ԺՅՈՒՐԻՆԵՐ
2006

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՄՈՐԻՑ ԴԵ ՀԱԴԵԼՆ

Գերմանիա

Ծնվել է 1940-ին Անգլիայում: Թողել է համալսարանական ուսումը փարիզյան Սորբոնում (որտեղ քիմիա եւ ֆիզիկա էր ուսանում)` հանուն մի փորձարարական կինոլաբորատորիայում սովորելու եւ Ռեյմոն Ռուլոյի կինոդասընթացին հետեւելու: Արտահաստիքային լուսանկարիչ աշխատելուց հետո հնարավորություն է ստացել նկարահանելու իր առաջին վավերագրական ֆիլմը` "Ճաղատը" (1963): Դրանից հետո մի քանի տարի համագործակցել է կինեմատոգրաֆիստ Էռնեստ Արտարիայի հետ: 1966-ին նկարահանել է իր երկրորդ ֆիլմը` "Ստվերներ եւ պատրանքներ"-ը, միաժամանակ` Իվ Ալեգրեի հետ կինոմոնտաժող աշխատել Ցյուրիխում եւ ռեժիսորի ասիստենտ` Բեռլինի "CCC" կինոստուդիայում:1969-ին կնոջ` Էրիկայի հետ, Շվեյցարիայում հիմնել է Նիոնի վավերագրական կինոյի միջազգային փառատոնը, որը ղեկավարել է մինչեւ 1979 թ.: 1972-1977 թթ. գլխավորել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը, որը նրա հսկողության տակ միջազգային ճանաչման նոր փուլ է թեւակոխել: 1979-ին հրավիրվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնը ղեկավարելու: Հիմնադրել է Բեռլինալեն` որպես աշխարհի ամենից լավ կազմակերպված փառատոներից մեկը: Արժանացել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության արվեստի եւ գրականության շքանշանի, վաստակի համար` պարգեւատրվել Իտալիայի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության շքանշաններով: 2000-ին Եվրոպական կինոֆորումը Ստրասբուրգում նրան Եվրոպայի մրցանակ է շնորհել` որպես "հարգանք տուրք փառատոնի մեծ տնօրենին": Եղել է Օբերհաուզենի, Գուադալախարայի, Մոնրեալի, Վենետիկի, Կառլովի Վարիի եւ Չիկագոյի միջազգային կինոփառատոների ժյուրիի անդամ: 2002-2003 թթ. գլխավորել է Վենետիկի կինոփառատոնը: Ներկայումս Եվրոպական կինոակադեմիայի անդամ է:

ՍԱՆԴՐԱ ԴԵՆ ՀԱՄԵՐ

Նիդերլանդներ

Ուտրեխտի համալսարանում ուսանել է կինոգիտություն եւ թատերագիտություն, այնուհետեւ` փորձաշրջան անցել Անգլիայի 4-րդ ալիքում: Ռոտերդամի միջազգային փառատոնի հետ իր համագործակցությունն սկսել է 1986-ին` որպես CineMart-ի կոորդինատոր եւ փառատոնի պրոդյուսեր, ապա` 1991-ին դարձել փառատոնի փոխնախագահ: 2000-ից ի վեր Սայմոն Ֆիլդի հետ եղել է փառատոնի համանախագահ, իսկ 2004-ին` նշանակվել նախագահ: Վերջին 15 տարիներին եռանդուն մասնակցություն է ունեցել միջազգային տարբեր նախագծերի, այդ թվում` Կարթագենի, Հավանայի, Պուսանի, Տոկիոյի, Նյու Յորքի կինոփառատոներում, Կաննի "Հատուկ հայացք" ծրագրի, Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) եւ Ուտրեխտի հոլանդական կինոյի փառատոների ժյուրիի անդամ է եղել: Անդամակցել է Հոլանդայի կինոֆոնդի` խաղարկային ֆիլմերի գծով խորհրդատվական կոմիտեին, Նիդերլանդների կինոներդրողների եւ Աֆրիկայի տեսալսողական ոլորտի ձեռնարկուների միություններին:

ԿԻՄ ԴՈՆԳ-ՀՈ

Հարավային Կորեա

Ծնվել է 1937-ին: Սովորել է Սեուլի ազգային համալսարանի իրավունքի բաժնում, ապա` մագիստրոսի աստիճան ստացել Հանյանգի համալսարանում: 27 տարի տարբեր կառավարական պաշտոններ է զբաղեցրել Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունում, ինչպես նաեւ նախագահել է Կորեայի Կինեմատոգրաֆի զարգացման կորպորացիան եւ Սեուլի Արվեստի կենտրոնը: Այժմ Պուսանի միջազգային կինոփառատոնի նախագահն է եւ Ասիական կինոյի զարգացման ցանցի փոխնախագահը: Մշակույթի ասպարեզում ունեցած նվաճումների համար բազմիցս պարգեւատրվել է Հարավային Կորեայում եւ երկրի սահմաններից դուրս: Ռոտերդամի, Սիեթլի եւ այլ հեղինակավոր կինոփառատոներում եղել է ժյուրիի անդամ: Նրա վերջին գիրքը` "Կորեայի կինոքաղաքականության պատմությունը", լույս է տեսել 2005-ին:

ԵՇԻՄ ՈՒՍՏԱՕՂԼՈՒ

Թուրքիա

Ծնվել է 1960-ին Սարիղամիշում: Կարադենիզի տեխնիկական համալսարանում ճարտարապետություն ուսանելուց հետո մագիստրոսի աստիճան է ստացել Ստամբուլի Յըլդըզ համալսարանում: Աշխատել է որպես ճարտարապետ, դիզայներ ու ռեստավրացիայի փորձագետ եւ ֆինանսավորել մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, որոնք արժանացել են քննադատների գովասանքին: Նրա առաջին խաղարկային ֆիլմը` "Հետքը", ցուցադրվել է բազմաթիվ միջազգային փառատոներում: Հաջորդ, "Ճանապարհորդություն դեպի արեւը" ֆիլմը` քաղաքական ճնշումներից չընկճվող խիզախ բարեկամության մասին, հեղինակին միջազգային ճանաչում է բերել: 1999-ի Բեռլինի միջազգային կինոփառատոնում ֆիլմն ստացել է "Երկնագույն հրեշտակ" մրցանակ` որպես լավագույն եվրոպական կինոնկար, ինչպես նաեւ` "Խաղաղության մրցանակ՚, իսկ Ստամբուլի միջազգային կինոփառատոնում` մրցանակներ լավագույն կինոնկարի եւ ռեժիսուրայի համար, FIPRESCI-ի եւ Հանդիսատեսի մրցանակները: Վերջին` "Ամպերին սպասելով" ֆիլմի սցենարի համար 2003-ին արժանացել է Սանդենսի կինոփառատոնի կինոգործիչների միջազգային մրցանակին:

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Հայաստան

Ծնվել է1838թ. Ալեքսանդրիայում, Եգիպտոս: Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս: Ավարտել է Պյատիգորսկ քաղաքի մանկավարժական ինստիտուտը, սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին: Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն: Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երեւանի թատրոններում: Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների եւ հասարակական գիտությունների "Տիբերինա" ակադեմիայի պատվավոր անդամ, Երեւանի պատվավոր քաղաքացի:

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ԳՈԴՖՐԻ ՌԵՋՋՈ

ԱՄՆ

Ծնվել է Նյու Օռլեանում 1940-ին: 14 տարեկանում մտել է Քրիստոնյա եղբայրների կաթոլիկ հայրապետական ուխտ: Կյանքի 14 տարին անց է կացրել լռության, պահքի եւ աղոթքի մեջ: 60-ականներին, բնակություն հաստատելով Նյու Մեխիկոյում, դասավանդել է դպրոցում եւ քոլեջում: 1972-ին հիմնել է Սանտա Ֆե շրջանի կրթության ինստիտուտը. շահույթ չհետապնդող այդ հիմնադրամը ուշադրություն է հատկացրել հաղորդակցության միջոցների զարգացմանը, արվեստներին, համայնքի կազմակերպմանը եւ հետազոտություններին: "Կոյանիսկացին" (1983)` Ռեջջոյի` որպես ռեժիսորի եւ պրոդյուսերի առաջնեկը, "Կացի" եռերգության առաջին ֆիլմն է: "Պովակկացին" (1988)` Ռեջջոյի երկրորդ ֆիլմը, մարդասիրական փիլիսոփայությամբ լի ուղերձ է աշխարհի, բնության եւ հին մշակույթների հանդեպ տեխնոլոգիաների տարած հաղթանակի եւ անհետացող վեհության մասին: 1991-ին Ռեջջոն նկարահանել է "Anima mundi"-ն` Բնության համաշխարհային հիմնադրամի համար, որը ֆիլմն օգտագործել է կենսաբանական բազմազանության իր ծրագրում: 1993-ին Ռեջջոն հրավիրվեց ոտփի կանգնեցնելու "Բենետոն" ընկերության հիմնած արվեստների, տեխնոլոգիաների եւ լրատվամիջոցների նորաստեղծ դպրոցը: Այն բացվեց 1995-ի մայիսին իտալական Տրեվիզո քաղաքում: 2002-ին ավարտել է "Նակոյկացին"` եռերգության երրորդ ֆիլմը` դարձյալ Ֆիլիպ Գլասի երաժշտությամբ: Բնակվում է Սանտա Ֆեում եւ հաճախակի դասախոսություններ կարդում փիլիսոփայության, տեխնոլոգիաների եւ կինոյի վերաբերյալ:

ՌՈՆ ՀՈԼՈՈՒԵՅ

Գերմանիա

Փիլիսոփայության դոկտոր է, ավարտել է Համբուրգի համալսարանը: Բեռլինում աշխատել է "Variety", "Hollywood Reporter" եւ "Moving Pictures" պարբերականների համար: Կինոյի, թատրոնի, մշակութային միջոցառումների մասին հոդվածներ է գրել նաեւ "Financial Times" եւ "Herald Tribune" թերթերի համար: Կինոյին եւ կինոարվեստի պատմությանը նվիրված վեց գրքի հեղինակ է: Որպես արեւելաեվրոպական կինոյի մանագետ` նախկին ԽՍՀՄ հանրապետությունների կինոռեժիսորների տվյալների բանկ է ստեղծել: Կնոջ` դերասանուհի Դորոթեա Մորիցի հետ, հրատարակում է "KINO. German Film and International Reports" հանդեսը, նկարահանել է չորս վավերագրական ֆիլմ: Չիկագոյի կինոյի ուսումնական կենտրոնի եւ Քլիվլենդի ֆիլմադարանի համահիմնադիրն է:

ԷՐԻԿԱ ԴԵ ՀԱԴԵԼՆ

Գերմանիա

Ծնունդով` Էրիկա ֆոն դեմ Հագենը ծնվել է Պոմերանիայում (Գերմանիա) 1941-ին: 1945-ին ընտանիքով տեղափոխվել են Արեւմտյան Գերմանիա: Ֆրայբուրգում, Փարիզում եւ Բեռլինում սովորելուց հետո, 1967-ին ավարտել է Բեռլինի Ազատ համալսարանը` Ֆրանսիայի պատմության, ֆրանսիական գրականության եւ ֆրանսերենի մագիստրոսի կոչումով: 1968-ին ամուսնացել է Մորից դե Հադելնի հետ: 1969-ին ամուսնու հետ հիմնադրել է Նիոնի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը (Շվեյցարիա), որի նախագահն է եղել 1980-1994 թթ.: "Հայաստանի Խորհրդային Հանրապետության վավերագրական ֆիլմերը" հետահայաց ցուցադրության համահեղինակն է (1989/90): 1972-77 թթ. ղեկավարել է Միջազգային կինոփառատոների շվեյցարական ընկերությունը: 1979-ից աշխատակցել է ամուսնուն, որ նշանակվել էր Բեռլինի կինոփառատոնի նախագահ (1979-2001): Նրա կազմակերպչական մտահղացումներն ընդունելի են դարձել աշխարհի շատ կինոփառատոների համար: 2001-ին ամուսնու հետ հիմնել է "Դե Հադելն եւ գործընկերներ"` կինոխորհրդատվական եւ կազմակերպչական ընկերությունը: Եղել է Տաորմինայի, Մոսկվայի, Ամստերդամի եւ այլ կինոփառատոների ժյուրիների անդամ: 1990-ին արժանացել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության Արվեստի եւ գրականության ասպետի կոչման:

ՄՈՒՀԱՄԱԴ ՀԱՇԵՄ

Լիբանան

Կարիերան սկսել է որպես գծանկարիչ դիզայներ եւ անիմատոր` գլխավորելով արաբական հեռուստակայաններից մեկի ստեղծագործական բաժինը: Լիբանանյան եւ արաբակական ալիքներով ցուցադրված մի շարք կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է, ՄԱԿ-ի FAO "TeleFood" մրցանակի դափնեկիր: 1999-ին հիմնել է DocuDays-ը` Բեյրութի վավերագրական կինոյի միջազգային փառատոնը (թվով 8-րդն է արդեն): Փառատոնը շարունակում է զորավիգ լինել արաբական վավերագրական կինոյին միջազգային ասպարեզում` համագործակցելով այլ փառատոների հետ եւ կազմակերպելով Լիբանանա-պաղոստինյան վավերագրական կինոյի շաբաթ: Հաշեմը եղել է մի շարք միջազգային կինոփառատոների (Էկոսինեմայի, Լայպցիգի, Տամպերեի եւ այլն) ժյուրիի անդամ: Վավերագրության արվեստի եւ գիտության դասընթացներ է վարել երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար` ի լրումն արաբական վավերագրությանը նվիրված դասախոսությունների: 2005-ին ձեռնարկել է "Վավերագրողների բեյրության հանդիպում եւ ֆորում"-ը` DocuDays-ին զուգահեռաբար ընթացող երկու իրադարձություն, որոնք նվիրված են ոչ խաղարկային ժանրի արտադրությանը: "Արաբ վավերագրողների ցանցի" ղեկավարն է, նորաստեղծ մի կազմակերպություն, որի նպատակն է ծառայել արաբ վավերագրողների համայնքին` ստեղծելով մշտապես գործող էլոկտրոնային ցանց ֆիլմերի, կինոգործիչների եւ կինոմասնագետների համար: Ներկայումս Հաշեմը մասնակից է արաբական աշխարհում կյանքի կոչվող մի քանի վավերագրական նախագծերի:
ԱՐԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 17.03.1953թ. Երեւանում: 1975-ին ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, մասնագիտանալով մոլեկուլյար ֆիզիկայի և բիոֆիզիկայի ասպարեզում: 1984-ին ավարտել է Կինոյի Համամիութենական Պետական Ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը: Քսանից ավելի վավերագրական ֆիլմերի եւ երեսունից ավելի վավերագրական տեսաֆիլմերի և հեռուստահաղորդաշարերի հեղինակ է: Ֆիլմերը ցուցադրվել են Փարիզի, Նիոնի, Ալմա-Աթայի, Սանկտ-Պետերբուրգի, Պալանգայի, Աուգսբուրգի, Լոնդոնի փառատոններում: "ԱՐՄՆԱ ՖԻԼՄ" ստուդիայի հիմնադիր, պրոդյուսեր եւ "ՇԱՆԹ" հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՄՐՑՈՒՅԹ

ՎԱՐՈՒԺ ՔԱՐԻՄ – ՄԱՍԻՀԻ

Իրան

Ռեժիսոր, մոնտաժող: Ծնվել է 1952-ին Արաքում (Իրան): Կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելուց և որպես ռեժիսորի օգնական աշխատելուց հետո ասպարեզ է հանել իր միակ խաղարկային ֆիլմը` ՙՎերջին գործողությունը՚(1990), որի համար արժանացել է ինը մրցանակի:

ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1958-ին Երեւանում: Կինոյում աշխատում է 1977 թվականից: 1988-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի օպերատորական ֆակուլտետը եւ աշխատանքի անցել "Հայֆիլմ" կինոստուդիայում: Աշխատել է ավելի քան 60 խաղարկային, վավերագրական, գովազդային ֆիլմերում:

ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1964-ին Երեւանում: 1985-ին ավարտել է Երեւանի Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը: 1986-87 թվականներին աշխատել է "Հայհամերգ"-ում: 1988-ից աշխատել է "Հայկ", "Հայֆիլմ" եւ "Արմենիա-Ֆիլմզ" ստուդիաներում, սկզբում` որպես ռեժջսորի ասիստենտ, այնուհետեւ` ռեժջսոր:

ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1963-ին Երեւանում: Ավարտել է Մոսկվայի Բարձրագույն կինոռեժիսորական կուրսերը 1991 թ.: Հեղինակն է երեք խաղարկային եւ տաս վավերագրական ֆիլմերի, որոնք ստացել են մրցանակներ Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի, Բելառուսի, Ուկրաինակի միջազգային կինոփառատոններում:

ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆ

Կանադա

Ծնվել է 1958-ին Լիբանանում, հայկական ընտանիքում: Մեծացել է Բեյրութում: 17 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոնրեալ: Թատերական ուսում է ստացել Լազալ կոնսերվատորիայում եւ իսպաներենի ու ֆրանսերենի դասընթացներ ավարտել Կոնկորդիա համալսարանում: Քաղաքագիտության գծով մագիստրական թեզի վրա աշխատելիս հանդիպել է ապագա ամուսնուն` Ատոմ Էգոյանին, որը դերակատարուհի էր փնտրում իր առաջին` "Հարազատը" ֆիլմի համար (1984): Այնուհետեւ տեղափոխվել է Թորոնթո և ավարտել մագիստրատուրան` Թորոնթոյի համալսարանում: Մինչև 80-ականների կեսն աշխատել է Օնտարիոյի արվեստի խորհրդում: 80-ականների երկրորդ կեսին շարունակել է գլխավոր և երկրորդական դերեր խաղալ Էգոյանի ֆիլմերում. Հաջորդ տասնամյակը ավելի ու ավելի մեծ համբավ բերեց Խանջյանին, որը Էգոյանի ֆիլմերում նկարահանվելուց բացի, ճանաչման հասավ նաև հեռուստաէկրանին և թատրոնում: 1999-ին "Ջինի" մրցանակի է արժանացել "Խենթ սիրտ" հեռուստասերիալում իր դերակատարման համար: