ԺՅՈՒՐԻՆԵՐ
2015

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՌՈԲԵՐ ԳԵԴԻԳՅԱՆ

Ֆրանսիա

Ռոբեր Գեդիգյանն ուսանում էր Փարիզի Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի սոցիալական գիտությունների բաժնում, երբ Ռընե Ֆերեն 1977-ին նրան առաջարկեց գրել «Ֆեռնան» ֆիլմի սցենարը: 1980-ին ռեժիսոր Գետիկյանը Արիան Ասկարիդի և Ժերար Մեյլանի մասնակցությամբ նկարահանեց իր անդրանիկ ֆիլմը` «Անցյալ ամառը», որտեղ արդեն ներկա էին Մարսելն ու տեղի սոցիալական իրականությունը: Մի քանի ֆիլմից հետո հանրությունը 1997-ին ճանաչեց Գեդիգյանին «Մարիուսն ու Ժանետը» կինոնկարի շնորհիվ, որն արժանացավ «Լուի Դելյուկ» մրցանակին և «Սեզար» մրցանակ բերեց Արիան Ասկարիդին՝ որպես լավագույն դերասանուհու: Ապա ասպարեզ եկան «Սրտի տեղում», «Քաղաքը հանգիստ է», «Գրոհ» ֆիլմերը: Ռոբեր Գեդիգյանը նաև Agat Films & Cie/Ex Nihilo պրոդյուսերական խմբի հիմնադիրներից է: Այս անկախ ընկերությունն արտադել է ավելի քան 400 վավերագրական և խաղարկային ֆիլմ: Ռեժիսորն իր արմատներին է վերադարձել 2006-ին ստեղծված «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմով, որն արժանացել է Անրի Լանգուա մրցանակին, ապա նկարահանել է «Լեդի Ջեյն» «սև» ֆիլմը, որը ներկայացվել է Բեռլինի ՄԿՓ-ում: Նրա 17-րդ աշխատանքը` «Կիլիմանջարոյի ձյուները», 2011-ին ընդգրկվել է Կաննի ՄԿՓ-ի պաշտոնական մրցույթի «Հատուկ հայացք» ծրագրում: Գեդիգյանի նոր ֆիլմը՝ «Խենթ պատմությունը», էկրան կբարձրանա մի քանի ամսից:

ՓԻԹԵՐ ՍՔԱՐԼԵԹ

ԱՄՆ

Հիմնել է Ակիրա Կուրոսավայի անվան մրցանակը, որը շնորհվում է ստղծագործական վաստակի համար: Հրավիրվել է գլխավորելու Ֆրանսիական ֆիլմադարանը՝ Եվրոպայի ամենահին ու ճանաչված կինոարխիվը: 2003-ին մեկնել է ԱՄՆ՝ Նյու Յորքի Թրայբեքա ԿՓ-ի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու: Հետագայում տեղափոխվել է ԱՄԷ՝ դառնալով Աբու Դաբիի ՄԿՓ-ի գործադիր տնօրենը: Իր նպաստն է բերել նորարարական կինոյի զարգացման և հետարտադրական SANAD հիմնադրամի ստեղծմանը: Ժյուրիի անդամ է եղել բազմաթիվ կինոփառատոներում (Ալմաթիի, Կահիրեի, Դուբայի, Ժնևի Մարդու իրավունքների, Կարլովի Վարիի, Լոս Անջելեսի և այլն): Փարաջանով-Վարդանով ինստիտուտի (Բևըրլի Հիլզ, Քալիֆորնիա) խորհրդի անդամ է:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐՈԶԵՎ

Բուլղարիա

Ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը (ՎԳԻԿ): Որպես կինոքննադատ թղթակցում է տարբեր կինոահանդեսների, պարբերականների և թերթերի: Կինոդիստրիբյուցիա է դասավանդում Սոֆիայի թատրոնի և կինոյի ազգային ակադեմիայում և կինոյի պատմություն` Բլագոևգրադի Հարավ-արևելյան համալսարանում: Հեղինակել է կինոյի պատմությանը վերաբերող շատ գրքեր, այդ թվում` եռահատոր «Բուլղարական կինոյի պամությունը»: 1993-ին հիմնել է Վառնայի Love Is Folly ՄԿՓ-ը, որի գեղարվեստական ղեկավարն է: 2004-09 թթ. եղել է Բուլղարիայի ազգային կինոկենտրոնի գործադիր տնօրենը: Բուլղարիայի կինեմատոգրաֆիստերի միության և FIPRESCI-ի Բուլղարիայի բաժանմունքի անդամ է: Ընդգրկվել է բազմաթիվ ազգային և միջազգային կինոփառատոների ժյուրիների կազմում:

ԶԱԶԱ ՈՒՐՈՒՇԱՁԵ

Վրաստան

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր: Վրաստանի կինոգործիչների միության նախագահ, «Օսկար» և «Ոսկե գլուբուս» մրցանակների թեկնածու: 1982-1988 թթ. ռեժիսուրա է ուսանել Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Հայտնի է «Այստեղ լուսաբաց է» (1998), «Երեք տուն» (2008) և «Մանդարիններ» (2013) ֆիլմերով: «Մանդարինները» ներկայացվել և մրցանակներ է վաստակել աշխարհի տարբեր փառատոներում, ընդ որում՝ Վարշավայի ՄԿՓ-ի միջազգային մրցույթում լավագույն ռեժիսորական աշխատանք է ճանաչվել և շահել Հանդիսատեսների մրցանակը, իսկ 2013-ին Մայնհայմ-Հայդելբերգի ՄԿՓ-ում արժանացել Հատուկ և դարձյալ Հանդիսատեսների մրցանակներին:

ԱԼԻՆ ԹԱՇՉՅԱՆ

Թուրքիա

Ծնվել է 1969-ին Թուրքիայում: 1991-ին ավարտել է Ստամբուլի համալսարանի հաղորդակցությունների բաժինը: 1992-ին սկսել է աշխատել «Milliyet Art Review»-ում և «Milliyet» օրաթերթում: Այս մեդիա խմբում անցկացրած 16 տարիներին եղել է թղթակից, կինոքննադատ և «Art Review»-ի խմբագիր: Միաժամանակ իր քննադատ գործընկերների հետ կինոծրագրեր է ստեղծել թուրքական ռադիոյի և TRT 2 հեռուստաընկերության մշակութային ալիքի համար: Ծրագրել և ներկայացրել է 24-րդ լրատվական ալիքի «Թեմատիկ ֆիլմեր» հաղորդաշարը: 2008-15 թթ. աշխատել է որպես «Star» օրաթերթի քննադատ և սյունակագիր: Ալին Թաշչյանը Թուրքիայի բոլոր խոշոր փառատոների խորհրդատուն ու ծրագրերի համակարգողն է եղել, անդամակցել բազմաթիվ ազգային և միջազգային կինոփառատոների ժյուրիներին: Եվրոպական կինոակադեմիայի անդամ է: Չորս տարվա փոխնախագահությունից հետո 2014-ին ընտրվել է FIPRESCI-ի նախագահ: Այժմ գրում է Թուրքիայի մշակույթն ու արվեստը ներկայացնող www.sanatatak.com նշանավոր հարթակում:

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՄԱՐԵԿ ՀՈՎՈՐԿԱ

Չեխիա

Ավարտել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայի (FAMU) կինոյի և հեռուստատեսության բաժինը որպես վավերագրող: Նրա ֆիլմացանկն ընդգրկում է հինգ կարճամետրաժ և միջին տևողության ֆիլմ: 1997-ին Յիհլավայում հիմնված վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ի տնօրենն է: 1996-ին և 1997-ին քննարկումներ է կազմակերպել չեխական մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Յիհլավայի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ն անդամակցում է եվրոպական վավերագրական կինոյի հինգ առանցքային ԿՓ-երի Doc Alliance գործընկերությանը (Կոպենհագենի CPH:DOX, Լայպցիգի DOK, Յիհլավայի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ, Վարշավայի Planete Doc Review, Նիոնի Visions du réel): Վավերագրական կինոյի «do» հանդեսի և «dok.revue» ամսագրի խորհրդատու խմբի անդամ է: Հրավիրվել է անդամակցելու տարբեր փառատոների միջազգային ժյուրիներին (օրինակ՝ Նիոնի Visions du Réel, Մյունխենի Doku.fest կամ Կրակովի ՄԿՓ):

ՋՈՎԱՆՆԻ ԴՈՆՖՐԱՆՉԵՍԿՈ

Իտալիա

Ֆլորենցիայում բնակվող ռեժիսոր և պրոդյուսեր: Նախ լուսանկարիչ է եղել, ապա վավերագրությանը դիմել՝ մի քանի ամիս անցկացնելով Մեքսիկայի Լակադոնյան ջոնգլիներում, որտեղ նկարահանել է ֆիլմ Սապատայի կողմնակիցների ապստամբության մասին: Հրապարակել է երկու վեպ և մի լուսանկարչական ալբոմ: Հիմնել է Altara Films ընկերությունը, որը թողարկում է իր և այլոց ֆիլմերը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով միջազգային համատեղ արտադրությանը: Դոնֆրանչեսկոյի գործերը ցուցադրվել են զանազան ՄԿՓ-երում: Նրա վերջին աշխատանքը` «Քարե գետը», որպես լավագույն վավերագրական աշխատանք արժանացել է Հռոմի ՄԿՓ-ի Պոջջալիի, Փարիզի Cinéma du Réel ԿՓ-ի Երիտասարդական ժյուրիի, Երևանի ՄԿՓ-ի «Ոսկե ծիրան» և իտալական «Ոսկե գլոբուս» մրցանակներին:

ՆՈՒՆՈՒ ՍԵՆԱ

Պորտուգալիա

1969-ին Լիսաբոնում ծնված Նունու Սենան անկախ կինոյի IndieLisboa ՄԿՓ-ի հիմնադիրներից և ծրագրերի գլխավոր համակարգողներից է, փառատոն, որն արդեն տասնմեկ տարվա պատմություն ունի: Հաղորդակցության միջոցներ է ուսանել՝ ուսումն ավարտելով կինոյի մասնագիտացմամբ: Նախկինում եղել է Պորտուգալիայի կինոինստիտուտի վարչության աշխատակից և Պորտուգալական ֆիլմադարանի ու Կինոյի թանգարանի ծրագրերի և հրատարակչական բաժնի պատասխանատու: 2004-06-ին եղել է նաև վավերագրական կինոյի Doclisboa ՄԿՓ-ի ծրագրերի համակարգող: Այժմ IndieLisboa տնօրեն և ծրագրավորող լինելուց բացի, համալսարանում կինոյի պատմություն և վավերագրություն է դասավանդում:

ԿՈՐԻՆՆԱ ԴԱՆԻԵԼՈՒ

Ֆրանսիա

Մոսկվայում ծնված լրագրող և թարգմանիչ: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հետագայում տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ աշխատել է «Premiere», «Птюч», «Elle» հանդեսների ռուսական և ֆրանսիական հրատարակություններում: Այժմ ապրում է Փարիզում և զբաղվում փառատոների, հետահայաց ցուցադրությունների կազմակերպմամբ, նաև ռուսական ու եվրոպական կինոյին վերաբերող այլ գործունեությամբ: 2010-ից Վոլոգդայի՝ եվրոպական երիտասարդական կինոյի «Ձայներ» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է:

ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆ

Շվեդիա

Ստոկհոլմում բնակվող սփյուռքահայ անկախ կինոռեժիսոր և լրագրող: Լրագրություն է ուսանել Բեյրութում և Փարիզում, լրագրող աշխատել Փարիզում մինչև 1988-ը, երբ սկսել է կինոյով զբավել: Ավարտել է Բոսթոնի Թաֆթի համալսարանի Ֆլեչեր դպրոցը միջազգային իրավունքի և դիվանագիտության մագիստրոսի աստիճանով: «Պատմության փրկություն. նկաահանելով վերապրածներին» գրքի հեղինակն է: Սյուզան Խարտալյանը նկարահանել է մի շարք վավերագրական ֆիլմեր, որոնց թվում են «Վերադարձ դեպի Արարատ»-ը (1988), «Անապահով հողը» (1993), «Նրա հայ արքայազնը» (1997), «Ափիոնից մինչև քրիզանթեմներ»-ը (2000), «Բառեր և քարեր. Ղազա»-ն (2000), «Տատիկին դաջվածքները» (2011): Այժմ Սյուզանն աշխատում է իր նոր ֆիլմի՝ «Այլ Երուսաղեմ»-ի վրա:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՄՐՑՈՒՅԹ

ՆԻՔ ՀՈԼԴՍՈՒՈՐԹ

Մեծ Բրիտանիա

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ու Ռուսաստանում աշխատող լրագրող, սցենարիստ, ռեժիսոր, կինո- և հեռուստատեսային արտադրանքի փորձագետ: «The Hollywood Reporter»-ի արևելաեվրոպական բաժնի վարիչն է, մոսկովյան թղթակից է աշխատել լոնդոնյան «Sunday Telegraph» թերթում, «Times»-ի «Higher Education» հավելվածում և «Variety» հանդեսում: Որպես կինոարտադրության փորձագետ՝ կինոյի և հեռուստատեսության շուրջ քննարկումներ է կազմակերպել մի շարք միջազգային միջոցառումների շրջանակներում, ընդ որում՝ Կաննի (Ռուսական տաղավար, 2012), Վրոցլավի «Նոր հորիզոններ» (2012-14), Բեռլինի (6-րդ Cinema Total, 2012, շեշտադրումը՝ Ռուսաստանի հետ համատեղ կինոարտադրություն) ՄԿՓ-երում: Հինգ վավերագրական կարճամետրաժ ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորն է: Այժմ աշխատում է «Նապոլեոնի կորուսյալ կայսերական գանձը» դրամա-վավերագրական նախագծի վրա:

ԻՐԵՆԱ ԲԻԼԻՉ

Ֆրանսիա

Բելգրադում ծնված և հասակ առած Իրենա Բիլիչը Սորբոնում փիլիսոփայություն ու մարդաբանություն է ուսանել, Ժան Ռուշի և Էրիկ Ռոմերի ղեկավարությամբ` կինոռեժիսուրա: Համալսարանն ավարտելուց հետո հանդես է եկել որպես կինոքննադատ և թարգմանիչ: Հեղինակել է ավելի քան 20 վավերագրական և կարճամետրաժ խաղարկային ֆիլմ (այդ թվում` «Խենթ տունը», «Խորհրդավոր նավերը», «Դերվիշները», «Սպան» և «Ավելի ուշ է, քան կարծում ես»), որոնք ներկայացվել են, Կրետեյի, Կլերմոն-Ֆեռանի, Ստոկհոլմի, Բելգրադի, Կոլաշինի, Մոսկվայի և Մոնպելյեի փառատոներում, ինչպես նաև Ֆրանսիական ֆիլմադարանում, Մարդու թանգարանում, Քասելի Documenta ցուցահանդեսում, UNESCO-ում, Օսլոյի կինոթանգարանում և Նյու Յորքի Ամերիկյան գեղարվեստի պատկերասրահում: Իրենա Բիլիչը 2006-ից ի վեր Փարիզում և Նորմանդիայում կայացող «Եվրոպան Եվրոպայի շուրջ» և «Եվրոպան Եվրոպայով» արվեստի և հեղինակային ֆիլմերի մեկամսյա փառատոների հիմնադիրն է, պրոդյուսերը և գեղարվեստական ղեկավարը:

ԲԻՋԱՅԱ ՋԵՆԱ

Հնդկաստան

Ռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի: Ավարտել է Հնդկաստանի կինոինստիտուտը (Պունա), Օրիսա նահանգից սերող նշանավոր դերասանուհի է և պետական մրցանակակի դափնեկիր՝ որպես լավագույն դերասանուհի: Խաղացել է գեղարվեստական ֆիլմերում և հեռուստասերիալներում: Այդ ֆիլմերից «Հակիմ Բաբու»-ն ճանաչվել է լավագույն օրիական ֆիլմ՝ արժանանալով ազգային մրցանակի: 1992-95 թթ. Բիջայա Ջենան ընդգրկվել է Հնդկաստանի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի վարչական խորհրդի կազմում: Ժյուրի անդամ է եղել և տարբեր փառատոներում և բազմաթիվ մրցանակներ ստացել: Բիջայան ուժերը փորձել է նաև որպես ռեժիսոր: «Թարա» և «Աբհաաս» մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսերը, սցենարի հեղինակը, ռեժիսորը և դերակատարուհին է: Ֆիլմերն արժանացել են մի շարք մրցանակների:

ՄԱՐԻՆԱ ԱԺԱԺԱ

ԱՄՆ

Սցենարիստ, կինոծրագրերի համադրող: 1998-ից ի վեր Սիեթլի ՄԿՓ-ի կինոծրագրավորող, ֆիլմեր ընտրող Մարինա Աժաժայի ուշադրության կենտրոնում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի, Ռուսաստանի, բալթյան երկրների և Կենտրոնական Ասիայի ֆիլմերն են: Նա անդամակցել է Տրիեստի, Վարշավայի և Բելառուսի «Լիստապադ» կինոփառատոների ժյուրիներին: Ծնվել է 1950-ին Հոլիվուդում, հասակ առել Լոս Անջելոսում և 1969-ից բնակվել Վաշինգթոն նահանգում: 1989-ին ավարտել է Վաշինգթոնի Էվերգրին նահանգային քոլեջի գրականության բաժինը բակալավրի աստիճանով: 1991-97 թթ. ապրել է Ռուսաստանի Դաշնությունում և սովորել Սանկտ Պետերբուրգի Հեռուստատեսության և կինոյի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում (1993-94, Սեմյոն Արանովիչի արվեստանոց): Եղել է Ռուսաստանում առաջին՝ «Պատմությունը Հոլիվուդի աչքերով» ամերիկյան ճամփորդող կինոփառատոնի պրոդյուսերներից մեկը: 1988-ին ավարտել է Վաշինգթոնի համալսարանի սցենարական դասընթացը, իսկ 2005-ին`TheFilmSchool-ի սցենարական բաժինը (Սթյուարթ Սթերնի արվեստանոց):

ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1951-ին Երևանում: Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական կամերային թատրոնի հիմնադիր և ռեժիսոր, թատերագիր: Նախնական մասնագիտությամբ կիբեռնետիկոս է և միայն 1983-ին է ավարտել ռեժիսորական կրթությունը: Ուսանողական տարիներին հիմնել է Հայաստանի Ուրախների և հնարամիտների ակումբը և թատերական հաջողությունների հասել: Զուգահեռաբար 1990-ից սկսել է զբաղվել կինոռեժիսուրայով` մինչև օրս նկարահանելով չորս ֆիլմ:

ԿՈՐԻԶ ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻ

ՀՈՎԻԿ ՀԱԲԵՇՅԱՆ

Լիբանան

Կինոլրագրող և կինոքննադատ: Ներկայումս վարում է 1933-ից Բեյրութում հրատարակվող «Ան-Նահար» արաբական օրաթերթի կինոյի ամենշաբաթյա էջը: Կարիերան սկսել է 1999-ին որպես անկախ լրագրող՝ աշխատակցելով տեղական և տարածաշրջանային արաբակալեզու մամուլին: Որպես ռեժիսոր և պրոդյուսեր վավերագրական ֆիլմեր է նկարահանել տարբեր հեռուստաընկերությունների, մասնավորապես կինոռեժիսորների դիմանկարներ ներկայացնող «Արաբական ոսպնյակ» հաղորդաշարի համար: Մասնակցել է նաև ուսանողներին աջակցող բազմաթիվ լսատեսողական սեմինարների: Screen ինստիտուտի խորհրդի անդամ է, մի հաստատություն, որն օժանդակում ու խթանում է կինոն իր բոլոր դրսևորումներով՝ որպես մշակութային, գեղարվեստական և սոցիալական արժեքների արտահայտչամիջոց: 2005-ից ի վեր որպես կինոքննադատ, ինչպես նաև ժյուրիի անդամ, լուսաբանում է միջազգային կինոփառատոներ (Կանն, Բեռլին, Վենետիկ, Թորոնթո): FIPRESCI-ի և NETPAC-ի անդամ է:

ԱԲՈԼՖԱԶԼ ՍԱՖԱՐԻ

Իրան

Կինոռեժիսոր և պրոդյուսեր: Ծնվել է 1974-ին Իրանի Յազդ քաղաքում: 90-ականների սկզբից ի վեր ներգրավվել է կինոարտադրության մեջ և նախքան իր ուսումնառությունը ստեղծել շատ կարճամետրաժ ֆիլմեր: 2000-ին ավարտել է Թեհրանի գեղարվեստի համալսարանը: Արժանացել է այլևայլ միջազգային կինոմրցանակների և աշխատել տարբեր օտարերկրյա հեռուստընկերությունների համար, ինչպիսին է «Արտե»-ն: 2006-ին նկարահանել է իր առաջին՝ «Աշխարհի եզրին» լիամետրաժ ֆիլմը, որը մրցանակներ է ստացել «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում: Սաֆարիի երկրորդ լիամետրաժ աշխատանքը՝ «Թեհրանից մինչև դրախտ»-ը, ցուցադրվել է տարբեր ՄԿՓ-երում, ինչպիսիք են Մոնրեալի և Ռոտերդամի փառատոները: Վերջերս Սաֆարին Իրանում ձեռնամուխ է եղել իր երրորդ լիամետրաժ կինոնկարին:

ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1962-ին Երևանում: 1995-ին ավարտել Երևանի սպորտի և ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը որպես ջրային պոլոյի մարզիչ: Երբեք չաշխատելով որպես մարզիչ` զբաղվել է արծաթագործությամբ, ապա` նկարչությամբ: Վերջապես ի կատար ածելով մանկության երազանքը` մտել է կինոաշխարհ: 1995-ին նկարահանել է իր առաջին կարճամետրաժ աշխատանքը` «Լռությունը»: Նկարահանել է նաև գովազդ, բազմաթիվ երաժշտական հոլովակներ փոփ ժանրի հայ և ռուս կատարողների համար, մրցանակների արժանացել Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունում: 2011-ին հիմնել է «Արև» կինոստուդիան, որի տնօրենն է: Ռուս սցենարիստ Վադիմ Լևանովի հետ համահեղինակել է «1+1=1» լիամետրաժ ֆիլմի սցենարը: 2014-ին ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությանը Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը» արժանացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար սահմանված մրցանակին:

FIPRESCI ԺՅՈՒՐԻ

ՍԹԻՎԵՆ ԼՈՔ

ԱՄՆ

Նյու Յորքում ծնված Սթիվեն Լոքը 1960-ականներից ապրում է Գերմանիայում, ներկայումս` Բեռլինում: MEDIA ծրագրի համար և որպես կինոյի ու թատրոնի քննադատ աշխատելուց հետո հրավիրվել է Բեռլինի ՄԿՓ-ի երկլեզու օրաթերթը հիմնելու և խմբագրելու, ինչպես նաև 20 տարով ընդգրկվել է մրցութային ծրագրի ընտրող հանձնաժողովում: Մինչև օրս աշխատում է Բեռլինալեում, այժմ՝ որպես հատուկ խորհրդատու և ֆիլմ որոնող, հիմնականում Սկանդինավյան երկրների պատասխանատու: Կինոլրագրությունից բացի, զբաղվում է նաև թարգմանչությամբ արվեստի, մշակույթի և պատմության ոլորտներում:

ԵԼԵՆԱ ԴՈՒՐԳԵՐՈՒ

Ռումինիա

Կինոքննադատ, բանաստեղծ, հրատարակիչ, թարգմանիչ: 2008-ին կինեմատոգրաֆի և լրատգրության գծով ասպիրանտուրա է ավարտել: 2010-ից «Ziarul Lumina» թերթի կինոմեկնաբանն է: 2001-ից մշտապես կինոխորագրեր է վարել ռումինական տարբեր հանդեսներում ու թերթերում: Գրել է հետևյալ գրքերը կինոյի մասին, «Տարկովսկի. ֆիլմը որպես աղոթք: Սրբության պոետիկան Անդրեյ Տարկովսկու կինոյում» (2002), «Զրույցներ Մարինա Տարկովսկայայի հետ» (2004), «Սանդուղք դեպի դրախտ. Կուստուրիցա, Տարկովսկի, Փարաջանով» (2011): DaKino (2005), Բուխարեստի (2006), Կարլովի Վարիի (2006), Քոթբուսի (2009) ՄԿՓ-ների ժյուրիի անդամ է եղել: Քոթբուսի ՄԿՓ-ում (2009) նախագահել է Էկումենիկ ժյուրին: Հավատարմագրված լրագող է եղել տարբեր ՄԿՓ-երում («Զոլոտոյ վիտյազ», Ռուսաստան, FILM.DOK, Սևծովյան ՄԿՓ, Մոսկվայի ՄԿՓ, Astra Film, B-EST, BIFEST, DaKino): Ավելի քան 15 հրապարակում ունի Ռումինիայում, Սերբիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Իտալիայում, Բրազիլիայում տպագրված հրատարակություններում («Իսկուսստվո կինո», kinokultura.com, «Kinoruss»): 2002-ից Ռումինիայի կինեմատոգրաֆիստների միության անդամ է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ

Հայաստան

Կինոգետ, արվեստագիտության թեկնածու: 1991-ին ավարտել է ԵրՊԻ (Ճարտարագիտական համալսարան) տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1999-ին` ԵԹԿՊԻ կինոգիտության բաժինը: 1995-ից կինոգիտական հոդվածներով հանդես է գալիս հանրապետական թերթերում և ամսագրերում, հրապարակումներ ունի նաև Հայաստանից դուրս: 2008-ին ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է «Այլաբանությունը հայ կինոարվեստում» թեզը: 1999-ից դասավանդում է «կինոյի պատմություն» առարկան ԵԹԿՊԻ-ում, իսկ 2002-ից` ԵՊՀ-ում: 2000-ից` կինոքննադատների միջազգային ընկերակցության (FIPRESCI), 2007-ից `Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, 2011-ից Հայաստանի Ազգային կինոակադեմիայի անդամ է: Մասնակցել է միջազգային գիտաժողովների: Հանդես է եկել հեռուստատեսությամբ, ներկայացրել կինոյին նվիրված հաղորդաշարեր: Հեղինակ է վավերագրական ֆիլմերի սցենարների: 2002-ին լույս է տեսել նրա «Էջեր ուրիշի օրագրից» պատմվածքների ժողովածուն: 2011-ին հրատարակվել է Սիրանույշ Գալստյանի «Հայացք մեր կինոյին. պատմությունը և ներկան» մենագրությունը, որ ներառում է ազգային կինոարվեստի պատմությունը` ստեղծման պահից մինչև մեր օրերը: Նույն 2011-ին կազմել և խմբագրել է Ռոման Բալայանին և Դմիտրի Կեսայանցին նվիրված գրքույկներ:

ԷԿՈՒՄԵՆԻԿ ԺՅՈՒՐԻ

ՅՈԱԽԻՄ ԳՈԼԻՆ

Գերմանիա

Բողոքական աստվածաբանություն է ուսանել Հայդելբերգում, Թյուբինգենում, Չիկագոյում և Բոննում: Նրա մասնագիտական կարիերայի հաջորդական փուլերն են փորձառությունը կլինիկայում (Չիկագո, 1963), արտադրական ու սոցիալական գործունեությունը Բեռլինում (1965-66) և աշխատանքը երիտասարդնրի հետ Հռենոսի մարզի բողոքական եկեղեցում (1968-72): Աքրայում մասնակցել է Հավատի և կարգի վերաբերյալ Աշխատավորների փոխհաուցման հանձնախմբի էկումենիկ համաժողովին: Եղել է Ֆրանկֆուրտ-Բորնհայմի Սուրբ Հովհաննես ծխի քահանա և եկեղեցական շրջանի ավագ քահանա (1990-2002): «Տեսնելով և հասկանալով ֆիլմերը» կինոակումբի աշխատակազմի, ինչպես նաև Բողոքական կինոաշխատանքի և Ինտերֆիլմի անդամ է:

Տ. ՌՈՒԲԵՆ ԱԲԵՂԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Հայաստան

Ուսանել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, և ապա կրթությունը շարունակել Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Աշխատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգում և «Գարեգին Ա» հայագիտական-աստվածաբանական կենտրոնում: 2004-06 թթ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում` որպես հոգևոր սպասավոր: 2001-ին ձեռնադրվել է սարկավագ, 2004-ին՝ կուսակրոն քահանա: 2006-09 թթ. սովորել է Հռոմի Գրիգորյան պապական համալսարանի մագիստրատուրայի սուրբգրային աստվածաբանության ֆակուլտետում: 2009-11 թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնում: 2011-ից ՀՀ քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության պատասխանատու է: Հաղորդավար է «Շողակաթ» հեռուստաընկերությունում, դասավանդում է Սևանի Վազգենյան դպրանոցում և Սուրբ Էջմիածնի Գևորգյան աստվածաբանական համալսարանում: Հեղինակ է մի շարք ուսումնասիրությունների ու հոդվածների:

ԺԱՆ-ԺԱԿ ԿՅՈՒՆԱԿ

Ֆրանսիա

Ժան-Ժակ Կյունակը մրցանակների ներկայացված մի շարք խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է: Աշխատում է ֆրանսիական France 3 հանրային հեռուստատեսության համար: Աշխատել է նաև Փարիզի M6, Ժնևի RTS և Հոնկոնգի NBC հեռուստաալիքների համար: Ֆրանսիական SIGNIS-ի (Հաղորդակցության համաշխարhային կաթոլիկական ընկերակցություն) և Մոնպելյեի (Ֆրանսիա) Քրիստոնեական կինոփառատոնի անդամ է: Եղել է տարբեր կինոփառատոների ժյուրիի անդամ է, ինչպիսիք են Նիոնի Visions du Réel-ը և Նյոշատելի(Շվեյցարիա) ու Թուրինի (Իտալիա) փառատոները: