2003-ին ավարտել է Բուխարեստի հաղորդակցության միջոցների համալսարանի ռեժիսորական բաժինը: Որպես ռեժիսորի օգնական աշխատել է Կոստա-Գավրասի «Ամեն», Քրիստի Պույուի «Պարոն Լըզըրեսկուի մահը» խաղարկային ֆիլմերում: Նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ «Գլխարկով հեռուստացույցը» (2006), որն ամենաշատ պարգևների արժանացած ռումինական ֆիլմն է, գլխավոր մրցանակի է արժանացել Սանդենսի, Սան Ֆրանցիսկոյի, Լոս Անջելեսի, Գրիմշտադտի, Համբուրգի, Բիլբաոյի, Ուեսկայի, Տրիեստի, Մոնպելյեի, Քոթբուսի, Ասպենի, Բրյուսելի, Կրակովի, Ալմերիայի, Վալենսիայի, Ուփսալայի, IndieLisboa, Mediawave ԿՓ-երում՝ ընդգրկվելով նաև Թորոնթոյի, Տամպերեի, Ռոտերդամի, Թելուռայդի, «Նոր ռեժիսորներ/նոր ֆիլմեր» և այլ ՄԿՓ-երում: Ժուդեի «Ալեքսանդրա» (2006) և «Առավոտյան» (2007) կարճամետրաժ ֆիլմերն ընդգրկվել են շուրջ 30 փառատոնում՝ ներառյալ Կլերմոն-Ֆեռանի, Սան Ֆրանցիսկոյի, Քոթբուսի, Օբերհաուզենի (որտեղ ստացել է Մեծ մրցանակը) ԿՓ-երը: «Աշխարհի ամենաերջանիկ աղջիկը» նրա լիամետրաժ առաջնեկն է: Մինչև Ռումինիայի կինոթատրոններում ցուցադրվելը ֆիլմը շահել է Փորձարարական և արվեստի ֆիլմերի միջազգային ընկերակցության (CICAE) մրցանակը Բեռլինում, FIPRESCI-ի մրցանակը Սոֆիայում, լավագույն սցենարի մրցանակը Բուխարեստում և դարձյալ FIPRESCI-ի մրցանակը IndieLisboa ՄԿՓ-ում, 2009-ին ներկայացվել նաև Կաննի ՄԿՓ-ի ACID ծրագրում: 2011-ին Ժուդեն նկարահանել և թողարկել է «Ֆիլմ ընկերների համար» անկախ աշխատանքը: Նրա «Բոլորը մեր ընտանիքում» կինոնկարի (2012) պրեմիերան կայացել է Բեռլինալեի «Ֆորում»-ում, ֆիլմն արժանացել է «Սարաևոյի սիրտ» մրցանակին, Նամյուրի ԿՓ-ի «Ոսկե ասպետ» մրցանակին և այլն: 2015-ին Բեռլինի ՄԿՓ-ում Ժուդեի «Ընտի՜ր է» ֆիլմին շնորհվել է լավագույն ռեժիսորական աշխատանքի համար սահմանված «Արծաթե արջը»: Կինոնկարը մասնակցել է նաև Հոնկոնգի, Լոնդոնի, Միլ Վալիի, Ամերիկյան կինոյի ինստիտուտի ու «Թրայբեքա» ԿՓ-երին և պաշտոնապես ներկայացրել Ռումինիան Ամերիկյան կինոակադեմիայի 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, թեև չի առաջադրվել մրցանակի: 2020-ին Ժուդեն Բեռլին վերադարձավ «Տպագիր մեծատառ» ֆիլմով, որը բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուի կոմունիստական վարչակարգի դեմ գրաֆիտիով բողոքի ուղերձներ գրած և հետագայում գաղտնի ոստիկանության կողմից բերման ենթարկված ռումինացի պատանի Մուգուր Կըլինեսկուի պատմությունն է: Ժուդեի մասնակցությունը Բեռլինի ՄԿՓ-ին կրկնակի էր՝ Ադրիան Չոֆլընկըի հետ նա ներկայացրել էր նաև «Գնացքները մեկնում են կայարանից» վավերագրական ֆիլմը: