1968-1973 թթ. ճարտարապետություն է սովորել Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում: Նախագծել և կառուցել է վեց շենք: 1974-1980 թթ. կինոարվեստ է ուսանել Թբիլիսիի կինոյի և թատրոնի ինստիտուտում: 1970-2000 թթ. որպես դերասանուհի նկարահանվել է կինոյում: 1985-1998 թթ. դասավանդել է Թբիլիսիի, Մոսկվայի, Բեռլինի կինոինստիտուտներում: 1999-2000 թթ. վարպետության դասեր է կազմակերպել Լոս Անջելեսի կինոինստիտուտում: 2000-2002 թթ. դասավանդել է Համբուրգի կինոինստիտուտում (Գերմանիա): Եղել է Կարլովի Վարիի, Կաննի և շատ այլ կինոփառատոների ժյուրիի անդամ: Բազմաթիվ ֆիլմեր է նկարահանել, այդ թվում` “Ատլանտը” (1979), որի համար արժանացել է Փորձարարական ֆիլմերի կինոփառատոնի Գլխավոր մրցանակին (Տալլին, Էստոնիա, 1979) և Անդրանիկ ֆիլմերի կինոփառատոնի ժյուրիի մրցանակին (Թբիլիսի, 1980): “Ուղևորություն դեպի Սոպոտ”-ը (1980) արգելվել է քաղաքական նկատառումներով: Ինչևէ, առաջին անգամ ցուցադրվելով 1987-ին` ֆիլմն արժանացել է Օբերհաուզենի ՄԿՓ-ի Մեծ մրցանակին և Էկումենիկ ժյուրիի մրցանակին` հումանիզմի համար: "Ռոբինզոնական կամ իմ անգլիացի պապիկը" ֆիլմը (1986) "Ոսկե կինոխցիկ՚ է նվաճել Կաննի ՄԿՓ-ում (1987), Մեծ մրցանակ` Սվերդլովսկի ԿՓ-ում (1987), Ժյուրիի մրցանակ` Տոկիոյի ՄԿՓ-ում (1988) և ՙՆիկե՚` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք (1988): Ջորջաձեի ֆիլմերի շարքում են նաև "Սիրահարված խոհարարի հազար ու մեկ բաղադրատոմսը" (1996), որը մրցանակներ է շահել Կաննում, Կարլովի Վարիում, Լատվիայում, Անապայում (Ռուսաստան)` լավագույն սցենարի համար, 1997-ին` ներկայացվել "Օսկարի", "27 գողացված համբույրները" (2000), "Ծիածան սարքողը" (2008), ինչպես նաև "Էրոսի" (1984), "Բանաստեղծ Ռովաչիձե" (1990), "Լա Նապուլ դղյակը" (1992), "Մի քիչ Վրաստանի մասին" (1993) վավերագրական ֆիլմերը: 1994-ից Ջորջաձեն Եվրոպական կինոակադեմիայի, իսկ 1996-ից Ամերիկյան կինոռեժիսորների գիլդիայի անդամ է: