ԺՅՈՒՐԻՆԵՐ
2017

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀՅՈՒ ՀԱԴՍՈՆ

Մեծ Բրիտանիա

Շոտլանդական ծագումով անգլիացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Կարիերան սկսել է որպես վավերագրող` թողարկելով և նկարահանելով բազմաթիվ մրցանակակիր ֆիլմեր: 2016-ին օպերային բեմադրիչ է եղել Գերմանիայում: Նրա գործերի թվում են «Ֆանխիո» (1975), «Հրե անվակառքեր» (1981, չորս «Օսկար», ներառյալ լավագույն կինոնկարի համար, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ լավագույն կինոնկարի համար), «Գրեյսթոուք. կապիկների տիրակալի՝ Տարզանի լեգենդը» (1984, ներկայացվել է չորս «Օսկար»-ի), «Հեղափոխություն» (1985), «Մոլորված հրեշտակներ» (1989, ներկայացվել է Կաննի ՄԿՓ-ի «Ոսկե արմավենու ճյուղին»), «Իմ հեռավոր կյանքը» (1999), «Ես երազում էի Աֆրիկայի մասին» (2000, Կաննի ՄԿՓ-ի եզրափակիչ ֆիլմ), «Խանգարում» (2011, 70 րոպեանոց վավերագրություն BBC4-ի պատվերով), «Ալտամիրա» (2016) ֆիլմերը:

ՍԻՌՈ ԳԵՌԱ

Կոլումբիա

Ծնվել է 1981-ին Սեսարում (Կոլումբիա): Ավարտել է Կոլումբիայի ազգային համալսարանի կինոյի և հեռուստատեսության բաժինը: 21 տարեկանում չորս մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմ ստեղծելուց հետո սեփական սցենարով նկարահանել է «Թափառող ստվերներ» իր առաջին լիամետրաժ ֆիլմը, որն արժանացել է Սան Սեբաստիանի, Թուլուզի, Մար դել Պլատայի, Տրիեստի, Հավանայի, Կիոտոյի, Կարթախենայի, Սանտյագոյի և Վարշավայի ՄԿՓ-երի մրցանակին, ներկայացվել ավելի քան 60 կինոփառատոնում (Թրայբեքա, Լոկառնո, Սեուլ, Պեզարո, Սիեթլ, Համբուրգ, Կալկաթա, Ռիո դե Ժանեյրո, Ստամբուլ, Գվադալախարա և այլն): Գեռայի երկրորդ ֆիլմը՝ «Քամու ճամփորդությունները», 2009-ին ընդգրկվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրի պաշտոնական մրցույթում: Ֆիլմն էկրան է բարձրացել 17 երկրում և ցուցադրվել 90 ԿՓ-ում, ընդ որում՝ Թորոնթոյում, Ռոտերդամում, Սան Սեբաստիանում, Հոնկոնգում, Երուսաղեմում ու Լոնդոնում, մրցանակների արժանացել Կաննում, Սանտա Բարբարայում, Մալագայում, Սանտյագոյում, Բոգոտայում և Կարթախենայում:

ԱԼԵՔՍԵՅ ՖԵԴՈՐՉԵՆԿՈ

Ռուսաստան

Ծնվել է 1966-ին: Ճարտարագիտական կրթություն ստանալով` Սվերդլովսկի (այժմ՝ Եկատերինբուրգ) գործարանում աշխատել է տիեզերական պաշտպանությանն առնչվող նախագծերում: 1990-ին դարձել է Սվերդլովսկի պետական կինոստուդիայի պաշտոնական տնտեսագետը, ապա` տնօրենի տեղակալը: 2000-ից գլխավորել է ստուդիայի արտադրական բաժինը և մասնակցել ավելի քան ութսուն ֆիլմի արտադրությանը: Դրամատուրգիա է ուսանել է Մոսկվայի Համառուսաստանյան պետական կինոինստիտուտում (ВГИК) և հեղինակել աշխարհի տարբեր փառատոներում մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերի սցենարներ: 2004-ից «Փետրվարի 29» կինոընկերության համասեփականատերն է, ռեժիսորն ու գլխավոր պրոդյուսերը: Ներկայումս ապրում և աշխատում է Եկատերինբուրգում: Եվրոպական կինոակադեմիայի, Ասիա-խաղաղօվկիանոսյան կինոակադեմիայի, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է:

ԻԼԴԻԿՈ ԷՆՅԵԴԻ

Հունգարիա

Կարիերան սկսել է որպես կոնցեպտուալ և մեդիա արվեստագետ: Անդամակցել է «Ինդիգո» արվեստի խմբին և «Բելա Բալաժ» ստուդիային, որը մինչև 1989-ը Արևելյան Եվրոպայի միակ անկախ կինոստուդիան էր: Հետագայում տարվել է ռեժիսուրայով` իր սցենարների հիման վրա նկարահանելով հինգ խաղարկային և բազմաթիվ կարճամետրաժ ֆիլմեր, որոնք նրան քառասունից ավելի միջազգային մրցանակներ են բերել: Էնյեդիի «Իմ 20-րդ դարն» ընդգրկվել է բոլոր ժամանակների տասներկու լավագույն հունգարական ֆիլմերի թվում, իսկ New York Times-ը ֆիլմը համարել է տարվա տասը լավագույն կինոնկարներից մեկը: 1989-ին Ինյեդին արժանացել է նաև Կաննի ՄԿՓ-ի «Ոսկե կինոխցիկ» մրցանակին: Որպես ռեժիսոր ստացած պարգևներից բացի, մրցանակների է արժանացել նաև որպես սցենարի հեղինակ (Մեծ մրցանակ Հարթլի Մերիլ սցենարական միջազգային մրցանակաբաշխությունում եվրոպական լավագույն սցենարի համար): Վարպետության դասերով հանդես է գալիս Եվրոպայում (Շվեյցարիա, Լեհաստան) և դասավանդում Բուդապեշտի կինոյի և թատրոնի համալսարանում: 2011-ին գերազանցությամբ դոկտորական առտենախոսություն է պաշտպանել տրանսմեդիայի ոլորտում «Հորինված աշխարհներ. տեխնիկայի և երևակայության փոխհարաբերությունը շարժապատկերներում» թեմայով: Եվրոպական կինոակադեմիայի անդամ է: Վաստակավոր արտիստի կոչում ունի, «Բելա Բալաժ» մրցանակի դափնեկիր է, պարգևատրվել է Հունգարիայի նախագահի «Վաստակի խաչ» շքանշանով: 2017-ին Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմն արժանացել է Բեռլինի ՄԿՓ-ի «Ոսկե արջ» և Էկումենիկ ժյուրիի մրցանակներին, ինչպես նաև Berliner Morgenpost թերթի ընթերցողների մրցանակին:

ԹՈՄ ՄՔՍՈՐԼԻ

Կանադա

Օտտավայի Կանադական կինոյի ինստիտուտի գործադիր տնօրենն է: Դասավանդում է Քարլթոնի համալսարանի կինոյի բաժնում և CBC ռադիո 1-ի «Օտտավայի առավոտ» ծրագրի ամենշաբաթյա կինոքննադատն է: Բազմաթիվ հրապարակումներ ունի կանադական և միջազգային կինոյի վերաբերյալ, հեղինակել է «Ատոմ Էգոյանի «Ապահովագրական գործակալը»՝ գրքի մեծության մի ուսումնասիրություն ֆիլմի (1991) մասին:

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՅՈՒՋԻՆ ՔՈՐ

ԱՄՆ

17-26 տարեկանում պահեստի ու բեռնամբարձիչի վարորդ է աշխատել, կռունկի օպերատոր, մեքենաշինական, պողպատաձուլական և պահածոների գործարանների բանվոր: Կինոկարիերան սկսել է 1973-ին՝ որպես Սան Ֆրանցիսկոյի Cine Manifest արմատական կինոխմբի անդամ: Նրա առաջին՝ «Վերուվար, կողքի ու ցած» խաղարկային ֆիլմի վերականգնված տարբերակը վերջերս ցուցադրվեց Նյու Յորքի Կինոանթոլոգիայի կենտրոնում: Քորը մեծ փորձ ունի թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական կինոյում: Նա «Ուոլդո Սոլթ. սցենարիստի ուղին» լիամետրաժ վավերագրության սցենարի հեղինակն ու ռեժիսորն է (Ռոբերտ Հիլմանի հետ): Ֆիլմը 1991-ին ներկայացվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Քորն իր սցենարով նկարահանել է նաև «Անապատի ծաղիկը» կինոդրաման (Ջոն Վոյթի և Աննաբեթ Գիշի մասնակցությամբ), որը 1986-ին ներկայացվել է Կաննի ՄԿՓ-ի պաշտոնական ծրագրում: Նա եղել է «Դարհեմի ցուլը», «Քոբ» մեծակտավ կինոկտավների երկրորդ ռեժիսորը, «Փրեֆոնթեյն», «Երբեք չկանչես գայլին», «Վայրի վարդը» ֆիլմերի սցենարների հեղինակը կամ համահեղինակը: Գրել է նաև հեռուստաֆիլմերի սցենարներ և նկարահանել հեռուստասերիալներ: Նրա վերջին վավերագրությունը` «Հավանայի ուրվական քաղաքը» (2015), փառատոնից փառատոն է անցել` շահելով Սևաստոպոլի վավերագրական կինոյի փառատոնի Հանդիսատեսի մրցանակը և Սիրակուզի ՄԿՓ-ի Բասել Շեհադեի անվան մրցանակը սոցիալական արդարության համար:

ԹՈՄ ՖԱՍԱՐԹ

Նիդերլանդներ

Ծնվելով 1979-ին՝ մեծացել է Նիդերլանդներում և Հարավային Աֆրիկայում: Կյանքի ծայրահեղ տարբերություններն արդեն վաղ տարիքից բացել են նրա աչքերը: Բայց, անկասկած, տնային տեսանկարահանումների մոլի սիրահար հոր ֆիլմերն էին առաջին սերմերը, որոնք հետագայում վերածվեցին կրքոտ սիրո կինոյի հանդեպ: Ֆասարթի առաջնեկը «Դոելի հրեշտակը» լիամետրաժ վավերագրությունն էր ոչնչացման վտանգի առաջ կանգնած մի բելգիական գյուղակի մասին: Պրեմիերան կայացավ Բեռլինալեում, այնուհետև ֆիլմը ցուցադրվեց աշխարհի ավելի քան հիսուն փառատոնում և բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացավ: 2015-ին Ֆասարթի «Ընտանեկան պատմություն» երկրորդ լիամետրաժ ֆիլմով բացվեց Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ-ը (IDFA), որտեղ նա իր գործերի համար ստացավ Իշխան Բեռնհարդ մշակութային հիմնադրամի վավերագրության հեղինակավոր մրցանակը: IDFA-ի ժյուրիի հատուկ մրցանակը շահելուց հետո ֆիլմն իր ուղին գտավ դեպի միջազգային տարբեր փառատոներ` բերելով բազում մրցանակներ: Վերջերս «Ընտանեկան պատմությունն» արժանացավ նաև Նիդերլանդների կինոակադեմիայի «Ոսկե հորթ» մրցանակին՝ որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ և ձեռք բերվեց Netflix ամերիկյան ընկերության կողմից միջազգային հեռարձակման համար: Variety հանդեսը Ֆասարթին «տասը դիտարժան վավերագրողներից մեկն» է կոչել: Կինոգործունեությանը զուգընթաց նա դասավանդում է միջազգային ճանաչում ունեցող կինոդպրոցներում:

ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈ ՄԵՍՍԻՆԱ

Իտալիա

Ծնվել է 1962-ին Իսկիայում (Իտալիա): 1996-ից նկարահանման տարածքի մենեջեր լինելով՝ համագործակցել է բազմաթիվ իտալական և միջազգային կինոարտադրողների հետ: 2001-ին հիմնել է «Կինոն և տարածքը» նախագիծը, որի նպատակն էր կոմերցիոն կապ ստեղծել լսատեսողական արտադրանքի ու տարածքների միջև: 2003-ից դարձել է Իսկիայի ՄԿՓ-ի պրոդյուսերն ու գեղարվեստական ղեկավարը: 2005-ին, համագործակցելով իտալական և միջազգային կինոհանձնախմբերի հետ, ընդարձակել է նախագիծն ու կազմակերպել Տարածքների և կինոզբոսաշրջության միջազգային փոխանակման առաջին հանդիպումը՝ նվիրված կինոզբոսաշրջության ասպարեզում կուտակված փորձի քննարկմանն ու փոխանակմանը: 2006-ին Իտալիայի զբոսաշրջության փոխանակում (BIT) կազմակերպության հետ ձեռնարկել է Իտալիայում առաջին հետազոտությունը, որի նյութը այլազգի զբոսաշրջիկների ընտրած ֆիլմերն էին Իտալիայի հիշատակմամբ: 2009-ին Մեսսինան ստեղծել է կինոզբոսաշրջության մշտապես գործող գիտական դիտարանը, որի հիմնադիր նախագահն է առայսօր: Տարիներ շարունակ կուտակած տվյալների և ուսումնասիրությունների շնորհիվ համագործակցում է մի շարք իտալական համալսարանների հետ տարածքային մարքեթինգի և տարածքի վրա լսատեսողական արտադրանքի ազդեցության հետազոտման ոլորտում: 2005-ից իր փորձը կիսում և տվյալներն է տրամադրում այն միջազգային համաժողովներին, որոնք նվիրված են զբոսաշրջությունը խթանող համաշխարհային կինոյի երևույթին: 2007-ից Իտալիայի կինոփառատոների վարչության անդամ է և հանդես է գալիս ՄԿՓ-երի ժյուրիների կազմում:

ՄԻՄԻ ԳՅՈՐԳՈՍԿԱ-ԻԼՅԵՎՍԿԱ

Մակեդոնիա

Ծնվել է 1972-ին: Արվեստի մագիստրոս է: Ավելի քան քսան տարի կինոասպարեզում է` նախկինում լինելով Մակեդոնիայի ֆիլմադարանի տնօրենը: Մակեդոնիայի ազգային ներկայացուցիչն է Eurimages-ում (Եվրախորհրդի Եվրոպական կինոյի աջակցության հիմնադրամ), եղել է նաև FIAF-ի (Կինոարխիվների միջազգային դաշնություն) գործադիր կոմիտեի և ACE-ի (Եվրոպական ֆիլմերի արխիվների ընկերակցություն) ակտիվ անդամ: 2015-ին նշանակվել է Մակեդոնիայի կինոգործակալության տնօրեն: 2013-ին երկրորդ անգամ է ընտրվել FIAF-ի գործադիր կոմիտեի անդամ, իսկ 2014-ին չորրորդ անգամ՝ ACE-ի գործադիր կոմիտեի անդամ: Աջակցել է մակեդոնական կինոյի զարգացմանը, ազգային կինոժառանգության պահպանմանն ու միջազգային կապերի ամրապնդմանը: Նրա՝ որպես կինոդարանի տնօրենի ուշադրության կենտրոնում է եղել թվայնացման նոր ծրագրերի ներդրումը մակեդոնացի նշանավոր հեղինակների մի շարք ֆիլմերը վերականգնելու և պահպանելու նպատակով: Վերջին քսան տարում լսատեսողական ժառանգության եռանդուն հետազոտական աշխատանք է կատարել որպես Eureka Audiovisual-ի փորձագետ Արևմտյան Բալկանների երկրների և Հարավ-արևելյան կինոցանցի անդամ երկների կապերի գծով: Կինոյի պատմության, տեսության, կինոյի և գրականության կապերի և լսատեսողական ժառանգության պահպանման վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների ու հոդվածների հեղինակ է: Երկու տարի առաջ դարձել է Սկոպյեի դրամատիկական արվեստների ֆակուլտետի լսատեսողական արխիվացման դոցենտ:

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստան

Ռեժիսոր: Ծնվել է 1950-ին Երևանում: 1975-ին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին (կուրսի ղեկավար` Գ. Մելիք-Ավագյան): 1980-ին, ավարտելով ինստիտուտը, մեկնել է Մեղրի, ուր աշխատել է որպես տեղի ժողովրդական թատրոնի ռեժիսոր: 1981-1984 թթ. ռեժիսոր է եղել հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում: 1987-ին ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիա, այնուհետև` աշխատանքի անցել «Հայկ» կինոստուդիայում որպես փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր: 1988-ին նրա «Թատերական հրապարակ» ֆիլմը մասնակցել է Սվերդլովսկի ոչ խաղարկային ֆիլմերի 1-ին ՄԿՓ-ին և արժանացել ժյուրիի մրցանակին:1989-ին նույն ֆիլմը Կիևի ՄԿՓ-ում ստացել է Մեծ մրցանակ, իսկ 1990-ին Հարությունյանը հրավիրվել է այդ փառատոնին` որպես ժյուրիի անդամ: Նրա աշխատանքները միջազգային կինոփառատոներում արժանացել են տարբեր մրցանակների:Ավելի քան 20 ֆիլմի հեղինակ է

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՄՐՑՈՒՅԹ

ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆ

Հայաստան

1975-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1972-78 թթ. հեռուստաթատրոնի դերասան է եղել, ապա վավերագրական ֆիլմերի ստուդիայում աշխատել որպես ռեժիսորի ասիստենտ և ռեժիսոր: 1983-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ): 1983-ից որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1991-ին Դավիթ Սաֆարյանը Փարիզի Ֆրանսիական ֆիլմադարանում իր կինոնկարների հատուկ ցուցադրություն է ունեցել և 1991-ից այդ ֆիլմադարանի գլխավոր ժողովի անդամ է: 1995-2001 թթ. ORB/SFB/RBB գերմանական հեռուստաընկերությունների համար վավերագրական ֆիլմաշար է ստեղծել հայ մշակույթի և պատմության մասին: 1996-ին Ֆրանսիական ֆիլմադարանի 60-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Դավիթ Սաֆարյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: 1999-ին Բեռլինում կայացել է նրա ֆիլմերի ընտրանու մեկշաբաթյա ցուցադրություն: 2001-02 թթ. Դավիթ Սաֆարյանը հրավիրվել է դասավանդելու Քասելի համալսարանի (Գերմանիա) կինոյի և հեռուստատեսության բաժնում: 2002-ին հիմնել է Studio DS կինոարտադրության և արվեստի զարգացման հիմնադրամը: 2003-07 թթ. եղել է Քասելի համալսարանի պրոֆեսոր, կինոյի և հեռուստատեսության բաժնի համաղեկավար: 2001-ից հեղինակում է «Ականավոր դեմքեր. 20-րդ դարը և դարերի փոփոխությունը» դիմաշարը՝ օգտագործելով բացառիկ վավերագրական կադրեր Մարսել Մարսոյի, Հովաննես Պողոս 2-րդի, Քշիշտոֆ Պենդերեցկու մասնակցությամբ:

ԳԱԳԱ ՉԽԵԻՁԵ

Վրաստան

Կինոարվեստի «Պրոմեթևս» կենտրոն հասարակական կազմակերպության և Թբիլիսիի ՄԿՓ-ի հիմնադիրն ու տնօրենն է: 2005-ից նաև Վրացական կինոյի հիմնադրամի վարչության անդամ է: Թբիլիսիի պետական համալսարանում երկու տարի գերմաներեն լեզու և գրականություն ուսումնասիրելուց հետո ավարտել է Ենայի (Գերմանիա) Ֆրիդրիխ Շիլլեր համալասարանի գրականության և արվեստի ֆակուլտետը: Վրաստանի պետական հեռուստաընկերությունում աշխատել է որպես խմբագիր: 2005-08 թթ. եղել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը: 1991-2000 թթ. համակարգել է Բեռլինի ՄԿՓ-ի «Նոր կինոյի ֆորում» ծրագիրը:

ՄԱՐԻԱՄ Դ’ԱԲՈ

Մեծ Բրիտանիա

Ծնվել է 1960-ին Լոնդոնում, մեծացել Փարիզում ու Ժնևում: Արվեստ և դերասանական վարպետություն ուսանելու նպատակով վերադարձել է Մեծ Բրիտանիա: 1980-ականներին աշխատել է ֆրանսիական թատրոնում և ֆրանս-բրիտանական համատեղ արտադրության հեռուստաֆիլմերում: 1987-ին Թիմըթի Դոլթոնի Ջեյմս Բոնդի կողքին հանդես է եկել «Կայծեր աչքերից» ֆիլմում, որի շնորհիվ հայտնվել է Լոս Անջելեսում՝ գլխավոր դեր ստանալով NBC-ի «Դրսում ինչ-որ բան կա» հեռուստասերիալում: Տեղափոխվել է Լոս Անջելես՝ շարունակելով աշխատել ամերիկյան հեռուստատեսությունում: 1989-ին վերադարձել է Անգլիա՝ «Խոզաբույծ Լեոնը» անկախ խաղարկային ֆիլմում նկարհանվելու. այս հրեական կատակերգությունը հետագայում պաշտամունքային ֆիլմի է վերածվել: 1999-ին Մարիամ դ’Աբոն դարձել է Բեթ Հենլիի «Առատություն» պիեսի պրոդյուսերը և Միրիամ Սիրի հետ ներկայացրել բրիտանական բեմում: 2001-ին մարմնավորել է Լարային՝ Քիրա Նայթլիի հերոսուհու մորը Էնդրյու Դեյվիսի «Դոկտոր Ժիվագո» հեռուստաֆիլմում: 2002-ին որպես պրոդյուսեր և վարող հանդես է եկել «Բոնդի աղջիկները հավիտյան են» վավերագրական ֆիլմում: Ջոն Քորքի հետ նաև «Բոնդի աղջիկները հավիտյան են» գրքի համահեղինակն է: 2005-ին դարձել է «Վկայություն տալով» վավերագրական ֆիլմի համապրոդյուսերը, որը պատերազմի հինգ կին լրագրողների մասին է (ռեժ.՝ Բարբարա Քոփլ): Ֆիլմի պրեմիերան կայացել է Թրայբեքա ԿՓ-ում: Ուղեղի արյունազեղումից հետո ողջ մնալով` 2007-ին Մարիամ դ’Աբոն Հյու Հադսոնի հետ թողարկել է «Խանգարում. կյանքն իմ խախտված ուղեղով» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2011-ին BBC-ով: 2013-14 թթ. դ’Աբոն նկարահանվել է Դանիս Տանովիչի «Վագրեր» ֆիլմում, որը ներկայացվել է Թորոնթոյի և Սան Սեբաստիանի ՄԿՓ-երում: Այժմ դ’Աբոն զբաղված է «Վրաստանի կանչը» վավերագրական նախագծով և «Հեդդա Գաբլեր» խաղարկային կինոնկարով, որի սցենարը գրել է Քրիստոֆեր Հեմփթոնը Իբսենի համանուն պիեսի իր բեմադրության հիման վրա:

ՅԱԴՎԻԳԱ ՆՈՎԱԿՈՎՍԿԱ

Լեհաստան

Lեհ լրագրող և վավերագրող: Ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանի երկու ֆակուլտետը. 1981-ին` պատմության, 1984-ին` լրագրության: 1989-ից աշխատել է Լեհաստանի հանրային հեռուստաընկերությունում (TVP1): 2006-09 թթ. եղել է լեհական հեռուստատեսության վավերագրական ֆիլմերի խմբագրական բաժնի ղեկավարը և ղեկավարի տեղակալը: Ավելի քան հարյուր վավերագրական ֆիլմի ու շարքի հեղինակ է, որոնց թվում են «Լեհական տոհմերը» (լեհ ազնվականության վերաբերյալ), «Ակնհայտը` ոչ ակնհայտ», «Տարբեր աստվածների որդիները» (շարք ազգային, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների մշակութային ժառանգության մասին), «Վիստուլա» գործողությունը», «Թող ողջ մնացողները հույսը չկորցնեն», «Վերապրել ճշմարտությունն ասելու համար» (լեհ-ուկրաինական հարաբերությունների մասին), «Լեհերը Սիբիրում» (Սիբիրի քաղաքակրթական զարգացման և կառուցապատման մեջ լեհերի ունեցած ներդրման մասին), «Որովհետև արժե», «Ապստամբության վերհուշը», «Ստորգետնյա քաղաքը» (Վարշավայի ապստամբության վերաբերյալ), «Երկու ազգերի պահարանը» (լեհ-լատվիական հարաբերությունների մասին) գործերը:

ԵՆՍ ԳԱՅԳԵՐ

Գերմանիա

Կինոծրագրերի համբուրգցի համադրող: Սովորել է Ֆրայբուրգի (Գերմանիա), Գյոթեբորգի (Շվեդիա) և Համբուրգի (Գերմանիա) համալսարաններում: Քաղաքական գիտություններ է ուսանել, ինչպես նաև մշակութային համադրում Լայպցիգի գեղարվեստի ակադեմիայում: 2008-13 թթ. բազմաթիվ ցուցահանդեսների համադրողն ու հետազոտողն է եղել: 2008-ից Համբուրգի ԿՓ-ի ծրագրերի կազմողն ու համադրողն է: Աշխատում է նաև Համբուրգի վավերագրական կինոյի փառատոնի, Համբուրգի կարճամետրաժ կինոյի գործակալության և Բրատիսլավայի «Ֆիլմտոպիա» դիստրիբյուցիոն կազմակերպության հետ: 2017-ից Կարլսռուհեի (Գերմանիա) ֆիլմադարանի գեղարվեստական ղեկավարն է:

FIPRESCI ԺՅՈՒՐԻ

ԳԱՐԵԹ ԷՎԱՆՍ

Մեծ Բրիտանիա

Լոնդոնաբնակ քննադատ, սցենարիստ, համադրող, ներկայացնող, պրոդյուսեր, Whitechapel պատկերասրահի կինոհամադրող: Սվեդենբորգի ԿՓ-ի, 2016-ի Ուիթսթաբլի բիենալեի և Սոմերսեթ Հաուսում կայացած Utopia 2016-ի համադրողներից է: Ստեղծել և համակարգել է PLACE-ը` Aldeburgh Music-ի շրջանականերում անցնող ամենամյա բազմահարթակ փառատոնը: Artevents գործակալության տնօրեններից է և բազմաթիվ կինո- և մշակութային իրադարձություններ է համադրել Մեծ Բրիտանիայում (Ջ. Գ. Բալարդ, Պորտուգալիա, Հռոմեական կինո, Հայաստան): Եղել է ռեժիսոր Գրանթ Գիի «Համբերություն» (ըստ Զեբալդի) կինոէսսեի պրոդյուսերը իր The Re-Enchantment արվեստի համազգային նախագծի շրջանակներում (2008-11), իսկ վերջերս՝ «Անտեսանելին» լիամետրաժ շարքի (հեղ.` Դրայդեն Գուդվին), «Մենք ինքներս» (հեղ.` Էդրյու Քոթինգ և Յան Սինքլեր), «Ժամանակին. արխիվային կյանք» (Լասե Յոհանսոն) նախագծերի գործադիր պրոդյուսերը: Fly Film-ի և Բրիտանական կինոյի ինստիտուտի հետ մշակում է «Փարոս» նախագիծը (ռեժ.` Գրանթ Գի, սց. հեղ.` Սաշա Հեյլզ): 2015-ին Ռոտերդամի ՄԿՓ-ի «Վագր» մրցանակին արժանացած Բեն Ռիվերզի «Բաներ» ֆիլմի պատվիրատուն է: 2000-05 թթ. աշխատել է Time Out հանդեսի կինոէջերի վրա, 2002-09 թթ. եղել Vertigo միջազգային կինոհանդեսի տպագիր տարբերակի խմբագիր, իսկ ներկայումս Artesian-ի խմբագիր է. միաժամանակ Go Together Press-ի և House Sparrow Press-ի համախմբագիր: Բազմաթիվ կատալոգային էսսեների և կինոարվեստին նվիրված հոդվածների հեղինակ է:

ՌՈՋԵՐ ԿՈՍԱ

Արգենտինա

Կինոքննադատ, FIPRESCI-ի անդամ: Պարբերաբար հրապարակումներ է անում La voz del interior, Ñ, Quid և Con los ojos abiertos հանդեսներում: Արգենտինայում վարում է «Կինեմատոգրաֆ» հեռուստահաղորդումը և ֆիլմադարանի մշտական հյուրն է: 2006-ից Համբուրգի ՄԿՓ-ի «Ցուցափեղկ» բաժնի համակարգողն է, իսկ 2011-ից՝ FICUNAM ՄԿՓ-ի ծրագրի կազմողներից մեկը: 2014-ից Ռոխեր Կոսան Կոսկինի ՄԿՓ-ի գեղարվեստական ղեկավարն է: 2015-ին Վիեննայի ԿՓ-ում համադրել է Ռաուլ Պեռոնեին նվիրված «Իտուսաինգոյից եկած մարդը» ծրագիրը: Ժյուրիի անդամ է եղել բազմաթիվ ՄԿՓ-երում (Ռոտերդամ, Լոկառնո, FidValdivia), հանդիպումներ և վարպետության դասեր վարել այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Փելեշյանը, Ռեյգադասը, Աքերմանը, Լոզնիցան և այլք:

ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հայաստան

2006-ից աշխատում է լրատվական դաշտում: 2007-13 թթ. թղթակցել է «Երևան» ամսագրի ռուսալեզու տարբերակին՝ լուսաբանելով մշակույթի և կինոյի ոլորտները: 2011-ից «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիրն է: 2010-ին մասնակցել է Վարշավայի ԿՓ-ի FIPRESCI-ի նախագծին: Որպես կինոլրագրող թղթակցել է RBA ամսագրին, Kinopoiսk.ru և Kinomania.ru կայքերին, «Ոսկե ծիրան» օրաթերթին և այլն: Պատմվածքների երկու ժողովածու ունի («Ժամադրություն», «Քաղաքը լուսնի տակ»), որպես սցենարի հեղինակ աշխատում է երկու կինոնախագծի վրա: