ԺՅՈՒՐԻՆԵՐ
2019

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՆԴԱՁԵ

Ռուսաստան

Ծնվել է 1949-ին Մոսկվայում: Ռուսաստանի ամենանշանավոր սցենարիստներից և ռեժիսորներից մեկի համարումն ունի: 1975-ից սկսած՝ նրա ավելի քան քսան սցենար ֆիլմերի է վերածվել: Գործունեության վաղ շրջանում աշխատել է հայտնի ռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովի հետ՝ տասնամյակների ընթացքում համագործակցելով 11 ֆիլմում: «Պլյումբում կամ վտանգավոր խաղ»-ը 1987-ին Վենետիկի ՄԿՓ-ում պարգևատրվել է ոսկե մեդալով, իսկ Մինդաձե-Աբդռաշիտով զույգը 1995-ին «Պիես ուղևորի համար» ֆիլմի համար Բեռլինի ՄԿՓ-ում արժանացել է «Արծաթե արջի»: 2007-ին Վենետիկի ՄԿՓ-ում կայացել է «Պոկում» ֆիլմի՝ խաղարկային կինոյում Մինդաձեի անդրանիկ ռեժիսորական աշխատանքի պրեմիերան: Ֆիլմին շնորհվել է երկու մրցանակ, ներառյալ կինոքննադատների մրցանակը՝ որպես ռուսաստանյան լավագույն դեբյուտային ֆիլմ: Սեփական սցենարով Մինդաձեի նկարահանած երկրորդ խաղարկային աշխատանքը՝ «Շաբաթ օրը»,   առաջին անգամ ցուցադրվել է 2011-ին Բեռլինի ՄԿՓ-ում: Նրա երրորդ խաղարկային ֆիլմը՝ «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր»-ը, 2015-ին մասնակցել է Մոսկվայի ՄԿՓ-ի մրցութային ծրագրին և որպես լավագույն ֆիլմ արժանացել Ռուսաստանի կինոակադեմիայի «Նիկե» մրցանակին, ինչպես նաև հինգ անվանակարգում՝ Ռուսաստանցի կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փղին»: Մինդաձեն միակ ռուսասատանցի սցենարիստն է, որին շնորհվել է Էննիո Ֆլայանոյի անվան հեղինակավոր մրցանակը և Իտալիայի մշակույթի ակադեմիայի «Արծաթե պեգասը» կինոյում ներդրած գրական ավանդի համար:

ՌԵԶԱ ՄԻՐՔԱՐԻՄԻ

Իրան

Ծնվել է 1966-ին Թեհրանում: Ավարտել է Թեհրանի գեղարվեստի համալսարանի գծանկարչական արվեստի ֆակուլտետը: Կինոկարիերան սկսել է 1987-ին որպես ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր՝ նկարահանելով մեկ կարճամետրաժ ֆիլմ և երկու հեռուստասերիալ: Նրա ռեժիսորական առաջնեկը «Երեխան և զինվորը» ֆիլմն էր (1999), որն ազգային և միջազգային մրցանակների է արժանացել Սպահանում, Նանտում և Զլինում: 2001-ին «Լուսնի լույսի տակ» երկրորդ խաղարկային աշխատանքին (2000) Կաննի ՄԿՓ-ում շնրոհվել է «Կինոքննադատների միջազգային շաբաթ» ծրագրի լավագույն ֆիլմի համար սահմանված մրցանակը: 2001-ին Տոկիոյի ՄԿՓ-ում նույն գործը մրցանակի է արժանացել որպես լավագուն ռեժիսորական աշխատանք և ստացել Ժյուրիի հատուկ մրցանակը, իսկ Հնդկաստանի ՄԿՓ-ում «Ոսկե սիրամարգ» շահել: Միրքարիմին Իրանի Ֆաջր ԿՓ-ի «Ոսկե սիմուրգ» մրցանակի յոթնակի դափնեկիր է: Նրա ֆիլմերից երեքն Իրանի կողմից «Օսկար»-ի է ներկայացվել «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ «Այսքան մոտ, այսքան հեռու» (2005), «Մի կտոր շաքար» (2011) և «Այսօր» (2014): Միրքարիմիի չորրորդ և հինգերորդ աշխատանքները՝ «Այդքան պարզ» (2007) և «Դուստրը» (2016) ֆիլմերը, Մոսկվայի 30-րդ և 38-րդ ՄԿՓ-երում համապատասխանաբար «Ոսկե Սուրբ Գեորգի» են արժանացել որպես լավագույն կինոնկար: Նրա վերջին գործը՝ «Երազների դղյակը» (2019), միանգամից երեք մրցանակ է բերել Շանհայում (լավագույն ֆիլմ, ռեժիսոր և դերասան): Միրքարիմին երկու ժամկետով գլխավորել է Խանե Սինեման՝ Իրանի կինոգիլդիաների միությունը, և արդեն չորս տարի Ֆաջր ՄԿՓ-ի տնօրենն է: 

ԷՅՄԻ ՀՈԲԻ

ԱՄՆ

Էյմի Հոբին նախորդ երկու տարին եղել է Թրայբեկա կինոինստիտուտի գործադիր տնօրենը: Բացի այդ հաստատության միջոցով աշխարհում քիչ հայտնի սկսնակ ռեժիսորների հայտնաբերելու, ներգրավելու և աջակցելու դերից, նա իր հերթին «Օսկար»-ի առաջադրված, «Էմի» և «Փիբոդի» մրցանակներ շահած պրոդյուսեր է, որն անցյալ քսան տարվա ընթացքում թողարկել է մրցանակակիր խաղարկային ու վավերագրական ֆիլմեր: 2013-ին Հոբին դարձել է Tangerine Entertainment կինոընկերության համահիմնադիրը. սա բացառապես կանանց ստեղծած ու նկարահանած բովանդակությամբ կինո արտադրելու և համապատասխան հանդիսատես ձևավորելու կոչված առաջին ընկերությունն է: 2017-ին Հոբին Tangerin Entertainment-ի իր գործընկերուհու՝ Անն Հաբելի հետ Կին կինոլրագրողների միության կողմից մրցանակի է առաջադրվել որպես կինոարտադրության մեջ ակնառու նվաճման հասած կին:

ՆԻԿՈԼԱ ՎԱԴԻՄՈՎ

Շվեյցարիա

Ծնվել է 1964-ին Ժնևում: Վադիմովը նկարահանել է թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական ֆիլմեր, այդ թվում՝ բազմակի մրցանակակիր «Ընդհատակայինները» (1997): Նրա «Այշին (Գազայի գոտում դեռ ողջ)» (2010), ««Լիբերտադ» գործողություն» (2012), «Սպարտացիները» (2014), «Ժան Զիգլեր. կամքի լավատեսություն» (2016) և «Գազայի Ապոլլոնը» (2018) ֆիլմերը ցուցադրվել են այնպիսի հեղինակավոր միջազգային կինոփառատոներում, ինչպիսիք են Կաննը («Ռեժիսորների երկշաբաթյակ»), Բեռլինալեն և Լոկառնոն: Վադիմովի Akka Films ընկերությունը թաղարկել է բազմաթիվ մրցանակներ շահած «Թաղված գաղտնիքներ» (ռեժ.՝Ռաջա Ամարի, Վենետիկ, 2008), «Բուժեք ինձ» (ռեժ.՝Ռաեդ Անդոնի, Սանդենս, 2010) և «Ուրվականի որս» (ռեժ.՝Ռաեդ Անդոնի, Բեռլին, 2017) ֆիլմերը:

ՆԻՆՈ ԿԻՐՏԱՁԵ

Ֆրանսիա

Ռեժիսոր Նինո Կիրտաձեն ծնվել է Թբիլիսիում: Սակավաթիվ վրաց ռեժիսորներից է, որ կարիերան սկսել է Ֆրանսիայում և շուտով հաստատվել որպես Եվրոպայի առաջատար կինովավերագրողներից մեկը: Նրա ֆիլմերն անդրադառնում են բարդ ու հակասական թեմաների՝ շեշտը դնելով մարդկային դրամայի վրա և ստեղծելով խորապես ներհայեցողական մարդկային դիմանկարներ: Կիրտաձեի ֆիլմերը միջազգային ճանաչման և բազմաթիվ հեղինակավոր մրցանակների են արժանացել աշխարհի կինոփառատոներում. նշանակալից են Սանդենս ՄԿՓ-ի մրցանակը լավագույն ռեժիսուրայի համար («Դուռակովո՝ հիմարների գյուղ»), Եվրոպական կինոակադեմիայի մրցանակը («Վիշապ Կովկասի զուլալ ջրերում»), Գերմանիայի բարձրագույն պարգևը վավերագրության ասպարեզում՝ «Ադոլֆ Գրիմե»-ն, «Չեչենական օրորոցային» և Cinema du Réel ՄԿՓ-ի մրցանակը «Ընկներիս ասեք, որ մեռել եմ» գործերի համար: Կիրտաձեի «Մի՛ շնչեք» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ Թորոնթոյի ՄԿՓ-ում, ընդլայնում է վավերագրության սահմանները՝ մռայլ կատակերգությունը զետեղելով վավերագրականի ու խաղարկայինի սահմանին: Կիրտաձեն նաև սցենարիստ է և դերասանուհի: Նրա դերասանական կարիերային սկիզբ դրեց գլխավոր դերակատարումը Նանա Ջորջաձեի «Սիրահարված խոհարարի 1001 բաղադրատոմսը», որը ցուցադրվեց Կաննում և առաջադրվեց «Օսկար»-ի: Այնուհետև Կիրտաձեն աշխատել է Փիթեր Բրուքի, Վիտտորիո Գասսմանի, Կլոդ Գորետայի, Ժակ Պերենի հետ: Անցյալում՝ Կովկասում տեղի ունեցող բախումների տարիներին, Կիրտաձեն զինվորական թղթակից է եղել France Press և Assiciated Press գործակալությունների համար՝ լուսաբանելով չեչենական պատերազմը և տարածաշրջանի մյուս ռազմական հակամարտությունները: 1997-ից նա բնակվում է Ֆրանսիայում, կանոնավորապես համագործակցում տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների հետ՝ որպես խորհրդատու, ժյուրի անդամ ու դասախոս:

ՊԱՈԼՈ ԲԵՐՏՈԼԻՆ

Իտալիա

Կինոծրագրեր կազմող, սցենարիստ և պրոդյուսեր: 2008-ին դարձել է Վենետիկի ՄԿՓ-ի ընտրող հանձնաժողովի անդամ: 2010-ից գործել է որպես տարածաշրջանային խորհրդատու՝ աշխատելով տարբեր վայրերում, որպիսիք են Հարավարևելյան Ասիան, Հնդկական ենթամայրցամաքը, Օվկիանիան, Թուրքիան և Հարավային Կորեան: Բերտոլինոն այս տարի նաև Կաննի ՄԿՓ-ի «Ռեժիսորների երկշաբաթյակի» ընտրող հանձնաժողովի կազմում էր: Նա աշխատել ու աշխատում է Եվրոպայի և Ասիայի միջև՝ համագործակցելով բազմաթիվ միջազգային փառատոների և հաստատությունների հետ՝ ներառյալ Ռոտերդամի ՄԿՓ-ը, Դոհա կինոինստիտուտը, Լոկառնոյի «Բաց դռները», Ուդինեի Հեռավոր Արևելքի ԿՓ-ը, Նիոնի Visions du Réel-ը, Սիրահարների ԿՓ-ը, BiFan-ը, Կաննի «Կինոքննադատների շաբաթը», Բոմբեյի, Պեկինի, Հանոյի, Բրատիսլավայի ՄԿՓ-երը և այլն: Բերտոլինը հանդես եկել նաև որպես պրոդյուսեր՝ թողարկելով մի շարք ասիական ֆիլմեր, այդ թվում՝ «Մեծ հայրը, փոքր հայրը և այլ պատմություններ»-ը (ռեժ.՝ Ֆեն Դան Դի, Վիետնամ, 2015), «Վշտալի գաղտնիքի օրորոցայինը» (ռեժ.՝ Լավ Դիաս, Ֆիլիպիններ, 2016) և «Չիտրաշալա» կարճամետրաժ աշխատանքը (ռեժ.՝ Ամիթ Դուտա, Հնդկաստան, 2015), որոնք բոլորն էլ մասնակցել են Բեռլինի ՄԿՓ-ի մրցութային ծրագրին:

ԷԼԻԶԱԲԵԹ ԿԱՐԼՍԵՆ

Մեծ Բրիտանիա

Միջազգային ճանաչման տեր պրոդյուսեր, Սթիվեն Վուլիի հետ 2002-ին Մեծ Բրիտանիայում ստեղծված Number 9 Films առաջատար անկախ կինոընկերության համահիմնադիրը: 2019-ի փետրվարին բրիտանական կինոյին բերած ակնառու ավանդի համար նրանք համատեղ արժանացան Բրիտանական կինոակադեմիայի հեղինակավոր մրցանակին: Կարլսենը եվրոպական և ամերիկյան ամենահռչակավոր անկախ ֆիլմերից մի քանիսի պրոդյուսերն է: Դրանց թվում են Թոդ Հեյնսի «Քերոլը» (առաջադրվել է 6 «Օսկար»-ի, 6 «Ոսկե գլոբուսի» և Բրիտանականան կինոկադեմիայի 9 մրցանակի), Մարկ Հերմանի «Ձայնիկը» (արժանացել է «Ոսկե գլոբուսի», առաջադրվել 1 «Օսկար»-ի, Բրիտանական կինոակադեմիայի 6 մրցանակի և 6 «Ոսկե գլոբուսի»), Նիլ Ջորդանի «Դաժան խաղը» (արժանացել է «Օսկար»-ի և Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին, առաջադրվել 6 «Օսկար»-ի), Նայջել Քոուլի «Պատրաստված է Դագենհեմում» (առաջադրվել է Բրիտանական կինոակադեմիայի 3 մրցանակի), Ֆիլիս Նադյի «Տիկին Հարիսը» (առաջադրվել է 12 «Էմի»-ի և 3 «Ոսկե գլոբուսի») և Ուոշ Ուեսթմորլենդի «Կոլետ» (առաջադրվել է Բրիտանական անկախ կինոյի 4 մրցանակի և 1 «Անկախ ոգու») ֆիլմերը: Մյուս աշխատանքներից են Դոմինիկ Քուքի «Ծովափին», Լոնե Շերֆիգի «Նրանց աստեղային ժամը», Խուան Կառլոս Մեդինայի «Գոլեմը», Մայք Նյուելի «Մեծ հույսերը», Թերենս Դեյվիսի «Նեոնե Աստվածաշունչը» և Նիլ Ջորդանի «Բյուզանդիան»: Կարլսենը նաև Պաոլո Սորրենտինոյի «Երիտասարդություն» ֆիլմի (առաջադրվել է 1 «Օսկար»-ի և արժանացել  Եվրոպական կինոակադեմիայի 3 մրցանակի) համապրոդյուսերն է: Նրա ֆիլմերից շատերն ընտրվել են Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» մրցույթում և առաջին անգամ ցուցադրվել Թորոնթոյի, Լոնդոնի, Նյու Յորքի ՄԿՓ-երում ու «Սանդենս»-ում: Կարլսենի և Սթիվեն Վուլիի համատեղ աշխատանքը վաստակել է 52 առաջադրում և հաղթանակ Բրիտանական կինոակադեմիայի և 20 առաջադրում ու հաղթանակ «Օսկար»-ի մրցանակաբաշխություններում:

ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻ

ԺՈՐԺ ԲՈԼՈՆ

Ֆրանսիա

Ծնվել է 1952-ին, մանկությունն անցել է բանվորական արվարձանում: Կլերմոն- Ֆերանի համալսարանում պատմություն է ուսանել և ներգրավվել կինոակումբում: Ժակ Տատիին հանդիպելուց հետո մյուս ուսանողների հետ 1979-ին ստեղծել է Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ կինոյի փառատոնը, որն այսօր այդ ասպարեզի ամենակարևոր իրադարձությունն է աշխարհում: Բոլոնը գործընկերների հետ հիմնել է Օվեռնի կինոհանձնաժողովը և կարճամետրաժ կինոյի շուկան, որը գործում է փառատոնին զուգընթաց: Կամավորական հիմունքներով դեռևս անդամակցում է փառատոնի թիմին, իսկ վերջինս ընդլայնվել է և շարունակում է գործել որպես առաջնորդ չունեցող հավաքական խումբ: Բոլոնն աշխատում է միջազգային ընտրական հանձնաժողովում և ղեկավարում կինոյի ու պատմության հարաբերությանը վերաբերող «Պատմության կարճամետրաժ» հատուկ բաժինը: Նա նկարահանել է «Հեռուն» կարճամետրաժ ֆիլմը, որը 1986-ին Օբերհաուզենի ՄԿՓ-ում արժանացել է հատուկ հիշատակման:

ՆՈՐԱՅՐ ՔԱՍՓԵՐ

Կանադա

Թորոնթոյում և Վենետիկում հաստատված օպերատոր և տեսողական գործերի արտիստ: Նրա արվեստը սերում է բազմազան մշակութային ժառանգությունից և բազմապրոֆիլ կրթությունից: Քասփերը շուրջ 40 խաղարկային և հեռուստատեսային ֆիլմերի օպերատոր է և բազմիցս արժանացել է միջազգային գնահատանքի: Գեղարվեստական լուսանկարչության նրա ինստալացիաները ներկայացվել են այլևայլ ցուցահանդեսներում՝ ներառյալ և Վենետիկի արվեստի բիենալեն: Նորայր Քասփերը նաև դասավանդում է օպերատորական սեմինարներում և տեսողական պատումի վարպետության դասեր վարում: Նա Կանադայի օպերատորների ընկերության և Օպերատորների միջազգային գիլդիայի (IATSE 667) անդամ է:

ՊԻՊՊՈ ՄԵՁՁԱՊԵԶԱ

Իտալիա

Թորոնթոյում և Վենետիկում հաստատված օպերատոր և տեսողական գործերի արտիստ: Նրա արվեստը սերում է բազմազան մշակութային ժառանգությունից և բազմապրոֆիլ կրթությունից: Քասփերը շուրջ 40 խաղարկային և հեռուստատեսային ֆիլմերի օպերատոր է և բազմիցս արժանացել է միջազգային գնահատանքի: Գեղարվեստական լուսանկարչության նրա ինստալացիաները ներկայացվել են այլևայլ ցուցահանդեսներում՝ ներառյալ և Վենետիկի արվեստի բիենալեն: Նորայր Քասփերը նաև դասավանդում է օպերատորական սեմինարներում և տեսողական պատումի վարպետության դասեր վարում: Նա Կանադայի օպերատորների ընկերության և Օպերատորների միջազգային գիլդիայի (IATSE 667) անդամ է:

FIPRESCI ԺՅՈՒՐԻ

ԴՅՈՐԴՅ ԲԱՐՈՆ

Հունգարիա

Բուդապեշտի թատրոնի և կինոյի համալսարանի պրոֆեսոր է և FIPRESCI-ի կազմի մեջ մտնող Կինոքննադատների հունգարական ընկերության նախագահը: Élet és Irodalom շաբաթահանդեսի և Filmvilág կինոամսագրի հաստիքային կինքննադատ է: 1980-ականներից ի վեր հունգարերեն և այլ լեզուներով հրատարակել է հազարից ավելի գրախոսական, էսսե և ուսումնասիրություն: Տարբեր հեռուստաալիքների համար ուսուցողական վավերագրական ֆիլմեր է ստեղծել, ռադիոծրագրեր կինոյի վերաբերյալ, ինչպես նաև հեղինակել է «Հոլիվուդ և Մարիենբադ», «Վայրէջք դեպի տարտարոս» գրքերը:

ԱԼԵԽԱՆԴՐԱ ՏՐԵԼՅԵՍ

Ուրուգվայ

2009-ից ղեկավարում է Ուրուգվայի ՄԿՓ-ը, որի կազմակերպիչն Ուրուգվայի ֆիլմադարանն է. Ալեխանդրա Տրելյեսը վերջինիս գեղարվեստական ղեկավարն է 2005-ից: Ուրուգվայի ֆիլմադարանը Մոնտեվիդեոյում գործող կինոարխիվ է և մշակութային հաստատություն, որի ամենամսյա ծրագիրը կազմված է մայրաքաղաքի չորս կինոթատրոնում տարբեր շարքերի, հետահայաց ցուցադրությունների, ցուցահանդեսների և պրեմիերաների շրջանակներում ցուցադրվող մոտ հարյուր ֆիլմից: Տրելյեսը ժյուրիի անդամ է եղել մի շարք կինոփառատոներում (Բեռլինալե, Կարլովի Վարի, Բուենոս Այրեսի անկախ կինոյի փառատոն, Բիլբաոյի վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի ՄՓ), կինոծրագրեր կազմող և ծրագրերի խորհրդատու այլ կարևոր փառատոներում: Որպես կինոքննադատ թղթակցում է ուրուգվայական Brecha շաբաթահանդեսին և La Diaria օրաթերթին:

ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1988-ին: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական բաժնում: Հոդվածներ է հրապարակել հայաստանյան և միջազգային մամուլում: