Ռեժիսոր և պրոդյուսեր, Լիտվայի երաժշտության ու թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր: Ծնվել է 1966 թվականի ապրիլի 28-ին` Վիլնյուսում, Լիտվա: Լիտվայի մշակույթի և արվեստի ազգային մրցանակի դափնեկիր է, Եվրոպական վավերագրական կինոցանցի անդամ: 1984-1989 թթ.-ին սովորել է Վիլնյուսի պետական կոնսերվատորիայի ռեժիսուրայի բաժնում: 1989-ին սովորել է Նյու Յորքի Ջոնաս Մեկաս ''Film Anthology Archive''-ում:
Նրա ֆիլմերը բազմաթիվ միջազգային մրցանակների են արժանացել, որոնց թվում` Նիոնի հանդիսատեսի մրցանակը, Սփլիթի Գրան Պրի-ն, Բորնհոլմի, Ֆլորենցիայի, Գիյորի, Նոյբրանդենբուրգի, Օբերհաուզենի, Բիլբաոյի և Սան Ֆրանցիսկոյի մրցանակները: Նրա ''Կույրի երկիրը'' վավերագրությունը 1992-ին Եվրոպական կինոակադեմիայի կողմից ճանաչվեց որպես տարվա Լավագույն եվրոպական վավերագրություն և ստացավ Ֆելիքս մրցանակը: 2004-2005 թթ.-ին նա վավերագրական կինո է դասավանդել Դանիայի Եվրոպական կինոքոլեջում: Դասախոսություններ ու վարպետաց դասեր է անցկացրել Կալկաթայում, Սան Պաոլոյում, Սեուլում, Տոկիոյում, Բերքլիում, Սթենֆորդում, Մոսկվայում, Բելգրադում, Բարսելոնայում, Սան Ֆրանցիսկոյում, Կարպի Մոդենայում, Փարիզում: Ֆիլմերի ցուցադրություններ է ունեցել Շվեյցարիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսրայելում, Չեխիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Իսպանիայում, Թուրքիայում, Կոլումբիայում, Ուրուգվայում և Իտալիայում: