-ը` եղել փառատոնի տնօրենը: Այժմ արվեստի կենտրոնի տնօրեն է: Մշակութային նվաճումների համար Ստելինգն իր հայրենիքում արժանացել է ասպետի կոչման եւ "Հոլանդական առյուծ" շքանշանի:

ԷԴՈՒԱՐԴՈ ԱՆՏԻՆ (ՔՈՒԻՆՏԻՆ)

Արգենտինա

Ծնվել է 1951-ին, Բուենոս Այրեսում: Մաթեմատիկա է ուսումնասիրել եւ ամենատարբեր գործունեությամբ զբաղվել. ֆուտբոլի մրցավար է եղել, համակարգչային ծրագրավորող, փիլիսոփայություն է ուսանել: 1990-ին բարեկամների հետ հիմնել է El Amante del Cine կինոամսագիրը: Հոդվածներ է գրել ոչ միայն արգենտինական, այլեւ արտասահմանյան լրատվամիջոցների համար: 1997-ին դարձել է FFIPRESCI-ի` Արգենտինայի մասնաճյուղի հիմնադիրն ու առաջին նախագահը£ 2001-2004 թթ. եղել է Բուենոս Այրեսի անկախ կինոյի միջազգային փառատոնի նախագահը:

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ԺԱՆ-ՊԻԵՌ ՌԵՄ

Ֆրանսիա

Արվեստաբան եւ կինոքննադատ: Արվեստ եւ կինո է ուսանել տարբեր ուսումնական հաստատություններում, ապա` աշխատել Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունում, ժամանակակից արվեստի բազմաթիվ ցուցահանդեսների համադրող է եղել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ` այլ երկրներում, ինչպիսիք են Եգիպտոսը, Ճապոնիան եւ այլն: Ֆիլմերի եւ ցուցահանդեսների քննախոսականներ է գրում եւ մասնակցում կատալոգների հրատարակմանը: Ներկայումս Cahiers de Cinema հադեսի խմբագրակազմում է: Վերջին երեք տարինեին նաեւ Մարսելի վավերագրական ֆիլմերի փառատոնի տնօրենն է:

ԳԱՐԻ ՔՈՆՔԼԻՆ

ԱՄՆ

Ծնվել է 1932-ին, Ֆրեզնոյում: Հայկական ծագում ունի, իսկական ազգանունը Չանղալյան է: Կինոարվեստ եւ պատմություն է ուսանել Հարավային Կալիֆորնիայի եւ Փարիզի համալսարաններում: Հայտնի վավերագրող է, մեկ տասնյակ ֆիլմերի հեղինակ:

ՖԼԱՎԻԱ ԴԵ ԼԱ ՖՈՒԵՆՏԵ

Արգենտինա

Ծնվել է 1959-ին, Բուենոս Այրեսում£ Մանկավարժական կրթություն է ստացել: Մինչ կինոքննադատ դառնալը աշխատել է որպես ուսուցչուհի, թարգմանիչ, համակարգչային ծրագրավորող եւ էլեկտրոնային հրատարակիչ£ 1990-ին բարեկամների հետ հիմնել է El Amante del Cine կինոամսագիրը, որի խմբագիրներից մեկն է մնացել մինչեւ 2004 թվականը: 2000-2004 թթ. եղել է Բուենոս Այրեսի անկախ կինոյի միջազգային փառատոնի ծրագրերի կազմողն ու տնօրենը:

ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑ

Հայաստան

Ծնվել է 1945-ին, Երեւանում: Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ է, Հեռուստատեսության եւ ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Թատրոնի եւ կինոյի ազգային ակադեմիայի նախագահ, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահն է եւ վավերագրական ֆիլմերի "Հայկ" ստուդիայի տնօրենը: Մոտ 60 ֆիլմ վավերագրական ֆիլմի եւ մի քանի խաղարկային ժապավենների հեղինակ է:

ՓԻԹԵՐ ՎԻՆՏՈՆԻԿ

Կանադա

Ծնվել է1953-ին: Ավարտել է Օտտավայի Ալքոնքուին քոլեջի կինոկենտրոնը: Կինոգիտություն եւ կինոյի տեսություն է դասավանդել Մոնրեալի Կոնկորդիա համալսարանում, պարբերաբար դասախոսում է տարբեր երկրների համալսարաններում: Պրոդյուսեր է, ռեժիսոր եւ քննադատ: Անկախ կինոյի առաջին ինտերնետային կայքերից մեկի (Վիրտուալ կինոփառատոն) հիմնադիր է: Հատկապես հայտնի է որպես "Արտադրության թույլտվություն. Նոամ Չոմսկին եւ լրատվամիջոցները" ֆիլմի` Կանադայի պատմության մեջ ամենահաջողված վավերագրական կինոնկարներից մեկի պրոդյուսեր եւ ռեժիսոր (Մարկ Աքբարի հետ): Այս ժապավենը 22 մրցանակ է շահել` ներկայացվելով ավելի քան 50 կինոփառատոնում: Վինտոնիկը Necessary Illusions Canada կինոընկերության նախագահն է: Համագործակցում է բազմաթիվ միջազգային կինոհանդեսների հետ եւ խորհրդատուն է մի շարք հաստատությունների ու միջոցառումների, ինչպիսիք են Ամստերդամի, Մոնրեալի, Բեռլինի, Բուենոս Այրեսի կինոփառատոները: