ԺՅՈՒՐԻՆԵՐ
2018

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ԱՍՂԱՐ ՖԱՐՀԱԴԻ

Իրան

Ծնվել է 1972-ին Իրանում: Պատանեկան տարիքից տարվել է կինոյով և  ռեժիսորական ուսումն սկսել՝ 1986-ին անդամակցելով Սպահանի երիտասարդական կինոմիությանը, որտեղ 8 և 16մմ-ոց ժապավեններով կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել: 1998-ին ավարտել է Թեհրանի համալսարանի դրամատիկական արվեստների դպրոցը որպես թատերարվեստի բակալավր, իսկ մի քանի տարի անց թատրոնի ռեժիսորի մագիստրոսական աստիճան ստացել: Ֆարհադիի ռեժիսորական դեբյուտը «Պար փոշու մեջ» ֆիլմն էր (2003), իսկ մեկ տարի անց նա նկարահանեց «Գեղեցիկ քաղաքը»: Նրա երրորդ ֆիլմը՝ «Հրավառության չորեքշաբթին» (2006), նվաճեց Չիկագոյի ՄԿՓ-ի «Ոսկե Հյուգո» մրցանակը: Չորրորդ՝ «Էլիի մասին» ֆիլմը (2009) Ֆարհադիին  «Արծաթե արջ» բերեց Բեռլինի ՄԿՓ-ում՝ որպես լավագույն ռեժիսորի, ինչպես նաև լավագույն կիոնկար ճանաչվեց Թրայբեքա ԿՓ-ում: 2009-ին այս ֆիլմով Իրանը պաշտոնապես առաջադրվեց Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգով: Ֆարհադիի հաջորդ աշխատանքը՝ «Նասեր և Սիմին. ամուսնալուծություն»-ը (2011) սենսացիայի տեղիք տվեց: Ֆիլմն արժանացավ քննադատների դրվատանքին թե՛ Իրանում և թե՛ Իրանից դուրս: Ռոջեր Էբերթը կինոնկարը կոչեց «տարվա լավագույն ֆիլմ», Բեռլինի ՄԿՓ-ում «Ամուսնալուծությունը»  «Ոսկե արջ» նվաճեց որպես լավագույն կինոնկար, ինչպես նաև երկու «Արծաթե արջ» տղամարդկանց և կանանց լավագույն դերասանախմբերի համար: Ֆիլմը լավագույն արտասահմանյան կինոնկար ճանաչվեց նաև Ամերիկացի կինոքննադատների ազգային խորհրդի, «Ոսկե գլոբուս», «Սեզար», «Անկախ ոգի»  (Independent Spirit) մրցանակաբաշխություններում: Ի վերջո «Ամուսնալուծությունը»՝  որպես տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմ, ստացավ նաև  «Օսկար»՝ Ֆարհադիին դարձնելով առաջին իրանցի օսկարակիր ռեժիսորը: Նա իր վեցերորդ աշխատանքը՝ «Անցյալը» (2013), նկարահանեց Ֆրանսիայում: Գլխավոր դերակատարուհի Բերենիս Բեժոն Կաննի ՄԿՓ-ում լավագույն դերասանուհու տիտղոսին արժանացավ: «Անցյալը» հավակնում էր «Ոսկե գլոբուսի» որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ և այդ անվանակարգով հաղթեց  Ամերիկացի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակաբաշխությունում, առաջադրվեց հինգ «Սեզար»-ի, այդ թվում՝  «լավագույն ռեժիսոր»,  «լավագույն դերասանուհի» և  «լավագույն սցենար» անվանակարգերում: Ֆարհադին իր յոթերորդ ֆիլմը՝ «Առևտրական գործակալը» (2016), նկարահանեց Իրանում: Կաննի 69-րդ ՄԿՓ-ում ֆիլմին մրցանակ շնորհվեց լավագույն սցենարի համար, իսկ գլխավոր դերակատար Շահաբ Հոսեյնին լավագույն դերասան ճանաչվեց: Այս ֆիլմը 2017-ին երկրորդ «Օսկարը» բերեց Իրանին «լավագույն արտասահմանյան ֆիլմ»  անվանակարգում: Ֆարաբիի վերջին աշխատանքը՝ «Բոլորը գիտեն» հոգեբանական թրիլերը, այս տարի բացեց Կաննի ՄԿՓ-ի մրցույթը:

ԼԱՐԻ ՍՄԻԹ

Մեծ Բրիտանիա

Լարի Սմիթը կինոասպարեզ է մտել մոտ 1969-ին՝ քսան տարեկանում, աշխատանքի անցնելով Լոնդոնի մերձակայքի «Շեփերթոն» ստուդիայում: Նա վաղ գիտակցեց, որ ստուդական կյանքն իր համար չէ. մեծ կինոստուդիայում աշխատող մարդկանց քանակն ու տեմպը գործարանի զգացողություն էին առաջացնում: Լարի Սմիթն ընտրեց անկախ գործունեությունը: Շուրջ 1970-ին նա բարեբախտաբար հանդիպեց Սթենլի Կուբրիկին, որը խնդրեց աշխատել իր «Բարի Լինդոն» ֆիլմի վրա. սա սկիզբ դրեց երկարատև համագործակցության, որը շարունակվեց ավելի քան քառորդ դար՝ մինչև Կուբրիկի վաղաժամ մահը: Լարի Սմիթին պատիվ վիճակվեց դառնալու նրա վերջին գործի՝ «Լայն փակված աչքերով» ֆիլմի օպերատորը: Այդ ժամանակից ի վեր Սմիթն աշխատել է այլևայլ հետաքրքիր ֆիլմերի վրա, ընդ որում՝ որպես ռեժիսոր ինքն էլ ֆիլմ նկարահանել («Թմրավաճառըը», 2015)

ԲԵՔԻ ՓՐՈԲՍՏ

Գերմանիա

Բեքի Փրոբստը 2014-ից Եվրոպական կինոշուկայի նախագահն է:
Ծնվել է Ստամբուլում: Իրավաբանություն և լրագրություն է ուսանել, աշխատակցել «Թերջուման» օրաթերթին և  «Հայաթ» շաբաթաթերթին:  1960-ին տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ բազմաթիվ մշակութային նախագծեր է իրականացրել: Այնուհետև դարձել է Probst-Kinobetriebe ցուցադրող խմբի ղեկավարը: Նվիրումը կինոարվեստին շուտով նրան դրդել է գործունեությունն ընդլայնել դեպի Եվրոպա և այլուր: 1981-88 թթ.  եղել է Թուրքիայի և Հունաստանի  պատվիրակը Բեռլինի ՄԿՓ-ում: 1985-ին Լոկառնոյի ՄԿՓ-ում վաճառահանդես է կազմակերպել: Մինչև   1995-ը անդամակցել է նաև Լոկառնոյի ՄԿՓ-ի ընտրող խորհրդին: 1988-2014թթ. եղել է Բեռլինի ՄԿՓ-ի Կինոտոնավաճառի նախագահը:  Նա Կինոտոնավաճառը  վերանվանել է Եվրոպական կինոշուկա, և նրա ղեկավարությամբ Եվրոպական կինոշուկան դարձել է միջազգային խոշորագույն ու կարևորագույն կինոտոնավաճառներից մեկը: Ի հավելումն՝ Բեքի Փրոբստը նաև Ժնևի «Վաղվա աստղեր» (Stars de Demain) փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: Որպես ժյուրիի անդամ մասնակցել է Թորոնթոյի, Երուսաղեմի, Սան Սեբաստիանի և մի շարք այլ ՄԿՓ-երի: 1992-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է Արվեստի և գրականության ասպետի կոչման:  2018-ին Փրոբստն արժանացել է Բեռլինալեի «Կինոխցիկ» պարգևին:

ԲՈՐԻՍ ԽԼԵԲՆԻԿՈՎ

Ռուսաստան

Ծնվել է 1972-ին, Մոսկվայում։ Երկու տարի կենսաբանություն է ուսանել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում, նախքան Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ВГИК) ընդունվելը: Այնտեղ Ալեքսեյ Պոպոգրեբսկու հետ նկարահանել է «Անցողակի» կարճամետրաժ ֆիլմը: Հետագայում ինքնուրույն նկարահանել է «Խորամանկ գորտը» կարճամետրաժը: Խլեբնիկովի առաջին խաղարկային լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը «Կոկտեբել» ֆիլմն էր, որը ստեղծվել է դարձյալ Ալեքսեյ Պոպոգրեբսկու համագործակցությամբ:

ՎԱԼԵՐԻ ՄԱՍԱԴՅԱՆ

Ֆրանսիա

Լուսանկարչության, մասնավորապես Նան Գոլդենի հետ համագործակցելու շնորհիվ սկսել է զբաղվել պատկերավորմամբ` լուսապատկերային ցուցադրումներով (“Կապ”, “Կարուսել”՚, “Նավամատյան”՚), որոնք ներկայացվել են Տոկիոյում, Լոնդոնում և Պորտուում: Լուսանկարչությունից վերցրել է դրա ազատությունն ու անմիջական շփման ճշգրտությունը: Մի շարք կինոռեժիսորների հետ աշխատելիս նույն մոտեցումն է ցուցաբերել նախագծերին` մտահղացումից մինչև իրականացում: Այդտեղից էլ ծնվել է սեփական ‎ ֆիլմի` “Նանա”-ի անհրաժեշտությունը: Ֆիլմը մրցանակներ է շահել Լոկառնոյի, Վալդիվիայի, Աթենքի, Ստամբուլի, Երևանի ՞Ոսկե ծիրան՞ փառատոներում:

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՃԱՈ ԼՅԱՆ

Չինաստան

Ծնվել 1971-ին Լյաոնինում (Չինաստան): 1992-ին ավարտել է Լու Սյուն գեղարվեստի ակադեմիան: 1993-ից հաստատվելով Պեկինում՝ աշխատել է որպես անկախ կինովավերագրող, ինչպես նաև զբաղվել լուսանկարչությամբ և տեսաարվեստով: Նրա «Թղթե ինքնաթիռ» (2001), «Ոճիր և պատիճ» (2007), «Խնդրագիր» (2009), «Միասին» (2011) և «Վիշապը» (2015) ֆիլմերը ներկայացվել են Կաննում, Վենետիկում, Բեռլինում և աշխարհի այլ կինոփառատոներում:

ԱՈՒԴՐՅՈՒՍ ՍԹՈՆԻՍ

Լիտվա

Ռեժիսոր և պրոդյուսեր, Լիտվայի երաժշտության ու թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր: Ծնվել է 1966 թվականի ապրիլի 28-ին` Վիլնյուսում, Լիտվա:  Լիտվայի մշակույթի և արվեստի ազգային մրցանակի դափնեկիր է, Եվրոպական վավերագրական կինոցանցի անդամ: 1984-1989 թթ.-ին սովորել է Վիլնյուսի պետական կոնսերվատորիայի ռեժիսուրայի բաժնում: 1989-ին սովորել է Նյու Յորքի Ջոնաս Մեկաս ''Film Anthology Archive''-ում:
Նրա ֆիլմերը բազմաթիվ միջազգային մրցանակների են արժանացել, որոնց թվում` Նիոնի հանդիսատեսի մրցանակը, Սփլիթի Գրան Պրի-ն, Բորնհոլմի, Ֆլորենցիայի, Գիյորի, Նոյբրանդենբուրգի, Օբերհաուզենի, Բիլբաոյի և Սան Ֆրանցիսկոյի մրցանակները: Նրա ''Կույրի երկիրը'' վավերագրությունը 1992-ին Եվրոպական կինոակադեմիայի կողմից ճանաչվեց որպես տարվա Լավագույն եվրոպական վավերագրություն և ստացավ Ֆելիքս մրցանակը: 2004-2005 թթ.-ին նա վավերագրական կինո է դասավանդել Դանիայի Եվրոպական կինոքոլեջում: Դասախոսություններ ու վարպետաց դասեր է անցկացրել Կալկաթայում, Սան Պաոլոյում, Սեուլում, Տոկիոյում, Բերքլիում, Սթենֆորդում, Մոսկվայում, Բելգրադում, Բարսելոնայում, Սան Ֆրանցիսկոյում, Կարպի Մոդենայում, Փարիզում: Ֆիլմերի ցուցադրություններ է ունեցել Շվեյցարիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսրայելում, Չեխիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Իսպանիայում, Թուրքիայում, Կոլումբիայում, Ուրուգվայում և Իտալիայում:

ԲԵՆ ՎԱՆ ԼԻՍՀԱՈՒԹ

Նիդերլանդներ

Մրցանակակիր անկախ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ: Ծնվել է 1951-ին Նիդերլանդներում: Նկարահանել է կարճամետրաժ, վավերագրական և խաղարկային ֆիլմեր: Դասախոսում է Ուտրեխտի արվեստների դպրոցում:

ԱԼԵՔՍԵՅ ՎԱԽՐՈՒՇԵՎ

Ռուսաստան

Ծնվել է 1969-ին, Անադիրում, Չուկոտկա։1996-ին ավարտել է Մոսկվայի համառուսաստանյան պետական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորաական ֆակուլտետը: 1996 – 2000 թթ. Մոսկվայի ՙՖիլմ - Էմ՚ ստուդիայի ռեժիսոր և սցենարիստ է եղել, 2000 – 2008 թթ.` Ethno-Online կինոընկերության IEA RAS-ի տեսալսողական մարդաբանության կենտրոնի ղեկավար (թեկնածուական է պաշտպանել Չուկոտկայի բնիկների` չուկչա և յուպիկ ժողովուրդների` ծովային կաթնասունների որսի մշակույթի վերաբերյալ): 2008-ից High Latitudes ՍՊԸ-ի սեփականատերն է, պրոդյուսերը, ռեժիսորն ու սցենարիստը:

ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ֆրանսիա

Ծնվել է Հայաստանում: 90-ականների սկզբին՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ, Լիբանան է տեղափոխվել: Լիբանանում աշխատելուց և սովորելուց հետո ուսանել է Դանիայի ազգային կինոդպրոցում: Յոթ տարի է, ինչ ապրում ու աշխատում է Ֆրանսիայում, որտեղ արդեն ավարտել է մեկ լիամետրաժ վավերագրական ֆիլմ և նախապատրաստում է երկու այլ աշխատանք: Նկարահանել է մի շարք ֆիլմեր, որոնք ցուցադրվել են և հիշատակման արժանացել Լոկառնոյի, Պուսանի, Լա Ռոշելի հեղինակավոր փառատոներում: Աշխարհի տարբեր վայրերում մասնակցել է նաև կինոսեմինարների: Ստեփանյանի վերջին՝ «Ձյուն կար» ֆիլմն արժանացել է Ամիենի ԿՓ-ի (Ֆրանսիա) Մեծ մրցանակին, Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում լավագույն վավերագրություն ճանաչվել, իսկ Բոսթոնի «Համաշխարհային կինո» (Global Cinema) փառատոնում (ԱՄՆ) մրցանակ շահել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:

FIPRESCI ԺՅՈՒՐԻ

ՊԻԵՌ-ՍԻՄՈՆ ԳՅՈՒՏՄԱՆ

Ֆրանսիա

Avant Scene Cinéma հանդեսի խմբագրի տեղակալն է: Սորբոնում գրականություն ուսանելուց հետո իր գիտական թեզը գրել է ամերիկացի ռեժիսոր Մայքլ Չիմինոյի մասին: Հրապարակումներ է արել 3 Couleurs, Les Fiches du Cinéma և Eclipse(s) պարբերականներում: Կինո է դասավանդում Փարիզի և Բրյուսելի Լսատեսողական արտադրության բարձրագույն դպրոցում (ESRA), մինչ այդ դասախոսել է Փարիզ VII և Նանսի 2 համալսարաններում: Գուտմանը նաև մի շարք կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել և Կաննի ՄԿՓ-ի «Քննադատների շաբաթ» ծրագրի կազմողն է:

ՊԵՏՐԱ ՄԵՏԵՐՑ

Սլովենիա

Սլովենիայում բնակվող անկախ լրագրող և կինոքննադատ: Կինոյի և գրականության վերաբերյալ իր նյութերով թղթակցում է Եվրոպայի ամենահին, անկախ, շահույթ չհետապնդող քաղաքային ռադիոկայաններից մեկին՝ Ռադիո Շտուդենտին, որտեղ նաև երկշաբաթյա ռադիոթատրոնի խմբագիրն է: Հրապարակումներ է անում կինոյի և հեռուստատեսության Ekran և KINO! հանդեսներում, ինչպես նաև այլ պարբերականներում՝ հիմնականում գրելով անկախ կինոյի մասին, համագործակցել է բազմաթիվ կինոփառատոների օրաթերթերին: Պետրա Մետերցը աշխատել է նաև կինոկրթության ոլորտում, կինոքննադատության սեմինարներ վարել: Մասնակցել է Բեռլինի ՄԿՓ-ի «Մամուլի շնորհալիներ» և Ռոտերդամի ՄԿՓ-ի երիտասարդ կինոքննադատների վարժանքի ծրագրերին:

ՆՈՒՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայաստան

Նունե Հախվերդյանն ավարտել է Երևանի Արվեստի և թատրոնի ինստիտուտը` թատերագետ-քննադատի մասնագիտացմամբ:
1990-1997 թթ.-ին աշխատել Հայաստանի հեռուստառադիոպետկոմիտեի (Հայաստանի հանրային ռադիոընկերություն) ռադիոթատրոնի բաժնում`որպես գրական ու մշակութային ծրագրերի խմբագիր և սցենարագիր: 2004 - 2011թթ.-ին եղել է “168 ժամ” թերթի թղթակից` վարելով արվեստի բաժինը: 2011 թվականից ի վեր` Նունեն աշխատում է ''Մեդիա նախաձեռնությունների կենտրոն'' ՀԿ-ում` (նախկին ''Ինտերնյուս մեդիա աջակցություն'' ՀԿ) որպես լրագրող և մեդիա վերլուծաբան:
Անդամակցում է Հայաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիային, ինչպես նաև` ''AICA-Armenia'' արվեստի քննադատների միջազգային ասոցիացիային: