ԺՅՈՒՐԻՆԵՐ
2022

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻ

ԹԵՐԻ ՋՈՐՋ

ԱՄՆ

Ծնվել է Բելֆասթում (Հյուսիսային Իռլանդիա) Նրա առաջին պիեսը՝ «Թունելը», բանտից փախչելու մասին 1986-ին բեմադրվել է Նյու Յորքի Իռլանդական արվեստի կենտրոնում: Սա սցենարիստ/ռեժիսոր Ջիմ Շերիդանի հետ Ջորջի բազմաթիվ համատեղ աշխատանքներից առաջինն է: 1992-ին Ջորջը և Շերիդանը գրել են «Հանուն հոր» ֆիլմի սցենարը: Կինոնկարն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության յոթ անվանակարգում, այդ թվում՝ լավագույն սցենարի համար: 1996-ին Ջորջը տարվա լավագույն երիտասարդ եվրոպացի կինոռեժիսոր է ճանաչվել իր առաջնեկի՝ «Մի մոր որդի» ֆիլմի շնորհիվ, որտեղ հանդես է գալիս Հելեն Միրենը: Այնուհետև Ջորջն այլևայլ լիամետրաժ խաղարկային ֆիլմերի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է եղել, որոնց թվում են «Բռնցքամարտիկը» (գլխ. դերում՝ Դանիել Դեյ-Լուիս), «Վառ, փայլուն սուտը», «Հարթի պատերազմը», «Արգելված ճանապարհը» (գլխ. դերում՝ Խոակին Ֆենիքս) և «Խոստումը» (դերերում՝ Օսկար Այզեք և Քրիստիան Բեյլ): 2004-ին Ջորջը դարձել է ««Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորն ու պրոդյուսերը (գլխավոր դերում՝ Դոն Չիդլ): Ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի երեք անվանակարգում, այդ թվում՝ լավագույն սցենարի համար: Հեռուստատեսության ոլորտում Ջորջի աշխատանքներից են CBS-ի «Շրջանը» հեռուստասերիալը (նա գործադիր պրոդյուսերն է) և HBO-ի «Բախտը» (գլխ. դերում՝ Դասթին Հոֆման, Ջորջը ռեժիսորն է): 2012-ին նրա «Ափը» կարճամետրաժ ֆիլմը, որի պրոդյուսերը ռեժիսորի դուստրն է՝ Ուրլա Ջորջը, «Օսկար»-ի է արժանացել որպես լավագույն կարճամետրաժ խաղարկային կինոնկար:

ՕՐՈՒԱ ՆԻՐԱԲԻԱ

Նիդերլանդներ

Վավերագրությանը և նոր մեդիային նվիրված՝ աշխարհի առաջատար փառատոնի՝ Ամստերդամի վավերագրական կինոյի ՄԿՓ-ի գեղարվեստական ղեկավար: Դրանից առաջ Սիրիայի առաջին անկախ ԿՓ-ի՝ DOX BOX-ի համահիմնադիրն է դարձել Դիանա Էլ Ժեյրուդիի հետ: Մի շարք ֆիլմերի պրոդյուսերն է, որոնց շարքում են «Լռության հանրապետությունը» (ռեժ.՝ Դիանա Էլ Ժեյրուդի, Վենետիկ, 2021) «Ցայգերգը» (ռեժ.՝ Ջանֆրանկո Ռոզի, Վենետիկ, 2020), «Արծաթաջուրը» (ռեժ.՝ Օսամա Մոհամադ, Վիամ Սիմավ Բեդիրխան, Կանն, 2014), «Վերադարձ Հոմս»-ը (ռեժ.՝ Թալալ Դերքի, Ամստերդամի ՄԿՓ, 2013) և «Տիկնիկներ. դաամասկոսցի մի կին» (ռեժ.՝ Դիանա Էլ Ժեյրուդի, Ամստերդամի ՄԿՓ, 2007): Նրա աշխատանքը գնահատվել է պարգևներով, որոնց թվում են Ջորջ Փոլքի անվան մրցանակը, HRW-ի կինոխիզախության մրցանակը և Կատրին Քարթլիջի անվան մրցանակը: Դերասանական կրթություն է ստացել («Արևի դարպասը», ռեժ.՝ Յուսրի Նասրալա, Կանն, 2004): Կինոկարիերան սկսել է որպես Օսամա Մոհամադի օգնական («Զոհաբերություններ», Կանն, 2002), միաժամանակ լրագրող աշխատել: 2002-ին Դամասկոսում դարձել է իր առաջին կինոընկերության համահիմնադիրը, ապա տեղափոխվել Կահիրե, այնուհետև՝ Բեռլին, որտեղ 2014-ին համահիմնադրել է No Nation Films-ը:

ՖԼՈՐԻԱՆ ՀՈՖՄԱՆ

Գերմանիա

Ծնվել է 1987-ին Բեռլինում: Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Արևմտյան Աֆրիկայում: 2008-ին սկսել է ազգագրություն, սոցիոլոգիա և քաղաքագիտություն ուսանել Շվեյցարիայի Բազելի համալսարանում: Բակալավրի աստիճանը ստանալուց հետո սովորել է Բեռլինի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի ռեժիսուրայի բաժնում: 2015-ին արդեն լիամետրաժ և կարճամետրաժ մրցանակակիր ֆիլմերի ռեժիսոր էր: 2016-ից ի վեր դասավանդում է Աբիջանի Գյոթե ինստիտուտում, Հայնրիխ Բյոլ հիմնադրամում, ինչպես նաև Զարգացման քաղաքականության հեռուստատեսային աշխատանոցում: 2019-21 թթ. Քարոլին Էմքեի և Մանուելա Բոյաջիևի տեխնիկական գծով օգնականն է եղել «Փախստականի արխիվ» տեսաինստալացիայում (Աշխարհի մշակույթների տուն, Բեռլին): 2021-ից Բեռլինի Volksbühne թատրոնում եղել է այնպիսի ռեժիսորների ասիստենտը, ինչպիսիք են Կոռնել Մունդրուցոն, Ռընե Պոլեշը և Ժյուլիեն Գոսլենը: Ընտրվել է Մյունխենի վավերագրական կինոյի փառատոնի (2016), Բեռլինալեի «Խաղաղության մրցանակի» ժյուրիի անդամ (2018), իսկ 2022-ին դարձել «Բեռլինալեի տաղանդ»:

ՆՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ֆրանսիա

Նկարիչ և ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը սովորել է Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայում, հետո ավարտել է Ամստերդամի Գեղարվեստի պետական ակադեմիան և Ֆրանսիայի Le Fresnoy արվեստի դպրոցը: Այժմ թե վիդեոարվեստ է դասավանդում, թե ֆիլմեր է նկարում, որոնք ՄԿՓ-երում արժանացել են բազում մրցանակների: Նրա առաջին լիամետրաժ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը Կաննի ՄԿՓ-ում ստացել է Cinéfondation ծրագրի, ինչպես նաև Villa Médicis-ի և Eurimages-ի հովանավորությունը: «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը 1965-ից ի վեր առաջին հայկական ֆիլմն է, որ ընդգրկվել է Կաննի ՄԿՓ-ի պաշտոնական ծրագրում: Դա մրցանակների է արժանացել բազում այլ ՄԿՓ-երի շրջանակում:

ՄՈՀԱՄԱԴ ՄԵՀԴԻ ԱՍԳԱՐՊՈՒՐ

Իրան

Ծնվել է 1963-ին Թեհրանում՝ Իրանում, ավարտել է Իրանի հեռարձակման համալսարանը: Կարիերան սկսել է 1987-ին՝ որպես ռեժիսոր և կարճամետրաժ ֆիլմեր է նկարել իրանական հեռուստատեսության համար: Առաջին լիամետրաժ ֆիլմը նկարահանել է 1991-ին: 30 տարվա ընթացքում մասնակցել է 8 լիամետրաժ ֆիլմի ստեղծմանը՝ որպես սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր, ինչպես նաև 7 հեռուստասերիալի ռեժիսոր է եղել: 1989-ից նա տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել. Ֆարաբի կինոյի հիմնադրամի կառավարող տնօրեն, Սպահանի մանկական ՄԿՓ-ի տնօրեն, Ֆաջր ՄԿՓ-ի տնօրեն, Թեհրանի մշակութային կազմակերպության գեղարվեստական փոխտնօրեն, Թեհրանի առաջին միջազգային քանդակագործության սիմպոզիումի քարտուղար, Կինոնկարների գիլդիաների իրանական միության (Խանե սինեմա) կառավարող տնօրեն, Կինոպրոդյուսերների միավորման միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, Իրանի արվեստագետների ֆորումի կառավարող տնօրեն:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

ԼՅՈՒԿ ԱՐԴԻ

ԱՄՆ

Ազգությամբ ֆրանսիացի ամերիկյան ձեռնարկատեր, ներդրող, հետազոտող և շրջակա միջավայրի պահապան, լուսանկարիչ և կինոպրոդյուսեր: Sagax Development Corp խորհրդատվական և ներդրումային ձեռնարկության և Sagax Entertainment՝ կինոընկերության հիմնադիրն է ու ղեկավարը: Նյու Յորքի հետազոտողների ակումբի, Ֆրանսիայի հետազոտողների ընկերության և Թագավորական աշխարհագրական ընկերության անդամ է: Pax Arctica հասարակական կազմակերպության միջոցով ղեկավարել և հովանավորել է բազմաթիվ գիտական արշավներ ու նախագծեր, որոնք աշխարհի հեռավոր անկյուններում իրազեկում են կլիմայի փոփոխության պատճառների, կենսաբազմազանության և սոցիալական արդարության մասին: Հրատարակված լուսանկարչական աշխատանքների և մի քանի գրքի հեղինակ է («Անտարկտիկական արկած», «Տպավորություններ Գրենլանդիայից», «Արկտիկական փոփոխություններ», ««Էնդյուրանս» նավի որոնումները. Շեքլթոնի ուսերին»): Մասնակցում է շրջակա միջավայրի և մարդու իրավունքների հարցեր շոշափող տարբեր ֆիլմերի և նախագծերի արտադրությանը: Sagax Entertainment մեդիաընկերության հետ մի քանի վավերագրական և խաղարկային ֆիլմի պրոդյուսերն ու համապրոդյուսեր է դարձել, ֆիլմեր, որոնց թեմաները մեծ մասամբ առնչվում են շրջակա միջավայրին և սոցիալական արդարությանը: Ֆիլմերի թվում են «Ծպտյալ Արկտիկան» (Ոսկե մրցանակ, Սփոթլայթ վավերագրական կինոյի փառատոն), «Էնդյուրանս նավի որոնումները», «Լույսի եզրին» (որպես պրոդյուսեր և արշավի ղեկավար), ինչպես նաև «Էամին» («Վագր» մրցանակ, Ռոտերդամի ՄԿՓ), «Մեզ բաժանող ամեն բան»-ը (ռեժ.՝ Թիերի Կլիֆա, դեր.՝ Կատրին Դընյով, Դիանա Քրյուգեր), «Վերջին բառերը» (ռեժ.՝ Ջոնաթան Նոսիթեր, դեր.՝ Նիք Նոլթի, Շառլոթ Ռեմփլինգ), «Ֆաքիրի արտասովոր ուղևորությունը» (որպես համապրոդյուսեր, ռեժ.՝ Քեն Սքոթ, դեր.՝ Դհանուշ, Բերենիս Բեժո, Ժերար Ժյունյո): Արդին նաև PBS-ի մրցանակակիր «Ամերիկյան վարպետներ» շարքի «Ոչ կնոջ պես. փոփոխություն բերողները» (ռեժ.՝ Շառլոթ Մանժեն) անիմացիոն վավերագրական ֆիլմի համապրոդյուսերն է

ՄԻՐԶԱ ԴԻՆԱՅԻ

Իրաք

«Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր (2019), եզդիների իրավունքների պաշտպան և հասարակական գործիչ: Հիմնել է խոցելի կանանց, երեխաների և ահաբեկչության զոհերի աջակցության «Օդային կամուրջ դեպի Իրաք» կազմակերպությունը (2007) և «Եզդիների ազատության հիմնադրամը» (2005): Եղել է Իրաքի նախագահի խորհրդականը ոչ իսլամադավան փոքրամասնությունների գործերով, իսկ վերջերս` Քրդստանի տարածաշրջանային կառավարության վիճելի տարածքների հարցերով խորհրդական: Իրաքի փոքրամասնությունների փորձագետ է, Սինջարում հիմնել է «Համակեցության տուն» հետցեղասպանական հոլիստիկ կենտրոնը Իրաքում խաղաղության, կայունության, վերակառուցման և հաշտեցման նպատակով (2021): 2016-ին դարձել է Շտաուֆերի ոսկե մեդալի դափնեկիր (բարձրագույն պարգև բացառիկ գործունեության համար, տրվում է Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի վարչապետի կողմից): 2021-ին Հատուկ հիշատակման է արժանացել Ֆրանսիայի Հանրապետության մարդու իրավունքների մրցանակի բաշխման արարողության ժամանակ:

ՄԱՐԻՆԱ ՌԱԶԲԵԺԿԻՆԱ

Ռուսաստան

Ծնվել է 1948-ին Կազանում: Ավարտել է Կազանի համալսարանը` որպես բանասեր: Դասավանդել է գյուղական դպրոցում, լրագրող աշխատել հանրապետական թերթերում: 1989-ից սկսել է նկարահանել վավերագրական ֆիլմեր` սեփական սցենարների հիման վրա: Ավելի քան 40 ոչ խաղարկային ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է: Նրա աշխատանքները մասնակցել են Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոնին, Բեռլինի “Եվրոպայի մրցանակ”, Սանկտ Պետերբուրգի “Ուղերձ մարդուն”, Վիալ դու Կոնդեի (Պորտուգալիա), Դրամայի (Հունաստան) և այլ ԿՓ-երի մրցույթային ծրագրերին: 2004-ին նկարահանել է իր առաջին խաղարկային ֆիլմը` “Հունձքի ժամանակը”, որը Մոսկվայի ՄԿՓ-ում արժանացել է FIPRECSI-ի մրցանակին: Ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 50 ԿՓ-երում, արժանացել տարբեր մրցանակների: Արդեն յոթերորդ տարին է` Մարինա Ռազբեժկինան Մ. Ուգարովի հետ ղեկավարում է Վավերագրական կինոյի և թատրոնի իր հիմնած դպրոցը: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, “Նիկե” կինոակադեմիայի ակադեմիկոս, Եվրոպական կինոակադեմիայի իսկական անդամ:

ԿՈՐԻԶ ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻ

ԳԱԳԱ ՉԽԵԻՁԵ

Վրաստան

Թբիլիսիի պետական համալսարանում երկու տարի գերմաներեն լեզու և գրականություն ուսումնասիրելուց հետո Գագա Չխեիձեն ավարտել է Գերմանիայի Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի գրականության և արվեստի ֆակուլտետը:
1980-ականներին աշխատել է Վրաստանի պետական հեռարձակման ընկերությունում՝ որպես պրոդյուսեր և գերմանական գրականություն է դասավանդել Իլյայի պետական համալսարանում և Թբիլիսիի պետական համալսարանում:
1990-ականներին որպես ծրագրի համակարգող և թարգմանիչ աշխատել է Նոր կինոյի ֆորումում (Բեռլինի ՄԿՓ) և Արսենալ սինեմայում (Բեռլին):
Գագա Չխեիձեն Պրոմեթևս կինոարվեստի կենտրոնի և Թբիլիսիի ՄԿՓ-ի (2001-ից մինչ օրս) հիմնադիրն ու տնօրենն է: 2005-2021 թթ. նա Վրացական կինոյի հիմնադրամի հանձնաժողովի անդամ է եղել:
Գագա Չխեիձեն երկու անգամ՝ 2005-ին և 2019-ին նշանակվել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն՝ երեք տարի ժամկետով:

ՓՈԼԻՆ ԺԻՆՈ

Ֆրանսիա

Փոլին Ժինոն 2021 թվականի սեպտեմբերից ACID-ի (Անկախ կինոյի և դրա մատակարարման միավորում) գործադիր տնօրենն է: 2018-ից եղել է գործադիր փոխտնօրենը: Նախկինում աշխատել է Autour de Minuit արտադրական ընկերությունում՝ որպես զարգացման և փառատոների պատասխանատու:

ՆԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ

Ռուսաստան

Նարինե Աբգարյանը ծնվել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքում 1971 թվականի հունվարի 14-ին: Գրող և բլոգեր է: 2011-ին Աբգարյանը «Մեծ գիրք» մրցանակի հավակնորդների ցանկում էր, իսկ 2016-ին Ռուսաստանում դարձել է Յասնայա պոլյանա գրական մրցանակի դափնեկիր: Նա «Մանյունյա», «Մարդիկ, որ միշտ ինձ հետ են», «Երկնքից երեք խնձոր ընկավ», «Սիմոն» և այլ ստեղծագործությունների հեղինակն է: 2020-ին Guardian ամսագիրը նրան ընդգրկել է Եվրոպայի ամենափայլուն հեղինակների ցանկում:
Աբգարյանը բլոգեր է դարձել Life ամսագրում: Մանյունյա անունով աղջնակի մասին պատմությունները հիացրել են գրող Լառա Գալին և նա Աբգարյանին ծանոթացրել է Աստրել ՍՊբ հրատարակչության խմբագրի հետ: «Մանյունյա» ինքնակենսագրական վեպը արժանացել է Տարվա լավագույն ձեռագիր ռուսական ազգային գրական մրցանակին: Այնուհետ հեղինակը եռագրություն է ստեղծել Մանյունյայի մասին: 2012-ին լույս է տեսել «Սեմյոն Անդրեևիչ. տարեգրություն խզբզոցներով» վիպակը, նկարազարդումները՝ Վիկտորյա Կիրդիյի: 2014-ին հրատարակվել է «Շոկոլադե պապիկը» գիրքը, որի համահեղինակն էր Վալենտին Պոստնիկովը: Սա միակ գիրքն է, որ Աբգարյանը մանկական է անվանում: 2015-ի օգոստոսին Նարինեն Ալեքսանդր Գրինի գրական մրցանակի երկու դափնեկիրներից մեկն է դարձել՝ «ազգային գրականության զարգացման մեջ ունեցած բացառիկ ներդրումի համար»: 2020-ի մարտին նրա «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը թարգմանվել է անգլերեն (թարգմանիչ Լիզա Սի Հայդեն) և հրատարակվել Oneworld Publications-ի կողմից: «Մանյունյան» նաև բեմադրվել է ՍամԱրտ երիտասարդական թատրոնում՝ Ռուսաստանում:

FIPRESCI ԺՅՈՒՐԻ

ԺԱՆ-ՄԱՔՍ ՄԵԺԱՆ

Ֆրանսիա

Գրող և քննադատ: Շուրջ 30 գիրք է հեղինակել մեծ ռեժիսորների մասին, ինչպիսիք են Ֆեդերիկո Ֆելլինին, Վուդի Ալենը, Պեդրո Ալմոդովարը, Սերգեյ Փարաջանովը և Էմիր Կուստուրիցան: Մասնակցել է նաև կինոյին վերաբերող որոշ համատեղ աշխատությունների՝ «Փիլիսոփայություն և կինո» (CinémAction, n°94), «Ինչպես խոսել կինոյի մասին» (L’Harmattan) և այլն: Գրել է «Jeune Cinema», «Éclipses» հանդեսների և www.iletaitunefoislecinema.com և
http://www.jeunecinema.fr կայքերի համար: Վերջին հրատարակություններն են՝ «Ատալանտ», «Մեր կյանքի լավագույն ֆիլմերը» ժողովածու, Հռոմ, 2017, «Ժերար Ուրիի «Մեծ զբոսանքը»», «Ընտիր ֆիլմեր» ժողովածու, Հռոմ, 2020, «Բրյունո Դյումոն. հանճարեղ լարախաղացը», Լա Նովիլ Օ-Ժուտ, 2020:

ԴԱՎԻԴԵ ՄԱՆՅԻԶԻ

Իտալիա

Ուսուցիչ և կինոքննադատ: Համագործակցել է թերթերի, հանդեսների և կայքերի հետ: Երեք գիրք է հեղինակել Սթենլի Կուբրիկի («Սթենլի Կուբրիկի կինոյի հորիզոնները», 2003, «Դոկտոր Սթրեյնջլավ», 2020, «Բարի Լինդոն», 2022) երկուսը՝ Ֆեռնանդո Դի Լեոյի («Դի Լեո. 9 տրամաչափ», 2017, «Ֆեռնանդո Դի Լեոյի կինոն», 2017), մեկական գրքեր Սեմ Մենդեսի («Սեմ Մենդես. Շեքսպիրից մինչև Բոնդ», 2018), Ռուջջերո Դեոդատոյի («Մարդակերի բալլադ», 2019) Ումբերտո Լենցիի («Ումբերտո Լենցիի շիկացած կինոն», 2021) և Վանձինա եղբայրների մասին («Վանձինա եղբայրների կինոն», 2022), ինչպես նաև մասնակցել է մի շարք գրքերի ստեղծմանը («Ապուլիայի կինեմատոգրաֆիստները», 2006-2007, «Ռիկկարդո Կուչչոլա», 2012, «Դոմենիկո Պաոլելլայի կինոն», 2014, «Պաուլ. Վերհուվենի կինոն», 2021): Իտալիայի կինոքննադատների ազգային սինդիկատի (SNCCI) և FIPRESCI-ի անդամ է, եղել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների ժյուրիի անդամ:

ՌՈՒԶԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայաստան

1983-ին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1984 -2014-ը աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որպես ռեժիսոր, այնուհետև՝ որպես կինոծրագրերի և կրկնօրինակման բաժնի վարիչ։ 2020 թվականից աշխատում է Ազգային կինոկենտրոնում, որպես հայտերի և արձանագրությունների բաժնի պետ: