ԺՅՈՒՐԻՆԵՐ
2010

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՖՐԻԴՐԻՔ ԹՈՐ ՖՐԻԴՐԻՔՍՈՆ

Իսլանդիա

Ռեժիսոր, պրոդյուսեր Ֆրիդրիքսոնը ծնվել է 1953-ին Ռեյկյավիկում: Կինոկարիերան սկսել է 1980-ականներին` փորձարարական և վավերագրական ֆիլմերով: 1990-ին հիմնադրել է Icelandic Film Corporation-ը, որը, դառնալով Իսլանդիայի ամենահզոր կինոընկերությունը, արտադրում է Ֆրիդրիքսոնի ֆիլմերը, ինչպես նաև աշխատում Իսլանդիայի այլ ռեժիսորների և պրոդյուսերների հետ: Ֆրիդրիքսոնի միջազգային հեղինակությունը նպաստում է, որպեսզի ընկերությունը համագործակցի այնպիսի գործընկերների հետ, որպիսիք են Լարս ֆոն Թրիերի Zentropa-ն և վերջերս էլ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի American Zoetrope-ը: Ֆրիդրիքսոնն աշխատել է Իսլանդիայի երկու ամենահեղինակավոր վիպասանների ու սցենարիստների` Էյնար Մար Գուդմունդսոնի ("Բնության զավակները", "Տիեզերքի հրեշտակները", "Կինոյի օրեր") և Էյնար Կարասոնի ("Սպիտակ կետաձկներ", "Սատանայի կղզին", "Բազեներ") հետ:

ՌՈԲ ՆԻԼՍՈՆ

ԱՄՆ

Ծնվել է 1939-ին Ռայնլանդերում (Վիսքոնսին նահանգ): Սան Ֆրանցիսկոյում հաստատված ռեժիսոր Նիլսոնը և նր ա համառեժիսոր Ջոն Հանսոնը "Հյուսիսային լույսերի" համար "Ոսկե կինոխցիկ" են ստացել Կաննում, իսկ Նիլսոնն իր "Տապ և արևի լույս" ֆիլմի համար արժանացել է Սանդենսի ԿՓ-ի Ժյուրիի մեծ մրցանակին: Նա այս երկու մրցանակները վաստակած առաջին ամերիկացի ռեժիսորն է: Նիլսոնը թվային կինոնկարահանման Direct Action ոճի ստեղծողն է, մի եղանակ, որն ուսուցանվել է Սան Ֆրանցիսկոյի Tenderloin yGroup Actor’s Ensemble -ում և ներկայացվել ամբողջ աշխարհում կազմակերպված սեմինարներում: Նիլսոնը նախակարապետ է վիդեոյի տեխնիկան ժապավենին փոխանցելու գործում, ինչը հանգեցրել է ներկայիս թվային հեղաշրջմանը: Նրան շնորհված վերջին մրցանակների թվում են Թեդ Լարսոնի մրցանակը Ֆարգոյի ՄԿՓ-ում` "կինոարտադրության մեջ ունեցած ակնառու ներդրման համար", "Անկախ կինոյի ռահվիրան"` Քանզաս Սիթիի Filmmaker’s Jubilee-ում, "Տարվա կինեմատոգրաֆիստ" տիտղոսը Սիլվեր Լեյքի ԿՓ-ում (Լոս Անջելես) և Milley մրցանակը` Միլի Վալի քաղաքի կողմից` արվեստում ձեռք բերած նվաճումների համար: 2007-ին լույս է տեսել Նիլսոնի "Տրիստան դա Կունյայի փախստականի անունից" բանաստեղծությունների գիրքը:

ԼԵՈՆ ԿԱԿՈՎ

Բրազիլիա

Բրազիլահայ Լեոն Կակովը (Լեոն Շատարևյան) կինոքննադատ է, գրող և կինոռեժիսոր: 1977-ին հիմնել է Սան Պաուլուի ՄԿՓ-ն, որը 2010-ին տեղի է ունեցել 34-րդ անգամ: Կակովը Բրազիլիայում ստեղծել է նաև կինոթատրոնների ցանց` նույն տարածքում միավորելով արվեստասերներին և կինոսիրողներին: Նկարահանել է "Միշտ վերադարձիր, Աբաս" կարճամետրաժ ֆիլմը (Ռենատա դի Ալմեյդայի դերակատարմամբ), որը 1999-ին ներկայացվել է Վենետիկի 56-րդ ՄԿՓ-ում: Հրատարակել է այնպիսի վարպետների նվիրված գրքեր, ինչպիսիք են Գաբրիել Ֆիգերոան (1995), Ալեքսանդր Սոկուրովը, Պիեռ Պաոլո Պազոլինին (2002), Յասուձիրո Օձուն (2003), Աբաս Քիառոսթամին և Ամոս Գիտայը (2004), Մանուել դի Օլիվեյրան (2005): "Անվերջանալի կինո" և "Դեռ ժամանակ ունենք" (2006) գրքերի հեղինակն է: 2004-ին եղել է տարբեր ազգերի ռեժիսորների մասնակցությամբ ստեղծված "Բարի գալուստ Սան Պաուլու" ֆիլմի պրոդյուսերը: 2005-ին ձեռնարկել է "Անտեսանելի աշխարհ" խաղարկային կինոնկարի նախագիծը, որի շրջանակներում պորտուգալացի վարպետ Մանուել դի Օլիվեյրան նկարահանել է "Տեսանելիից դեպի անտեսանելի"-ն: Այս կարճամետրաժ աշխատանքով 2008-ին բացվել է Վենետիկի 65-րդ ՄԿՓ-ն: Մանուել դի Օլիվեյրայի "Անժելիկայի տարօրինակ դեպքը" (2010) նոր ֆիլմը ևս արտադրվել է Սան Պաուլուի ՄԿՓ-ի աջակցությամբ և ցուցադրվել Կաննի 63-րդ փառատոնի "Հատուկ հայացք" ծրագրում:

ՍԵՄԻՀ ԿԱՊԼԱՆՕՂԼՈՒ

Թուրքիա

Ժամանակակից թուրքական կինոյի ամենամեծարված սցենարիստ-ռեժիսոր-պրոդյուսերներից է: 1984-ին, ավարտելով Իզմիրի Դոքուզ Էյլյուլ համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը, կինոյի և հեռուստատեսության բակալավրի աստիճան է ստացել: Show TV և Inter Star TV հեռուստաալիքներով մեծ հաջողությամբ ցուցադրված "Շեհնազ տանգո" 52 մասանոց հեռուստասերիալի սցենարիստն ու ռեժիսորն է: Նրա երրորդ խաղարկային ֆիլմը` "Ձուն", լավագույն ռեժիսորական աշխատանք է ճանաչվել Ֆաջր, Վալդիվիայի, Բանգկոկի ՄԿՓ-երում և ընդհանուր առմամբ` 30 մրցանակի արժանացել, ընդ որում` այնպիսի կարևոր ազգային պարգևների, ինչպիսիք են Ստամբուլի ՄԿՓ-ի "Ոսկե վարդակակաչը" և Անթալիայի ՄԿՓ-ի "Ոսկե նարինջը": Կապլանօղլուի "Կաթը" ևս, որի պրեմիերան կայացել է Վենետիկի ՄԿՓ-ում, ցուցադրվել է աշխարհի տարբեր փառատոներում, միջազգային մրցանակներ բերել, այդ թվում` FIPRESCI-ի մրցանակը` Ստամբուլի ՄԿՓ-ում: Նրա վերջին աշխատանքը` "Մեղրը", որ հոգու ծնունդն է պատկերում, "Յուսուֆ" եռապատումի վերջին մասն է, բեռլինյան "Ոսկե արջի" դափնեկիր: Կապլանօղլուն հեղինակել է նաև պլաստիկ արվեստներին և կինոյին նվիրված մի շարք հոդվածներ, որոնք 1987-2003 թթ. հրապարակվել են "Գերգեդան", "Գյոսթերի", "Ջումհուրիյեթ" և "Սանաթ Դյունյամըզ" հանդեսներում ու թերթերում և թարգմանվել տարբեր լեզուներով: 1990-ին կազմել է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում Էրոլ Աքյավաշի բացած "Պատկերամարտիկներ " ցուցահանդեսի կատալոգը: 1996-2000 թթ. վարել է "Ռադիկալ" ազգային օրաթերթի "Հանդիպումներ" խորագիրը:

ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐԵՆՏԵՎ

Ռուսաստան

Ծնվել է 1954-ին Օրյոլ քաղաքում: 1970-ականների կեսից կարիերան սկսել է որպես թատրոնի դերասան: Մոսկվայի Ս. Գերասիմովի անվան համառուսաստանյան պետական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) սցենարական և կինոքննադատական բաժինը ավարտելուց հետո 1982-ին աշխատանքի է անցել Պետֆիլմաֆոնդի "Իլյուզիոն" կինոթատրոնում: Վերակառուցման տարիներին դարձել է առաջատար կինոքննադատ, խորհրդային կինոքննադատության "նոր ալիքի" հիմնադիրներից է: Բազմաթիվ հոդվածներ է հրապարակել "Սովետսկի էկրան", "Իսկուսստվո կինո", "Սովետսկայա կուլտուրա" և այլ պարբերականներում: Լավրենտևի "Անվերջ պատմություն" հոդվածից հետո (1987-ի ապրիլ) խորհրդային գրաքննությունը դադարեցրեց կրճատել այն արտասահմանյան ֆիլմերը, որոնք ձեռք էին բերվում խորհուրդների երկրի բազմազգ հանդիսատեսների համար: Խաղացել է Սերգեյ Էյզենշտեյնի դերը Վալերի Օգորոդնիկովի "Պրիշվինի թղթե աչքերը" ֆիլմում (1989), հանդես է եկել նաև Օլեգ Կովալովի "Կոնցերտ առնետի համար" ավանգարդիստական ֆիլմում (1995): 90-ականներին եղել է Կինոարվեստի պատմության ինստիտուտի գիտաշխատող, վարել "Փառատոների շքերթ" և "Կինոմարաթոն" հեռուստածրագրերը: 1999-ից Սոչիի ՄԿՓ-ի, "Սիրո դեմքերը" ՄԿՓ-ի և "Կինոտավրիկ" մանկական ՄԿՓ-ի ծրագրերի տնօրենն է: Այժմ նաև Իվանովոյի` Անդրեյ Տարկովսկու անվան "Հայելի" ՄԿՓ-ի ծրագրերի տնօրենն է: 2002-ից "Օսկարի" ռուսաստանյան կոմիտեի անդամ է: Ռուսաստանի "Նիկե" կինոակադեմիայի և ազգային կինոակադեմիայի ակադեմիկոս է: 2001-ին գրել է "Ցասկոտ և մոլեգին Քլինթ Իսթվուդը" գիրքը: 2009-ին լույս է ընծայել "Կարմիր վեսթերն" գիրքը:

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ԷԴՈՒԱՐ ՈՒԵՆՏՐՈ

Շվեյցարիա

Ծնվել է 1952-ին Փարիզի մոտակայքում: Ծնողներն արդեն կինոյի երկրպագուներ էին, ուստի շատ վաղ հասակից գերադասել է ոչ թե դպրոց գնալ, այլ` կինո: 70-ականներին Փարիզի արվարձաններից մեկում կինոթատրոնի վարիչ է եղել, որից հետո սկսել է քննախոսություններ և հաղորդագրություններ տպագրել "Լիբերասիոն" ֆրանսիական թերթում, ուր և աշխատել է մոտ 26 տարի: 2007-ից Ֆրիբուրի միջազգային կինոփառատոնի ղեկավարն է: Ամեն շաբաթ հին ֆիլմերի մասին գրում է իր բլոգում (cinoque.blogs.liberation.fr):

ԼՈՒՉԱՆՈ ԲԱՐԻԶՈՆԵ

Իտալիա

Կինոակումբի ղեկավար, մասնագիտական հանդեսների (Filmcritica, Cineforum, Duellanti) և թերթերի (La Stampa, Il Manifesto) կինոքննադատ, հիմնել և ղեկավարում է Panoramiques հանդեսը: Մենագրություններ է գրել Կատրին Բրեյայի, Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան), Քլինթ Իսթվուդի, Նաոմի Կավասեի, Նիկոլա Ֆիլիբերի, Les Films d'Ici -ի և Սիդնի Պոլակի մասին. 1997-ից համագործակցել է մի շարք միջազգային կինոփառատոների հետ, ներառյալ Լոկառնոյի և Վենետիկի ԿՓ-երը: 2002-ին հիմնել է և մինչև 2007-ը եղել Alba Infinity փառատոնի գեղարվեստական ղեկավարը: 2008-ից Ֆլորենցիայի Ժողովրդական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: Ժյուրիի անդամ է եղել Կաննում ("Ոսկե կինոխցիկ" մրցույթ, 1997), Մարսելում (2000), Վալյադոլիդում (2003), Բուենոս Այրեսում (2004), Լիսաբոնում (2004), Պամպլոնայում (2008), Փարիզում (Cinéma du Réel ԿՓ, 2009):

ԲԱՐԲԱՐԱ ԼՈՐԵՅ ԴԸ ԼԱՇԱՐՅԵՐ

Ֆրանսիա

Փարիզաբնակ անկախ գրող և լրագրող, թղթակցում է գերմանական և շվեյցարական թերթերին ու հանդեսներին` մասնագիտանալով մշակութային անցուդարձի և կինոքննադատության մեջ: Ծնվել է նախկին Արևելյան Գերմանիայում, ուսանել` Մյունխենում, Համբուրգում և Փարիզում, հոգեբանության և սոցիոլոգիայի մագիստրոսի կոչումներ ունի: Աշխատել է որպես միջմշակութային հաղորդակցության հետազոտող, դասախոս և վերապատրաստող: Փարիզում հիմնել է Alizarine Productions - Films & Events Inc-ն, կինոշաբաթների և լուսանկարչական ցուցահանդեսների համադրող եղել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, կինոքննադատության սեմինարներ վարել: Տարբեր միջազգային կինոփառատոների ծրագրերի խորհրդատու է: FIPRESCI-ի անդամ լինելով` եղել է Եվրոպայի (Կաննը և Վենետիկը ներառյալ), ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Հնդկաստանի և Աֆրիկայի այլևայլ միջազգային կինոփառատոների ժյուրիներում: Որպես FIPRESCI Awards Promotion-ի տնօրեն` ներկայումս հատուկ կինոծրագրեր է կազմում կինոփառատոների և արտհաուսային կինոթատրոնների համար:

ՎԼԱԴԻՄԻՐ ԱԼԵՆԻԿՈՎ

Ռուսաստան

Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող և լրագրող: Ծնվել է 1948-ին Սանկտ-Պետերբուրգում: Կարիերան սկսել է որպես ֆրանսերենի ու իսպաներենի թարգմանիչ-բանաստեղծ: 1972-ին հեռակա ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը, իսկ 1975-ին` Ա. Արբուզովի և Ս. Ալյոշկինի դրամատիկական ստուդիան: 1973-ին հիմնել է “Լիտֆիլմ” սիրողական կինոստուդիան և իր առաջին ռեժիսորական քայլերն արել: Մի շարք վեպերի և մանկական գրքերի հեղինակ է: ՊԵՆ ակումբ գրողների միջազգային միության, Լրագրողների միջազգային դաշնության անդամ է, Լոս Անջելեսի համալսարանի` կինոյի դասախոս, Ռուսաստանի կինոարվեստի ազգային ակադեմիայի, Ռուսաստանի կինոարվեստի և կինոգիտության ակադեմիայի ակադեմիկոս: Ռուսաստանյան և միջազգային կինոփառատոների դափնեկիր է, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսաստանի վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է:

ԱՐԱ ՇԻՐԻՆՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1957-ին Երևանում: Ավարտել է Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը (կուրսի ղեկավար` Լաերտ Վաղարշյան): 1994-ին և 2004-ին Սեուլում (Հարավային Կորեա) վերապատրաստվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հեռարձակման և վավերագրության միջազգային դասընթացում: 2000-ին Վաշինգտոնում մասնակցել է հետաքննական լրագրության դասընթացին: 1982-1996 թթ. կրթական և մշակութային հաղորդումների ռեժիսոր է եղել Հայաստանի պետական հեռուստաընկերությունում: 1996-ին հրավիրվել է "Հայաստան" համահայկական հիմնադրամ` որպես ռեժիսոր իրականացնելու ազգային տուրքի ամենամյա հեռուստամարաթոնները: 1999-ին ընկերների հետ հիմնադրել է "Վերսուս" կինոստուդիան, որտեղ 10 տարում ստեղծվել է մոտ 20 վավերագրական ֆիլմ: Դրանցից շատերը մասնակցել են միջազգային կինոփառատոների, շահել մրցանակներ: "Մերժվածները" պատվավոր հիշատակության է արժանացել Քալգարիի ԿՓ-ում (Կանադա, 2002): Իսկ 2001-ին Շիրինյանի "Մինասի առեղծվածը" ստացել է Հայաստանի "Ինտերնյուս" կազմակերպության մրցանակը` լավագույն հետաքննական ֆիլմի համար: 2006-ին "Անդրանիկ Իոսիֆյան" վավերագրական ֆիլմին շնորհվել է Վահան Թեքեյան մրցանակ: 2004-ից Շիրինյանը "Շողակաթ" հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարն է և պրոդյուսերը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՄՐՑՈՒՅԹ

ԱՐՄԵՆ ՄԵԴՎԵԴԵՎ

Ռուսաստան

Ծնվել է 1938-ին Մոսկվայում: 1960-ին ավարտել է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) կինոյի պատմության բաժինը, 1982-ին` արվեստաբանության թեկնածու դարձել: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, Կինեմատոգրաֆիական արվեստների համառուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս, կինոարվեստին վերաբերող ավելի քան 200 հրապարակումների և մի շարք գրքերի հեղինակ: Խորհրդային կինոարվեստի քարոզչության բյուրոյի տնօրենն է եղել, "Սովետսկի ֆիլմ", "Կինոիսկուսստվո" ամսագրերի գլխավոր խմբագիրը, ԽՍՀՄ Պետկինոյի նախագահի 1-ին տեղակալը, ԽՍՀՄ նախարարների խորհրդի մշակույթի և կրթության բաժնի պետը, ՌԴ Պետկինոյի նախագահը: 1999-ից նախագահում է Մանկապատանեկան կինոյի և հեռուստատեսության զարգացման միջազգային հիմնադրամը, որն ավելի հայտնի է Ռոլան Բիկովի հիմնադրամ անվամբ: Վիբորգում անցկացվող "Պատուհան դեպի Եվրոպա" համառուսաստանյան փառատոնի նախագահն է, Մոսկվայի կինոինստիտուտի պրոֆեսոր: Ռուսաստանում և արտասահմանում արժանացել է մասնագիտական պարգևների: Վերջերս նրան շնորհվել են Ռուսաստանի կինոակադեմիայի "Նիկե", Բեռլինի ՄԿՓ-ի "Բեռլինալեի կինոխցիկ", Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի մրցանակները:

ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1942-ին Թբիլիսիում: 1946-ին ընտանիքով տեղափոխվել է Երևան: 1964-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-1966 թթ. աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում որպես դերասան և ռեժիսոր: 1966-1968 թթ. "Արշալույս" երիտասարդական թատրոնի դերասան է եղել: 1968-1970 թթ. սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-1993 թթ. Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում խաղացել է բազմաթիվ դերեր, որոնք արժանացել են մեծ դրվատանքի: 1994-ից մինչև օրս վարձահրավերային տարբեր նախագծերի մասնակից է: 2002-ին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում է ստացել: 2003-ին նրան շնորհվել են ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ և "Մովսես Խորենացի" շքանշան: 2008-ից Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է: 2009-ին Գյումրի քաղաքը նրան պատվո և նվիրվածության շքանշան է պարգևել, 2010-ին` Ուկրաինան:

ԺԱԿԻ ՆԵՐՍԵՍՅԱՆ

Ֆրանսիա

Ծնվել է 1950-ին Սենտ-Էտիենում: Թեև ծնողներից ոչ մեկը բողոքական չէր, ավարտել է աստվածաբանության ֆակուլտետը` Անգլիայում պաստոր դառնալու համար և օծում է ստացել Սենտ-Էտիենում: Բայց պատահականության բերումով գտել է իր կոչումը` նկարահանվելով TF1 հեռռւստաընկերության "Ծովահեններ"-ում: Նրան նկատել է ռեժիսոր Կլոդ Միլերը և դեր առաջարկել "Փոքրիկ գողը" ֆիլմում: Այդ ժամանակից ի վեր հանդես է գալիս ինչպես կինոյում, այնպես էլ հեռուստատեսությամբ: Մարմնավորել է հայ Աբգարին Անրի Վեռնյոյի "Մայրիկ" ֆիլմում, ինչպես և թուրք Մուստաֆային` Իսմայել Ֆարուքի "Երկար ճանապարհորդություն"-ում (վերջինս 2004-ին Վենետիկի ՄԿՓ-ում արժանացել է "Ոսկե առյուծի"` որպես լավագույն ֆիլմ): Ծանոթությունը Ժոզիան Բալասկոյի հետ նրան բերել է "Ռենեսանս" թատրոն, որտեղ, մեկ թատերաշրջան խաղալով, շրջագայության է մեկնել "Վերջին կանչը" ներկայացմամբ: 2009-ին "Սպլենդիդ" թատրոնում խաղացել է Ժոզիան Բալասկոյի "Բոլորը սիրում են Ժյուլիետին բեմադրության մեջ: 2010-ին նկարահանվել է Լյուկ Բեսոնի "Ադել Բլան-Սեկի զարմանահրաշ արկածները" բլոքբասթերում:

ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստան

Գրող, կինոսցենարիստ: Ծնվել է 1959-ին Գյումրիում: Ստացել է հայկական բանասիրական կրթություն Երևանի պետական համալսարանում, լրագրողական կրթություն` Զանգվածային հաղորդակցության հնդկական ինստիտուտում, հունգարական գրականություն է ուսումնասիրել Բուդապեշտի պետական համալսարանում: 2008-ին ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների մոսկովյան բարձրագույն դասընթացը: Լրագրող է եղել մամուլում, քաղաքական և տեղեկատվական ծրագրերի ղեկավար` մի շարք հեռուստաընկերություններում, վարել է քաղաքական և մշակութային հաղորդաշարեր: Հեղինակ է բանաստեղծությունների երկու ժողովածուի, երկու վեպի, վիպակների ժողովածուի: Առաջին` "Սողանք" վեպի հիման վրա (2000) համանուն ֆիլմ է նկարահանվել (ռեժ.` Միքայել Դովլաթյան), որի սցենարի համահեղինակն է: Վեպը թարգմանվել է մի շարք լեզուներով: Վարպետության դասեր է վարում Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, "Ոսկե ծիրան" կինոփառատոնին կից կինոդպրոցում:

ՎՐԵԺ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1951-ին Երևանում: 1971-ին ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը, 1983-ին` Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի կինոօպերատորական ֆակուլտետը: Որպես բեմադրող օպերատոր նկարահանել է բազմաթիվ լիամետրաժ և կարճամետրաժ գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր: Այդ աշխատանքներն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների ու դիպլոմների: Այժմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորական արվեստանոցի ղեկավար է, պրոֆեսոր:

FIPRESCI ԺՅՈՒՐԻ

ԳՈՒՆԱՐ ԲԵՐԳԴԱԼ

Շվեդիա

Ծնվել է 1951-ին: Կինոգործիչ, մասնագիտությամբ` լրագրող: 1989-ին հիմնել է "Filmkonst" ("Կինոարվեստ") հանդեսը: 1994-ից Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի տնօրենն է: Իր սերը կինոյի հանդեպ էկրանի առջևից տեղափոխել է կինոխցիկի մյուս կողմը:

ՄԱՐԳՐԵԹ ՔՅՈԼԵՐ

Գերմանիա

Ծնվել է 1944-ին Գերմանիայում: Փարիզում ֆրանսերեն է սովորել, Լոնդոնում` անգլերեն, Մյունխենի համալսարանում` քաղաքագիտություն և մանկավարժության տեսություն ուսանել: Մյունխենի համալսարանի և Jugend Film Fernsehen (Պատանեկան կինոյի և հեռուստատեսության) ինստիտուտի գիտաշխատող է, գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ, հեռուսատեսության և կրթական հաստատությունների համար ստեղծված վավերագրական ու խաղարկային ֆիլմերի մոնտաժող և ռեժիսոր: Ազգային և միջազգգային փառատոների ժյուրիների անդամ է եղել, ինչպես նաև Գերմանիայի կինոմրցանակների ժյուրիի անդամ: Կինոքննադատություն է դասավանդում Գերմանիայի լրագրության դպրոցում (Մյունխեն), Blickpunkt: Film, Film-Dienst, Abendzeitung München և այլ պարբերականների թղթակցող անկախ լրագրող է:

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1951-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Կինոյի պատմություն և սցենարական վարպետություն է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում: Տպագրվում է 1969-ից: Յոթ գրքի, բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ է: Երկար տարիներ Հայաստանի հեռուստատեսության 1-ին ալիքով վարել է կինոարվեստին նվիրված տարբեր հաղորդումներ: Նրա "Մեր հին դաշնամուրը" թատերախաղը 2003-ին արժանացել է Լևոն Շանթի անվան մրցանակին` որպես տարվա լավագույն պիես: 2001-ից Հայաստանի գրողների միության փոխնախագահն է:

ԷԿՈՒՄԵՆԻԿ ԺՅՈՒՐԻ

ՄԱՐԵԿ ԼԻՍ

Լեհաստան

Ծնվել է 1967-ին: Գիտությունների թեկնածու է (2000-ին ավարտել է Հռոմի Սալեսյան համալսարանի հաղորդակցական միջոցների բաժինը), աստվածաբանության դոցենտ (Օպոլեի համալսարան, Լեհաստան, 2007): 1999-2002 թթ. եղել է Օպոլեի թեմի կաթոլիկական ռադիոյի ծրագրերի տնօրենը: 2000-ից դասախոսում է Օպոլեի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում և քաղաքագիտության ինստիտուտում: 2008-ից հոմիլետիկայի, ԶԼՄ-ների և հաղորդակցության միջոցների ամբիոնի վարիչն է, ուսումնասիրում է հատկապես կինոյի կրոնական նշանակությունը: Մի շարք հրապարակումներ ունի, օրինակ` Կրոնական կինոյի միջազգային հանրագիտարանի (Կրակով, 2007) համախմբագիրն է: 2009-ին, որպես SIGNIS-ի լեհաստանցի անդամ, անդամակցել է Բրատիսլավայի ՄԿՓ-ի էկումենիկ ժյուրիին:

ԳԵՎՈՐԳ ԱԲԵՂԱ ՍԱՐՈՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1977-ին Մասիսում: Ուսանել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Անգլերեն և հոգեբանություն է սովորել Քոնքորդիա քոլեջում (ԱՄՆ): Աստվածաբանության բակալավրի աստիճանն ստացել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում, իսկ մագիստրոսինը` Օքսֆորդի համալսարանում: Վազգենյան հոգևոր դպրոցի տեսուչ է:

ՋԱՆՆԱ ՈՒՐԻՑԻՈ

Իտալիա

Ծնվել է 1946-ին: Սոցիոլոգիա և սոցիալական հոգեբանություն է ուսանել Ֆլորենցիայի համալսարանում, հետհամալսարանական ուսումը` շարունակել Հռոմում: Մի քանի տարի սոցիոլոգիա և սոցիալական հոգեբանություն է դասավանդել ասպիրանտուրայում: 1977-2006 թթ. RAI 2 իտալական հեռուստաալիքի «Բողոքականություն» ծրագրի պրոդյուսերն ու տնօրենն է եղել, ինչպես նաև աշխարհի տարբեր ժողովուրդների կրոնները, էթիկան և սոցիալական հարցերը շոշափող բազմաթիվ վավերագրական ֆիլմերի պրոդյուսերը: Այժմ նույն հեռուստածրագրի ազատ թղթակիցն է: Հաղորդակցության միջոցների մասին դասախոսելու է հրավիրվել Հռոմի և Ֆլորենցիայի համալսարաններում: 1991-1996 թթ., համագործակցելով Քրիստոնյաների հաղորդակցման համաշխարհային ընկերակցության (WACC) եվրոպական մասնաճյուղի հետ, խթանել է ԶԼՄ-ներին նվիրված դասընթացների նախագծին Հարավային Եվրոպայի բողոքական եկեղեցիներում: Երկար տարիներ եղել է WACC-ի Եվրոպայի բաժնի ղեկավար կոմիտեի անդամ, իսկ 2002-2005-ը` դրա նախագահը: Որպես Interfilm-ի ղեկավար կոմիտեի անդամ` հիմնել է Ռոբերտո Զբաֆֆիի անվան բողոքական կինոյի ընկերակցությունը: Անդամակցել է Լոկառնոյի, Բեռլինի, Կաննի և Մանհայմի կինոփառատոների էկումենիկ ժյուրիներին: 2008-ից, համագործակցելով Interfilm-ի և Fondazione Ente dello Spettacolo-ի հետ, էկումենիկ միջոցառումներ է կազմակերպում Վենետիկի ՄԿՓ-ի շրջանակներում: